ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՔՎԵ

13.01.2011, Հայոց աշխարհ

«Ազգային Միաբանություն կուսակցության» համոզմամբ անհրաժեշտ է, որ բոլոր կուսակցությունները, շահագրգիռ կազմակերպությունները, ինչպեսեւ հանրապետության նախագահին կից Հանրային խորհուրդը համամասնական-մեծամասնական ընտրակարգերի վերաբերյալ ներկայացնեն իրենց առաջարկներն ու հիմնավորումները եւ Սահմանադրական դատարանի անմիջական եզրակացությամբ ձեւակերպեն համապատասխան հարցեր, որոնք եւ կդրվեն համաժողովրդական քննարկման` հանրաքվեի ձեւով, ինչը կարելի է կազմակերպել ԱԺ ընտրությունների հետ միաժամանակ»,- ասում է ԱՄԿ փոխնախագահ ԱԼԵՔՍԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ

Վերջին շրջանում բուռն քննարկումների առարկա է դարձել խորհրդարանական ընտրությունները 100% համամասնական ընտրակարգով անցկացնելու հարցը:

Մեր խնդրանքով «Ազգային Միաբանություն կուսակցության» դիրքորոշումը նշված խնդրի վերաբերյալ ներկայացնում է կուսակցության փոխնախագահ ԱԼԵՔՍԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

Այո, խնդիրն իսկապես արդիական է: Անտարակույս թե՛ մեծամասնական, թե՛ համամասնական ընտրակարգերը ունեն իրենց դրական ու բացասական կողմերը:

 

Արդարության առաջ չմեղանչելու համար պարտավոր ենք շեշտել ոչ միայն համամասնական, այլեւ մեծամասնական ընտրակարգի առավելությունները: Մեծամասնական ընտրակարգը հնարավորություն է տալիս մարզերին ավելի լիարժեք եւ անմիջական ներկայացվածություն ունենալ Ազգային ժողովում, միաժամանակ, ըստ էության, չի պարտադրում քաղաքացուն պատգամավոր դառնալու համար հարկադրված անդամակցել կամ համագործակցել որեւէ կուսակցության:

Հօգուտ մեծամասնական ընտրակարգի կարելի է բազմաթիվ այլ փաստարկներ եւս ներկայացնել: Սակայն բավարարվենք այսքանով:

Դրա հետ մեկտեղ կան բազմաթիվ գործոններ, որոնք խոսում են համամասնական ընտրակարգի առավելությունների մասին: Այսպես. համամասնական ընտրակարգը հնարավորություն է տալիս քաղաքական դաշտը մեծապես քաղաքականացնել, բարձրացնել կուսակցությունների դերը, ինչպես նաեւ նրանց պատասխանատվությունը երկրում ծավալվող գործընթացներում, տարանջատել բիզնեսը քաղաքականությունից եւ դրանով իսկ պետական գործերի վրա անմիջական ազդեցությունից:

Այս հարցադրումը հատուկ եմ ուզում ընդգծել, քանի որ դրա բացառիկ կարեւորության մասին հիշատակել է նախագահ Սերժ Սարգսյանը 2011թ. նոյեմբերի 9-ին տեղի ունեցած Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարում: Հանրապետության նախագահը իր ելույթում նշել էր. «Գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից: Փոխարենը պետությունը պետք է շարունակի սովորել լիարժեքորեն հարգել եւ ապահովել յուրաքանչյուր քաղաքացու եւ գործարարի շահը»:

Այս կարեւոր հարցադրումը կյանքի կոչելու ճանապարհին, «Ազգային Միաբանություն կուսակցության» համոզմամբ, անհրաժեշտ է, որ բոլոր կուսակցությունները, շահագրգիռ կազմակերպությունները, ինչպեսեւ հանրապետության նախագահին կից Հանրային խորհուրդը խնդրո առարկայի վերաբերյալ ներկայացնեն իրենց առաջարկներն ու հիմնավորումները եւ Սահմանադրական դատարանի անմիջական եզրակացությամբ ընտրակարգերին վերաբերող թեմայի շուրջ ձեւակերպեն համապատասխան հարցեր, որոնք եւ կդրվեն համաժողովրդական քննարկման` հանրաքվեի ձեւով, ինչը կարելի է կազմակերպել ԱԺ ընտրությունների հետ միաժամանակ:

Կարծում ենք, որ այս պարագայում նախընտրական փուլում կուսակցությունները զերծ կմնան այս հարցում միմյանց մեղադրելու անպտուղ դրսեւորումներից եւ իրենց մոտեցումներն ու կարծիքները կձեւակերպեն քարոզչության շրջանակներում:

Մենք խորապես հարգում ենք մեր ժողովրդի սահմանադրական իրավունքը երկրի իշխանությունները ձեւավորելու հարցում, ուստի 100 տոկոսանոց համամասնական կամ համատեղ համամասնական-մեծամասնական ընտրակարգերի ձեւավորման հետ կապված հարցի կապակցությամբ կարծում ենք, որ ժողովուրդը պետք է իր կամքը արտահայտի համաժողովրդական հանրաքվեի միջոցով:

ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги