ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻԱԿ ՄԻՋՈՑՆ Է

07-09, 09.2011, Հայոց աշխարհ

Օրերս Ռուսաստանի պրոֆեսիոնալ եւ բարեխիղճ վերլուծաբան-քաղաքագետներից մեկն արդարացիորեն նկատել է, որ իշխանություն-ընդդիմություն կեղծ երկխոսությունը Հայաստանի ինտելեկտուալ դաշտից դուրս է մղել հիրավի ռազմավարական ամեն բան։
Ավելին, միանգամայն արդարացի երկյուղ է հայտնել, թե այդ «դատարկ երկխոսության» ավարտից հետո հայերը կպարզեն, որ մինչ նրանք զրուցում էին, շուրջն աշխարհը կտրականապես փոխվել է։ Ցավով նշվել է նաեւ, որ երեւանյան քաղաքական բեմահարթակը, որն ավելի վաղ ավանդաբար ռազմավարական մտածողության ճաշակ էր ցուցաբերում, ներկայում կորցրել է իր այդ որակը, ինչը երկրի համար կարող է վերածվել պատմական աղետի։
Չեմ թաքցնում, որ նման տհաճ, բայցեւ միաժամանակ արդարացի գնահատականն օբյեկտիվորեն բնութագրում է քաղաքական այն բանավեճի մակարդակը, որ վարվում է Հայաստանի տպագիր եւ էլեկտրոնային ԶԼՄ-ների ճնշող մեծամասնության էջերում։ Ուստի ակնհայտ է, որ հարկավոր է գործուն միջոցներ ձեռնարկել նման իրավիճակից դուրս գալու համար։
Անհրաժեշտ է քաղաքական բանավեճի մակարդակը համապատասխանեցնել արդիականության մարտահրավերներին, այն բարդագույն խնդիրներին, որոնք կուտակվել են Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում, ինչպես նաեւ հենց Հարավային Կովկասում։ Մեր պարագայում դա կօգնի Հայաստանի պետական այրերին եւ քաղաքական գործիչներին համատեղ ջանքերով մշակել այսքան բուռն եւ վտանգավոր ժամանակներում ոչ միայն գոյատեւելու, այլեւ առաջընթաց զարգացման ռազմավարություն։
Բանավեճն սկսելու համար ինձ օգնեց Alte Et Certe վերլուծական գրասենյակի ղեկավար Անդրեյ Եպիֆանցեւի «Ռուսաստանն Անդրկովկասում. ի՞նչն այնպես չէ» հոդվածը՝ զետեղված «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» («Ռոսսիյա վ գլոբալնոյ պոլիտիկե») ամսագրի ինտերնետային էջում (www.globalaffairs.ru)։
Հոդվածի թեման իսկապես հրատապ է։ Դրա հետ մեկտեղ այն չափազանց լայն է եւ բազմակողմ, եւ մեկ հրապարակման մեջ բազմաթիվ հարցերին սպառիչ պատասխան տալը, որոնք օրգանապես կապված են շոշափված թեմայի հետ, մեղմ ասած, լուրջ չէ։ Այնուամենայնիվ փորձենք արտահայտել Անդրկովկասում Ռուսաստանի վարած քաղաքականության որոշ ասպեկտների մեր տեսլականը։
Որպես մեր խորհրդածությունների մեկնակետ վերցնենք հոդվածագրի հետեւյալ արդարացի դիտարկումը. «Վերջին տարիներին շատերը սկսեցին խոսել այն մասին, որ Ռուսաստանը կորցնում է Կովկասը՝ մշտապես այդ տարածաշրջանում սխալներ թույլ տալով։ Ճիշտ է, եթե փորձենք ամփոփել առաջադրվող պահանջները, ապա կպարզվի, որ նույն գործողություններն ու արարքներն առաջ են բերում միանգամայն հակադիր գնահատականներ. այն, ինչ ոմանք ձախողում են համարում, մյուսները գրանցում են հաջողությունների ցուցակում, եւ հակառակը»։ Շատ դիպուկ եւ արդարացի է նկատված։ Եվ հենց այս դիտարկման հաշվառմամբ էլ փորձենք պարզել, թե որոնք են այն հրատապ խնդիրները, որ անհրաժեշտ է լուծել Ռուսաստանի Դաշնության դաշնակից պետությունների եւ Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության մակարդակով, խորհրդարանների, կառավարությունների, քաղաքացիական հասարակության մակարդակով։


Ի՞նչն է, որ Անդրկովկասում այնպես չի արվում։ Տալով այս հարցը՝ հոդվածագիրն ինքն էլ սկզբից եւեթ վնասակար միտք է արտահայտում, որը հետեւյալն է. «Բայց ներկայիս Մոսկվան չի ցանկանում եւ չի կարող օգտվել գաղութային կամ խորհրդային մեթոդներից, ինչը, բնականաբար, բարիք է կովկասյան երկրների համար»։ Պարզվում է, որ հնագույն հայկական քաղաքակրթության համար բարիք է, եթե այսուհետ եւս կառավարվի «գաղութային կամ խորհրդային մեթոդներով»։ Ավելի լավ նվեր արտասահմանից շռայլորեն ֆինանսավորվող ամեն տեսակ ռուսատյացներին, որոնք Հայաստանում անդադրում ջանում են վարկաբեկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերությունը, անհնար է պատկերացնել։
Այնուհետեւ Անդրեյ Եպիֆանցեւն իր հոդվածում, ինչպես ինձ է թվում, շատ օբյեկտիվորեն ռուս-հայկական հարաբերություններին նվիրված բաժինը վերնագրել է՝ «Հայաստան. խնդիրներ չունենալու պատրանք»։ Նա կանգ է առել երկու ասպեկտի վրա. տնտեսական եւ աշխարհաքաղաքական։ Կարծում եմ, որ արդարացված է նաեւ Հայաստանի քաղաքական դասի նկատմամբ ռուսաստանյան քաղաքականության գործոնն առանձնացնելու՝ հեղինակի մոտեցումը։ Ընդ որում՝ դժվար է չհամաձայնել նրա այն պնդման հետ, որ Հայաստանի՝ առ այսօր փաստորեն պարապուրդի մատնված ձեռնարկությունները, որոնք, հայ-ռուսական «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրին համապատասխան, անցել են Ռուսաստանի սեփականության տակ, տնտեսական գործոնից վերաորակավորվել են քաղաքականի։
Կարելի է հիշատակել հայկական մամուլի բազմաթիվ հրապարակումներ, որոնցում այդ ձեռնարկությունների օրինակով անցկացվում է ոչ թե Ռուսաստանի տնտեսավարող սուբյեկտների վարկաբեկման քաղաքականություն, այլ մեր քաղաքացիների գիտակցության մեջ է մտցվում հայ-ռուսական տնտեսական համագործակցության անհեռանկարայնության եւ ստրկական կախվածության մասին միտքը։ Ավելին՝ հետեւողականորեն վարվում է Ռուսաստանի՝ որպես տնտեսական գործընկերոջ անհուսալիության քարոզչություն, եւ որպես նման պնդումների հիմնավորում բերվում է այդ նույն ձեռնարկությունների օրինակը, որոնք «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրով դարձել են Ռուսաստանի սեփականությունը։
Ընդ որում՝ նման ուղղվածություն ունեցող հոդվածների հեղինակներն ամեն անգամ իրենց պարտքն են համարում հիշեցնել ընթերցողին, որ այդ ձեռնարկությունները Ռուսաստանին հանձնելիս ենթադրվում եւ լայնորեն գովազդվում էր այն, որ ամենակարճ ժամկետում դրանք կվերականգնվեն, կստեղծվեն հազարավոր նոր աշխատատեղեր...
Միաժամանակ, ռուս-հայկական տնտեսական հարաբերությունների ողջ համալիրը հանգեցնել միայն այս չաշխատող ձեռնարկություններին, ինչն, ավաղ, իրականում խիստ բացասաբար է ազդում մեր երկրների տնտեսական հարաբերությունների մթնոլորտի վրա, անարդարացի կլիներ։ Այլ հարց է, որ արդեն երկար ժամանակ ռուս-հայկական տնտեսական հարաբերությունների ոլորտում միայն բացասական օրինակների վկան ենք դառնում։ Եվ դա տեղի է ունենում այն պատճառով, որ մեր երկրում մեկը չկա, որ իմաստավորված ու գրագետ ձեւով, պարբերաբար Հայաստանի բնակչությանը ներկայացնի այն ոչ քիչ դրական աշխատանքը, որը կատարվում է ռուսական կապիտալի մասնակցությամբ ձեռնարկությունների կողմից։
Լավագույն դեպքում, ՌԴ կամ ՀՀ մեր երկրների ղեկավարների այցերի հետ կապված՝ մերկ վիճակագրություն է հնչեցվում Հայաստանում հաջողությամբ գործող ռուսական կապիտալով ձեռնարկությունների թիվը նշելով։ Կամ էլ վիճակագրություն է անցկացվում, որը բնութագրում է մեր երկրների արտաքին առեւտրային շրջանառությունը։ Մեկը չկա, որ մատչելի, հասանելի ձեւով բնակչության լայն շերտերին ներկայացնի այն հարցերի ողջ համալիրը, որոնք Հայաստանում լուծվում են ռուսական կապիտալով ձեռնարկությունների կողմից։ Անծանոթ են նաեւ այդ ձեռնարկությունների զարգացման հեռանկարները, թե ինչպիսին է այդ հեռանկարների սոցիալական, էկոլոգիական, հոգեւոր բաղադրիչը։ Դրա հետեւանքով քաղաքացիների գիտակցության մեջ տպավորվում է միայն չոր տեղեկատվություն «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրով Ռուսաստանին տրված չաշխատող ձեռնարկությունների մասին։
Ըստ իս՝ միանգամայն հրատապ է նաեւ Անդրեյ Եպիֆանցեւի այն պնդումը, թե՝ «Հայաստանում ռուսաստանյան քաղաքականության թուլությունը որոշող մեկ այլ ասպեկտ է աշխարհաքաղաքականը։ Ռուսաստան-Հայաստան կապը՝ ծանրաբեռնված դաշնակիցներից յուրաքանչյուրի մի ամբողջ շարք խնդիրներով, փաստորեն կտրում է Երեւանը տրանսպորտային եւ հաղորդակցային ճանապարհներից ու նախագծերից եւ որոշակի աստիճանով սաստկացնում է նրա մեկուսացումը»։ Ընդ որում՝ բնականաբար, հարց է ծագում. ո՞ւմ կողմից են մեր երկրներում սերմանվում այդ խնդիրները, ի՞նչ նպատակի են ծառայեցվելու դրանք, ո՞վ եւ ի՞նչ է շահում դրանից։
Ս.թ. փետրվարից Մեծ Մերձավոր Արեւելքի երկրներում ծավալված իրադարձություններից հետո, հատկապես այն ֆոնին, ինչ այժմ տեղի է ունենում Լիբիայում եւ Սիրիայում, արդեն կասկածելու հարկ չկա, որ Հարավային Կովկասի նշանակությունը Ռուսաստանի համար էլ ավելի է ակտուալացվելու։ Ամենայն որոշակիությամբ սա են մատնանշում Փոլ Կրեյգ Ռոբերտսի (ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմում՝ ֆինանսների փոխնախարար, «Ռեյգանոմիկայի» հիմնադիրներից մեկը) պատասխանները՝ ս.թ. ապրիլի 26-ին Press TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում (http://www.presstv.ir/detail/ 176776.html)։ «Ես կարծում եմ՝ ռուսները սկսում են հասկանալ, որ իրադարձությունները Սիրիայում ուղղված են նրանց եւ նրանց ռազմակայանների դեմ,- խորհում է Պոլ Կրեյգ Ռոբերտսը։- Մենք, ըստ էության, սկսում ենք առճակատել երկու խոշոր երկրների դեմ՝ Չինաստանի, որի տնտեսությունը հավանաբար ավելի լավն է, քան ամերիկյանը, որովհետեւ չինացիներն աշխատատեղեր ունեն, եւ Ռուսաստանի, որն անսահմանափակ միջուկային զինանոց ունի։ Մենք սկսում ենք ճնշել շատ ուժեղ երկրների, ընդ որում՝ խիստ չմտածված ճանապարհով։ Մենք մեզ չմտածված եւ վտանգավոր ենք պահում»։
Կարծում ենք, որ այս մտքերը՝ ասված ԱՄՆ Հանրապետական կուսակցության այսօր էլ բավական ազդեցիկ անդամի կողմից, միանգամայն որոշակի պատասխան են տալիս ինչպես Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում, այնպես էլ Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների շուրջ իրադարձությունների ապագա զարգացման մասին։ Պարզ է դառնում, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ցանկացած զարգացումը հարկ է դիտարկել, առաջին հերթին, աշխարհաքաղաքական տեսակետից։ Միայն այս դեպքում կարելի է խուսափել հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված իրավիճակի պարզեցված գնահատականից։
Եվ այս դեպքում է, որ միանգամայն այլ լույսով է ներկայանում, մասնավորապես, Հայաստանի շրջափակումը, որն ահա արդեն 18 տարի իրականացնում են Թուրքիան եւ Ադրբեջանը։ Մենք պարտավոր ենք նորովի գնահատել Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք (Վրաստան)-Կարս (Արեւմտահայաստան, ներկայիս Թուրքիայի տարածք) երկաթուղու շինարարության աշխարհաքաղաքական բաղադրիչը։ Հայտնի է, որ այդ երկաթուղին շրջանցում է Հայաստանը, եւ դա՝ այն դեպքում, երբ չի գործում Գյումրի-Կարս երկաթուղին, որի պատրաստումը վերաշահագործման շատ ավելի խնայողական կլիներ։
Չարագուշակ նշանակություն են ձեռք բերում նաեւ տրանսկովկասյան երկաթուղային հաղորդակցության փակման փաստը, եւ այս ֆոնին՝ Վրաստանի տարածքով Գյումրու ռուսական ռազմակայանի մատակարարման արգելքը։ Չարագուշակ՝ այդ նույն Փոլ Կրեյգ Ռոբերտսի անկեղծության ֆոնին, որը վերոնշյալ հարցազրույցի ավարտին էլ ավելի է անկեղծանում. «Հենց որ Ռուսաստանը եւ Չինաստանը գան այն եզրահանգման, որ ամերիկացիների հետ պարզապես չի կարելի ռացիոնալ վարվել, որ ամերիկացիները մտադիր են ինչ-որ ձեւով հնազանդեցնել եւ վնաս հասցնել նրանց, արդյունքը կարող է դառնալ ամեն տեսակ էսկալացիան։ Սա իրական վտանգ է, եւ մեզ կարող է սպառնալ մեծ պատերազմ»։
Ուստի, իսկապես, Հայաստանի իրական մեկուսացումը խիստ վտանգավոր է, ինչպես արդարացիորեն իր հոդվածում նշում է Ա.Եպիֆանցեւը։ Այն վտանգավոր է ոչ թե նրանով, որ «Երեւանին ներմղում է տնտեսական լճացման մեջ, ինչը վաղ թե ուշ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական պոտենցիալներն այնքան անհամատեղելի կդարձնի, որ Բաքուն կարող է Ղարաբաղում բլիցկրիգ անել՝ արագ հաղթանակի հույսով», այլ միանգամայն այլ պատճառներով, որոնց էլ հակիրճ անդրադարձ կկատարենք։
Անգամ աշխարհի ամենահզոր տերությունների, ինչպիսին են Ամերիկայի Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցները, առողջ դատող եւ ոչ մի քաղաքական գործիչ, ի հեճուկս Փոլ Կրեյգ Ռոբերտսի գուշակությունների, պատերազմ չի սկսի Ռուսաստանի դեմ։ Սակայն չպետք է բացառել, որ կվարվի նպատակաուղղված աշխատանք՝ Ռուսաստանին տարածաշրջանային, մասնավորապես հայ-ադրբեջանական, հակամարտությունների մեջ ներքաշելու համար։ Չէ՞ որ արդեն գաղտնիք չէ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան ինչպես իրենց երկրներում, այնպես էլ համաշխարհային հանրության մեջ հանրային կարծիքի պատրաստման ակտիվ քաղաքականություն են վարում Ղարաբաղյան հակամարտության իբր հարկադրական ռազմական կարգավորման վերաբերյալ։

Ինչ վերաբերում է Ա.Եպիֆանցեւի այն պնդմանը, թե մեկուսացման հետեւանքով «Երեւանը կփորձի որոշ չափով հեռանալ Ռուսաստանից, որը չի կարողացել ապահովել նրա շահերը տարածաշրջանում, ավելի շատ շրջվել դեպի Արեւմուտք եւ, հնարավոր է, նույնիսկ կփորձի մոտենալ ՆԱՏՕ-ին», ապա դա վիճելի է թվում։
Հեղինակին չգիտես ինչու թվում է, թե Ռուսաստանի թերամշակումները կովկասյան ուղղությամբ պարտադիր կերպով պետք է Հայաստանը նետեն Արեւմուտքի գիրկը։ Այնինչ Հայաստանի բնակչությունը լավ տեղեկացված է, որ, չնայած Արեւմուտքի չդադարող հորդորներին, տարածաշրջանում նրա մերձավոր դաշնակից Թուրքիան, որը միաժամանակ նաեւ ՆԱՏՕ-ի անդամ է, շարունակում է Հայաստանի շրջափակումը, եւ ոչ մի ազդեցություն այս երկրի վրա չգործադրեցին։
Հիշողության մեջ դեռ թարմ են նաեւ Արեւմուտքի հայտարարությունները՝ արեւմտյան բանկերին արգելել ֆինանսավորել Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու շինարարությունը, որը ոչ մի ազդեցություն չունեցավ Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ Վրաստանի հետ միասին, տնտեսապես չարդարացված, բայց քաղաքական շարժառիթներ ունեցող այս մտահղացման վրա։
Էլ չենք խոսում այն մասին, որ որպես դառը` դաս սերնդեսերունդ են փոխանցվում XIX դարավերջի արեւմտյան առաջնորդներից մեկի խոսքերը։ Այսպես. 1896թ. բրիտանական վարչապետ Սոլսբերին, Օսմանյան կայսրությունում, Արեւմտյան Հայաստանում հայերի կոտորածը ռազմական միջամտությամբ դադարեցնելու անհնարինության մասին ճառով հանդես գալով Լորդերի պալատում, գռեհկաբար հայտարարել է. «Բրիտանական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները»։ Կարծում ենք, որ հայերի ներկա սերունդը չի գերագնահատի ՆԱՏՕ-ի դրոշի ներքո նավարկող, Կասպիականի շրջանում իր էներգետիկ շահերը պաշտպանող արդի «բրիտանական նավերի» ազնիվ մղումներն ու հնարավորությունները։
Միաժամանակ հարկ է ընդունել, որ արդի Հայաստանի քաղաքացիներին զարգացման լայն հեռանկարների (որոնք մեր երկրի առջեւ կբացվեն, եթե աշխարհաքաղաքական վեկտորը Հյուսիսից Արեւմուտք փոխվի) հարցում տարհամոզելու փորձերը ոչ մի օր չեն դադարում։ Իսկ Արեւմուտքի վերլուծաբանները, ի տարբերություն ռուսաստանցիների, չգիտես ինչու, իրենց նեղություն չեն պատճառում Հայաստանի հետ Արեւմուտքի տնտեսական հարաբերությունների բովանդակությունը վերլուծելու։ Օրինակ, լռության է մատնվում այն ակնհայտ փաստը, որ տարեցտարի խիստ ավելանում են երկրից դուրս տարվող պղնձի-մոլիբդենի խտանյութի ծավալները՝ Հայաստանն ըստ էության այս տեսանկյունից վերածելով Արեւմուտքի հումքային կցորդի։ Չգիտես ինչու ոչ ոք հարց չի տալիս, թե դա ինչպես կարող է անդրադառնալ Հայաստանի եւ Արեւմուտքի քաղաքական հարաբերությունների վրա։
Անդրեյ Եպիֆանցեւն արդարացիորեն նշում է, որ հրատապ է նաեւ այն, որ «ռուսական քաղաքականության թուլությունը որոշող հաջորդ գործոնը վերաբերում է ընդդիմության եւ ընդհանրապես հասարակության հետ հարաբերություններ հաստատելու քրոնիկական անկարողությանն ու, հավանաբար, դա չցանկանալուն»։ Այստեղ բնականաբար հարց է ծագում. այդ ո՞ր ընդդիմության հետ պետք է Ռուսաստանը հարաբերություններ հաստատի։ Չէ՞ որ այսօր իրենց ընդդիմադիր լինելու մասին իշխանություններին հայտարարել են Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), որը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը, «Ժառանգություն» խորհրդարանական կուսակցությունը, որը գլխավորում է նախագահ ԼՏՊ-ի աշխատակազմում Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։ Տեղեկության համար նշենք, որ նա չկարողացավ մասնակցել 2008թ. նախագահական ընտրություններին, քանի որ չբավականացրեց սահմանադրությամբ պահանջվող ՀՀ քաղաքացիության ժամկետը (մինչեւ Հայաստանի քաղաքացիություն ընդունելը Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ քաղաքացի էր)։
Իսկ գուցե Հայ Յեղափոխական Դաշնակցությա՞ն, որը, օբյեկտիվ պատճառներով, ներկայացված է թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում. լինի դա ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Սիրիան ու Լիբանանը, թե Արգենտինան՝ այստեղից բխող բոլոր հնարավոր հետեւանքներով։
Ի՞նչ կտա Ռուսաստանին բանակցություններ սկսելը Հայաստանում հայտարարված ընդդիմության հետ։ Նախ՝ ՀԱԿ-ի պարագայում արդեն բանակցությունների փաստն ինքը, անհապաղ, ԼՏՊ-ի եւ նրա շրջապատի կողմից վերահսկվող տպագիր եւ էլեկտրոնային ԶԼՄ-ների եւ ինտերնետ-հաղորդման միջոցով, ամենայն պրոֆեսիոնալությամբ կմեկնաբանվի որպես Ռուսաստանի կողմից ԼՏՊ-ի իշխանության վերադառնալու անխուսափելիության փաստի ընդունում։ Ընդ որում՝ դա այնպես կմատուցվի, թե իբր անգամ Ռուսաստանն է արդեն հանգել այն եզրակացության, որ ավելի լավ է հարաբերությունները կարգավորել Արեւմուտքի ֆավորիտի (լինի ԼՏՊ-ն, թե Րաֆֆի Հովհաննիսյանը) հետ, քան հաշվարկն անել Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի վրա։
Իսկ դեղահաբը կքաղցրացնեն նրանով, որ Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանում էական փոփոխությունների է ենթարկվում։ Չէ՞ որ Ա.Եպիֆանցեւի հոդվածում նշվում է, որ հայ հանրության մեջ տեղի է ունենում «Ռուսաստանի՝ որպես պակաս սիրելի առաջնորդին անվերապահորեն աջակցող երկրի, գիտակցում կամ սպոնտան ընկալում է», ինչը, ըստ Եպիֆանցեւի «անարդյունավետ է եւ վտանգավոր»։ Ընդ որում՝ հոդվածի հեղինակը, պնդելով, որ «լարվածությունը հայ հանրության մեջ եւ նրա դժգոհությունը Սերժ Սարգսյանի քաղաքականությունից աճում են», չգիտես ինչու չի պարզաբանում, թե որ քաղաքականության մասին է խոսքը։
Ինչ վերաբերում է նախագահ Ս.Սարգսյանի վարած արտաքին քաղաքական գծին, ապա հարկ է օբյեկտիվ լինել եւ ընդունել, որ չնայած այսքան բարդ աշխարհաքաղաքական իրադրությանը, որի մեջ գտնվում է Մեծ Մերձավոր Արեւելքը՝ միաժամանակ օրակարգում ունենալով Ղարաբաղյան չկարգավորված հակամարտությունը, որն էլ ավելի է խորանում Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական քաղաքականության պատճառով, ինչպես նաեւ իրավիճակի բավական տագնապալի զարգացմանն Իրանի շուրջ, ՀՀ նախագահին, այնուամենայնիվ, հաջողվեց, հավատարիմ մնալով ՀԱՊԿ գծով իր պարտավորություններին, նորմալ գործընկերային հարաբերություններ զարգացնել ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Համաձայնեք, որ սա բավական թանկ արժե։
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ներքին քաղաքականությանը, ապա այստեղ պետք է հստակ երկու էական գործոն նշել։ Նախ՝ 2008թ. մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո, երբ ներքին լարվածությունը Հայաստանում հասավ կրիտիկական աստիճանի՝ տասը քաղաքացու սպանության հետ կապված, իսկ երկիրը հայտնվեց քաղաքացիական պատերազմի շեմին, նախագահ Ս.Սարգսյանը ստիպված էր աշխատանքն սկսել չափազանց անհարմարավետ հանգամանքներում։ Այնուամենայնիվ պետք է ընդունել, որ ներկայում լարվածությունը հասարակության մեջ զգալիորեն նվազել է։
Իսկ ահա, ինչ վերաբերում է կառավարության վարած տնտեսական քաղաքականությանը, ապա, իհարկե, այն կարող էր եւ ավելի լավ լինել։ Եվ Հայաստանի քաղաքացիների դժգոհությունը մեծապես կապված է հենց ծանր սոցիալական դրության հետ, որում հայտնվել է մեր բնակչության զգալի մասը։ Բայց դժբախտությունն այն է, որ վերջին երեք տարիների ընթացքում կառավարության տնտեսական քաղաքականությունն անցկացվում էր մեր վարկատուների, ասել է թե՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի եւ նրանց միացած միջազգային ֆինանսական կառույցների ուշադիր հոգատարության ներքո։
Ավելին՝ վերջին երեք տարիներին միջազգային ֆինանսական կազմակերպությունների՝ մեր երկիր ավելի հաճախակի այցելող ներկայացուցիչներն առիթը բաց չէին թողնում դրվատանքով ու գովեստով խոսել կառավարության գործունեության եւ նրա վարած տնտեսական քաղաքականության մասին։ Այնպես որ, եթե նույնիսկ նախագահը կշտամբվում էր, ապա միայն այն բանի համար, որ այս հարցում չափից ավելի էր վստահում տնտեսական քաղաքականության համար պատասխանատու ՀՀ կառավարությանն ու այն ԱՄՀ-ից եւ ՀԲ-ից ղեկավարողներին։
Ինչ վերաբերում է Անդրեյ Եպիֆանցեւի մտահոգությանը, թե 2008թ. մարտին Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցելության ժամանակ նա երախտագիտության խոսքեր է ասել Վլադիմիր Պուտինին «լիակատար աջակցության» համար, ապա, իմ կարծիքով, ՀՀ նախագահը դա ճիշտ ժամանակին է արել։ Նախ, եթե Ռուսաստանը 2008թ. փետրվարի 19-ի ընտրություններից հետո հստակ եւ որոշակի դիրքորոշում չորդեգրեր, ապա ոչ առանց դրսից մասնակցության Հայաստանը կներքաշվեր քաղաքացիական պատերազմի հորձանուտ։ Այդ իրավիճակից անհապաղ կօգտվեին Ադրբեջանն ու նրա թիկունքին կանգնած Թուրքիան՝ պատերազմ սկսելով Ղարաբաղյան ճակատում։ Դա, իր հերթին, անխուսափելիորեն կհանգեցներ խաղաղարար ուժեր մտցնելուն հակամարտության շրջան, այսինքն՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ դիմակայության ողջ գծի՝ Իրան-Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ սահմանի ավելի քան երկու հարյուր կիլոմետր պարագծի երկայնքով։
Կարելի է վստահաբար պնդել, որ իրադարձությունների զարգացման նման ընթացքի դեպքում մենք կդառնայինք Հարավկովկասյան ողջ տարածաշրջանում անկանխատեսելի հետեւանքների սկսվելու վկան։ Ընդ որում՝ չարժե կասկածել, որ հակամարտության մեջ կներքաշվեր նաեւ Իրանը՝ այստեղից բխող բոլոր վտանգավոր հետեւանքներով։
Այսպիսով, կասկածից դուրս է, որ կային ծանրակշիռ պատճառներ, որպեսզի Հայաստանի նախագահը հրապարակավ երախտագիտություն հայտներ իր ռուս կոլեգային։ Դա փաստացի հավաստումն էր Ռուսաստանի Դաշնության հետ ՀՀ արտաքին քաղաքական կուրսի հաջորդայնության։ Միաժամանակ հարկ է առանձնապես նշել, որ «Ռուսաստանն Անդրկովկասում. ի՞նչն այնպես չէ» հոդվածում կան առանձին պնդումներ, իրենց տեսակի մեջ ինքնատիպ հուշումներ, որոնց հասցեատերը կարող են դառնալ ՀԱԿ-ը եւ նրան աջակցող արտաքին ուժերը։ Խոսքն ահա թե ինչի մասին է։ Չգիտես ինչու, հոդվածի հեղինակի կարծիքով, ամենեւին էլ ոչ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող միջազգային ֆինանսական կազմակերպությունների թելադրանքով անցկացվող անմխիթար տնտեսական քաղաքականության արդյունքներն անհասկանալի պատճառով պետք է զուգորդվեն ՌԴ-ի հետ։ Եվ չգիտես ինչու, Հայաստանի քաղաքացիների՝ իրենց սոցիալական դրությունից օբյեկտիվ դժգոհությունը պետք է կենտրոնացվի Ռուսաստանի վրա, որը թույլ չի տալիս, որ «ոչ սիրելի նախագահը հեռացվի»։ Այսինքն՝ ըստ էության, փորձ է արվում գործերն այնպես ներկայացնել, որ ամեն վատ բան ներկայիս Հայաստանում հիմնականում բացատրվում է ռուսական գործոնով։
Ընդ որում՝ հոդվածագրին աններելի է թվում այն հանգամանքը, որ Ռուսաստանը, աջակցելով Հայաստանի ղեկավարության՝ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության խորացման արտաքին քաղաքական գծին, մեղավոր է դուրս գալիս ՀՀ կառավարության ձախողակ տնտեսական քաղաքականության համար, որն անցկացվում է Արեւմուտքի լիակատար հավանությամբ։

Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական գործընկերությանը հայտարարվել եւ վարվում է հետեւողական ու մանրակրկիտ մտածված տեղեկատվական պատերազմ։
Դրա համար բավական է ուշադիր վերլուծել բազմաթիվ ու բազմազան հրապարակումները, որոնցում հիշատակվում է Ռուսաստանը։ Այստեղ խոսքը ԼՏՊ-ին եւ նրա շրջապատին ենթակա ԶԼՄ-ների հրապարակումների մասին է։ Դրանցում Հայաստանի բոլոր ձախորդություններն այս կամ այն չափով արհեստականորեն, բայց միաժամանակ հմտորեն եւ պրոֆեսիոնալ կերպով շաղկապվում են Ռուսաստանի գործոնի հետ։
Այս հոդվածում ձեռնպահ կմնանք կոնկրետ օրինակներ նշելուց։ Դրանց հատկանշական առանձնահատկությունն այն է, որ մեր հանրության կյանքի այս կամ այն բացասական երեւույթների էությունը միտումնավոր խեղաթյուրվում է միայն մեկ նպատակով, այն է՝ ցույց տալ, որ այս ամեն բացասականի հետեւում կանգնած է Մոսկվան։
Ընդ որում՝ ձեռնպահ կմնանք կոնկրետ փաստեր նկարագրելուց այն պարզ պատճառով, որ ռուսատյաց քաղաքական գործիչներին մերկացնելն անխուսափելիորեն վերածվում է ակնհայտորեն զրպարտչական բնույթի հոդվածների հրապարակման ԼՏՊ-ի կողմից վերահսկվող ԶԼՄ-ներում, որոնք իբր մերկացնում են իրենց իսկ մերկացնողներին։ Օրինակ, ս.թ. օգոստոսի 29-ին REGNUM լրատվական գործակալությունն իր կայքում զետեղեց «Արտաշես Գեղամյան. Ռուսաստանի մասնատման ռազմավարությունը մտել է թեժ փուլ» հոդվածը։ Չեմ թաքցնում, որ ինձ համար հաճելի անակնկալ էր, որ հոդվածը տպագրվել էր Հայաստանի ընթերցողական լսարանի վստահությունը վայելող «ծՏՉՏպ ՉՐպՎ'», «Հայոց Աշխարհ» եւ «Իրավունք» թերթերում։ Ավելին՝ հոդվածի հրապարակումից վեց օր հետո որոնողական ինտերնետ-կայքերում կարելի էր հավաստիանալ, որ տարբեր ինտերնետ-պարբերականներ ավելի քան 29 հազար հղում են կատարել հոդվածին։
Արձագանքել էր նաեւ «Հրապարակ» թերթը։ Եվ միանգամայն սպասելի էր, որ REGNUM-ում տեղադրված իմ հոդվածի փաստացի արձագանքում հրապարակման հեղինակ Լեւոն Ջավախյանը, որն ավելի շատ հայտնի է ադրբեջանցի եւ թուրք, քան հայ ընթերցողին, ընդհանրապես գործ չուներ հոդվածի բովանդակության հետ։ Պարզվում է, նրան չգիտես ինչու դուր չէր եկել հեռուստահաղորդումներից մեկը, որում ես բնական ակնածանքով եմ խոսում ծնողներիս մասին։ Հայտնի հնարք է. երբ հոդվածում առաջադրված սուր հարցերը Հայաստանում գործող հինգերորդ շարասյան մասին, որի խնդիրն է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության բովանդակազրկումը, փաստարկներ չունեն, դիմում են վիրավորական հարձակումների նրա հասցեին, ով մերկացնում է իրենց դավաճանական գործողությունները։
Նման տեսարան կրկնվեց նաեւ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունների պարագայում, որոնց ընդունումը հնարավորություն տվեց երկրում բացել ռուսալեզու եւ օտարալեզու 8-10 դպրոց։ Այս հարցում, ինչպես իր հոդվածում արդարացիորեն նշել է Անդրեյ Եպիֆանցեւը, «ինչ-որ պատճառներով կարծիք հայտնվեց, թե այդ գաղափարի հետեւում կանգնած է Ռուսաստանը, որն իբր ուզում է թուլացնել հայերենի դիրքերը՝ համարյա թե փոխարինելով այն ռուսերենով»։ Այստեղ միայն պետք է նշել, որ պատճառները, որոնք դրդել են Ռուսաստանին ներգրավել այս սկանդալի մեջ, միանգամայն հասկանալի են։ Դա ամենեւին էլ պատահաբար տեղի չի ունեցել, այլ ԼՏՊ-ին ենթակա ԶԼՄ-ների ծավալած հակառուսական, ռուսատյաց հիստերիայի բաղադրիչն էր։ Իսկ բացասական, հակառուսական հույզերի շիկացումը, ինչպես վերը նշվեց, տեղի է ունենում տեղեկատվական պատերազմի շրջանակում, որի վերջնական նպատակը հայ-ռուսական ռազմավարական գործընկերության խափանումն է։
Միաժամանակ, հարկ է ընդունել Անդրեյ Եպիֆանցեւի արդարացի քննադատությունն առ այն, որ հայ մտավորականության, հանրային կարծիքի ձեւավորման լիդերների, լրագրողների, քաղաքագետների հետ հավուր պատշաճի բացատրական աշխատանք չի տարվում։ Ավելին՝ ներկայում, եւ այդ մասին արդեն գրել ենք, ընթանում է հայ-ռուսական բազմակողմ համագործակցության բովանդակության պարզունակացման եւ կոմերցիալացման գործընթաց։ Եվ դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ռուսաստանին եւ Հայաստանին հայտարարված տեղեկատվական պատերազմին հակադրվում են կամպանիաներ՝ տարաձեւ «մասսովկաների» տեսքով, որոնք առհասարակ զուրկ են գաղափարախոսական բաղադրիչից։ Դրա հետ մեկտեղ ամեն գնով փորձում են կարեւորություն հաղորդել նմանատիպ միջոցառումներին, ընդ որում՝ ոչ թե այդ միջոցառումներում քննարկվող հարցերի լրջությամբ եւ խորությամբ, այլ դրանցում Մոսկվայից բարձր հյուրերի մասնակցության ապահովմամբ։
Նման կոնֆուզ տեղի ունեցավ ԱՊՀ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանում վերջերս անցկացված զանգվածային միջոցառման ավարտին, երբ դրան էլ ավելի մեծ կարեւորություն հաղորդելու համար Հայաստանի առաջատար հեռուստաընկերությունները եւ ԶԼՄ-ները Ռուսաստանի կառավարական գերատեսչություններից մեկի չինովնիկին չգիտես ինչու ներկայացրին որպես Ռուսաստանի նախագահի խորհրդական, եւ, բնական է, որ նրա ելույթից մեծ ակնկալիքներ կային։ Եվ երբ Ռուսաստանի նախագահի խորհրդական ներկայացվածի շուրթերից հնչեցին միայն երախտագիտության խոսքեր սույն միջոցառման կազմակերպիչների հասցեին եւ չտրվեցին հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ջատագովներին, մեր երիտասարդությանը եւ ընդհանրապես Հայաստանի բոլոր քաղաքացիներին հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ, ակամա ստիպված ես լինում միանգամայն որոշակի եզրակացություն անել։ Պետք է կարծել, որ հավանաբար որոշակի ռուսական կառույցների համար կարեւոր է հետագայում եւս պահպանել այն պատրանքը, որ Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանը խնդիրներ չունի։
Այստեղ բնականաբար հարց է ծագում. նման քաղաքականության հեղինակներն ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում, ո՞վ է նրանց պատվիրել նման անպատասխանատու վերաբերմունք աշխատանքի այդքան վճռորոշ տեղամասում, ինչպիսի՞ն է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ամրապնդումը։
Խորհրդածելով Անդրկովկասում Ռուսաստանի քաղաքականության մասին՝ կուզենայինք այն ավելի համակարգված տեսնել, որպեսզի դրա մշակման ժամանակ հաշվի առնվեին ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական նպատակներն ու խնդիրները։ Որպեսզի հնարավորության սահմաններում ստեղծվեն մեր երկրների կոնկրետ տնտեսական շահերից Ռուսաստանի քաղաքականության առկա կտրվածության հաղթահարման նախադրյալներ։
Կարեւոր է քաղաքական ուժերի հետ համատեղ, որոնք ինտելեկտուալ պատրաստվածություն ունեն, բացատրական աշխատանք տանել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության խորացման կենսական անհրաժեշտության հիմնավորման ուղղությամբ՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ ընդհանրապես Հարավային եւ Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ է գործընկեր երկրների համար հստակ նշել սկզբունքորեն կարեւոր ռազմավարական նպատակները, որոնց ձեռքբերումը սովորական համագործակցության շրջանակում անհնար է։
Միաժամանակ կոնկրետ օրինակներով հարկ է ցույց տալ, որ ռազմավարական նպատակներին հասնելն իրականանալի է միայն հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելով։ Եվ այստեղ մեր երկրների առջեւ գործունեության լայն ասպարեզ է բացվում. տնտեսությունում եւ խաղաղության ու անվտանգության ապահովման հարցերի համատեղ լուծման մեջ, ահաբեկչությանը, կազմակերպված հանցավորությանը, զենքի եւ թմրանյութերի մաքսանենգությանը դիմակայելու ոլորտներում, մշակույթների փոխհարստացման, հոգեւոր ոլորտում Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների մերձեցման հարցերում։ Ընդ որում՝ հարկավոր է կարեւոր նշանակություն տալ միջազգային քաղաքականության, գլոբալ եւ տարածաշրջանային զարգացման հանգուցային հարցերի հանդեպ ընդհանուր մոտեցումների մշակմանը։
Հատկապես անհրաժեշտ է նշել, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը հաջողություն կունենա, եթե դրա հիմքում դրվեն ընդհանուր սկզբունքներ, ինչպիսիք են.
-Համագործակցելու Ռուսաստանի եւ Հայաստանի համատեղ շահագրգռությունը, հարաբերությունների ռազմավարական բնույթի փոխադարձ ընդունումը,
- մյուս կողմի շահը հաշվի առնելու թափանցիկությունը եւ պատրաստակամությունը, ռազմավարական նպատակներին հասնելու համար փոխընդունելի փոխզիջումների որոնումը,
-միմյանց նկատմամբ ճնշման ցանկացած ձեւից փոխադարձ հրաժարումը,
- ռազմավարական գործընկերությունը հաջող կլինի, եթե ունենա երկարաժամկետ բնույթ,
- առաջադրված ռազմավարական նպատակներին հասնելու ներպետական եւ միջպետական գործուն մեխանիզմների առկայությունը, դրանց գործունեության բարձր արդյունավետության ապահովումը։
Միայն այս պայմաններում կարելի կլինի հուսալ, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը հաջող կլինի։ Եվ իհարկե, հաջողությունն այս գործընթացում երաշխավորված կլինի, եթե երկու երկրների բնակչության ամենալայն շերտերը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներգրավվեն այս աշխատանքին։ Երբ գործընկերությունը հզոր կազմակերպչական եւ տեղեկատվական աջակցություն ստանա քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների կողմից, որոնցում տոն են տալիս ռուս-հայկական ռազմավարական գործընկերության համոզված կողմնակիցները, մեր երկրների զարգացումն ու բարգավաճումը կարելի կլինի տեսնել ինքնիշխան պետությունների Եվրասիական միությունում։
Եվրամիության օրինակով նոր Եվրասիական միության ստեղծումը՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի եւ ԱՊՀ անդամ մյուս երկրների մասնակցությամբ, ժամանակի հրամայականն է եւ, թերեւս, մեր երկրների ինքնիշխանության պահպանման միակ միջոցը։


ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ,
«Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության վարչության նախագահ

Последние видеоматериалы

Новые книги