ՎԵՐՋԱՊԵՍ ԳՏԱՆ ՃԻՇՏ ԿԻՐԱՌՈՒՄԸ
25.02.2011, Հայոց աշխարհ
Երեկ երկարատեւ, հայ հասարակության մեջ տագնապ առաջացնող լռությունից հետո վերջապես տեղի ունեցավ վաղուց սպասվածը: Հանրությանը իր դարակազմիկ մտքերը ավետեց երրորդ հանրապետության ամենահամարձակ ներքին գործերի նախարարը` Սուրեն Աբրահամյանը:
Ակամայից հիշեցի ուշագրավ մի դեպք. 1990թ. ամռանն էր, երբ Լ.Տեր-Պետրոսյանը նոր էր ընտրվել Գերագույն խորհրդի նախագահ եւ ինձ` այն ժամանակ ներքին գործերի նախարարիս, հրավիրեցին նրա մոտ: Զարմանքիս չափ չկար, երբ այնտեղ տեսա Երեւանի ներքին գործերի վարչության պետի տեղակալ Սուրեն Աբրահամյանին: Հարցրի՝ դու այստեղ ի՞նչ գործ ունես, Սուրեն: Ահա այստեղ է, որ Տեր-Պետրոսյանը գրկախառնվեց եւ համբուրեց Սուրեն Աբրահամյանին, ասելով, թե Սուրենը մեր լավ ընկերն ու բարեկամն է:
Ակամայից մտաբերեցի, որ ներքին գործերի ղեկավար մարմինը մշտապես փաստում էր, որ ցանկացած խորհրդակցության մանրամասներ անմիջապես հայտնի էին դառնում ՀՀՇ-ի պարագլուխներին, իսկ որոշ դեպքերում չափից ավելի նրանց իրազեկված լինելը ունենում էր արյունալի հետեւանքներ:
Ինչը տեղի ունեցավ 1990թ. մայիսի 27-ին Երեւանի երկաթուղային կայարանում եւ Նուբարաշենի ճանապարհին: Եվ միայն այն ժամանակվա քաղաքապետ Արտաշես Գեղամյանի, ազատամարտիկ Ռուբեն Գեւորգյանի, Մանվել Քոչարյանի, Կիլիկիացի Մացոյի եւ Վարդան Հակոբյանի բացառիկ խիզախության շնորհիվ կանխվեց մեծ արյունահեղությունը: Առանց դավաճանության անհնարին կլիներ ՀՀՇ-ի նման իրազեկվածությունը: Իսկ թե ով էր դավաճանը, հստակ հասկացա 1990թ. ամռանը Տեր-Պետրոսյանի աշխատասենյակում:
Անցան տարիներ` Սուրենին Լեւոնը վարձահատույց եղավ` մարզպետ նշանակեց, գեներալի կոչում շնորհեց: 1997 թ. աշնանը, երբ Լեւոնի նավը ճաքեր տվեց, վերջինիս հին բարեկամը դարձավ լուսահոգի Վազգեն Սարգսյանի նոր բարեկամը` դավաճանելով արդեն իսկ Լեւոնին: Դա անշուշտ գնահատվեց` Սուրենը կարգվեց Երեւանի քաղաքապետ, իսկ որոշ ժամանակ անց՝ ներքին գործերի նախարար:
Սակայն նրա դիմակը վերջնականապես պատռվեց 1999թ. հոկտեմբերի 27-ին, երբ երկրի ներքին գործերի նախարարը գերադասեց այդ ժամանակ պատգարակ բռնող սանիտարի դերը ստանձնել եւ Ազգային ժողովում վիրավոր պատգամավորին դահլիճից դուրս տանելու պատրվակով ճողոպրեց: Եվ ճողոպրեց այնպես, որ երկար ժամերի ընթացքում հայտնի չէր երկրի ներքին գործերի նախարարի գտնվելու վայրը: Հանրապետության ղեկավարությունը ժամեր շարունակ փնտրում, այդպես էլ չէր գտնում նախարարին:
Հավանաբար նա հասցրել էր կատարվածի մասին անհապաղ զեկուցել հհշականներին, որոնք այդ սահմռկեցուցիչ սպանդից ժամեր անց պաշտոնների ցուցակով եւ վերջնագրով ներկայացան հանրապետության գործող նախագահին:
Անշուշտ չէր կարելի այլեւս հանդուրժել ոճրագործության պահին իր հրամանատարին` Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին եւ ողբերգության զոհ դարձած մեր գործընկերներին թողած եւ փախուստի դիմած անձնավորությանը երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնում: Եվ Սուրեն Աբրահամյանը հրաժարական տվեց:
Հավանաբար դա էր պատճառը, որ տարիներ անց՝ 2006թ., ինչ-որ ստահակներ հանդգնեցին Երեւանում իր իսկ տան մոտ ծեծի ենթարկել գեներալի կոչում ունեցող մարդուն: Կարծում էի, որ Սուրեն Աբրահամյանի մեջ կրկին կխոսի իր ծննդավայր Գյանջայի տարածաշրջանի Նուխի գյուղի բնակիչներին հատուկ պատվախնդրությունը (չգիտես ինչու նա հրաժարվում է, որ ծնվել է այդ փառապանծ գյուղում եւ գրվում է երեւանցի, մոռանալով, որ նորանկախ Հայաստանում բացարձակապես այլ է վերաբերմունքը գյանջեցի-կիրովաբադցու հանդեպ), եւ նա կհրաժարվի անարժան կերպով ձեռք բերված գեներալի ուսադիրներից:
Անարդարացի կլինի, եթե միայն բացասական երանգներով բնութագրելու լինեմ Սուրեն Աբրահամյանին: Եթե այսօր նա եւ նրա տեսակն է ներկայացնում ՀԱԿ-ի շահերը, ապա կնշանակի առաջիկայում իշխանություններից մեծ ջանքեր չի պահանջվի առավել բացահայտելու, թե ովքեր են այսօր ՀԱԿ-ում եղանակ ստեղծում: Համոզված եմ, որ առաջիկայում ՀԱԿ-ին էլ կդավաճանեն:
Նախարար եղած ժամանակ Երեւանի ներքին գործերի վարչության ղեկավար կազմը բնութագրելիս Սուրեն Աբրահամյանի մասին ինձ ասացին, որ անձնակազմում նրան ճանաչում են որպես «սվիստոկ» Սուրիկ: Միամիտս կարծեցի, թե նա պետավտոտեսչությունում է աշխատել կամ էլ շվի է նվագում: Պարզվեց, որ ոչ առաջինն է, ոչ էլ երկրորդը: Տղաները, Գյումրվա բարբառով ասած, պառավոզի սվիստոկի նման աղմուկ բարձրացնելու համար էին նրան քնքշորեն «սվիստոկ» կոչում:
Դե ինչ, Սուրիկ, շարունակիր սվիստոկդ շվացնել, բայց այնտեղ, որտեղ քեզ լավ չեն ճանաչում, գուցե աղմուկդ տպավորություն թողնի։ Հակառակ դեպքում հարկադրված կլինեմ ամենայն մանրամասնությամբ ընդարձակ հարցազրույց տալ քո ով լինելու մասին, էլ չեմ ասում՝ հանդես գալ հատուկ մամուլի ասուլիսով:
ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆ
ՀՀ միլիցիայի պաշտոնաթող
գնդապետ,
«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության անդամ