2010Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ. ԱՍՏԱՆԱՅԻ ԴԱՍԵՐԸ

08-09.12.2010

Դեկտեմբերի 2-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում «Անվտանգության հանրությանն ընդառաջ» հռչակագրի ընդունմամբ ավարտվեց ԵԱՀԿ 7-րդ գագաթաժողովը։
Անցած մեկ շաբաթվա ընթացքում հայկական եւ համաշխարհային լրատվամիջոցներում քիչ չեղան հրապարակումներ, զանազան վերլուծություններ, սկսած իր՝ ԵԱՀԿ-ի «մահվան ելքի» կամ էլ իբր Աստանայի գագաթաժողովում նեղը գցված հայկական պատվիրակության (նմանատիպ դատողությունները տերպետրոսյանական լրատվամիջոցների հրապարակումների հիմնական բովանդակությունն էին) մասին պնդումներից։ Քիչ չէին հոդվածները, որոնք մատնանշում էին Ղազախստանում տեղի ունեցած գագաթաժողովում հայ դիվանագիտության լուրջ հաջողության մասին։
Իհարկե եղան նաեւ զուսպ, հավասարակշռված գնահատականներ, որոնցում խոսվում էր սկզբունքային, օբյեկտիվ այն գնահատականների մասին, որ գագաթաժողովում ներկայացրեց նախագահ Սերժ Սարգսյանը։
Սույն հոդվածի նպատակն ամենեւին էլ այն չէ, որ հանգամանորեն վերլուծվի վերոնշյալ դատողություններից յուրաքանչյուրի հիմնավորվածությունը կամ սխալականությունը, այլ հնարավորին չափ կանխատեսել, թե Վանկուվերից Վլադիվոստոկ ընկած տարածքում ի՞նչ ճանապարհներով կարելի կլինի ապահովել անվտանգությունը, ի՞նչ ձեւով կհաստատվի համագործակցությունը ԵԱՀԿ 56 անդամ-երկրների միջեւ եւ, առաջին հերթին, ինչպե՞ս կծավալվեն իրադարձությունները Հարավկովկասյան տարածաշրջանում։
Ռուսաստանի, Ղազախստանի, Եվրամիության նախագահների միջեւ Աստանայում տեղի ունեցած բանավեճերի ընթացքում ընդգծվեց ԵԱՀԿ-ի արդիականացման, նրա գործունեության ոճի ու ձեւերի կատարելագործման անհրաժեշտությունը։ Այս առումով մեզ համար չափազանց կարեւոր նշանակություն ունի Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդեւի ելույթը Աստանայի գագաթաժողովում. «Գուցե ամենակարեւորը հակամարտությունների կարգավորման միասնական սկզբունքների մշակումն է, եւ դրանց հարկավոր է հետեւել ճգնաժամային բոլոր իրավիճակներում, այլ ոչ թե ինչ-որ ընտրովի դեպքերում։ Դրանք են` ուժի չկիրառումը, իրենց իսկ` կողմերի միջեւ համաձայնության կայացումը, համաձայնեցված բանակցային եւ խաղաղարար ձեւաչափերի հարգումը, հակամարտության գոտում հայտնված քաղաքացիական բնակչության իրավունքների ապահովումը... Ռազմական ուժի կիրառումը, ինչպես դա փորձեց անել Վրաստանի ղեկավարությունը Հարավային Օսիայի նկատմամբ 2008թ. օգոստոսին, միանգամայն անթույլատրելի է»,- նշեց նա։

Հարկ է ասել, որ Ռուսաստանի նախագահի այսօրինակ մոտեցումը հակամարտությունների կարգավորմանը արժանացավ հռետորներից շատերի հավանությանը։ Ուստի մեր դիվանագիտության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքական ողջ ընտրանու համար թիվ մեկ դասը պետք է լինի այն ձեւակերպումների, հիմնավորումների մանրազնին վերլուծությունը, որոնք դրված են Արեւմուտքի երկրների կողմից Կոսովոյի անկախության ճանաչման, նաեւ Ռուսաստանի Դաշնության, Վենեսուելայի, Նաուրուի փաստարկների հիմքում, որոնք արվեցին Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելիս։
Ըստ այդմ՝ կարելի է վստահաբար ասել, որ միջազգային իրավունքի տեսակետից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը շատ ավելի հիմնավորված ու անխոցելի կլինի։ Հայաստանի կուսակցությունների համատեղ աշխատանքը Լեռնային Ղարաբաղի անկախության փաստի օբյեկտիվ բնույթի հիմնավորման ուղղությամբ կարող է նպաստավոր հող ստեղծել երկրի քաղաքական բոլոր առողջ ուժերի համախմբման համար։ Ընդ որում՝ անվիճելի ճշմարտություն է եւ այն, որ «կազմակերպության (ԵԱՀԿ-ի) ռեսուրսների օգտագործման ավելի հստակ իրավական բազայի եւ ունիվերսալ կանոնների» մշակումը բնականաբար հնարավոր է իրականացնել միայն ԵԱՀԿ տարածքում պետությունների անկախության ճանաչման արդեն առկա փորձի միօրինակացման (ցվՌՒՌՍՈՓՌՌ) ճանապարհով։
Խիստ էական է, որ ԵԱՀԿ-ի ապագայի՝ ՌԴ նախագահի արտահայտած տեսլականին համաձայնեց նաեւ Եվրոպական միության նախագահ Հերման վան Ռոմպեյը, որն իր հերթին նշեց, որ ղազախստանյան ներկայիս գագաթաժողովը թույլ է տալիս «դուրս գալ անցյալ հաջողությունների պարզ ընդգծման շրջանակից, վերստին հաստատել հավատարմությունը մեր պարտավորություններին եւ արժեքներին, որոշել ԵԱՀԿ հեռանկարը»։ Այնուհետեւ նա հայտարարեց. «ԵԱՀԿ-ն մնում է մեր անվտանգության սյուներից մեկը՝ անվտանգության նկատմամբ իր եռաչափ համընդգրկուն մոտեցմամբ, ինչպես նաեւ գործողության ուրույն աշխարհագրական ոլորտով»։ Հատկանշական է, որ Ռոմպեյն ընդունեց նաեւ եվրոպական անվտանգության առնչությամբ ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւի նախաձեռնած Կորֆուի գործընթացի առանցքային դերը ԵԱՀԿ անդամ-երկրների կողմից փոփոխությունների անհրաժեշտության գիտակցման գործում։
Աստանայի գագաթաժողովի մյուս էական գործոնը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքներին հավատարմության հաստատումն էր, որոնք տեղ են գտել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների՝ 2009թ. հուլիսի 10-ին լ’Աքվիլայում եւ 2010թ. հունիսի 26-ին Մոսքոկում արած հայտարարություններում։ Այս մասին իր ելույթում հստակ հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը. «Մենք պետք է նաեւ վերսկսենք մեր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բնագավառում։ Մինսկի խմբի հովանու ներքո մշակված հիմնական սկզբունքների հիման վրա։ Թույլ տվեք ինձ Մինսկի խմբի համանախագահող երկրների անունից մեկ անգամ եւս հայտարարել, որ ցանկացած ամուր եւ արդարացի կարգավորման հիմքը պետք է լինեն Հելսինկյան սկզբունքները, ինչպես նաեւ այն վեց տարրերը, որոնք ձեւակերպել են նախագահներ Մեդվեդեւը, Սարկոզին եւ Օբաման 2009թ. հուլիսի 10-ին լ’Աքվիլայում եւ վերահաստատվել Մոսքոկում 2010թ. հունիսի 26-ին։ Առաջարկվող այդ տարրերը մտահղացվել են որպես մեկ միասնական ամբողջություն, եւ դրանցից որոշներն ընտրելու ցանկացած փորձ՝ ի վնաս մյուսների, անհնար կդարձնի համաձայնեցված որոշման հասնելը»։
Հիշեցնենք, թե որոնք են կարգավորման այդ «վեց տարրերը».
1. Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների վերադարձ,
2. միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որը կապահովի անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ,
3. Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցք,
4. Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական իրավավիճակի որոշում բնակչության՝ պարտադիր իրավաբանական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով,
5. ներքին բոլոր տեղաշարժվածների եւ փախստականների՝ նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունք,
6. անվտանգության միջազգային երաշխիքներ, ներառյալ խաղաղարար գործողությունը։
Իսկ այժմ տեսնենք, թե որքանո՞վ են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ելույթները համահունչ Լեռնային Ղարաբաղի կարգավորման՝ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների առաջարկած այս հիմնարար սկզբունքներին։
Այսպես. Ադրբեջանի նախագահ Ի.Ալիեւը Աստանայի իր ելույթում մասնավորապես հայտարարեց, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի պատմական մասն է»։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էլ հաստատեց միջազգային իրավունքի տեսակետից անթերի, անբեկանելի հետեւյալ փաստը. «Լեռնային Ղարաբաղը 1991թ. սեպտեմբերին հռչակեց իր անկախությունը, որին հաջորդեց նույն թվականի դեկտեմբերին տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն, լիովին համապատասխանելով միջազգային իրավունքի նորմերին եւ Խորհրդային Միության գործող օրենսդրությանը։ Դրան հաջորդած ԽՍՀՄ փլուզման արդյունքում ձեւավորվեցին նաեւ երկու իրավահավասար պետական կազմավորումներ՝ Ադրբեջանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»։
Նկատենք, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ելույթում առանձնապես ընդգծվում էր հակամարտության կարգավորման սկզբունքներից մի քանիսի նկատմամբ ընտրովի մոտեցման փորձերի անթույլատրելիությունը։ Ըստ այդմ, ադրբեջանական կողմի՝ արդեն ձանձրացրած հայտարարությունները ազգերի ինքնորոշման իրավունքի հանդեպ տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության մասին լրիվ հակասում են այն մոտեցումներին, որոնք տեղ են գտել ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների երկու հայտարարություններում, որոնցում, կրկին նշեմ, ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վեց տարրերը հարկ է դիտարկել որպես միասնական ամբողջություն։
Այնուհետեւ Ի.Ալիեւի՝ ելույթից ելույթ կրկնվող անվանարկումներն առ այն, թե «հակամարտության լուծումը պետք է հիմնվի միայն միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հարգման, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերի, ԵԱՀԿ, Եվրախորհրդարանի, Եվրախորհրդի եւ միջազգային այլ կազմակերպությունների որոշումների կատարման վրա», կարող են առնվազն ընկալվել որպես անձնական վիրավորանք Բ.Օբամայի, Դ.Մեդվեդեւի եւ Ն.Սարկոզիի հասցեին։ Դատելով Ի. Ալիեւի ելույթներից՝ նա, ըստ էության, ոչ միայն ամբողջովին անտեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների նախագահների՝ լ’Աքվիլայում եւ Մոսքոկում արած հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում, այլեւ «խրատում» է նրանց, թե ինչ որոշումներ վկայակոչեն իրենց հայտարարություններում, որպեսզի դրանք բավարարեն Իլհամ Հեյդարովիչին։
Կարծում եմ, այս հանգամանքի շուրջ կմտորեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Ավելին՝ չէր խանգարի, որ այս իրողության շուրջ մտորեին նաեւ Եվրամիության, Եվրախորհրդի, ՆԱՏՕ-ի այն ներկայացուցիչները, որոնք, Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում նավթագազային նախագծեր ունենալով, լոբբինգի են ենթարկում Ադրբեջանի շահերը միջազգային այդ հեղինակավոր կազմակերպություններում, դրանով իսկ, ըստ էության, զրոյի հավասարեցնելով ու խեղաթյուրելով երեք նախագահների հայտարարությունների բովանդակությունը, տորպեդահարելով դրանց կատարումը։
Կարծում եմ, մեր դիվանագիտության եւ քաղաքական ընտրանու համար ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովի երկրորդ դասը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համախմբված դիրքորոշման մշակման անհրաժեշտությունը` միջազգային իրավունքի նորմերին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարություններում տեղ գտած ընդունելի սկզբունքներին համապատասխան։
Վստահ եմ, որ գրագետ գործելով այս դեպքում եւս հայկական կողմի դիրքորոշումը հասկանալի կլինի, առաջին հերթին, մեր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի Դաշնության, ինչպեսեւ ՀԱՊԿ գծով մեր դաշնակիցների համար։ Այն ընդհանրապես հավուր պատշաճի կընկալվի նաեւ միջազգային հանրության կողմից։ Նման մոտեցումը սկզբունքային նշանակություն ունի, քանի որ, ինչպես հայտարարվեց ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովի Հռչակագրում, «Յուրաքանչյուր մասնակից պետության անվտանգությունն անքակտելիորեն կապված է մյուս բոլոր մասնակից երկրների անվտանգության հետ։ Յուրաքանչյուր մասնակից երկիր անվտանգության հավասար իրավունքներ ունի»։

Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ մեզանում միասնական դիրքորոշման մշակման ընթացքում հարկավոր է ավելի զարգացնել նախագահ Սերժ Սարգսյանի Աստանայում արտահայտած միտքն այն մասին, որ «Ադրբեջանը եվրոպական մայրցամաքում ինձ հայտնի միակ երկիրն է, որը հպարտությամբ է խոսում իր ռազմական բյուջեի բազմապատկման մասին»:
Չէ՞ որ Ադրբեջանի ռազմական բյուջեի չափից ավելի մեծացումը ապշերոնյան քաղաքական գործիչների, նաեւ ԵԱՀԿ գագաթաժողովից հետո շարունակվող ռազմատենչ հռետորաբանության ֆոնին ոչ այլ ինչ է, եթե ոչ Աստանայի Հռչակագրի այն հոդվածի անտեսում, որում ասված է. «Անդամ երկրները պարտավորվում են չամրապնդել իրենց անվտանգությունն ի վնաս մյուս անդամ պետությունների անվտանգության... Մենք պարտավորվում ենք պաշտպանել միայն այն ռազմական պոտենցիալը, որը համադրելի է մեր անհատական կամ հավաքական անվտանգության ապահովման օրինական պահանջներին»:
Հռչակագրի այս պահանջը, ինչպես նաեւ հաշվի առնելով Աստանայում նախագահի այն հայտարարությունը, թե «Հայաստանը կտրականապես չի ընդունում Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսման տարբերակը, Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե եւ իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար», կարծում եմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների առաջնորդներին հիանալի հնարավորություն կտան դատելու Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հասունության աստիճանի, ոչ թե խոսքով, այլ գործով Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու նրանց պատրաստակամության մասին:
Եվ, թերեւս, Աստանայի վերջին` գլխավոր դասն այն է, որ միջազգային գործերում երկարատեւ հեռանկարի համար հաջողությունն ուղեկցում է այն պետություններին, որոնք իրենց արտաքին քաղաքականությունը կառուցում են ոչ թե ուժի միջազգային կենտրոնների հակասությունների վրա խաղալով (դրա ցայտուն օրինակը Ադրբեջանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունն է), այլ, ընդհակառակը, արտաքին քաղաքականություն վարելիս ելնում են այն բանից, որ գլոբալացման պայմաններում կան օբյեկտիվ իրողություններ, որոնք միավորում են բոլոր պետություններին, մասնավորապես գիտակցումն այն սկզբունքի, որ «անվտանգությունն անբաժանելի է»:
Այս առնչությամբ ստիպված եմ նշել, որ «անվտանգության անբաժանելիության» սկզբունքը, որը Եվրատլանտիկայում հռչակվել է 1990-ականներին ամենաբարձր մակարդակով, ցավոք, այդպես էլ միջազգային-իրավական ամրագրում չի ստացել: Հավանաբար դա եւս այն իրողության էական նախադրյալներից մեկն է եղել, որ ոչ հեռու անցյալում չհաջողվեց խոչընդոտել արյունահեղությանը Հարավսլավիայում եւ Հարավային Օսիայում: Հետեւաբար Հայաստանի Հանրապետությունը (որը, նախագահ Սարգսյանի խոսքերով, «Ադրբեջանի կողմից էթնիկական զտումների քաղաքականության եւ ինքնորոշված Ղարաբաղի դեմ 1992 թվականին սանձազերծված զինված ագրեսիային ի պատասխան» հարկադրված էր օգնություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղին) պետք է վճռականորեն հանդես գա ի պաշտպանություն եվրոպական անվտանգության պայմանագրի կնքման գաղափարի:
Հիշեցնենք, որ այս գաղափարն առաջ է քաշվել դեռեւս 2008թ. հունիսին Դ.Մեդվեդեւի՝ Բեռլին կատարած այցի ժամանակ: Իսկ այդ առաջարկության էությունն էլ այն է, որ Եվրոպայում ապահովվի խաղաղության պահպանման այնպիսի մեխանիզմ, որի պայմաններում եւ ոչ մի պետություն կամ միջազգային կազմակերպություն անվտանգության ապահովման մենաշնորհ չունենա:
Ըստ իս, վերը ներկայացված եւ սրանց հետ շաղկապված հարցերի իմաստավորման վրա պետք է կենտրոնացվի Հայաստանի քաղաքական դասի ու մեր փորձագիտական հանրության ուշադրությունը: Իսկ ուռա-հայրենասիրական կոչերը, որ հնչում են Հայաստանի քաղաքական որոշակի ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության անհապաղ ճանաչման մասին, աշխարհի ճակատագրի համար բեկումնային այս փուլում, սադրանք են, որոնց ծայրահեղ վտանգավորությունը պետք է մերկացնել ու արմատախիլ անել հիմքից:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ

Последние видеоматериалы

Новые книги