ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ

03.11.2010

Անցած շաբաթ, հոկտեմբերի 27-ին, Աստրախանում, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ վերջին երկու տարում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների 7-րդ հանդիպումը:

Հանդիպման արդյունքներով ընդունվեց համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ, որում ընդգծվում է, որ «քաղաքական-դիվանագիտական միջոցներով հակամարտության կարգավորումը պահանջում է հրադադարի ռեժիմի եւ վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված հետագա ջանքեր ռազմական ոլորտում»: Նախագահները պայմանավորվեցին նաեւ «անհապաղ կատարել ռազմագերիների փոխանակում եւ վերադարձնել զոհվածների մարմինները»:

Ուրախալի է, որ այս նախաձեռնությունը եւ նախագահներ Դ.Մեդվեդեւի, Ս.Սարգսյանի եւ Ի.Ալիեւի համատեղ հայտարարության ընդունումը դրականորեն գնահատեցին եւ ողջունեցին ԱՄՆ Պետդեպարտամենտը (Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլիի շուրթերով) եւ Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

Զուսպ դրական էր նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքական դասի գնահատականը: Երկու կողմերի թերահավատները եւ մաքսիմալիստ քաղաքական գործիչները բնականաբար հանդես եկան հանդիպման արդյունքներից հիասթափվածի դիրքերից, ընդ որում՝ նրանք նշում էին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը սպառել է իրեն:

Այս ֆոնին հարկ է նշել, որ վերջին ժամանակներս մեր երկրում էլ ավելի համառ սկսեցին հնչել կոչեր Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության անհապաղ ճանաչման մասին, իսկ Ադրբեջանում նույնքան համառությամբ սկսեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու պահանջներ առաջ քաշել:

Ընդ որում՝ հարկ է հիշատակել երկու էական գործոն: Առաջին գործոնը. եթե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ նրա ղեկավարած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը Ազգային ժողովում մեծամասնություն ունի, զսպում են Հայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին բանաձեւի ընդունումը, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ղեկավարած «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության պարագայում, ընդհակառակը, ոչ մի առիթ բաց չի թողնվում՝ հայտարարելու, որ Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

 

Իսկ երկրորդ գործոնը հետեւյալն է. ինչպես Լեռնային Ղարաբաղի անկախության անհապաղ ճանաչման կողմնակիցները Հայաստանում, այնպես էլ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու նախանձախնդիրներն Ադրբեջանում իրենց կոչերով եւ գործողություններով փաստորեն գործը տանում են դեպի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության լուծարում, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի իրավիճակի ապակայունացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Ընդ որում՝ պայթյունավտանգ իրավիճակ կստեղծվի Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանի ավելի քան 120 կիլոմետրանոց հատվածում, որը ղարաբաղա-ադրբեջանական դիմակայության գոտի է հանդիսանում: Ներկայում այդ տարածքը վերահսկվում է Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակի կողմից:

Ո՞ւմ է ձեռնտու Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացման վերը նկարագրված հնարավոր սցենարը, ինչո՞վ է այն հղի իրականացման պարագայում: Այս հարցերին պատասխանելու համար պետք է դիտարկել այն գործընթացները, որոնք ընթանում են Հարավային Կովկասի տարածաշրջանում, Մեծ Մերձավոր Արեւելքի տարածքում առկա հիմնախնդիրների հետ դրանց փոխկապվածության եւ փոխկախյալության մեջ: Հապճեպ եզրահանգումներ չանելու համար հարկավոր է, առաջին հերթին, պարզել, թե անմիջապես մեր մերձավոր հարեւանին՝ Իրանի Իսլամական Հանրապետությանն առնչվող ինչ իրադարձություններ են տեղի ունեցել վերջին ժամանակներս: Հարկավոր է նաեւ վերլուծել, թե ինչի կարող է հանգեցնել խորացող լարվածությունը սիրիա-լիբանանյան, ներլիբանանյան, պաղեստինա-իսրայելական, իրանա-սիրիա-իսրայելական հարաբերություններում:

Այսպես, ս.թ. սեպտեմբերի կեսին տեղի ունեցավ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Սիրիա: Սիրիա-իրանական բանակցությունների ընթացքում նախագահներ Բաշար Ասադը եւ Մահմուդ Ահմադինեժադը քննարկեցին իրավիճակը Մերձավոր Արեւելքում, որտեղ մինչ այդ վերսկսվել էր բանակցային գործընթացը պաղեստինցիների եւ Իսրայելի միջեւ: Այս առնչությամբ հարկ է նշել, որ Իրանը տարածաշրջանի միակ պետությունն է, որը բացահայտ հանդես է գալիս ԱՄՆ հովանու ներքո պաղեստինա-իսրայելական շփումների դեմ: Սիրիա-իրանական գագաթաժողովի երկու մյուս թեմաներն էին ճգնաժամը Իրաքում եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծվող իրավիճակը:

Նշենք նաեւ, որ պաշտոնական Դամասկոսը եւ Թեհրանը իրաքյան կարգավորման հիմնական դերակատարներից են համարվում: Նրանք հստակ գիտակցում են, որ Իրաքից ամերիկյան զորքերի զգալի մասի դուրսբերումն սկսելով՝ իրավիճակը երկրում կարող է ամբողջովին դուրս գալ վերահսկողությունից եւ վերածվել մեծ արյունահեղության: Հատկանշական է, որ երկու շաբաթ անց, հոկտեմբերի 2-ին Բաշար Ասադը պատասխան պաշտոնական այցով ժամանեց Թեհրան, որի ընթացքում իրանցի իր գործընկերոջ՝ Մ.Ահմադինեժադի հետ քննարկեց նույն հարցերը. իրավիճակը Մերձավոր Արեւելքում, Լիբանանում, Իրաքում եւ պաղեստինա-իսրայելական բանակցությունների ընթացքը:

Երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի 13-15-ին, Մ.Ահմադինեժադը Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հրավերով պաշտոնական այցով մեկնեց Լիբանան: Այստեղ հարկ է նշել, որ Իրանի նախագահի անվտանգությունն այս երկրում ապահովում էին Իրանից եկած իսլամական հեղափոխության պահապանների ստորաբաժանումները՝ շիական «Հեզբոլլահ» զինված շարժման մասնակցությամբ: Ի՞նչ է սա՝ ավելորդ զգուշությո՞ւն, գուցե անվստահությո՞ւն:

Լիբանանում Ահմադինեժադն այցելեց Իսրայելին սահմանակից Բինտ Ջուբայլ բնակատեղի: «Իրանի ժողովուրդը շարունակում է աջակցություն ցուցաբերել լիբանանցիներին եւ Մերձավոր Արեւելքի ժողովուրդներին»,- դիմելով Բինտ Ջուբայլի բնակիչներին՝ հայտարարեց Ահմադինեժադը քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքում: Իր ելույթում նա քաղաքն անվանեց «դիմադրության եւ հաղթանակի ամրոց»:

Հատկանշական է հենց Իրանի նախագահի՝ Բինտ Ջուբայլ այցելելու փաստն ինքնին, եւ ահա թե ինչու: Այսպես. ավելի վաղ Դամասկոսում եղած ժամանակ, ինչպես տեղեկացրել է քուվեյթյան «Ալ Անբա» պարբերականը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իրանցի գործընկերոջը խորհուրդ չէր տվել այցելել այդ բնակավայր, նշելով, որ դա «ժամանակավրեպ այց է»: Ի պատասխան՝ Իրանի առաջնորդը հայտարարել էր, որ Հարավային Լիբանան այցելությունը «ռազմավարական նշանակություն» ունի, քանի որ այդ մարզը «Իրանի եւ Իսրայելի միջեւ սահմանն է»: Ուշադրություն դարձրեք՝ Իրանի եւ Իսրայելի միջեւ սահմանն է:

Այս առնչությամբ նշենք նաեւ, որ Ահմադինեժադի՝ Լիբանան պաշտոնական այցելության ընթացքում նրա ողջ տեղաշարժին հետեւում էին իսրայելական անօդաչու ինքնաթիռները: Իսկ երբ Իրանի նախագահը ելույթ էր ունենում Բինտ Ջուբայլի մարզադաշտում, «իսրայելական կործանիչները ներխուժեցին Լիբանանի օդային տարածք, փորձեցին շիկացնել մթնոլորտը մարզադաշտում եւ խանգարել Իրանի նախագահի ելույթը («Fars» գործակալության տեղեկատվությամբ): Ընդ որում՝ հարկավոր է ընդգծել, որ լիբանանյան բանակը ոչ մի կերպ չարձագանքեց երկրի օդային տարածք իսրայելական կործանիչների ներխուժմանը»:

Վերադառնալով Բինտ Ջուբայլում Ահմադինեժադի ելույթին՝ նշենք հետեւյալը: Հիանալի տեղեկացված լինելով, որ Լիբանանում Արեւմուտքի կողմնակիցներն իրեն մեղադրում են, որ բազմադավան երկրում, ինչպիսին է Լիբանանը, պաշտպանելով միայն շիական «Հեզբոլլահ» շարժմանը, նա վնաս է հասցնում պետության միասնության գործին, Մ.Ահմադինեժադն իր ելույթներում առանձնապես ընդգծում էր Լիբանանի միասնության գործին իր հավատարմությունը:

Միաժամանակ պետք է հիշեցնել, որ հենց հոկտեմբերի վերջին օրերին այդ տարածաշրջանում կտրուկ շիկացավ իրավիճակը 2005թ. փետրվարին Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության հանգամանքները հետաքննող Հատուկ տրիբունալի (որն ստեղծվել էր Անվտանգության խորհրդի հանձնարարականով) ակնկալվող վճռի շուրջ: Հանդես գալով Բեյրութի հարավային արվարձանում կազմակերպված հանրահավաքում՝ Ահմադինեժադը հայտարարեց, որ ՄԱԿ-ի Հատուկ տրիբունալը կեղծել է հետաքննության արդյունքները, որպեսզի «իսկական մարդասպաններից» ցրի կասկածները: «Լիբանանում դաժանաբար սպանվեց մեր բարեկամը եւ հայրենասերը, իսկ այժմ, տեղեկատվությունը կեղծելու եւ դատական համակարգի մանիպուլյացիայի ճանապարհով, Արեւմուտքի երկրները մեղադրում են մեր մյուս բարեկամին («Հեզբոլլահին») նրա սպանության մեջ»,- Մ.Ահմադինեժադի ելույթից մեջբերում է կատարում «Khaleej Times»-ը:

Այս առնչությամբ անհրաժեշտ է նշել, որ ս.թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է. «ՄԱԿ-ին առընթեր տրիբունալը ստեղծվել է Լիբանանի կառավարության խնդրանքով, այն պրոֆեսիոնալ եւ անկախ դատարան է՝ Անվտանգության խորհրդի մանդատով, այն վայելում է միջազգային հանրության աջակցությունը: Քաղաքականացումը եւ դատարանի աշխատանքին միջամտելը չեն համապատասխանում լիբանանցի ժողովրդի շահերին»: Քրոուլին այնուհետեւ ավելացնում է. «Մենք դատապարտում ենք «Հեզբոլլահի» տարածած սպառնալիքները որպես եւս մի մանեւր՝ ուղղված Լիբանանի ժողովրդին ճշմարտության եւ արդարության մեջ մերժելուն, որոնց նա արժանի է: Հասան Նասրալան դա ներկայացնում է այնպես, որ մարդիկ ստիպված են ընտրություն կատարել արդարության եւ կայունության միջեւ: Եվ մենք մերժում ենք դա որպես կեղծ երկընտրանք»:

ԱՄՆ Պետդեպարտամենտի այս հայտարարությունը հնչեց ի պատասխան «Ալ-Հայաթ» թերթին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տված հարցազրույցի եւ «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Սաեդ Հասան Նասրալայի հայտարարության, որը հոկտեմբերի 28-ին լիբանանցիներին հորդորում էր բոյկոտել Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության հանգամանքները հետաքննող ՄԱԿ-ի Հատուկ տրիբունալը: Իսկ Սիրիայի նախագահը Լոնդոնում հրատարակվող միջարաբական «Ալ-Հայաթ» թերթին հոկտեմբերի 26-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով Հատուկ տրիբունալի առաջադրած մեղադրանքները Լիբանանի համար կվերածվեն աղետի: Խոսքը «ազգային մասշտաբի հանցագործության մասին է, որ կատարվել է դավանական սկզբունքով բաժանված երկրում»,- կարծում է Բաշար Ասադը: Այս պայմաններում Հատուկ տրիբունալի մեղադրանքների առաջադրումը կարող է, ըստ Սիրիայի նախագահի, «Լիբանանը ներքաշել քաոսի մեջ եւ աղետի վերածվել բոլորի համար: Դա կարող է ավերել երկիրը»:

Պատկերն ամբողջացնելու համար նշենք, որ Իրանի նախագահի՝ Լիբանան կատարած այցելության օրերին լիբանանյան հայտնի «Daily Star» թերթը տպագրեց տեղեկություն մի նամակի մասին, որն ուղարկվել է Մ.Ահմադինեժադին Լիբանանի խորհրդարանում ամենամեծ՝ «Մարտի 14-ի կոալիցիա» խմբակցությանը պատկանող մի խումբ քաղաքական եւ հասարակական գործիչների կողմից: Հարկ է նշել, որ նամակը ստորագրած 250 պատգամավորները, լրագրողները, ուսուցիչները, բժիշկները, տեխնիկական մտավորականության ներկայացուցիչները հավաստիացնում էին, որ Իրանն օգտագործում է Լիբանանը որպես ռազմաբազա Իսրայելի դեմ պատերազմում. Իրանի նախագահի այցն ասես գլխավոր հրամանատարի այցելություն լինի առաջին գիծ:

Վերջին ժամանակներս Մերձավոր Արեւելքի տարածաշրջան կատարված արտաքին քաղաքական այցելությունների այսքան հանգամանալի շարադրանքն ամենեւին էլ պատահական չէ: Արդեն ակնհայտ է, որ Իրանի ղեկավարության ակտիվ արտաքին քաղաքականությունը, իհարկե, պայմանավորված է նրանով, որ այն տեղեկացված է Իսրայել պետության քարոզչամեքենայի աշխատանքի մասին՝ ուղղված միջազգային հանրությանն այն վտանգը բացատրելուն, որը բխում է Իրանից ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մասշտաբներով:

Հենց սրա հաշվառմամբ էլ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջամիլին հոկտեմբերի 29-ին տեղեկացրեց ԵԽ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին այն մասին, որ Թեհրանը պատրաստ է բանակցել Իրանի միջուկային ծրագրի կարգավորման գծով միջազգային միջնորդների խմբի (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) հետ: Ընդ որում՝ իրանցի դիվանագետը տեղեկացրել է, որ դա տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 10-ից ոչ շուտ:

Իրանի ղեկավարության քայլերի մասին այսքան հանգամանալի հիշատակումն ամենեւին էլ պատահական չէ: Իրանի առաջնորդները հստակ գիտակցում են, որ երկրում իրականացվող խաղաղ միջուկային ծրագիրը վաղ թե ուշ կտորպեդահարվի Իսրայելի կողմից: Միաժամանակ Իրանի ղեկավարությունը նաեւ ամբողջովին պատկերացնում է, որ Լիբանանի հասարակության պառակտումը, որը վերջին ժամանակներս միանգամայն իրական է դառնում Հատուկ տրիբունալի հնարավոր վճռի հետ կապված, զգալիորեն կթուլացնի իր դիրքերը: Քանի որ իրադարձությունների այսօրինակ զարգացումը զգալիորեն կնվազեցնի «Հեզբոլլահի» դիմակայությունն Իսրայելին (Իրանի դեմ այդ երկրի կողմից ռազմական գործողություններ սկսելու պարագայում):

Ուշադրության առնելով այս հանգամանքը՝ հատուկ նշանակություն են ձեռք բերում կայունության պահպանման հարցերն այլ պետությունների հետ իրանական սահմանի ողջ պարագծով: Դա անշուշտ վերաբերում է նաեւ իրավիճակի հնարավոր ապակայունացմանը նրա հյուսիսային սահմանների մոտ: Ավելին՝ իրադրության ցանկացած ապակայունացում Իրանի հյուսիսային սահմաններին, այն է՝ Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան դիմակայության տարածաշրջանում, կսպառնա խաղաղարար, մասնավորապես ՆԱՏՕ-ի եւ ընդհանրապես ցանկացած այլ ձեւաչափի ուժեր մտցնելով: Իսկ դա Իրանի ղեկավարության կողմից կընկալվի ոչ այլ կերպ, քան որպես թշնամական գործողությունների դրսեւորում՝ ուղղված երկրի հյուսիսային սահմաններին լարվածության նոր օջախի ստեղծմանը:

Գաղտնիք չէ, որ իրադարձությունների նման զարգացումը պարարտ հող կստեղծի Իսրայելի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություններ սկսելու համար՝ այդ երկրի միջուկային օբյեկտները վնասազերծելու պատրվակով, վկայակոչելով Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերը, որոնք Իրանը փաստորեն մերժում է:

Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ընդունած համատեղ հայտարարությունը անկասկած զգալիորեն նվազեցնում է ռազմական գործողությունների սրացման հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակի եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի շփման գծում, հետեւաբար զինված բախման վտանգը:

Ուստի միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանում ձեռնարկված ցանկացած քայլ, որը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված ստատուս քվոյի խախտման նույնիսկ պատրվակը, էլ չենք ասում` պատճառը, կարող է արդարացում դառնալ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու Իրանի հետ 120 կիլոմետրանոց սահմանի երկայնքով: Այսինքն` այն տարածքում, որը ներկայումս վերահսկվում է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակի կողմից:

Իրադարձությունների այսօրինակ զարգացումն անխուսափելիորեն կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջան խաղաղարար ուժեր մտցնելուն: Ասվածից ելնելով` խիստ չարագույժ է դառնում այն համառությունը, որով խորհրդարանական «Ժառանգություն» կուսակցությունը փորձում է հասնել նրան, որ Հայաստանի Ազգային ժողովն ընդունի բանաձեւ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին:

Այսպիսով կարելի է հաստատել, որ վերջին ամիսներին հրահրված լիբանանյան հասարակության պառակտումը եւ «Հեզբոլլահի» մարգինալացումը` նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության մեջ շարժման մասնակցության մեղադրանքի հետ կապված, ինչպես նաեւ Սիրիայի հնարավոր մասնակցության հետ այդ հանցագործությունը շաղկապելու փորձերը պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում սիրիա-լիբանանյան հարաբերություններում:

Դա անշուշտ զգալիորեն թուլացնում է Իրանին աջակցող «Հեզբոլլահի» դիրքերը: Իրադարձությունների զարգացման նման ընթացքը կհանգեցնի եթե ոչ Իսրայելի դեմ Սիրիայի եւ «Հեզբոլլահի» հնարավոր ռազմական գործողությունների չեզոքացմանը (Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի օդային հարձակումների դեպքում), ապա անկասկած զգալիորեն կթուլացնի նրանց:

Այս ֆոնին ՆԱՏՕ-ի խաղաղարար ուժերի հնարավոր տեղակայումը ղարաբաղա-ադրբեջանական դիմակայության գոտում` Իրանի հյուսիսային սահմաններին, խիստ համոզիչ փաստարկ կարող է դառնալ Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա օդային հարձակումներ սկսելու համար:

Վերոշարադրյալի համատեքստում կարելի է հետեւություն անել. ս.թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ միջնորդավորված ձեւով նվազեցրեց Իսրայելի կողմից լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծելու վտանգը: Ելնելով սրանից` կարելի է վստահաբար պնդել, որ Հայաստանում եւ Ադրբեջանում ընդունված ցանկացած որոշում, որը կարող է զրոյի հավասարեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, խափանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, որքան էլ բարի մտադրություններով եւ ցանկություններով շղարշվի, դետոնատոր է, որը պայթելով: կարող է լոկալ պատերազմի հանգեցնել: Պատերազմ, որը, կարելի է չկասկածել, հետագայում կվերաճի լայնածավալ պատերազմի Մերձավոր Արեւելքում:

Կասկած չի հարուցում, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, խիստ ծանրաբեռնված լինելով Ռուսաստանի արդիականացման գլոբալ նախագծերի իրականացման բազմաթիվ հոգսերով, պատահաբար չէ, որ վերջին երկու տարում եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ յոթ հանդիպումների նախաձեռնողը, որոնց հիմնական արդյունքը խաղաղության ամրապնդումն է Հարավային Կովկասում: Իսկ խաղաղության հաստատումն այստեղ, իր հերթին, չի հրահրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ինտերնացիոնալացում եւ, որպես դրա հետեւանք, կչեզոքացնի միջազգային խաղաղարար ուժերի ներգրավման հնարավորությունը Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսային սահմաններին: Հակառակ դեպքում, ինչպես վերը նշեցինք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացումը կարող է դրդել Իսրայելին օդային ռմբակոծության ենթարկել Իրանի միջուկային օբյեկտները:

Այսպիսով չափազանցություն չի լինի այն պնդումը, որ Ռուսաստանի` Ադրբեջանի եւ Հայաստանի ռազմական բախումը թույլ չտալու նախաձեռնությունը որոշակի չափով արգելակ է դարձել` խոչընդոտելով լայնածավալ իսրայելա-իրանական պատերազմի սկսմանը:

Այս առնչությամբ հետաքրքիր է նշել, որ ս.թ. հոկտեմբերի 25-ին Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանել է. «Իրանի կառավարությունը մեզ կանոնավոր օգնություն է ցուցաբերում: տարեկան մեկ կամ երկու անգամ 600-700 հազար եվրո հատկացնելով, եւ այդ օգնությունը պաշտոնական է ու լեգիտիմ,- Քարզայի խոսքերը մեջբերում է ֆրանսիական AFR տեղեկատվական գործակալությունը,- մենք այդ օգնության համար երախտապարտ ենք իրանցիներին եւ ամերիկացիներին, որոնք նույն կերպ են վարվում»: Այս նշումն արվում է, որպեսզի խորհենք Աֆղանստանի հնարավոր արձագանքի մասին Իսրայելի եւ Իրանի միջեւ ռազմական բախում սկսվելու դեպքում:

Ինչպես եւ պետք էր սպասել, ԱՄՆ վարչակազմը հանդես եկավ Իրանի ղեկավարության կոշտ քննադատությամբ: «Մենք գիտակցում ենք, որ Իրանը եւ Աֆղանստանը հարեւաններ են, բայց Թեհրանը չպետք է միջամտի Աֆղանստանի ներքին գործերին»,- Համիդ Քարզայի անկեղծությանն ի պատասխան հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ֆիլիպ Քրոուլին: Ինչպես ասում են: արեւելքը նուրբ բան է:

Հ.Գ.- Ավարտելով հոդվածը` ես մտորեցի այն մասին, որ պետությունների ղեկավարների ցանկացած արտաքին քաղաքական նախաձեռնություն մենք ակամա դիտարկում ենք աշխարհաքաղաքական զարգացման պրիզմայի միջով: Ընդ որում, որպես կանոն, երկրորդ պլան է մղվում կամ ընդհանրապես լռության է մատնվում այն, թե ինչ են տալիս այդ նախաձեռնությունները հասարակ մարդուն:

Եվ այսպես. եթե երեք նախագահների Դմիտրի Մեդվեդեւի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, նրանց ստորագրած համատեղ հայտարարությունը դիտարկենք հասարակ մարդու դիրքերից, ապա այս դեպքում էլ Աստրախանի գագաթաժողովի նշանակությունը դժվար է գերագնահատել: Այն է` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղությունը երկարաձգվել է, թեեւ դա ուղեկցվում է ադրբեջանական կողմի դիպուկահարների փամփուշտներից հայ զինվորների մահվամբ: Պահպանել խաղաղությունը եւ թույլ չտալ թեկուզեւ մեկ զինվորի մահը (լինի ադրբեջանական թե հայկական կողմից). սա է Աստրախանի գլխավոր դասը:

Վերջում կուզենայի հիշեցնել գերմանացի մեծ հումանիստ Էրիխ Մարիա Ռեմարկի խոսքերը. «Նա սպանվեց 1918թ. հոկտեմբերին, այն օրերից մեկում, երբ ամբողջ ճակատում այնքան հանգիստ էր ու խաղաղ, որ զինվորական ամփոփագրերը բաղկացած էին ընդամենը մեկ նախադասությունից. «Արեւմտյան ճակատում փոփոխություններ չկան»:

Աստված մի արասցե, որ այսուհետ եւս զոհվեն ադրբեջանցի եւ հայ զինվորներ: Ժամանակն է գիտակցել, որ խիստ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով: Մեծ Մերձավոր Արեւելքի տարածքում անհրաժեշտ է, որպեսզի այսուհետ զինվորական ամփոփագրերը բաղկացած լինեն միայն մի նախադասությունից. «Ղարաբաղյան ճակատում փոփոխություններ չկան», բայց որպեսզի դրանով հանդերձ չզոհվի ոչ մի ադրբեջանցի կամ հայ զինվոր:

Հ.Գ.- Հոդվածն արդեն պատրաստ էր տպագրման, երբ ի հայտ եկան նոր ուշագրավ փաստեր, որոնք վերաբերում են այս տարվա ամռանը Հարավարեւելյան Անատոլիայում քուրդ «անջատողականների» դեմ Թուրքիայի զինված ուժերի իրականացրած հատուկ գործողություններին: Այդ հատուկ օպերացիան, որի հետեւանքով սպանվել էր 13-25 քուրդ զինյալ, առանձնահատուկ հնչեղություն չէր ստանա, եթե չբացահայտվեին ուշագրավ նոր հանգամանքներ:

Այսպես. Debka կայքէջի հետ համագործակցող լրագրողների հետաքննությունը պարզել էր, որ սպանված քուրդ «անջատողականները» զինված են եղել Իսրայելի արտադրության զենքով: Հարկ է նշել, որ այդ ռազմական գործողությունների ժամանակ սպանվել էին նաեւ թուրք զինվորականներ: Համաձայն լրագրողական հետաքննության` այս տարվա գարնանը կնքվել էր մեծ քանակությամբ հրազենի գնման ադրբեջանա-իսրայելական գործարք:

Ըստ որում, որպես երաշխավոր այն բանի, որ այդ զենքը կօգտագործվի միայն ու միայն ադրբեջանական բանակում, հանդես էր եկել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Գործարքը գործնականում իրականացրել էր Է.Մամեդյարովի մտերիմը` Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին: Լրագրողական հետաքննության հեղինակները ենթադրում են, որ ագահությունն ու մեծ գումարներ վաստակելու եւ Միլի մեջլիսի առաջիկա ընտրությունների ժամանակ իր ղեկավարած կուսակցությունը ֆինանսավորելու ձգտումը դրդել էին նրան իսրայելական զենքի որոշակի խմբաքանակ վաճառել քուրդ զինյալներին:

Առավել մտահոգիչ էր, որ հետաքննության հեղինակները նշում էին, թե զենքի առքուվաճառքի գործարքը կատարվել է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ, հանրապետական Դիք Չեյնիի եւ նրա մերձավոր շրջապատի, հանրապետական կոնգրեսականների «օրհնությամբ»:

Տեղեկանալով այս միջադեպի մասին` պաշտոնական Թել Ավիվը հարցում էր կատարել ադրբեջանական իշխանություններին` բացատրություն պահանջելով, թե ինչպես է իսրայելական զենքը հայտնվել քուրդ «անջատողականների» ձեռքում: Փորձելով մեղմել այս ամոթալի մերկացումը` պաշտոնական Բաքուն անհապաղ թուրքական իշխանություններին հանձնեց քրդական ահաբեկչական կազմակերպության երեւելի զինյալներից մեկին` Քարդալա Քադրի Աբդուլահին:

Այս առնչությամբ անհրաժեշտ է նաեւ նշել, որ համաձայն Միացյալ Նահանգների հանրահայտ «Wikileaks» էլեկտրոնային ռեսուրսի` իսրայելական զենքը քուրդ զինյալներին վաճառելու ադրբեջանական մեքենայությունների թիկունքին կանգնած են հետխորհրդային երկրներում շահեր ունեցող ֆինանսական խմբեր, որոնք մոտ են «նեոկոնսերվատորների» առաջնորդներին (Դ.Չեյնիին, Փ.Վուլֆովիցին, Դ.Ռամսֆելդին, Ռ.Փերլին) եւ միաժամանակ դժգոհում են Բարաք Օբամայի կողմից Ռուսաստանի հանդեպ իրականացվող «վերաբեռնման» քաղաքականությունից: Դրանից ելնելով էլ ձգտում են պատերազմական գործողություններ հրահրել Լեռնային Ղարաբաղում եւ պարարտ հող ստեղծել մեր տարածաշրջան ՆԱՏՕ-ի զորքեր մտցնելու համար: Դա էլ, իր հերթին, անտարակույս կվիժեցնի ԱՄՆ-ՌԴ «վերաբեռնման» քաղաքականությունը:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ

Последние видеоматериалы

Новые книги