ԼԵՎՈՆ ԱՐԴԵՆ 2010 ԹՎԱԿԱՆՆ Է, ԻՍԿ ԴՈՒ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՍ ԴԱՏԱՐԿ ԴՀՈԼԻ ԴԵՐ ԿԱՏԱՐԵԼ, ԲԱՎ է

14.01.2010

Հունվարի 10-ին Երևանի թիվ 10 ընտրատարածքում անցկացվեցին ՀՀ ԱԺ պատգամավորի մեծամասնական կարգով լրացուցիչ ընտրություններ, որոնցում, համաձայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, հաղթել է «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության անդամ Արա Սիմոնյանը: Ընտրությունների հաջորդ օրը` հունվարի 11-ին ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, համաձայն որի չի ճանաչել ընտրությունների արդյունքները: Այս առիթով մեր թղաթիկը հարցազրույց է ունեցել «Ազգային Միաբանություն կուսակցության» փոխնախագահ Սարգիս Մուրադխանյանի հետ:

- Պրն Մուրադխանյան, թերևս աննախադեպ մի իրավիճակի ականատեսն ենք, երբ ընտրված պատգամավորին ուղղվող հիմնական մեղադրանքը այն է, որ նա, մեր դեպքում Արա Սիմոնյանը, իբր ճանաչված չէ լայն հանրությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Զարմանալի բաներ են կատարվում Հայոց աշխարհում: Արդեն ակնհայտ է դառնում որոշ մարդկանց կողմից վառ արտահայտվող մեծամտության մանիան: Ոմանց թվում է, որ եթե մարդը հեռու է մնացել տեր-պետրոսյանական ոհմակի խարդավանքներից, աչքի չի ընկել նրանց խոսափողը հանդիսացող լրատվամիջոցների էջերից զրպարտանքներ, բամբասանքներ ու հայհոյախոսություն անելով, ու որ ամենակարևորն է` իրենց ծանոթ չի, ուրեմն դա նույնն է, որ նա հանրությանն էլ ծանոթ չի: ԱԺ պատգամավորին ընտրողները տվյալ ընտրատարածքի բնակիչներն են և ոչ թե, օրինակ, Էջմիածին քաղաքի բնակիչ, Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Սուրեն Մարտիրոսյանը: Արա Սիմոնյանը ծնվել, մեծացել և մինչև օրս էլ ապրում է Երևանի «Սիլաչի» թաղամասում, գերազանցությամբ ավարտել է Ա.Խանջյանի անվան թիվ 53 դպրոցը, ապա` Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ծառայել է բանակում: Նա շուրջ 10 տարի «Ազգային Միաբանություն կուսակցությունում»  ղեկավարել է իրավաբան-փորձագետների խումբը, իսկ մեր կուսակցության պատգամավորների հրապարակային ելույթների իրավաբանական շեշտադրումները մշակվել և ԱԺ-ում հնչեցվել են Արա Սիմոնյանի գլխավորած հենց այդ խմբի ամենաակտիվ մասնակցությամբ: Ասեմ ավելին. ներկայիս գործող ՀՀ ընտրական օրենսգրքի մշակման ժամանակ «ԱՄԿ»  անդամ պատգամավորների կողմից ներկայացված շատ և շատ առաջարկներ, որոնք մեծիմասամբ տեղ են գտել գործող օրենսգրքում, կազմվել են Արա Սիմոնյանի անմիջական մասնակցությամբ:

Ավելին, Արա Սիմոնյանը Վանից գաղթած մեծ ու համերաշխ ընտանիքի որդի է, երկու գերազանց սովորող դուստրերի հայր (ավագ դուստրը` Հասմիկը, Երևանի գեղարվեստի ակադեմիայի երկրորդ կուրսի ուսանողուհի է, կրտսերը` Մանեն 9-րդ դասարանի աշակերտուհի է: Արայի և տիկին Լուսինեի զավակների դաստիարակված ու կիրթ պահվածքով հպարտանում ենք նաև մենք` նրանց ընտանիքի ընկերները): Ես գիտակցաբար եմ որոշ տեղեկություններ հաղորդում Արա Սիմոնյանի մասին, որպեսզի բարձրաձայնեմ` ինչ աստիճանի սրիկա արարած պետք է լինել, որ նման պարկեշտ հայ ընտանիքի հորը երկու ամիս շարունակ լևոնական աղանդի ճղճիմ շահերը սպասարկող թերթերով ու էլեկտրոնային լրատվամիջոցներով զրպարտել, սևացնել , հերյուրանքներ տարածել… Եվ այս ամենը արվում էր այն պայմաններում, երբ քարոզարշավի ընթացքում Արա Սիմոնյանի բազմաթիվ հանդիպումները ընտրողների հետ գնալով թափ էին առնում: Ուշագրավ էր, որ աղանդավորների հերյուրանքները կարդալուց հետո, երբ ընտրողները անմիջականորեն շփվում էին Արա Սիմոնյանի հետ, ապա Լևոնի վկաների դեղնակտուց գրչակների զառացանքները հօդս էին ցնդում և շատ ու շատ մարդիկ, հասկանալով թե սատանայական ինչ հակաքարոզչություն է ծավալվել Արա Սիմոնյանի դեմ, հանդիպումներից հետո կողմնորոշվում էին հօգուտ Արայի:

 

- Իսկ ինչպիսի՞նն է Ձեր գնահատականը թիվ 10 ընտրատարածքում կայացած ընտրություններին. արդյո՞ք դրանք ուղեկցվել են զանգավածային ընտրակեղծիքներով, ծեծուջարդով, ընտրական օրենսգրքի պահանջների խախտումներով, ինչպես պնդում են ՀԱԿ-ի խոսափողը հանդիսացող լրատվամիջոցները:

- Երբ անցած օրերին ընթերցեցի նրանց մամուլը, եկա այն եզրակացության, որ անգամ իսկ մեր թեկնածուի նկատմամբ ամենաչկամ տրամդրվածության ունեցող մարդը, եթե զուրկ չէ անաչառությունից, կհասկանար, որ լևոնականների բարձրացրած ճիչ-աղաղակները տեղավորվում են ժողովրդական հայտնի բանահյուսության մեջ, այն է` փորձ կատարվեց մեր հասարակությանը «Լուն դավի տեղ սաղացնել»: Ակամայից տրամաբանական հարց է առաջանում. եթե Փաշինյանի ընտրական շտաբը խորապես համոզված է թիվ 10 ընտրատարածքում կատարված «զանգվածային ընտրակեղծիքների»  մեջ, ապա ո՞վ էր իրենց ձեռքը բռնում, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնեին ընդամենը երկու բողոք (թիվ 10/30 և 10/7 տեղամասերի հետ կապված): Հետաքրքիրն այն է, որ մինչև Փաշինյանի շտաբի կողմից ներկայացված բողոքը, Արա Սիմոնյանի թիմակիցները այդ ընտրատեղամասերից մեկում վերահաշվարկ կատարելու մասին դիմում արդեն իսկ ներկայացրել էին: Նշեմ, որ հունվարի 12-ին թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովի կողմից կատարված վերահաշվարկից պարզ էր դարձել, որ թիվ 10/30 ընտրական տեղամասում Արա Սիմոնյանի օգտին տրված ձայները մնացել են անփոփոխ` 145, իսկ Նիկոլ Փաշինյանինը, ավելացել են ընդամենը 3-ով` 143-ի փոխարեն 146, թիվ 10/7 տեղամասում Փաշինայնի ձայները ավելացել են միայն 1-ով` 214-ի փոխարեն 215, իսկ Արա Սիմոնյանի շտաբի դիմումով վերահաշվարկված թիվ 10/14 ընտրական տեղամասում Նիկոլ Փաշինյանի քվեները մնացել են անփոփոխ, Արա Սիմոնյանինը ավելացել են 3-ով:

Այստեղ եզրակացությունը թողնենք ընթերցողին: Մինչդեռ, այո, դժվար է վիճարկել այն, որ բուն ընտրությունների օրը տեղի են ունեցել ընտրական օրենսգրքի պահանջների կոպիտ խախտումներ: Մասնավորապես, էլեկտրոնային «Ա1+», «Լրագիր»  թերթերում հունվարի 10-ին ընտրությունների թեժ ժամերին հրապարակվում էին բացահայտ քարոզչական նյութեր հօգուտ Նիկոլ Փաշինյանի և որոնք երկակի նպատակ էին հետապնդում: Մի կողմից ներկայացնել Արա Սիմոնյանի վստահված անձանց որպես հանցագործ տարրեր, առաջնորդվելով պարզ հաշվարկով, այն է` ընթերցողներին գլխի գցել, թե նմանը զնմանին կսիրե, դրանով իսկ փորձ կատարելով արատավորել Արա Սիմոնյանին: Դրան զուգահեռ լևոնական սադրիչները ներկայացվում էին որպես արդարության համար անձնազոհ կերպով պայքարող, ժողովրդավարություն մարմնավորող հրեշտակներ: Այստեղ տեղին է հիշել Պետրոս Մակեյանի, նրա որդու և Էջմիածին քաղաքի բնակիչ (ՀԱԿ-ը երևանյան իր ուժերը խնայել է 2012 թ. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ գործի դնելու համար) Սուրեն Մարտիրոսյանի հետ կապված միջադեպը: Ըստ որում, ՀԱԿ-ի համար հոգ չէ, թե միջադեպի պատճառներն ինչով են պայմանավորված: Այն, որ վստահված անձ Պետրոս Մակեյանը փոխանակ հետևեր ընտրական օրենսգրքի ոգուն և տարրի պահանջներին վարվում էր ճիշտ հակառակ` տեղամասում իրականացնում էր բացահայտ քարոզչություն հօգուտ Փաշինյանի, անձնական վիրավորանքներ տեղալով և հայհոյախոսելով Արա Սիմոնյանի թե՛ վստահված անձերի, թե՛ տեղամաս եկած ընտրողների հասցեին: Ըստ որում, դա արվում էր դեռ ընտրություն չկատարած ընտրողների նկատմամբ:

Մակեյանը ու նրա հետ տեղամաս եկածները բացահայտ սադրանք էին անում: Եվ դատարկ դհոլի անվիճելի համարում ունեցող ԼՏՊ-ի այդ փայտիկները, երբ արժանացան համարժեք հակահարվածի` ապա գիտակցեցին, որ երկրի գործող ու երկրորդ նախագահների, ինչպես նաև այդ տեղամասում Արա Սիմոնյանի վստահված անձերի ու ընտրողների հասցեին արված հայհոյախոսությունը քրեորեն պատժելի արարք է, անմիջապես սկսեցին հարայ-հրոց բարձրացնելով ներկայանալ որպես անմեղ տուժածներ: Բա որ հանկարծ Արա Սիմոնյանը չկարողացավ համոզել այն պատվախնդիր մարդկանց, ում հասցեին Պետրոս Մակեյանի կողմից հայհոյանքներ են հնչել, որ նրանք չդիմեն դատախազություն Մակեյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հայցով, ի՞նչ կլինի: Համոզված եմ, այդ ժամանակ էլ աղանդավորական թերթերը արդեն նոր վայնասուն կբարձրացնեն` ժողովուրդ, Եվրախորհուրդ, ԵԱՀԿ հասեք, փրկեք Մակեյանին` իշխանությունները նրա նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացնում: Սա, ինչպես ասացի մի կողմից, մյուս կողմից էլ ՀԱԿ-ի վարած քաղաքականությունը ինքնին հասկանալի է և տեղավորվում է հայտնի խորագրի ներքո, երբ բոլորից բարձր գողին բռնիր բղավում է հենց ինքը` գողը: Իսկ նրանց նպատակը, թերևս, մեկն է` օտարամոլ հայտնի աղբյուրներից ֆինանսավորվող, իբր ՀՀ-ում ժողովրդավարություն հաստատելու ջատագովների համար պարարտ հող ստեղծել, որ վերջիններս աղմուկ-աղաղակ բարձրացնեն զանազան միջազգային կառույցներում, խնդիր ունենալով թուլացնել Հայաստանի իշխանությունների դիրքերը մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ սպասվելիք թեժ բանակցությունների ժամանակ:

Նրանք լավ հասկանում են, որ այլևս ամբողջությամբ կորցնում են հետաքրքրությունը ադրբեջանաթուրքամետ կառույցների կողմից, եթե այս անգամ ևս իրենց ջանքերը` ապակայունացնել վիճակը մեր երկրում, լինեն ապարդյուն: Ավարտելով պատասխանս Ձեր տված հարցին, նշեմ, որ անցած տարվա դեկտեմբեր ամսին լրատվամիջոցներից մեկում արված էր հետաքրքիր դիտարկում պայմանավորված «Հայոց Աշխարհ» թերթի դեկտեմբերի 8-9-ի համարներում «Բավ է, Լևոն, օտարների ձեռքում դատարկ դհոլի դեր ստանձնես»  հոդվածի վերնագրի կապակցությամբ: Հոդվածագիրը հայտնում է իր սկզբունքային անհամաձայնությունը վերնագրի հարցում: Նա պնդում է, որ Լևոնը ամենևին էլ դատարկ դհոլ չէ, այլ Երևան քաղաքի «Աէրացիայի» կոյուղաջրերով լեցուն դհոլ է: Եվ բավական է այդ փաստի իսկությունը հիմնավորող ապացույց բերես, անհապաղ ականատեսը կդառնաս, թե ինչպես են այդ դհոլից առատորեն դուրս գալիս կղկղանքն ու կեղտաջրերը, մասնավորապես, արբաց վիճակում տակը միզելը սովորություն դարձրած խմբագրուհու թերթի էջերում: Այստեղ պարզապես խորհուրդ կտայի բոլոր տեսակի բախտախնդիրներին. վերանայել հայհոյախոսության և վիրավորանքների վրա խարսխված նրանց կողմից լայնորեն կիրառվող քարոզչությունը, հետևելով ժողովրդական հայտնի ասացվածքին` «Երբ պատսպարվել ես բազում ճաքեր տված ապակե տան մեջ, ուրիշի վրա քար մի նետիր»:

- Այնուամենայնիվ, ինչպես կբացատրեք, որ Նիկոլ Փաշինյանի օգտին տրվեց շուրջ 5000 քվե:

- Կա այդ հարցի պատասխանը: Եկեք միասին խորհենք, թե ինչո՞վ էր դա պայմանավորված: Նախ նշեմ, որ երկու կամ եթե չեմ սխալվում երեք գումարում անընդմեջ այդ տարածքից ԱԺ պատգամավոր է ընտրվել հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը և այստեղ արդարության առաջ չմեղանչելու համար ասեմ, որ նա եղել է այն սակավաթիվ պատգամավորներից, ով ընտրվելուց հետո երբեք ու երբեք չի կտրել կապը իր ընտրողների հետ, ավելին սրտացավ վերաբերմունք է ցուցաբերել, ավա՜ղ, դեռ մեզանում մեծ թիվ կազմող կարիքավորների նկատմամբ: Ըստ որում, Սուքիասյանների ընտանիքը այս ամանորի նախաշեմին նույնպես մնաց հավատարիմ նախորդ տարիների ավանդույթին և ընտրատարածքի հարյուրավոր ընտրողների կարիքները թեթևացնելու նպատակով մեղմեց նրանց ամանորյա հոգսերը, բաժանելով բրինձ, ոսպ, ձեթ, մեկական շիշ «Пшеничная» օղի, ալյուր, «Maaza»  ապրանքանիշ ունեցող, տարբեր հյութեր, անձեռոցիկ, վաֆլի և խտացրած կաթ: Չթաքցնեմ, երբ լսեցինք այդ լուրը, ներքին բավարարվածություն զգացինք, թե անկախ նրանից, որ Խ.Սուքիասյանը արդեն պատգամավոր չէ, բայց շարունակում է օգնել իր ընտրողներին, առավել ևս, երբ հիշատակված բնամթերքը մարդկանց բաժանելիս ոչ մի քարոզչություն չէր արվել Նիկոլ Փաշինյանի օգտին: Սակայն մեր բարեկամ փորձառու, հին երևանցի ժպտալով խորհուրդ տվեց մեզ չշտապել նման եզրակացության գալ: Օ

րեր անց բոլորս ականտես դարձանք այն բանի, թե ինչպես «Հայկական ժամանակ»-ի 2009 թ. նախավերջին համարում Խ.Սուքիասյանի մեծ լուսանկարով տպագրվեց նրա ուղերձը թիվ 10 ընտրատարածքի ընտրողներին, որում նա կոչով դիմելով իր ընտրողներին, հորդորում էր նրանց միահամուռ կերպով ընտրությունների օրը իրենց ձայնը տալ Նիկոլ Փաշինյանին: Դե հիմա մի պահ պատկերացրեք հայ մարդու, հայ ընտրողի հոգեկան ապրումները, երբ Սուրբ Ծննդյան օրը սեղան նստելիս, հյուրեր ընդունելիս, հյուրասիրում են Սուքիասյանների ընտանիքից «նվեր» ստացած ոսպ-բրնձով եփած փլավը, ընծա ստացած ալյուրով ու ձեթով պատրաստած բլինչիկը, վրայից էլ մի 50 գրամ ուղարկած «Пшеничная» օղու շշից խմելով բարեմաղթանքներ ասելուց հետո որքան նա անգութ պիտի լիներ կամ քարի սիրտ ունենար, որ Խ.Սուքիասյանի Նիկոլին ընտրելու խնդրանքը գետնով տար: Ահա և Նիկոլ Փաշինյանի 5000 ստացած ձայներից մեծամասնության գաղտնիքը: Ուրիշ ավելի գործուն պատճառ չկա: Իհարկե, մեզանում քիչ չեն նաև մարդիկ, ովքեր իրենց պատկերացումով պատրաստակամ են օգնության ձեռք մեկնել դժվար իրավիճակում հայտնված մարդուն, տվյալ դեպքում ազատազրկման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանին: Ուրիշ ավելի լուրջ հիմնավորում Ձեր հարցի հետ կապված մի փնտրեք: Ըստ որում նման իրողությունների պայմաններում առնվազն զավեշտալի է, երբ լևոնական աղանդավորները մեղադրում են Արա Սիմոնյանին ընտրակաշառք բաժանելու մեջ:

Այս ամենից հետո, կարծում եմ ՀԱԿ-ը ոչ թե ժողովրդին պետք է կերակրի երկիրը կազմաքանդող և իրենց ինքնագոհացնող հայտարարություններով, այլ ձեթով, ոսպով, ալյուրով, «Пшеничная»  արաղով (ցանկալի է ավելի լավ որակի) սիրաշահի հանրության որոշակի հատվածի: Չէ ո՞ր փորձը ցույց է տալիս, որ դա այնուամենայնիվ դրական արդյունքներ տալիս է: Դիցուկ, թիվ 10 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի հավաքած ձայների փաստը: Ավարտելով խոսքս մի բարեկամական խորհուրդ էլ տամ կոնգրեսականներին. կարծում եմ ճիշտ կլիներ, որ հունվարի 11-ին ՀԱԿ-ը թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրությունների կապակցությամբ հանդես գալով հայտարարությամբ, ավելի պարզ արտահայտվեր: Մասնավորապես հայտարարության մեջ ասելով, որ «զանգավածաբար ընտրակաշառք բաժանվեց, շատերին ընտրատեղամաս քշեցին սպառնալով ու շանտաժով»  ավելի համոզիչ կլիներ, որ դրանից հետո տրվեին պարզաբանումներ: Արդյո՞ք Սուքիասյանի ընտանիքի կողմից` ընտրությունների նախաշեմին հարյուրավոր մարդկանց բաժանված ոսպը, ձեթը, մի շիշ «Пшеничная»  օղին, ալյուրը, «Maaza»  հյութերը, վաֆլին, անձեռոցիկները ի նկատի ունեին կոնգրեսականները, երբ խոսում էին ընտրակաշառք բաժանելու մասին: Արդյո՞ք Խաչատուր Սուքիասյանի կոչը` ձայները տալ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին յուրահատուկ սպառնալիք, շանտաժ, հուշում չէ՞ր ընտրողներին, որ հակառակ պարագայում վերջիններս կզրկվեն բնամթերքով օգնություն ստանալու հեռանկարից:

Եվ, վերջապես, կարծում եմ ավելորդ չէր լինի, որ ՀԱԿ-ը իր հայտարարության մեջ նշելով, որ «այս պայմաններում, այնուամենայնիվ, ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին արձանագրված ձայների տոկոսը վկայում է ՀԱԿ-ի, որպես քաղաքական ուժի, հզորության ու աճող հեղինակության մասին», տար որոշակի պարզաբանումներ: Արդյո՞ք ՀԱԿ-ը որպես քաղաքական ուժ իր «հզորության ու աճող հեղինակության»  բարձրացումը պայմանավորում է միայն և միայն ձեթ ու ալյուրի, օղու ու անձեռոցիկի կախարդական ուժով: Եթե այդպես է, ապա` խոստովանեմ, որ դա ՀԱԿ-ի համար ավելի իրատեսական հեռանկարներ բացող մոտեցում է: Տղերք, եզակի հնարավորությունը, որն այնումենայնիվ դեռ պահպանել եք, դա քաղաքական բեմահարթակը կամովին, արժանապատիվ լքելն է: Այդ գործում մաղթում եմ Ձեզ Բարի երթ, իսկ մեր ժողովրդին էլ աչքալուսանքի շնորհավորանքներս:

Последние видеоматериалы

Новые книги