«ԴՊՐՈՑԸ ՄԵԶ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ԿՅԱՆՔԻ` ԱՅՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՈՐԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

19-20.05.2010

Ֆրանսիացի հայտնի գրող, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբեր Քամյուի` վերնագրում բերված խոսքերը կարծես թե առավել բնութագրական են վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներում բուռն քննարկման առարկա դարձած «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության նախաձեռնության համար:

Եթե օրինագիծն ընդունվի Ազգային ժողովում, ապա դա հնարավորություն կտա մեր երկրում բացել օտարալեզու միջնակարգ դպրոցներ: Այն, որ այս հարցը հասկանալի պատճառներով հասարակական լայն արձագանքի է արժանացել, իհարկե, շատ դրական երևույթ է, սակայն նույնը չի կարելի ասել դրա շուրջ ծավալված բանավեճի բովանդակային կողմի մասին:

Ավելին, մտահոգիչ է, երբ քննարկումների առանձին մասնակիցներ, այն էլ մեր ժողովրդի կողմից գնահատված և ընդունված անհատներ խնդրո առարկայի վերաբերյալ իրենց ծանրակշիռ մտահոգությունները հայտնելիս միանգամայն անկեղծ են ու համոզված` պնդելով, որ օրինագծի ընդունումը չարիք կդառնա Հայաստանի համար:

Հնչող սուր քննադատությանը կառավարական շրջանակներից և կոալիցիոն քաղաքական ուժերից հիմնականում արձագանքում է միայն կրթության և գիտության նախարարը` Արմեն Աշոտյանը, ըստ որում, սրտացավորեն և համարձակ, ինչը, անշուշտ, ողջունելի է, սակայն դրա հետ մեկտեղ` մտահոգիչ:

Մտահոգիչ է, որ մեր պետության համար այս բախտորոշ հարցի շուրջ քար լռություն են պահպանում կառավարության մյուս պատասխանատուները, ԳԱԱ-ն, բարձրագույն ուսումնական հաստատությունները, և, իհարկե, անհասկանալի է, երբ գրեթե լռում է քաղաքական ընտրանին, և դա այն պարագայում, երբ քննարկումների ժամանակ արվել են այնպիսի հարցադրումներ, որոնց անդրադառնալը, կարծում եմ, պարտադիր էր: Փառք Աստծո, որ այս հարցերին վերջերս անդրադարձել են Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատողները և Գրողների միությունը:

Խնդրո առարկա հարցի շուրջ ծավալված քննարկումների ժամանակ մարդիկ տարակուսում և տագնապում են, արտահայտելով մտահոգիչ ահա նման մտքեր. «Իրականում զուտ կրթական կամ զուտ լեզվաբանական հարց չէ այստեղ: Հարցը մի կողմից` անկախ Հայաստանի մասին է` արդյո՞ք կստանանք օտարալեզու վերնախավի կողմից կառավարվող մի գաղութ և մյուս կողմից` ժողովրդավարության և սոցիալական հավասարության խնդիր է` արդյո՞ք հայալեզու անձը կդառնա երկրորդ սորտի մարդ բուն իսկ Հայաստանում»: Կամ` «Ինչ վերաբերում է քաղաքական իշխանությանը, ապա եթե կառավարությունը նման բան նախաձեռնել է, ուրեմն նա հաշտվել է անկախության կորստի հետ»:

 

Մարդիկ նաև սրտացավորեն ընդվզում են. «...Ցավոք մեր ազգի մեջ ստրկամտությունը, կեղծիքը, քծնանքը, ինքն իրեն խաբելու հաճույքը էնքան շատ է, որ պահանջվում է վիրաբուժական կտրուկ միջամտություն: Կարծում եմ` լեզվի հարցում պետք է ուղղակի դիկտատուրա լինի, նույնը վերաբերում է նաև մշակույթին»: Հարգանքի արժանի քաղաքագետ-գիտնականներից մեկը օրենքի նախագիծը վերլուծել էր ՀՀ ազգային անվտանգության տեսանկյունից, նշելով, որ այն սպառնում է «հայ ժողովրդի արժանապատվությանը - իր երեխային օտարալեզու դպրոց տվող հայաստանաբնակ հայն ի սկզբանե զոհաբերում է և իր, և իր զավակի ազգային արժանապատվությունը` ստեղծելով պարարտ հող օտարամոլության ու թերարժեքության բարդույթների, ինչպես նաև դրանց ծայրահեղ դրսևորման` ազգային ինքնատյացության համար»:

Անշուշտ, կարելի է այլ բնույթի, սակայն նույնպես շատ կոշտ գնահատականներ էլ հիշատակել, բայց ասվածը, կարծում եմ, բավարար է: Այս հույժ կարևոր հարցին հարկ ենք համարում անդրադառնալ` խնդիր ունենալով լրացնել աչքի զարնող քննարկումների հիմնական բացը: Իսկ խոսքն այն իրողության մասին է, որ բանավեճի մասնակիցները բացարձակապես չեն շոշափում հարցի հետ կապված համաշխարհայնացմամբ (գլոբալացմամբ) պայմանավորված մարտահրավերները: Մարտահրավերներ, որոնք լրջագույն խնդիրներ են դնում հատկապես փոքր երկրների առաջ: Մարտահրավերներ, որոնց դիմակայելը հիմնականում կախված է ցանկացած պետության մտավոր ներուժից, որի կուտակումն էլ իր հերթին մեծապես բխում է տվյալ երկրի կրթական համակարգի արդիականության աստիճանից, հանրակրթական դպրոցի մակարդակից:

Ուստիև փորձենք այս տեսանկյունից մոտենալ վերը հիշատակված օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ կառավարության նախաձեռնությանը:

Եվ այսպես, կարծում եմ, տեղին է հիշեցնել, որ մեր հանրակրթական դպրոցի հիմնական նպատակներն են` երեխաներին տալ հայկական կրթություն, որը նրանց հաղորդակից կդարձնի հայկական ազգային արժեքներին, դպրոցականներին կկողմնորոշի դեպի ազգային ավանդական ապրելակերպ, որը հիմնված է մեր կրոնի, հայկական ներդաշնակ ընտանիքի ավանդույթների վրա: Այսինքն` մեր ազգային դպրոցը նախևառաջ պետք է պատրաստի ազգային մշակույթը կրող կրթված քաղաքացի:

Այս ամենը պետք է նպաստի նրան, որ ստացած կրթությունը լինի մրցունակ, ըստ որում` միջազգային չափանիշներով, և հնարավորություն ընձեռի դպրոցի շրջանավարտներին ուսումը շարունակել Ռուսաստանի Դաշնության, արևմտաեվրոպական և ԱՄՆ-ի առաջատար բուհերում: Դա էլ իր հերթին ենթադրում է, որ նրանք պետք է գերազանց տիրապետեն մեկ-երկու օտար լեզուների և կողմնորոշված լինեն ուսումը շարունակել մշակույթների տրամախոսության պայմաններում:

Ժամանակակից կյանքը յուրաքանչյուր մարդու առաջ դնում է մի շարք բարդ խնդիրներ, որոնք պայմանականորեն կարելի է դասակարգել չորս խմբի.

Առաջին. համընդհանուր քաղաքակրթական պահանջներ (բնապահպանական, պատրաստակամություն ծառացած խնդիրները լուծելու, ճգնաժամերին դիմակայելու համար), որով շատ հարուստ է մեր կյանքը, հմտություններ, դասեր քաղել անցյալից ու ծրագրավորել ապագան:

Երկրորդ. հաղորդակցականության համար անհրաժեշտ գործոններին տիրապետելը, օտար լեզուների իմացությունը, ժողովուրդների մշակույթին իրազեկված լինելը, դրանց հետ շփվելու ընդունակությունը:

Երրորդ. բնական և հումանիտար գիտություններին, տեխնիկային, արվեստին, արտադրական գործունեությանը, մասնագիտական պատրաստվածության պահանջների բարձրացումը:

Չորրորդ. մեր երկրի և ժողովրդի պատմության, պատմամշակութային ժառանգության իմացություն, Հայաստանի առջև ծառացած մերօրյա խնդիրների ու մարտահրավերների գիտակցում և դրանք հաղթահարելու պատրաստակամություն:

Վերոգրյալի հետ մեկտեղ մեր ազգային հանրակրթական դպրոցի համար գերակա խնդիրներից են` սերունդների միջև պատմական ու մշակութային ժառանգության ապահովումը, ազգային մշակույթի տարածումը, իրավական, սոցիալական պետության քաղաքացիների դաստիարակումը, որոնք ապրելու և արարելու են ժողովրդավարական պետությունում, քաղաքացիական հասարակության պայմաններում:

Նկատի ունենալով այս ամենը, հարց է ծագում` կարո՞ղ ենք պնդել, որ կառավարության կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունները բավարար են, որպեսզի հանրակրթական դպրոցն արդի ժամանակաշրջանում կատարի իր առջև դրված առաքելությունը կամ էլ` զանգվածային լրատվամիջոցներով ընթացող քննարկումները նպաստո՞ւմ են խնդրո առարկայի համակողմանի արծարծմանն ու լուսաբանմանը, ծագած խնդիրներին լուծումներ տալը: Ավա՜ղ, եթե սահմանափակվենք անգամ իսկ միայն վերը թվարկված գործոնների վերլուծության շրջանակում, ապա, հարկ է նկատել, որ գլոբալացված աշխարհում վերը հիշատակված խնդիրների լուծումը, այո, անհրաժեշտ է, սակայն ոչ բավարար:

Համաշխարհային ընկերակցության գլոբալացումը կանխորոշում է քաղաքակրթության զարգացման ռազմավարությունն ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ մշակութակրթական ոլորտներում: Գլոբալացումն օբյեկտիվորեն պահանջված է դարձնում համաշխարհային ընկերակցության ուժերի միավորումը մարդկության առաջ ծառացած հիմնախնդիրների լուծման համար: Իսկ դրանց հաղթահարման գործում առաձնահատուկ դեր է հատկացվում երիտասարդությանը, հատկապես ժամանակին համահունչ նրանց կրթական անհրաժեշտ մակարդակի ապահովմանը:

Հաշվի առնելով այս ամենը` նշենք, որ այսօր համաշխարհային մանկավարժական գիտությունն իր տրամադրության տակ, իր զինանոցում ունի Բազմամշակութային կրթության (Мультикультурное образование), Ազգամշակութային կրթության (Этнокультурное образование) և Գլոբալ կրթությանը (Глобальное образование) վերաբերող մշակված, գիտականորեն հիմնավորված տեսություններ: Այստեղ հարկ է արձանագրել, որ մեր հանրակրթական դպրոցը ներառում է Խորհրդային Միությունից ժառանգած Ազգամշակութային կրթական համակարգին ներհատուկ հատկանիշներ, ինչպես նաև Բազմամշակութային կրթական համակարգին բնորոշ առանձին տարրեր:

Մինչդեռ ժամանակակից Գլոբալ կրթության առանցքում դրված պահանջները մեզանում գրեթե բացակայում են, և դա էլ այն դեպքում, երբ աշխարհի զարգացած պետություններն իրենց երկրների կրթական համակարգի հիմքում դրել են հենց Գլոբալ կրթության հիմնարար սկզբունքներն ու հայեցակարգային մոտեցումները, որոնք, կարելի է ասել, այլընտրանքային են Բազմամշակութային կրթության հայեցակարգին: Հարկ է նշել, որ Գլոբալ կրթության հայեցակարգն ուղղված է անհատ դպրոցականների մոտ համաշխարհային մշակույթի նկատմամբ հետաքրքրության, հանդուրժողականության գիտակցության և համամարդկային համակեցության ձևավորմանը: Այդ հայեցակարգից նաև բխում է երիտասարդների մոտ համաշխարհային քաղաքակրթության զարգացման համար անձնական պատասխանատվության գիտակցման արմատավորման անհրաժեշտությունը:

Շատ համառոտ ասենք, որ Բազմամշակութային կրթությունը հիմնված է տվյալ հասարակության մեջ եղած մշակութային արժեքների պահպանմանն ու զարգացմանը և գալիք սերնդին դրանց փոխանցման վրա, ինչպես նաև ազգային բոլոր փոքրամասնությունների համար կրթություն ստանալու հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովման երաշխավորումը:

Այդ իսկ տեսանկյունից առաջ են գալիս բազմաթիվ հարցեր` արդյոք ներկայիս մեր հանրակրթական դպրոցը պատրա՞ստ է լուծել այս բոլոր խնդիրները, արդյոք մայրենի լեզվով մենք ունե՞նք համապատասխան դասագրքեր, արդյոք այս խնդիրների պարզաբանումը ներառվա՞ծ է մեր հանրակրթական դպրոցների ծրագրերում և, վերջապես, հանրակրթական ուսումնական հաստատություններում ունե՞նք մանկավարժական այնպիսի կադրեր, որոնց հասու են Բազմամշակութային կրթությանը ներհատուկ այս և այլ հիմնարար պահանջների կատարումը: Ավա՜ղ, վերոգրյալ բոլոր հարցերին միարժեքորեն պետք է տանք ժխտական պատասխան:

Հիշեցնեմ, որ այսօր արևմտաեվրոպական զարգացած երկրներում և ԱՄՆ-ում գերիշխող կրթական երկու համակարգերի, այն է` Բազմամշակութային կրթության և Գլոբալ կրթության միջև ծավալված մրցակցությունում հաղթել է վերջինը, որպես գլոբալացվող աշխարհի առաջ ծառացած մարտահրավերները դիմակայելու համար ավելի պատրաստված համակարգ և որը երիտասարդություն կրթելու ու դաստիարակելու համար ճանաչվել է առավել արդյունավետ:

Ուստիև մեր այս հոդվածի երկրորդ մասում համառոտ կանդրադառնանք Գլոբալ կրթության ստեղծման պատմությանն ու հայեցակարգային հիմնական դրույթներին:

Գլոբալ կրթության գաղափարը սկիզբ է առել 1970 թ., երբ ԱՄՆ-ում հիմնվեց «Ամերիկյան ֆորում Գլոբալ կրթության համար» (“The American Forum for Global Education”) ոչ պետական կազմակերպությունը, որն իր հերթին ԱՄՆ-ում, ինչպես նաև միջազգային ասպարեզում կազմակերպեց շարժում` Գլոբալ կրթության գաղափարի տարածման ու ներդրման նպատակով:

Հետագայում` 1995 թ. ապրիլին, Նյու Յորքում Ամերիկյան ֆորումի նախաձեռնությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, տեղի ունեցավ «Կամուրջներ դեպի ապագա» (“Bridges to the Future”) միջազգային համաժողով, որը մշակեց 21-րդ դարում Գլոբալ կրթության առջև ծառացած խնդիրների լուծման հիմնական ուղղությունները: Միաժամանակ Գլոբալ կրթությունը ճանաչվեց ժամանակակից մանկավարժական գիտության զարգացման ու կիրառման կարևորագույն ուղղություն, որի նպատակն է կրթել, պատրաստել սերունդներ, որոնք ի զորու կլինեն մեր բարդ, տագնապալի, արագ փոփոխվող և փոխկապակցված աշխարհում արժանապատիվ ապրել:

Կարևոր է նշել, որ մեր օրերում Գլոբալ կրթությունը միավորում է շատ պետությունների կրթական համակարգերը, ըստ որում, կրոնական, փիլիսոփայական, պատմական, մշակութային ու մանկավարժական տարբեր ավանդույթներ ունեցող երկրների: Ավելին` պետություններ, որոնք զանազան գնահատականներ են տալիս Գլոբալ կրթությանը, որը, սակայն, ամենևին չի խանգարում նրանց լիարժեքորեն օգտվել վերջինիս ընձեռած հնարավորություններից:

Անհրաժեշտ մի պարզաբանում ևս. Գլոբալ կրթության բովանդակությունը, ըստ ամերիկյան հետազոտողների, բաղկացած է հետևյալ հիմնական ուղղություններից.

- տնտեսական, քաղաքական, բնապահպանական, տեխնոլոգիական համակարգերի ուսումնասիրում,

- հումանիտար համընդհանուր և առանձին արժեքների ուսումնասիրում,

- ունիվերսալ պրոբլեմների, այն է` պատերազմ և խաղաղություն, մարդու իրավունքներ, շրջակա միջավայրի պահպանման խնդիրների ուսումնասիրում,

- համաշխարհային պատմության ուսումնասիրություն, աշխարհայնացված համակարգերի հետազոտում և այլն:

Հարկ է նաև նշել, որ «Գլոբալ կրթություն» հասկացությունն օգտագործվում է առանձին վերցրած կրթական համակարգերում` դպրոցներում, դասարաններում, որը դպրոցականների մոտ զարգացնում է մոլորակային մտածողություն (планетарное мышление) ու ձևավորում ժամանակակից կրթական չափանիշներին համահունչ գիտակցություն: Գլոբալ կրթությունն օգտագործվում է ազգային կրթական համակարգերի փոխգործակցության և փոխհարստացման, միջպետական կրթական համակարգերի ու կրթության ոլորտում միջազգային կապերի ամրապնդման նպատակով:

Կարելի է անդրադառնալ Գլոբալ կրթության հիմնարար դրույթների այլ մանրամասներին ևս, սակայն ասվածից էլ հնարավոր է որոշ հարցադրումներ անել: Արդյոք Գլոբալ կրթության հայեցակարգից բխող հարցադրումներին անցնելու համար մեր երկրի կրթական համակարգն ապահովվա՞ծ է մայրենի լեզվով անհրաժեշտ գրականությամբ, արդյոք Գլոբալ կրթությունը կիրառող երկրների փորձն ամփոփոխ վերլուծությունները թարգմանվա՞ծ են հայերեն, արդյոք մանկավարժական կադրեր պատրաստող մեր բուհերում Գլոբալ կրթության բնագավառում համաշխարհային դրական փորձի ուսումնասիրումը նախատեսվա՞ծ է բուհական ծրագրերով:

Դրա հետ մեկտեղ, մեր հասարակության լայն շրջանակներում կա՞ այն գիտակցությունը, որ եթե ամենակարճ ժամանակում չմշակվի ու չընդունվի Ազգային կրթական պետական հայեցակարգ, որը կներառի արդի ժամանակաշրջանում առաջադեմ երկրների կրթական ոլորտում կիրառվող մոտեցումները, ապա մենք դատապարտված կլինենք այսուհետ էլ անպտուղ քննարկումներ կազմակերպելով նյարդեր մաշեցնել: Երևույթ, որի ականատեսն ենք վերջին շրջանում խնդրո առարկայի շուրջ ծավալված բանավեճերում:

Եվ արդեն իսկ ակնհայտ է, որ աշխարհայնացման գործընթացում համաշխարհային կրթությունը թևակոխել է զարգացման նոր փուլ` միջազգային ինտեգրման ժամանակաշրջան, որը, իր հերթին, հնարավոր դարձավ Բազմամշակութային կրթական համակարգի զարգացման ու խորացման պայմաններում: Եվ այդ ինտեգրման համար բնութագրական է միջազգային կրթական քաղաքականությամբ պայմանավորված ազգային կրթական համակարգերի մերձեցումը, միասնական համաշխարհային կրթության տարածության ձևավորումը:

Հանրակրթական դպրոցի զարգացման շուրջ ընթացող քննարկումներն ի սկզբանե դատապարտված էին լինել անպտուղ, քանի որ մինչ օրս ձևակերպված չեն ժամանակին համահունչ խնդիրներ, որոնք կառավարությունը պետք է դնի ազգային կրթական ոլորտի առաջ, քանի դեռ կրթության ոլորտին վերաբերող խնդիրները չեն դարձել համընդհանուր հոգածության առարկա, քանի դեռ կառավարությունը, չնայած հայտարարած բազմաթիվ կարգախոսների` գիտության և կրթվածության բացառիկ կարևորության մասին, խոսքից այն կողմ չի անցնում և ոչ մի լուրջ ծրագիր չի ներկայացվում հանրության քննարկմանը:

Իսկ ինչ վերաբերում է կառավարության կողմից Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որով նախատեսվում է օրինականացնել Հայաստանում օտարալեզու հանրակրթական միջնակարգ դպրոցների բացումը, ապա դա, լավագույն դեպքում, կարող է ծառայել ընդամենը որպես միջոց (ընդ որում, այդ նորամուծության արդյունավետությունն առանձին քննարկման նյութ է): Միջոց, որն ուղղված է փոքր-ինչ մեղմել ազգային դպրոցի առջև դրված խնդիրների ու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունների միջև առկա այն հսկայական անջրպետը, որը Հայաստանի անկախության առաջին իսկ տարուց գնալով էլ ավելի է խորացել:

Վերոգրյալից ելնելով, կարելի է ասել, որ վերջին շրջանում մամուլում չարչրկված այն տեղեկատվությունը, ըստ որի Հայաստանում օտար լեզուներով ուսուցման հաստատություններ հիմնելու վերաբերյալ կառավարության կողմից դրսևորած նախաձեռնության դրդապատճառներից է նաև ռուսաստանաբնակ հայտնի հայազգի ձեռներեց Ռուբեն Վարդանյանի պատրաստակամությունը Դիլիջան քաղաքում հիմնել համաշխարհային չափանիշներին համապատասխանող կրթական կենտրոն, որտեղ ուսուցումը լինելու է օտարալեզու, ապա փաստենք հետևյալը: Եթե պարոն Վարդանյանը մտադրվել է Դիլիջան քաղաքում հիմնել միջազգային բարձր չափանիշների կրթական այնպիսի կենտրոն, ինչպիսին է իր իսկ հիմնած «Սկոլկովո» Մոսկվայի կառավարման դպրոցը (Московская школа управления «Сколково»), ապա այդ մտադրությունն անհրաժեշտ է ոչ միայն ջերմորեն ողջունել, այլև դարձնել պետական հոգածության առարկա: Իսկ թե ինչո՞ւ, կարծում եմ, դրա պատասխանը տրված էր վերը շարադրված նյութում: Ի դեպ, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում թափ հավաքող «Սկոլկովո» «Ռուսական սիլիկոնային հովիտ» ծրագրում իր ուրույն տեղն արդեն իսկ ունի կառավարման այս դպրոցը:

Կրկին անդրադառնալով զանգվածային լրատվամիջոցներով ընթացող խնդրո առարկա հարցի քննարկումներին, նշենք, որ միանգամայն ճշմարիտ են բանավեճի այն մասնակիցները, որոնք ափսոսանքով նշում են, թե «այսօր հայերենը դուրս է մնացել մեդիա գլոբալ (քաղաքականության մակարդակը որոշող) հաղորդակցման լեզվի ոլորտից... որ հայերենը եթե ինտերնետի լեզու լիներ, որ մարդը հայերենով լիարժեք կարողանար իրեն պահանջվող գիտելիքը փնտրել ու գտնել», ապա իր ստեղծած հայերեն գիտելիքը, շնորհիվ մեդիաթարգմանության, մենք կարող էինք դարձնել «այլոց, այդ թվում` ռուսների սեփականությունը» կամ էլ նրանք, ովքեր պնդում էին, որ մայրենի լեզվի ու մտածողության անմիջական կապը հաստատված է գիտնականների կողմից:

Տրամաբանական նման հարցադրումների շարքը կարելի է անվերջ շարունակել ու շարունակել: Կարծում եմ, որ քննարկումների ընթացքում հնչած բազմաթիվ ուշագրավ այլ հարցադրումներ էլ կան, որոնք իրենց ամբողջության մեջ պետք է որ պատշաճ ուշադրության արժանանան կառավարության կողմից Ազգային կրթության հայեցակարգի մշակման ժամանակ: Հայեցակարգ, որի նշանակությունն այլևս չպետք է ո՛չ կառավարության, ո՛չ Գիտությունների ազգային ակադեմիայի, ո՛չ Ազգային ժողովի, ո՛չ ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի, ինչպես նաև երկրի ճակատագրով մտահոգ կուսակցությունների կասկածը հարուցի:

Միայն նման մոտեցում դրսևորելու դեպքում մենք կկարողանանք հանրակրթության ոլորտում երկրի հեռանկարային զարգացմանն ուղղված այնպիսի հիմնավոր քաղաքականություն վարել, որպեսզի դրա առանձին դրսևորումներն արմատական ընդդիմության կողմից չբնութագրվեն որպես դավաճանական և չհնչեն նմանօրինակ կոչեր. «Այն բոլոր քաղաքացիները, որոնց հետաքրքրում է ազգի ճակատագիրը, իրենց սերունդների հետագա ինքնությունը, որոնք իրենց հայրենիքը սիրում են, պետք է ակտիվորեն դեմ դուրս գան այս նախաձեռնությանը և եթե հարցը մտնի Ազգային ժողով, խորհրդարանի առջև պետք է հոծ բազմություն հավաքվի` իր «Ոչ»-ն ասելու և այդ խայտառակ նախաձեռնության հեղինակին պաշտոնազուրկ անելու համար»:

Ամփոփելով վերն ասվածը, գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը հայտնվել է շատ պատասխանատու մի ժամանակաշրջանում, որը պարտադրում է հայկական ազգային կրթական համակարգը արդիականացնել, համահունչ դարձնել գլոբալացվող աշխարհում գործող կրթական այն համակարգերին, որոնց կիրառումն ապահովել է այդ երկրներին զարգացում, իսկ ժողովուրդներին` բարեկեցիկ կյանք:

Հ.Գ. Սույն թվականի փետրվարի 4-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հաստատել է «Մեր նոր դպրոցը» Ազգային հանրակրթական նախաձեռնությունը, ուր մանրամասն և հանրության լայն շրջանակների համար մատչելի լեզվով բացված է «Ապագայի դպրոցի» գաղափարը: Դրանում մանրակրկիտ ասված է, թե ինչպիսին են պատկերացնում Ռուսաստանի իշխանությունները դպրոցի դերն ու նշանակությունը, նրա գործունեության հիմնախնդիրները երկրի արդիականացման և ինովացիոն զարգացման գործում: Ուստիև, խնդրո առարկա օրինագծով ռուսաց և օտար լեզուներով մեր երկրում նախատեսվելիք մեկ-երկու տոկոս կազմող դպրոցների բացման շուրջ տիեզերական աղմուկ բարձրացնողներին չէր խանգարի ծանոթանալ թե՛ այդ փաստաթղթին, և թե՛ համաշխարհային փորձին, որին հարկադրված ենք ծանոթանալ կամ ռուսերեն, կամ անգլերեն, կամ էլ այլ օտար լեզվով: Իսկ, թե ինչո՞ւ օտար լեզվով, չէր խանգարի ազգովին խորհել:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

«Ազգային միաբանություն կուսակցության»

նախագահ

Последние видеоматериалы

Новые книги