ՆՈՐԻՑ ՆՈՒՅՆ ՓՈՑԽԻՆ ՉԿԱՆԳՆԵՆՔ
06.11.2018, Հայոց աշխարհ
Քանիցս հանդես եմ եկել պետական հեղաշրջման պարագլուխների հասցեին քննադատական հոդվածներով, որն իրենք եւ իրենց քաղաքական ուղեվարներն անվանում են «թավշյա հեղափոխություն»։
Կարծում եմ, որ իմ հոդվածներում համոզիչ ապացուցողական հիմքի վրա ցույց եմ տվել Հայաստանին արտասահմանից պարտադրված «թավշյա հեղափոխության» ողջ վտանգավորությունը։ «Հեղափոխություն», որը կատարվեց ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, Ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման եւ տարատեսակ այլ բարեհունչ պատրվակների ներքո։
Ավելին՝ կոնկրետ օրինակներով ցույց եմ տվել նորահայտ «հեղափոխականների» կարգախոսների ողջ սնանկությունը։
Սակայն, չնայած այս ամենին՝ իմ գիտակցության մեջ արմատավորվում է միտքը, թե մինչեւ վերջ չեմ կատարել պարտքս Հայրենիքի հանդեպ։ Որպեսզի ասածս շատ պաթետիկ չհնչի եւ «ժողվարչապետի» պաշտոնակատարի ոճից բանագողություն չհիշեցնի, բացատրեմ, թե ինչի մասին է խոսքը։ Դեռեւս մայիսի առաջին օրերին, վերլուծելով Հայաստանում ստեղծված ռեալ իրականությունը, երբ տասնյակ հազարավոր մարդիկ Երեւանում, չդադարող հանրահավաքների ժամանակ պահանջում էին վարչապետ ընտրել Ն.Փաշինյանին, Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի նիստում ես առաջարկեցի, որպեսզի ԱԺ առաջիկա հատուկ նիստում ՀՀԿ-ն Հայաստանի վարչապետի իր թեկնածուն ներկայացնի։ Փառք Աստծո, ՀՀԿ կադրային ռեզերվում արժանի թեկնածուների պակաս չկա, ովքեր իրենց պրոֆեսիոնալ հմտություններով զգալիորեն գերազանցում են ժողովրդի «թեկնածուին»։
Ավելին, իմանալով տասնյակ հազարավոր ցուցարարներին համակած թեժ կրքերի մասին՝ առաջադրվելու նաեւ իմ անձնական պատրաստակամությունը հայտնեցի։ Ավաղ, իմ առաջարկությունն աջակցություն չստացավ՝ ինչ-ինչ հանգամանքների բերումով, ինչն առանձին, հույս ունեմ, շատ հետաքրքիր ու կարեւոր վերլուծության թեմա է։ Կարեւոր՝ այն առումով, որպեսզի հետագա գործողություններում նորից նույն փոցխին չկանգնենք։
Հետո ավելի հետաքրքիր է։ Ն.Փաշինյանը, որն անայլընտրանքային հիման վրա «ընտրվեց» (փողոցի շանտաժի եւ ճնշման ներքո) վարչապետ, ըստ երեւույթին, հավատալով, որ ինքն անփոխարինելի է, իհարկե՝ ոչ առանց իր քաղաքական ուղեվարների հուշման, արդեն հոկտեմբերին նախաձեռնեց «հրաժարական եմ տալիս» անունը կրող ֆարսը։ Սույն արարմունքի գաղափարն այն է, որպեսզի վարչապետի պաշտոնին չընտրվելով հասնի խորհրդարանը ցրելուն՝ միաժամանակ իր համար լիովին պահպանելով գործադիր իշխանության ողջ լիազորությունը, բայց միայն պաշտոնակատար մակդիրով։
Եվ ահա այս անգամ էլ, ոչ թե նրա համար, որ երազում էի քաղաքական կամիկաձեի դափնիները նվաճել, ես նորից բարձրացրի վարչապետի պաշտոնին ՀՀԿ-ի կողմից իր (բնավ պարտադիր չէր անպայման իմ) թեկնածուի առաջադրման անհրաժեշտության հարցը՝ միեւնույն ժամանակ հայտարարելով նաեւ իմ անձնական պատրաստակամության մասին։ Իմ հետապնդած նպատակը, կարծում եմ, չափից ավելի պարզ էր. ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով իմ ծրագիրը՝ Ն.Փաշինյանի անգամ ամենակողմնակալ զինակիցը հոգու խորքում կգիտակցեր դրա որակապես շատ ավելի բարձր պրոֆեսիոնալ, գիտականորեն հիմնավորված մակարդակը։ Էլ չեմ ասում պատգամավորների հնարավոր հարցերին պատասխանների հիմնավորվածության մասին։
Դա իր ամբողջության մեջ, անշուշտ, հայտնի իմաստով կզգոնացներ «ժողվարչապետի» երկրպագուների՝ դեռեւս էյֆորիայի մեջ գտնվող որոշակի մասին, էլ չեմ ասում հարյուր հազարավոր մեր այն քաղաքացիների մասին, որոնք հավանաբար ստեղծված իրավիճակի անելանելիության (ըստ իրենց) պատճառով լրիվ ինքնամեկուսացվել են երկրի հասարակական կյանքից։ Մի խոսքով՝ իմ առաջարկը հերթական անգամ աջակցություն չստացավ ՀՀԿ խմբակցության գործընկերներիս կողմից։
Որպեսզի ընթերցողները թյուր տպավորություն չստանան, թե հող եմ նախապատրաստում մի ինչ-որ անհասկանալի եւ ՀՀԿ-ի կողմից նեղացվածի պատմուճան հագնելու համար, միանշանակ ասեմ՝ ոչ, ուղիղ հակառակը։ Չէ՞ որ ԱԺ ամբիոնից կարելի կլիներ ասել նաեւ հարգանքի արժանի, հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում, բազմաթիվ գործողությունների մասին, որոնք վերջին տարիներին իրագործվել են ՀՀԿ ղեկավարությամբ։
Պարզ է նաեւ մեկ այլ բան, որ վարչապետի պաշտոնին իրական, այլընտրանքային թեկնածուի, ընդ որում՝ ոչ ֆորմալ առաջադրումը կզինաթափեր առանձին քաղաքական գործիչների, դավադրության տեսության կողմնակիցների, որոնք չափից ավելի են ակտիվացել վերջին ժամանակներս՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները գնահատելով որպես մի ինչ-որ նախապես պլանավորված սցենար՝ նախապես պայմանավորված վերջաբանով։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ԱԺ պատգամավոր