ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ՆՇԱՆԱԿՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

19.10.2018, Հայոց աշխարհ

Եվ այսպես. 2018թ. դեկտեմբերի առաջին կեսին ամենայն հավանականությամբ տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները։

Կարծում եմ, որ անհրաժեշտություն չկա կրկին վերադառնալու ս.թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջմանը նախորդած իրադարձությունները նկարագրելուն։ Վերջին կես տարում լրագրողական հանրույթը եւ նրան հարող քաղաքագետները հենց միայն այդ մասին են գրում։

Աչքի է զարնում այլ բան. ամենատարբեր հոդվածների, ռեպորտաժների, հարցազրույցների հեղինակներին, որպես կանոն, միավորում է ընդհանուր մոլորությունը. նրանք, չգիտես ինչու, պետական հեղաշրջումն անվանում են «թավշյա հեղափոխություն»։ Հեղափոխության եւ պետական հեղաշրջման տարբերության (ոչ թե ստուգաբանական, այլ քաղաքական) նրանց չիմացության փաստն իսկ հանգեցնում է խոր տրտմության։ Չէ՞ որ նոր կառավարության ձեւավորումից հետո անցած հինգ ամիսների ընթացքում մենք այդպես էլ չդարձանք երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, հասարակության սոցիալական եւ քաղաքական կյանքի, գիտության մեջ արմատական, խոր, որակական դրական փոփոխությունների վկաները, փոփոխություններ, որոնք բնորոշ են հեղափոխություններին։ Ավելի շուտ՝ տեղի ունեցավ ուղիղ հակառակը։

Այս տողերը գրելիս եւ տեղի ունեցածը մտովի այլ իրադարձությունների հետ համեմատելիս միշտ զգուշացել եմ այն բանից, որ հանկարծ հերթական հեծանիվ հայտնագործողի դերում չհայտնվեմ, ուստի ջանացել եմ պատմությունից եւ գրականությունից հիշել ինչ-որ ոչ սովորական դեպքեր, որոնք գոնե ինչ-որ բանով նման կլինեն մեր կյանքի վերջին հինգ ամիսների իրադարձություններին։ Ոչ, հարգելի ընթերցող, ես չտրվեցի Հայաստանում պետական հեղաշրջման եւ գոնե վերջին երկու հարյուրամյակում տեղի ունեցած հայտնի հեղափոխությունների միջեւ ինչ-որ համեմատական նկարագրություններ անելու գայթակղությանը։

   Եվ այդ պատճառով չգիտես ինչու ամեն անգամ մտաբերում էի ֆրանսիացի հոգեբան Գուստավ Լեբոնի «Ժողովուրդների եւ զանգվածների հոգեբանությունը» դասական աշխատությունը, որում հեղինակը հստակ նկարագրել է կազմակերպված ամբոխի վարքի կանոնները։ Հիշելով հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի շենքի «պաշարումը» ռազմաշունչ տրամադրված եւ «ժողվարչապետի» հրահրած ամբոխի կողմից՝ ես նորից ու նորից համոզվում էի Լեբոնի գնահատականների օբյեկտիվության մեջ, որոնցում նա պնդում էր, որ ամբոխի մեջ առանձին վերցրած մարդը «ձեռք է բերում անհաղթահարելի ուժի գիտակցություն, եւ այդ գիտակցությունը թույլ է տալիս նրան տրվել այնպիսի բնազդների, որոնց նա երբեք ազատություն չի տալիս, երբ մենակ է»։

   Չէ՞ որ խորհրդարանի շենքի մոտ հավաքվածների կողմից ԱԺ եւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հասցեին հնչեցրած հայհոյանքների խմբային վանկարկումը վկայությունն է այն բանի, որ ամբոխում միավորված մեր համաքաղաքացիները սկսել են դրսեւորել նոր հատկանիշներ, որ մինչ այդ չունեին։ Առօրյա կյանքում նրանցից շատերը միանգամայն հանգիստ եւ աննկատ մարդիկ են։ Բայց ամբոխում հռետորի, ասել է թե՝ «ժողվարչապետի» հուզավառ ճառերի ներգործությամբ հարյուրավոր մարդիկ մեր աչքերի առջեւ կերպարանափոխվում էին։

   Ապրիլից, հենց որ Ն.Փաշինյանը ոտքը դրեց հեղափոխության արահետին եւ դադարեց սափրվել, արդի Հայաստանում չսափրված լինելը մոդայիկ դարձավ։

   Կամ՝ մեկ այլ համեմատություն։ Այն օրից, ինչ «Կյանքի խոսք» խանդաղատական, կամ ինչպես հիմա մոդայիկ է՝ բրենդային անվանումը կրող տոտալիտար կրոնական աղանդը, որի անվանումը ոչ մի ընդհանուր բան չունի նրա բուն էության հետ, դարձավ «թավշյա հեղափոխության» գլխավոր շարժիչ ուժերից մեկը, Հայաստանում մոդայիկ դարձան «հատուկ խելագարությունները», երբ «Կյանքի խոսքի» «բարեպաշտ աղանդավորները» որդեգրեցին հայհոյախոսություններ բղավելը «հակահեղափոխականների», այսինքն՝ Ազգային ժողովի պատգամավորների հասցեին։

   Կամ էլ, երբ ԼԳՏԲ հանրույթի տականքները մոլեգին ճղճղոցներով ներխուժում են Երեւան քաղաքի ոստիկանության բաժանմունքներից մեկը եւ արդյունքում թեթեւակի վախ են ապրում, կամ էլ՝ երբ ըստ էության տոտալիտար կրոնական աղանդների պատվիրված խավարամիտները պաշարում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի նստավայրը՝ պահանջելով նրա հրաժարականը, իսկ արդյունքում այդ հակակրոնական եւ հակահայկական «խրախճանքի» առաջնորդներից մեկը ծառայողական աստիճանով վեր է բարձրանում։

   Ի՞նչ դասեր պետք է քաղեինք վերջին հինգ ամիսների իրադարձություններից։ Առաջինը, ինչի մասին կցանկանայի ասել, այն է, որ Հայաստանում եղել է հասկացությունների նենգափոխում, դիցուք. երբ, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարը՝ այն ծնող պատճառների խորքային իմաստավորման փոխարեն, հանգեցվում էր, ըստ նոր իշխանությունների մոտեցման, մարգինալների ձեռքերը ոլորելու մասսայական տեսարանների, նրանց ասֆալտին փռելու, փողով լիքը ճամպրուկների ցուցադրմանը, այս փաստերն ու տեսակադրերը բոլոր հասանելի հեռուստատեսային եւ էլեկտրոնային ԶԼՄ-ներով պտտեցնելուն, հարկերից խուսափողների եւ «ապօրինաբար հարստացածների» կալանմանը եւ... սուսուփուս հենց նրանց էլ ազատ արձակելուն՝ խոշոր դրամական գրավի եւ երաշխավորության դիմաց։

   Նոր իշխանություններն այդպես էլ չձեռնարկեցին կոռուպցիայի համար պարարտ միջավայր ստեղծող օրենսդրական բացթողումների եւ ոչ մի վերլուծություն, որեւէ առաջարկություն չարվեց կոռուպցիայի դրսեւորումները չեղարկելուն ուղղված ինստիտուցիոնալ հիմքի ստեղծման վերաբերյալ։ Ավելին, բավական է ասել, որ եթե 2018թ. հունվար-ապրիլ ժամանակաշրջանում նախկին կառավարությունը ԱԺ օրակարգ էր մտցրել 211 օրինագիծ, ապա ս.թ. մայիս-սեպտեմբերին նոր կառավարությունը ԱԺ է մտցրել ընդամենը 34 օրինագիծ։ Այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին վարչապետի բարեհունչ կարգախոսների հետեւում նկատվում են ընդամենը կամպանիականություն, սկզբից մինչեւ վերջ այդ աշխատանքի լիակատար խեղաթյուրում։

   Այնինչ դեռեւս երկու տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հ.Աբրահամյանի վարչապետության տարիներին կոռուպցիայի դեմ պայքարի հարցը դարձել էր մանրակրկիտ վերլուծության առարկա կառավարությունում փորձագետների, քաղաքական եւ հասարակական գործիչների լայն ընդգրկմամբ։ Դեռ այն ժամանակ ես առաջարկեցի Հայաստանի տնտեսության ամեն մի առանձին ճյուղում ներդնել SMART-տեխնոլոգիաներ։ Ընդ որում՝ հիմնավորվեց այն բանի անհրաժեշտությունը, որ այդ տեխնոլոգիան սկզբում ներդրվի խոշոր բիզնեսում, իսկ հետո տարածվի միջին բիզնեսի վրա՝ համապատասխան իրավական ակտերի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ համապատասխան օրենքների միաժամանակյա ընդունմամբ։

   Նպատակը հստակ որոշված էր. կազմել առանձին վերցրած ընկերության զարգացման հաշվարկված ռազմավարություններ, թեկուզեւ 3 տարի ժամկետով։ Ընդ որում՝ ենթադրվում էր ներդնել նպատակների առաջադրման եւ ձեւակերպման արդյունավետ տեխնոլոգիաներ, որոնք հայտնի են որպես SMART-տեխնոլոգիաներ։ SMART հապավումը նշանակում է խելացի նպատակ եւ միավորում է անգլերեն այն բառերի սկզբնատառերը, որոնք նշում են, թե ինչպիսին պետք է լինի բուն նպատակը. Specific (որոշակիություն)- Measurable (չափելիություն)-Attainable (հասանելիություն)-Relevant (ռելեւանտություն)-Time-bounded (որոշակիություն ժամանակի մեջ)։

   Եվ ահա, այս տեխնոլոգիայի ներդրումը խոշոր եւ միջին բիզնեսում, ինչպեսեւ պետության վերին կառավարչական կառույցներում էապես կկրճատեր կոռուպցիոն ռիսկերը։ Ավաղ, ստիպված ենք փաստել, որ Հայաստանի իշխանությունների կողմից խնդրի էությունը չհասկանալու պատճառով կոռուպցիայի դեմ պայքարը Ն.Փաշինյանի կառավարությունը ձախողել է։

   Որոշակի խորհրդածությունների է մղում նաեւ բանկային համակարգի միջոցով Հայաստանի ֆիզիկական անձանց եւ Հայաստանից արվող դրամական փոխանցումների դինամիկան։ Այսպես, եթե 2017թ. հունվար-օգոստոսին դրամական միջոցների զուտ հոսքը արտասահմանից դեպի ՀՀ կազմել է $492 մլն 286 հազ., ապա ս.թ. հունվար-օգոստոսին այդ ցուցանիշը կազմել է $396 մլն 829 հազ.։ Այսինքն՝ տեղի է ունեցել զուտ դրամական հոսքի կրճատում $95 մլն 457 հազարով կամ՝ 19,4%-ով։ Եվ սա՝ այն պայմաններում, երբ ՀՀ-ից դրամական միջոցների արտահոսքը 2017թ. այդ նույն ժամանակահատվածում կազմել է $582 մլն 105 հազ., իսկ արդեն ընթացիկ տարում, այդ նույն ժամանակահատվածում արտահոսքը կազմել է $730 մլն 613 հազ.։

   Հայաստանից դրամական միջոցների ավելացող արտահոսքը՝ դրանց կրճատվող զուտ հոսքի պարագայում, վկայում է նաեւ այն մասին, որ ներդրումային միջավայրը ՀՀ-ում բարենպաստ չէ Հայաստանում ապրող ֆիզիկական անձանց եւ դրամական փոխանցումներ կատարող նրանց հարազատների ընկալումներում։ Հատկանշական է, որ դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ անցած հինգ ամիսներին չի եղել մի դեպք, որ ԱԺ-ը չհաստատի Ն.Փաշինյանի կառավարության ներկայացրած գոնե մեկ օրինագիծ։ Սրանով իսկ կցանկանայի նշել, որ կեղծ-հեղափոխական հռետորաբանությունը, հայ հասարակությունը «սեւերի» եւ «սպիտակների», հեղափոխականների եւ հակահեղափոխականների բաժանելը չէին կարող չվախեցնել պոտենցիալ ներդրողներին, որոնց համար կանխատեսելիությունը եւ կայունությունը երկրում պարտադիր պայման են ներդրումներ կատարելու համար։

   Շարունակելի

   ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

   ԱԺ պատգամավոր

Последние видеоматериалы

Новые книги