ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԵՎ ՀԱՊԿ-ԻՑ ԴԵՊԻ ԱՐԵՎՄՈՒՏՔ ԵՎ ՆԱՏՕ

04.08.2018, Հայոց աշխարհ 

Որքան էլ որ պետական հեղաշրջումը ղեկավարած գլխավոր գործող անձինք իրենց ելույթներում հրճվանքով նշեն, թե ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցածը «թավշյա հեղափոխություն» է, եւ որ այն «աշխարհաքաղաքական ենթատեքստ» չունի, իրականում հետագա իրադարձությունները վկայեցին, որ կատարված պետական հեղաշրջմամբ տրվել է դեպի Արեւմուտք մեր երկրի աշխարհաքաղաքական շրջադարձի մեկնարկը։

Սակայն Հայաստանում կատարվածի համապատկերում այլ կերպ, քան անհեթեթ չես անվանի Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները շատ, շատ եւ շատ կարեւոր են։ Կասկած չկա, որ Ռուսաստանը եւ Հայաստանը բարեկամական, եղբայրական երկրներ են։ Բայց դա չի նշանակում, թե մեր հարաբերություններում խնդիրներ չկան։ Բայց մեր նպատակն այդ խնդիրները քննադատելը չէ, այլ դրանք լուծելը բանակցությունների ճանապարհով։ Ես համոզված եմ, որ այս խոսակցությունը Ռուսաստանի հետ կստացվի»։ Սա մեջբերում է խորհրդարանի պատգամավոր Ն.Փաշինյանի 2018թ. ապրիլի 24-ի մամուլի ասուլիսից։

Եվ ահա, վարչապետի պաշտոնում Ն.Փաշինյանի նշանակվելուց մեկ ամիս անց նա թիմ է հավաքում՝ ասես հատուկ ընտրովի, կազմված հիմնականում կամ բացահայտ ռուսատյացներից կամ, այսպես կոչված, «արեւմտականներից», որոնք, որպես կանոն, Սորոսի հիմնադրամի կամ տարատեսակ այլ խափանարար ֆոնդերի, «գունավոր հեղափոխություններ» սերմանողների «ստիպենդիատներ» կամ «գրանտակերներ» են եղել։ Նրանց ընդհանուր առանձնահատկությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միանգամայն որոշակի կուրատորի առկայությունն է։ Այս մասին պարբերաբար գրում են մամուլում, ավելին՝ ոմանք հպարտանում են նրանով, որ իրենց թիկունքում կանգնած է մեծ գերտերությունը։

   Այս առնչությամբ ավելորդ եմ համարում թվարկել առանցքային պաշտոնները, մանավանդ մեր երկրի ներքին եւ արտաքին անվտանգության ոլորտում, որոնց ղեկավարությունը վստահված է Սորոսի ու նրա նմանների սաներին, հայ ռուսատյացների բոլորովին նոր մի տեսակի, որոնք, դատելով նրանց գործողություններից, շատ յուրովի են հասկանում իրենց շեֆի ասածն այն մասին, «որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները շատ, շատ եւ շատ կարեւոր են» եւ արտահայտում են իրենց վճռականությունը՝ անել ամեն ինչ, որպեսզի «չքննադատեն այդ խնդիրները (Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում- Ա.Գ.), այլ լուծեն դրանք երկխոսության ճանապարհով, բանակցությունների ճանապարհով»։

   Պետք է կարծել, որ հենց այս մղումներից ելնելով արհեստականորեն հիստերիա բարձրացվեց ռուս զինվորականների հետ կապված միջադեպի շուրջ, որը տեղի ունեցավ հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում։ Ընթերցողներին հիշեցնեմ, որ վերջին զորավարժանքներն ընդգրկել էին գյուղի անմիջական տարածքն ու խուճապ առաջացրել տեղի բնակիչների շրջանում։

   Եվ չնայած նրան, որ պաշտպանության նախարարությունը հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ, որում նշված էր. «Սակայն, ուշադրության առնելով այն, որ զորավարժանքների անցկացման վայրն ընտրելիս հաշվի չեն առնվել այն հանգամանքները, որոնք անհանգստություն են պատճառել տեղի բնակչությանը, ռուսական կողմը պաշտոնական ներողություն է խնդրել եւ հավաստիացրել, որ այսուհետ ավելի հետեւողական կլինի ռազմակայանի սահմաններից դուրս իրականացվող միջոցառումների պլանավորման եւ դրանց մասին տեղեկացնելու հարցերում»։ Թվում է՝ հարցը փակված է։ Բայց չէ՜։ Վարչապետ Ն.Փաշինյանը կառավարության հուլիսի 19-ի նիստում այսպես է մեկնաբանել այս միջադեպը. «Ես դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների եւ սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության։ Կարծում եմ՝ մեղավորները պետք է հայտնաբերվեն եւ պատասխանատվության ենթարկվեն»։

   Հատկանշական է, որ ավելի վաղ պաշտպանության նախարարությունն իր մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի միջոցով հանդես է եկել պարզաբանումներով, որոնցում ասված էր, որ ռուս զինվորականները կրակել են ոչ մարտական փամփուշտներով։

   Այստեղ տեղին եմ համարում հիշատակել նաեւ Ն.Փաշինյանի մեկ այլ արտահայտությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում պատերազմ թույլ չտալու հարցում Ռուսաստանի դերի մասին՝ արված հուլիսի 20-ին։ «Ես համոզված եմ եւ կարծում եմ՝ բոլորս գիտենք, որ Ռուսաստանը կարող է թույլ չտալ պատերազմը, հետեւաբար ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը՝ Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դարավոր բարեկամը, թույլ կտա վերսկսել պատերազմը տարածաշրջանում։ Չեմ կարող հավատալ նաեւ, որ Ադրբեջանի նախագահը կհամաձայնի որեւէ սադրանքի՝ առանց աշխարհաքաղաքական պայմանների առկայության»,- ասել է Ն.Փաշինյանը։ Ասվածի չարագուշակ, քողարկված ենթատեքստն այն է. ըստ էության, Ն.Փաշինյանը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի մեղքն անուղղակիորեն դնում է Ռուսաստանի վրա, քանի որ, Ն.Փաշինյանի տրամաբանությամբ, այն կարող էր սկսվել կա՛մ Ռուսաստանի գիտությամբ, կա՛մ նրա լռելյայն համաձայնությամբ։

   Ըստ երեւույթին Հայաստանի վարչապետը, նման անհեթեթություն արտաբերելով, հույս ուներ եւ հաշվարկում էր ստանալ պաշտոնական Մոսկվայի աջակցությունը եւ ամրության պաշար ձեռք բերել՝ պայմանավորված Բրյուսել կատարած իր այցով՝ մասնակցելու համար ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, եւ Եվրամիության պաշտոնական դեմքերի հետ հանդիպմամբ։ Ընդ որում՝ հատկանշական է, որ այցը կայացավ ս.թ. հուլիսի 5-ից ընդամենը մեկ շաբաթ հետո, երբ Եվրոպական խորհուրդը կես տարով, մինչեւ 2019թ. հունվարի 31-ը երկարացրեց ռուսական տնտեսության առանձին սեկտորների դեմ պատժամիջոցները։

   Կարելի է էլի շարունակել Հայաստանի գործադիր իշխանության ներկա ղեկավարության այն գործողությունների թվարկումը, որոնք ուղղված են «երկխոսության ճանապարհով ռուս-հայկական առկա խնդիրների» լուծմանը, բայց, թերեւս, կսահմանափակվենք ասվածով։

   Կռահում եմ, որ ընթերցողը, բնականաբար, կարող է տեղին հարց հնչեցնել. իսկ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, որին Հայաստանի՝ արտասահմանից սնվող բոլոր մեդիա-ռեսուրսները (իսկ դրանք կազմում են ՀՀ մաս-մեդիայի մեծ մասը) վատաբանում են՝ քափ-քրտինք մտած։ Ակամա հարց է ծագում. կոնկրետ ի՞նչ նպատակներ են նրանք հետապնդում։

   Կարծում եմ, որ պատասխաններն առաջանում են ինքնաբերաբար։ Նախ՝ 2008թ. մարտի 1-ի հանրահավաքը ցրելու ժամանակ ՀՀ 10 քաղաքացիների, այդ թվում՝ երկու ոստիկանի զոհվելու եւ ավելի քան 200-ի վիրավորվելու պատասխանատվությունը Ռոբերտ Քոչարյանի վրա դնելով՝ Ն.Փաշինյանը դրանով իսկ իր վրայից հանում է պատասխանատվությունն այդ ողբերգական իրադարձությունների համար։ Չէ՞ որ այն ժամանակ նա կատարված ողբերգությանը հանցակցության համար դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Նշենք նաեւ, որ Ն.Փաշինյանը 2011թ. մայիսին համաներմամբ ժամանակից շուտ ազատ է արձակվել։ Հավանաբար այն տարիներին «հայրենասիրության» զգացումը թույլ չէր տվել նրան ու նրա զինակիցներին բողոքարկել հայրենական դատարանի վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

   Իսկ Ռ.Քոչարյանի կալանավորման երկրորդ դրդապատճառը, ըստ իս, այն է, որ նա վերջին բոլոր տարիներին կանխակալ ԶԼՄ-ների օգնությամբ հայ հանրությանը մատուցվել է ոչ այլ կերպ, քան Հայաստանում այդ ժամանակաշրջանում կուտակված ամբողջ նեգատիվի հեղինակ։ Դիցուք՝ կոռուպցիայի, գանձագողության ոչ հազվադեպ դրսեւորումները, որոնք հանգեցրել են նրա շրջապատի շատ չինովնիկների հարստացմանը, զուգորդվում են հենց նրա անվան հետ։ Եվ այսօր հմտորեն այդ ծանրագույն մեղադրանքին է «կոճկվում» հետեւյալ եզրահանգումը. իսկ ի՞նչ պետք էր սպասել մի մարդուց, որը «օգտվում է Կրեմլի հովանավորությունից»։

   Նպատակը մեկն է՝ վերջնարդյունքում ամեն կեղծիքով վարկաբեկել Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական դաշինքը, որի համոզված ջատագովն է, անշուշտ, Ռոբերտ Քոչարյանը։ Նման պայմաններում, անգամ անմնացորդ Ռուսաստանն ու ռուսներին սիրող, Հայաստանի՝ կարիքից կամազուրկ դարձած քաղաքացիները տարակուսանքով հանգում են մի տխուր եզրակացության. այն ամենը, ինչը կապված է Ռուսաստանի հետ, պարզվում է, շատ ու շատ է սպառնում «Նոր Հայաստանին»։

   Իսկ ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ արհեստականորեն հրահրվող մյուս հիստերիային, որի համաձայն՝ ՀՔԾ-ն նրան մեղադրանք է առաջադրել սահմանադրական կարգը տապալելու մասին, ապա այստեղ փոքր-ինչ այլ նպատակ է հետապնդվում. նախ՝ վարկաբեկել հենց ՀԱՊԿ-ը, թեկուզեւ միջնորդավորված ձեւով, երկրորդ՝ այդ պաշտոնին առաջադրել (մինչեւ 2020թ. այդ պաշտոնը զբաղեցնելու է Հայաստանի ներկայացուցիչը) իրենց յուրայիններից մեկին, ասել է թե, օրինակ, ՆԱՏՕ-ի պոտենցիալ իրազեկիչին։

   Չէ՞ որ նման գործելակերպ արդեն ձեւավորվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին բացահայտ ռուսատյացի, մեղմ ասած՝ Սորոս պապիկի, իսկ գուցեեւ հայտնի երկրի հատուկ ծառայությունների նվիրյալի նշանակմամբ։ Միայն ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների ղեկավարների աշխատանքային հանդիպումների բովանդակության մասին իմանալը շատ եւ շատ թանկ արժե։

   Կարելի է այլ օրինակներ էլ բերել, որոնց վերլուծությունը հաստատում է. Հայաստանը կանգնել է Ռուսաստանից եւ ՀԱՊԿ-ից դեպի Արեւմուտք եւ ՆԱՏՕ աշխարհաքաղաքական շրջադարձ կատարելու վտանգավոր ճանապարհին։

  

   ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

   ԱԺ պատգամավոր

Последние видеоматериалы

Новые книги