ԻՍԿ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՍԿՍԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ ԱԼԻԵՎԸ
26.06.2018, Հայոց աշխարհ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փաստորեն արդեն հայտարարել է Արցախի Հանրապետության դեմ նոր պատերազմ սանձազերծելու մասին։ Պատերազմն սկսելու կոնկրետ ժամկետի մասին կհայտարարի այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, ըստ ամենայնի՝ Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո։
Որքան ավելի խորն ես ուսումնասիրում մեր անվտանգության հնարավոր մարտահրավերներն ու սպառնալիքները, այնքան ավելի իմաստավորված ես համաձայնում աշխարհաքաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ոլորտի հեղինակավոր վերլուծաբանների կարծիքներին եւ եզրահանգումներին։ Իսկ վերջիններս, ավաղ, միակարծիք են այն հարցում, որ արդի միջազգային իրադրությունն աչքի է ընկնում անկայունության աճով, իսկ դա, իր հերթին, պայմանավորված է համաշխարհային քաղաքականության ուժի նոր կենտրոնների ստեղծմամբ, որոնք, որպես կանոն, գլոբալ եւ տարածաշրջանային մասշտաբի բազմակողմ շահեր ունեն։
Այս եզրահանգումը հաստատող օրինակների հետեւից հեռուն գնալ պետք չէ։ Սա հատկապես ցայտուն երեւում է վերջին ամիսների իրադարձություններից, որոնք ծավալվում են Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Դրանում համոզվելու համար բավական է ծանոթանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ռազմաշունչ հայտարարություններին։
Որոշ մեջբերումներ կատարենք նրանց վերջին ելույթներից։ Այսպես, ս.թ. մայիսի 16-ին, Նախիջեւանի ուսուցիչների ինստիտուտի կոլեկտիվի եւ քաղաքի հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Իլհամ Ալիեւն ասել է. «Դուք ապրում եւ արարում եք այստեղ թշնամու հետ դեմ-հանդիման... Նախչիվանում տեղակայված արդիական սպառազինությունը, այդ թվում՝ հեռահար գործողության հրթիռները, կարող են ոչնչացնել թշնամու ցանկացած ռազմական թիրախ։ Այսինքն՝ լիովին ապահովված են անվտանգության հարցերը։ Այս հարցը միշտ ուշադրության կենտրոնում է»։
Որոշ ժամանակ անց իր բոսի ռազմաշունչ հռետորաբանությունը զարգացրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Այսպես, հունիսի 20-ին ադրբեջանական բանակի կազմավորման 100-ամյակին նվիրված ճեպազրույցում նա նշեց բանակի գլխավոր նպատակը՝ «օկուպացված» տարածքների ազատագրում եւ երկրի տարածքային ամբողջականության վերականգնում։ Միաժամանակ, նախարարը սարսափազդու հայտարարել էր. «Ադրբեջանական բանակը պատրաստ է ամեն պահի կատարել այս խնդիրը։ Այս խնդրի կատարման հրամանը քաղաքական հարց է, եւ նման հրաման կտրվի ամենահարմար պահին՝ միջազգային քաղաքական իրադրության հաշվառմամբ»։
Նշենք, որ այդ ճեպազրույցում Զ.Հասանովը մեղադրել է ադրբեջանական բանակի տեղի քննադատներին, որոնք հայտարարում էին, որ բանակի կազմում չկան ունեւոր դասի ներկայացուցիչներ, եւ միաժամանակ մերկապարանոց պնդել է, թե. «Բանակում միայն աղքատների երեխաները չէ, որ ծառայում են»։ Կուզենայի առարկել Զ.Հասանովին, որ ադրբեջանական բանակի՝ Ադրբեջանի կողմից 2016թ. ապրիլին սանձազերծված քառօրյա պատերազմում զոհված զինվորների թաղումները չգիտես ինչու մեծ մասամբ լեզգի, թալիշ, թաթ բնակչություն ունեցող գյուղական վայրերում են կատարվել։
Ապշերոնյան բազեների վերոնշյալ ռազմատենչ հայտարարությունները, որոնք պարբերաբար կրկնվում են ամենատարբեր լրատվամիջոցներում՝ ավելի լավ կիրառության արժանի պնդաճակատությամբ, նախապես ազդարարվում էին Ղարաբաղյան հակամարտության մասին ապատեղեկատվության տարածմամբ։ Ընդ որում՝ Արցախի մասին ապատեղեկատվությունն արծարծվում էր խիստ համակարգված ձեւով՝ ինչպես ղեկավարության, այնպես էլ կառավարամետ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից։
Հատկանշական է, որ հունիսի 21-ին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունների արդյունքների վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի՝ Լեռնային Ղարաբաղի մասին ՄԱԿ ԱԽ հայտնի չորս բանաձեւերին վերաբերող հարցին պատասխանելով՝ Ս.Լավրովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դրանք ընդունվել են մարտական գործողությունների ժամանակաշրջանում. «Դրանք թույլ տվեցին շատ հարցերում, այն քայլերի կողքին, որոնք նախաձեռնվեցին այդ թվում նաեւ մեր երկրի կողմից, կանգնեցնել այդ արյունահեղ իրավիճակը։ Այն տեղափոխել քաղաքական երկխոսության հուն... Եվ անխտիր բոլոր կողմերի համաձայնությամբ ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում ընդունվեց՝ մնացած բոլոր հարցերը, ներառյալ տարածքների ազատագրման եւ քաղաքական կարգավորման հարցը, լուծել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանման միջոցով։ Հենց որ մենք առաջ ընթանանք այս ուղղությամբ, ես համոզված եմ, որ կարգավորումը սարերի հետեւում չի լինի»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի այս արտահայտությունների համատեքստում խորհենք, թե ինչ է նշանակում Ալիեւի «չաշխատող միջազգային իրավունքի» մասին պնդումը։ Ի՞նչ է դրանով ուզում ասել ապշերոնյան նորաթուխ սուլթանը։ Մի՞թե թքած ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների՝ Ղարաբաղյան հակամարտության մասին հինգ հայտարարությունների վրա։ Մի՞թե ադրբեջանական ղեկավարությունը գրոշի արժեք չի տալիս Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի՝ 2016թ. հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման արդյունքներին։
Ընթերցողներին հիշեցնենք Կրեմլի կայքի այն տեղեկության մասին, որում նշվում էր, որ 2016թ. հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքներով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարությամբ հաստատել են Վիեննայում 2016թ. մայիսի 16-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական վերջին գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ուղղված Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը եւ այն մթնոլորտի ձեւավորմանը, որը կնպաստի խաղաղ գործընթացի առաջմղմանը։ Այդ նպատակով նրանք պայմանավորվել են, մասնավորապես, ավելացնել միջազգային դիտորդների թիվը հակամարտության գոտում։
Այս ֆոնին ընթերցողի համար, բնականաբար, հարց կառաջանա. իսկ ո՞ր համաշխարհային առաջնորդն է համատեղ ընդունված պայմանավորվածություններից հետո քարտ-բլանշ տվել Ալիեւին՝ հրահրելու, ավելին՝ տեղեկատվական առումով նախապատրաստվելու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության դեմ նոր պատերազմ սանձազերծելու համար։ Պատասխանը միանշանակ է՝ ոչ ոք։ Իսկ գուցե ապշերոնյան սուլթանը սպասում է Թուրքիայի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որոնք տեղի են ունեցել հունիսի 24-ին։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ ադրբեջանա-ղարաբաղյան նոր պատերազմի սանձազերծումը լիովին ցանկալի է Թուրքիայի առաջնորդ Էրդողանի համար։
Կցանկանայի ուշադրություն հրավիրել մի շատ էական հանգամանքի վրա, այն է. միջազգային եւ փորձագիտական հանրության առօրեական, անհաղորդ վերաբերմունքը Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու իրական սպառնալիքին։ Բավական է ընդամենը կարդալ ամենատարբեր պորտալների կայքերի հոդվածների վերնագրերը. «Պատերազմը Ղարաբաղում անխուսափելի է» (news24today.info, 18 հունիսի 2018թ.), «Պատերազմը Ղարաբաղի համար կարող է սկսվել ցանկացած պահի՞» (www.rosbalt/ru/world, 1 մարտի 2018թ.), «Պատերազմի դեպքում ադրբեջանական բանակը Նախիջեւանում ի զորու է ինքնուրույն վերցնել «Մեղրիի միջանցքը» (eurussian-defence.ru), «Ռուս փորձագետ. «Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի Ղարաբաղի համար» (http://azru.org, 14 հունիսի 2018թ.)։ Ցավոք, իրադարձությունների հնարավոր զարգացման նման շեշտադրմամբ հրապարակումների ցանկը կարելի է անընդհատ շարունակել։
Տագնապեցնում է այն, որ հեղինակներից շատերն իրենց եզրահանգումները հիմնում են պաշտոնական Բաքվի հայտարարությունների վրա, որոնք... անարձագանք են մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների եւ միջազգային այլ կազմակերպությունների ղեկավարների կողմից, որոնք բուռն եւ ակնթարթորեն արձագանքում են «չարտոնված հանրահավաքների ժամանակ քաղաքացիների ազատ տեղաշարժի» տարատեսակ խախտումներին, ցասումով դատապարտում են «չափից ավելի ուժի կիրառման դեպքերը չարտոնված քայլերթերը ցրելիս» եւ այլ տեսակի իբր իրավախախտումները։
Մինչդեռ, երբ ադրբեջանական ղեկավարությունը անթաքույց հայտարարում է բացահայտ պատերազմի պատրաստվելու մասին, մարդու իրավունքների պաշտպանության ջատագովները, չգիտես ինչու, միահամուռ լռում են՝ իրենց վերաբերմունքով ակամա ցույց տալով, որ կյանքի իրավունքը նրանց համար այնքան կարեւոր չէ, որքան հանրահավաքներ իրականացնելու եւ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը։ Ի՞նչ է սա։ Ագրեսորին խաղաղեցնելու ապիկար քաղաքականության ժամանակակից խմբագրո՞ւմ, երբ տարբեր տեսակի իրավապաշտպան կազմակերպությունները՝ հեղինակավոր միջազգային խորհուրդների եւ կազմակերպությունների հետ միասին, իրենց լռությամբ ըստ էության ջուր են լցնում ագրեսորի, ասել է թե՝ Ադրբեջանի ջրաղացին։
Մի՞թե Ադրբեջանի թիկունքին կանգնած տիկնիկավարները հույս ունեն, թե արհեստականորեն հրահրվող լարվածություն սադրելով մի կողմից՝ Ադրբեջանի, մյուս կողմից՝ Հայաստանի եւ Արցախի միջեւ, կկարողանան էլ ավելի ամրապնդվել Հարավկովկասյան տարածաշրջանում՝ հետագայում դեպի Կենտրոնական Ասիա թռիչք կատարելու հեռանկարով։ Իսկ գուցե հույս ունեն, թե իրենց նենգ քաղաքականությամբ կկարողանան հակամարտությունում ներգրավել Հայաստանի ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանին, իսկ վերջնարդյունքում հույս են փայփայում դառնալ առանցքային ֆիգուր Ռուսաստան-ԱՄՆ, Ռուսաստան-Եվրամիություն հարաբերություններում։
Կարծում եմ՝ կասկածից վեր է, որ մեկ ազգ-երկու պետության՝ հանձինս Թուրքիայի եւ Ադրբեջանի, քաղաքականությունն ու գործողությունները եթե համարժեք գնահատական չստանան գոնե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների կողմից, ապա պատերազմի հորձանուտում կներքաշվեն ոչ միայն Ադրբեջանը, Հայաստանը եւ Արցախի Հանրապետությունը, այլեւ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Ավաղ, իրավիճակի նման զարգացումը, որքան էլ որ սրբապղծորեն հնչի, բխում է համաշխարհային քաղաքականության ուժի գոնե մեկ կենտրոնի շահերից։
Ամփոփելով վերը շարադրվածը՝ կարելի է տագնապով փաստել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փաստորեն արդեն հայտարարել է Արցախի դեմ նոր պատերազմ սանձազերծելու մասին։ Պատերազմն սկսելու կոնկրետ ժամկետի մասին կհայտարարի այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, ըստ ամենայնի՝ Թուրքիայի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
Ազգային ժողովի պատգամավոր