ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ

06.06.2018, Հայոց աշխարհ

 

Եվ այսպես. հունիսի 1-ին հավանության արժանացավ կառավարության ծրագիրը։ Պարտքս եմ համարում անդրադառնալ ծրագրի առանձին դրույթների, որոնց իրականացումը վճռական նշանակություն պետք է որ ունենա ընդհանուր առմամբ այդ փաստաթղթում ձեւակերպված խնդիրների կատարման համար։

Այդ նպատակով դիտարկման ենթարկենք ծրագրում տեղ գտած, ըստ իս, ամենախոցելի հարցադրումները։ Այսպես, ծրագրի 1-ին բաժնում, որը վերնագրված է «Կառավարության գործունեության հիմնական ուղենիշերը», առաջադրված ուղենիշերի թվում նշված են. «Տնտեսության ներառական աճի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը, աղքատության հաղթահարումը»։ Համաձայնենք, որ սա ձեւակերպված, իրագործման համար խիստ հրատապ ու պահանջված խնդիր է։

Միանգամայն բնական կլիներ ծրագրի հետագա շարադրանքում նշել այս խնդրի լուծման կոնկրետ ուղիները, օրինակ, 6-րդ բաժնում, որը վերնագրված է «Տնտեսական շարունակական զարգացում»։ Սակայն այս բաժինն ուշադիր ընթերցելիս հանգում ես այն մտքին, որ ծրագիրը կազմողները չեն հասկանում իրենց իսկ ներկայացրած տնտեսության ներառական աճի խնդրի էությունը։ Նման եզրահանգման հիմք է տալիս թեկուզեւ այն, որ, ծրագրում բացակայում է ամբողջական պատկերացումը ներառական տնտեսական աճի բուն էության վերաբերյալ:

Օրինակ, 6.3 ենթաբաժնում ասվում է. «Մինչդեռ, հարկավոր է կիրառել տնտեսական զարգացման եւ ստեղծված արժեքի բաշխման այնպիսի մոդել, որը հնարավորություն կտա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իր վրա զգալու տնտեսական աճի հետեւանքները»։ Կամ էլ այն դրույթը, թե՝ «Ըստ այդմ՝ կառավարությունը կարեւորում է տնտեսական զարգացման սոցիալական էֆեկտը»։ Բայց չէ՞ որ այս հարցադրումները ներառական զարգացման ինդեքսի (Inclusive Development Index) մաս կազմող բնութագրիչներն են, որոնք դրված են ներառական տնտեսական զարգացման հիմքում, որին անցնելու անհրաժեշտության մասին խոսվում է 1-ին՝ Հիմնական ուղենիշերի բաժնում։

Մինչդեռ, ծրագրում չկան կոնկրետ ձեւակերպում ունեցող խնդիրներ եւ դրանց լուծման ուղիներ IDI-ը կազմող մյուս 10 բնութագրիչների (12-ից) մասով, որոնք սահմանում են երկրի տնտեսության՝ ներառական տնտեսական աճի անցնելու մակարդակը։

Այլ օրինակ։ 6.2 բաժնում պետական եկամուտների քաղաքականության գլխավոր ուղղությունը եւ գերակայությունները հանգեցվում են նրան, որ. «Ազգային տնտեսության ներդրումային գրավչության եւ տնտեսական աճի ապահովման նախադրյալների ձեւավորման տեսանկյունից խիստ կարեւորվում է հնարավորին չափ կայուն եւ կանխատեսելի հարկային միջավայրի ձեւավորումը, գործարար միջավայրի շարունակական բարելավումը։ Տնտեսության իրական հատվածում ներդրումների կատարումը խթանելու նպատակով բազմակողմանիորեն ուսումնասիրվելու են կապիտալի եւ եկամտի հարկումից աստիճանաբար սպառման հարկման վրա շեշտադրում կատարելու հնարավորությունները»։

   Ծրագրի հեղինակներին կցանկանայի հիշեցնել, որ համընդհանուր ընդունված մեթոդաբանությամբ, ներդրումային գրավչությունը, առաջին հերթին, որոշվում է երկրի միջազգային ներդրումային դիրքով, որը բնութագրվում է արտաքին ֆինանսական ակտիվների եւ երկրի պարտավորությունների հարաբերակցությամբ։ Եվ ահա, այս հարցերի նախնական վերլուծությունը եւ ներդրումային գրավչության բարձրացմանն ուղղված խնդիրների ձեւավորումը ծրագրի հեղինակները հանգեցնում են սոսկ հարկային ոլորտի կարգավորմանը։

   Որեւէ կերպ չնվազեցնելով կանխատեսվող հարկային միջավայրի նշանակությունը տնտեսական աճի նախադրյալների ստեղծման համար, ինչպես նշված է ծրագրում, այնուամենայնիվ, նշենք, որ ուշադրություն է գրավում մի բավական էական թերություն։ Ծրագրում կարեւորվում է գործարար միջավայրի բարելավման առանձին գործոնների, հարկերի հավաքելիության, ստվերային տնտեսության կրճատման վրա՝ առանց այս հարցերը երկրում իրականացվող հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության հետ կապելու։ Նման մոտեցումը վերջնարդյունքում հանգեցնում է այն մտքին, որ ծրագրում ներառական տնտեսական աճի հետ կապված խնդիրների լուծումը հանգեցվում է տնտեսության տարբեր բնագավառներում եւ սոցիալական ոլորտում գործերը բարելավելուն ուղղված բարեհունչ կարգախոսների հռչակմանը՝ չպարզելով կոնկրետ առաջադրված խնդիրներն իրագործելու ֆինանսավորման աղբյուրներն ու մեխանիզմները։

   Ցավոք, բարի ցանկությունների շարքին կարելի է դասել նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը, որին նվիրված է ծրագրի 4-րդ բաժինը։ Այստեղ եւս որեւէ համակարգված մոտեցում չկա, մինչդեռ մի շարք երկրներում արդեն հաջողությամբ իրականացվում են կոռուպցիայի դեմ համակարգված պայքարի կազմակերպման խնդիրները, այդ թվում՝ նաեւ տնտեսությունը ստվերից դուրս բերելու հարցերը։

   Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի՝ ծրագրի առաջարկած միջոցները՝ կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մասնագիտացված մարմնի ստեղծումը, որը հնարավորություն կունենա ոչ միայն մշտադիտարկում, վերահսկողություն եւ ուսումնասիրություն իրականացնել, այլեւ կունենա հետախուզական գործունեություն, նախաքննություն եւ քննություն անցկացնելու լիազորություններ, կարող են ընկալվել սոսկ որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիքներից մեկը, ոչ ավելին։ Այստեղ կրկին անհրաժեշտություն կա մշտական հիմունքներով աշխատանք իրականացնել կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու համակարգ մշակելու առումով՝ այդ համակարգի արդյունավետ գործունեության ապահովման մեխանիզմների ներդրմամբ, այլ ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու կոչերով։

   Լուրջ մտահոգություն է առաջացնում ծրագրի 3-րդ բաժինը, որը վերնագրված է «Արտաքին եւ ներքին անվտանգության ապահովում»։ Այն կազմված է երեք ենթաբաժնից. զինված ուժեր, արտաքին քաղաքականություն եւ ներքին անվտանգություն։

   Ծանոթանալով, օրինակ, «Արտաքին քաղաքականություն» ենթաբաժնին (3.2), ակամա մտովի տեղափոխվում ես մի ինչ-որ վիրտուալ աշխարհ, որտեղ չկան նշված մարտահրավերները՝ պայմանավորված Ռուսաստանի դեմ հայտարարված պատժամիջոցներով, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, նրա անվտանգության երաշխավորը, կամ էլ չկա անդրադարձ իրավիճակի ծայրահեղ բեւեռացմանը Իրանի շուրջ՝ պայմանավորված «միջուկային գործարքից» ԱՄՆ-ի դուրս գալով, ինչը լուրջ բարդություններ առաջացրեց ԱՄՆ-ԵՄ հարաբերություններում։

   Ծրագրի հեղինակների ուշադրությունից դուրս են մնացել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մեկ շաբաթվա ընթացքում ուղարկած երկու նամակները։ Ընդ որում՝ հատկանշական է, որ ս.թ. մայիսի 26-ով թվագրված առաջին նամակում Դ.Թրամփը շնորհավորել է իր պաշտոնակցին եւ ադրբեջանցի ժողովրդին առաջին հանրապետության կազմավորման 100-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ «առաջիկա ամիսները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներ կբացեն, ինչն ավելի լավ պայմաններ կստեղծի ամերիկա-ադրբեջանական համագործակցության ընդլայնման համար»։ Այս բառերի տրամաբանությունից հետեւում է, որ «ավելի լավ պայմանների ստեղծումը ամերիկա-ադրբեջանական համագործակցության ընդլայնման համար» ենթադրում է հակամարտության կարգավորում այնպիսի պայմաններով, որոնք կբավարարեն ադրբեջանական կողմին։ Նշենք, որ ԱՄՆ նախագահը չի շնորհավորել Հայաստանի ղեկավարությանը եւ հայ ժողովրդին Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի առիթով։

   Իսկ Դ.Թրամփի՝ ս.թ. մայիսի 30-ով թվագրված երկրորդ նամակը Ի.Ալիեւին ուղարկվել է Հարավային գազային միջանցքով առաջին անգամ գազ անցկացնելու առիթով։ Այդ նամակում, մասնավորապես, ասված է. «Ադրբեջանի խոշոր նավթահանքերը կայունություն են բերում համաշխարհային էներգետիկ շուկայում։ Գազի արդյունահանումը ձեր երկրում իր ավանդն է բերում Թուրքիայի եւ Եվրոպայի տնտեսական անվտանգության գործում»։ Բնավ պատահական չէ, որ հիշատակեցի այս մասին։ Դեռեւս 2018թ. հունվարի 30-ին https://rueconomics.ru/303980 էլեկտրոնային պորտալում հրապարակվեց հետաքրքիր հոդված՝ բավական միանշանակ խորագրով. «Հարավային գազային միջանցքը Եվրոպայում Ռուսաստանի նոր նախագծերը խափանելու ԱՄՆ թանկ փորձը դարձավ»։

   Մեջբերում կատարենք այդ հոդվածից. «Հարավային գազային միջանցքի մոտավոր արժեքը բանակցություններն սկսելու պահին կազմում էր ավելի քան 45 միլիարդ դոլար... Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ 45 միլիարդ դոլարի կաշառք, որը ԱՄՆ-ը տալիս է Ադրբեջանում իրեն հարմար ռեժիմին»։ Այս ֆոնին, կարծում եմ, ծրագրում արժեր գոնե հիշատակել վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված՝ Հայաստանի համար հնարավոր մարտահրավերները, ավելին՝ հնչեցնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ նոր ռազմական ագրեսիայի հրահրման վտանգի մասին։ Ընդ որում՝ արժեր հստակ մատնանշել, որ նման ագրեսիա սկսվելու դեպքում այն անխուսափելիորեն կհանգեցնի հակամարտությանը Ադրբեջանի ռազմավարական դաշնակցի՝ Թուրքիայի եւ Հայաստանի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի ներգրավմանը։

   Մինչդեռ արդեն գաղտնիք չէ, որ ներկա բարդ փուլում լարվածության ստեղծումը ռուս-թուրքական հարաբերություններում, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ զարգացող եւ խորացող ռազմաքաղաքական եւ տնտեսական հարաբերությունների պայմաններում, լիովին համապատասխանում է համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի կենտրոնի ռազմավարական շահերին։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ղեկավարների համաձայնեցված դիրքորոշումը սիրիական կարգավորման հարցում, 2018թ. ապրիլի 4-ին Անկարայում, Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների հետեւողական կատարումը չեն արժանանում ԱՄՆ գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի հավանությանը։

   Կարծում եմ, որ արդարացված կլիներ, եթե ծրագիրը կազմողները «Արտաքին քաղաքականություն» ենթաբաժնում նշեին այնպիսի միջոցառումների, արտաքին քաղաքական նախաձեռնությունների եւ ակցիաների անցկացման մասին, որոնք իրենց ամբողջության մեջ կամրապնդեին այն գնահատականը, որը ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը տվել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Նա ասել է. «Հայաստանը եւ Եվրամիությունը երբեք այնքան մոտ չեն եղել, որքան այժմ» (Եվրոպական պլանավորման կոնֆերանսի մասնակիցներին ուղղված տեսաուղերձից, 12 մարտի 2018թ.- Ա.Գ.)։

   Ինչպես նաեւ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գնահատականը, որը նա հնչեցրել է ս.թ. ապրիլին հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։ «Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի եւ Հայաստանի երկկողմ հարաբերությունների զարգացումը վերջին տասնամյակներին» հարցին Սերգեյ Լավրովը պատասխանել է. «Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները դաշնակցային, ռազմավարական գործընկերության հարաբերություններ են։ Այս եզրերը իրենց հաստատումն են գտել երկկողմ պայմանագրերում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) փաստաթղթերում։ Այս կապերը ներառում են, առանց բացառության, պետությունների գործունեության բոլոր ոլորտները, մեր ժողովուրդների կենսագործունեության բոլոր բնագավառները՝ անվտանգության քաղաքականությունից, արտաքին քաղաքականությունից մինչեւ մշակույթ, տնտեսություն, տեխնոլոգիական շփումներ, հումանիտար կապեր, կրթություն եւ այլն»։

   Ցավոք, պաշտոնական Բրյուսելի եւ Մոսկվայի այս բարձր գնահատականների էությունը խորապես հասկանալու փոխարեն ծրագրում կարդում ենք կարծրատիպային, ոչ մեկին եւ առարկայական որեւէ բանի չպարտավորեցնող դրույթների ցանկ, առանց որեւէ մեսիջի գոնե Թուրքիային եւ Ադրբեջանին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»։

   Կարելի է էլի շարունակել ծրագրի առանձին ուղենիշերի եւ բաժինների վերլուծությունը, բայց, կարծում ենք, դրա անհրաժեշտությունը չկա։ Ներկայացված ծրագիրը, ցավոք, կազմված է առանց ներկա փուլում Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը վերլուծության ենթարկելու, առանց առարկայորեն նշելու երկրի տնտեսության «նեղ» տեղերը եւ դրանց հաղթահարման ուղիները։ Ծրագրում չկա գերակայությունների, նպատակների, նպատակային ցուցիչների եւ հանապազօր խնդիրների տեսլական եւ սահմանում, որոնք պահանջում են լուծում ամենակարճ ժամկետում, ինչպես նաեւ չեն նշված դրանց իրագործման ուղիները, էլ չեմ ասում պետական մարմինների ռազմավարական պլանների եւ ծրագրում նշված զարգացման նախագծերի ռեսուրսային ապահովման մասին։

   Այսպիսով, մենք իրավունք ունենք պնդելու, որ ծրագրում հաշվի չի առնվել ծրագրային փաստաթղթերի մշակման՝ բոլորի կողմից ընդունված մեթոդաբանությունը ներքին եւ արտաքին ոլորտներում առկա գործոնների եւ միտումների վերհանման հիման վրա. նշված չէ երկրի զարգացման հնարավորությունների եւ պոտենցիալ սպառնալիքների շրջանակը; հստակ սահմանված չեն այն խնդիրները, որոնց լուծումն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման համար։

   Այս հարցերի ողջ համալիրը տագնապալի զգացողություններ է առաջացնում, եւ ակամա մտաբերում եմ Սենեկայի պատկերավոր արտահայտությունը. «Եթե չգիտես, թե դեպի որ նավահանգիստն ես նավարկում, ոչ մի քամի էլ համընթաց չէ»...

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги