ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄՏՆԵԼ ԸՆՏԱՆԻՔ ԱՐՀԵՍՏԱԾԻՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ

28.11.2017, Հայոց աշխարհ

Մեր իրականության մեջ առկա բազմաքանակ պրոբլեմներից «գտնվել է» մեկը, իր լուծման հրատապությամբ այնքան օրախնդիր, որ ինչ-ինչ ուժերի կողմից արհեստականորեն ու մեծ թափով առաջ է մղվում` հանրության մեջ առաջացնելով սուր ու անհաշտ բանավեճ:

   Խոսքը «Ընտանեկան բռնության մասին» օրինագծերի աղմկահարույց փաթեթի մասին է: Աբսուրդը սկսվում է հենց վերնագրերից: Ի՞նչ է նշանակում «ընտանիքում համերաշխության վերականգնման օրենք»: Համերաշխություն ընտանիքում կամ կա, կամ չկա: Եվ շատ հաճախ ո՛չ հարազատները, ո՛չ բարեկամներն ու ընկերներն այդ հարցը չեն կարողանում լուծել, էլ ուր մնաց՝ ինչ-որ լիազոր մարմին, աջակցության կենտրոն կամ էլ` ոստիկան:

   Ու ընդհանրապես, ընտանիքի հարցերի մեջ մտնել չի կարելի ո՛չ մի, նույնիսկ ամենահումանիստական նկատառումներից ելնելով, առավելագույնը ինչ կարելի է` դա խորհուրդ տալն է:

  Մյուս կողմից, կա՞ մեր իրականության մեջ այն երեւույթը, որի մասին ահազանգում են փաթեթի կողմնակիցները: Ցավոք սրտի` կա: Բայց չէ՞ որ բռնության մենք հանդիպում ենք ամենատարբեր հարաբերություններում, ու դրա դիմաց պայքարի միջոցներն արդեն իսկ կանոնակարգված են տարբեր օրենքներով, այդ թվում` Քրեական օրենսգրքով:

   Հիմա ի՞նչ եղավ, ի՞նչը փոխվեց, որ այս օրինագծերի փաթեթը դարձավ այսքան հրատապ ու անհետաձգելի:

   Սկսենք պատճառներից, անդրադառնանք խնդիրներին, վեր հանենք նպատակները եւ վերջում կտամ լուծումների իմ տարբերակները, այնպես, ինչպես տեսնում եմ:

   Եվ այսպես, վերհիշելով հանճարեղ Լեւ Տոլստոյի. «Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի» խոսքերը, այնուամենայնիվ փորձենք բռնության ցուցաբերման պատճառները բաժանել 3 խմբի։

   Առաջին խմբում հոգեկան շեղումներ ունեցող մարդկանց կողմից կատարվող բռնություններն են, եւ այսպիսիք այնքան էլ շատ չեն մյուսների համեմատ: Միաժամանակ, դրանց դեմ պայքարի միջոցներն արդեն իսկ լիովին կանոնակարգված են մեր օրենսդրությամբ եւ լրացուցիչ, այն էլ այսօր սեղանին դրված այսպիսի բազմիմաստ օրենքների ընդունման անհրաժեշտություն չկա այս դեպքերի համար:

   Երկրորդ խումբն այն դեպքերն են, երբ ընտանիքում սեր չկա, եւ, միգուցե, ի սկզբանե չի էլ եղել: Այս դեպքերի համար նույնպես կան համապատասխան գործընթացներ, որոնց մասին որեւէ նոր բան ասելու կարիք չկա: Ինչպես ժողովուրդն է ասում. զոռով սիրելի չես լինի...

   Երրորդ խումբն ամենաբազմաքանակն է, դրանք սոցիալական պատճառներն են, այլ կերպ, ժողովրդի լեզվով ասած` երբ գործերը լավ չեն: Մեղմ ասած, սոցիալ-տնտեսական վիճակն այսօր մեր երկրում լավագույնը չէ, մարդիկ աղքատ, անհույս, անհեռանկար, կոտրված վիճակներում ոչ միշտ են կարողանում իրենց ադեկվատ պահել, այստեղից էլ երբեմն առաջանում են նման երեւույթներ:

   Այս մարդկանց հարկավոր է օգնել ու աջակցել, մինչդեռ առաջարկվող օրինագծերի ամբողջ փաթեթը պատժելու մասին է` հեռուն գնացող նպատակներով, թաքնված ծուղակներով, ստորջրյա խութերով եւ այն միտումով, թե հայկական ընտանիքներում չկա համերաշխություն: Ընդ որում՝ հարկավոր է քաջ գիտակցել, որ մեր երկրում եւ այլ երկրներում, մասնավորապես Եվրոպայում, բռնության պատճառներն էապես տարբերվում են: Նաեւ շատ լավ պիտի հասկանանք, որ դասական եվրոպական ու Եվրամիության հռչակած արժեքներն ամենեւին էլ նույնը չեն:

   Հիմա ի՞նչ, հերթական անգամ փորձում ենք Հռոմի պապից ավելի կաթոլի՞կ երեւալ, թե՞ կան ավելի ծածուկ, հեռուն գնացող նպատակներ: Թերեւս` երկրորդը:

   Ահա թե ինչ խնդիրներ են առկա օրինագծերի մեջ: Ըստ էության, չկա մի դրույթ, որը մի այլ իրավանորմով չի կարգավորվում, ընդ որում` առանց որակումներ տալու եւ ընտանիք ներխուժելու: Տոտալ վերահսկողության նպատակո՞վ: Գործող օրենսդրությունը ոչ միայն բավարար է պատժելու, այլեւ կանխելու ցանկացած բռնության դեպք: Որպես ապացույց վերցնենք ցանկացած դրույթ եւ այնտեղ կտեսնենք երկակի, նույնիսկ բազմակի իմաստ ու տարատեսակ մեկնաբանության հնարավորություն:

   -Ի՞նչ է նշանակում դիտավորյալ ֆիզիկական տառապանք հասցնել. ոնց ուզես` կարող ես մեկնաբանել: Տնտեսական կամ հոգեբանական բռնությունն ընդհանրապես անհասկանալի է կամ էլ բազմիմաստ: Անգամ հոգեբանների ասոցիացիաները, միջազգային կազմակերպությունները չունեն այդ երեւույթների հստակ ձեւակերպումը:

   Ի դեպ ասեմ, որ Բիլ Գեյթսն ու Մարկ Ցուկերբերգը, ովքեր իրենց տներում երեխաներին արգելել են համակարգիչների ու սոցիալական ցանցերի օգտագործումը, առաջինները կընկնեն այս օրինագծերով նախատեսվող գործողությունների հարվածի տակ, քանի որ, փաստորեն, կիրառում են հոգեբանական բռնություն:

   -Եվ կամ այդ երբվանի՞ց անտեսումը դարձավ իրավական տերմին ու պատժի ենթակա արարք:

   -Այդ ի՞նչ հիմքով եք պատրաստվում մարդուն, թեկուզ ժամանակավոր, սեփականության իրավունքից զրկել` առանց դատարանի որոշման:

   -Ի՞նչ է նշանակում սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություն եւ, եթե դա հանցագործություն է, ապա ի՞նչ գործ ունի այս փաթեթում:

   -Ինչո՞ւ է ներմուծվել առանց տուժողի բողոքի քրեական գործի հարուցման դրույթն այն դեպքում, երբ նախկինում այդպիսի բողոքի առկայությունը պարտադիր էր:

   -Կամ էլ` ինչո՞ ւ եւ ինչպե՞ ս պիտի պարտադիր հաշվի առնվի մինչեւ 10 տարեկան երեխայի կարծիքը, ա՜յ քեզ նորամուծություն:

   -Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն սույն օրենսգրքով սահմանված դեպքերում` առողջության եւ բարոյականության պաշտպանության նպատակով: Սա՞ ինչ էր: Դատեք ինքներդ:

   Դիտարկենք ընդամենը մի իրավիճակ. Ընտանիք է, բնակվում են մի բնակարանում- ամուսինը, կինը, 2 երեխա, ամուսնու ծնողները: Ամուսինը բռնություն է գործադրել, որոշ ժամանակով մեկուսացրել են ընտանիքից: Այդ ընթացքում կինը ամուսնու ծնողների հետ շարունակում է համատեղ բնակվել, հետո ամուսինը վերադառնում է եւ ընտանիքում վերականգնվում է համերաշխությունը: Աբսուրդի թատրոն է, բայց, ավելի շուտ` միտում:

   Հիմա լուծումների մասին:

   Ըստ էության, դրանց ուղղությունն արդեն տվել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը 2017թ. հոկտեմբերի 11-ին Սոչիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում իր ելույթում. «Մենք աջակցում ենք ռուսական կողմի ներկայացրած Ընտանիքի ինստիտուտին եւ ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության մասին հայտարարությանը` հրաշալի գիտակցելով, որ ընտանիքի ինստիտուտը հասարակության հիմքն է, ինչպես նաեւ ժողովուրդներին միավորող գործոն»:

   Առաջնորդվելով այս հայտարարությանբ, առաջարկում եմ ընդունել «ՀՀ պետական ընտանեկան քաղաքականության Հայեցակարգ» եւ «Ընտանիքի պետական պաշտպանության մասին» օրենք: Երկու փաստաթղթերի նախագծերն էլ իմ կողմից արդեն պատրաստվել են: Ավելին՝ այս հիմնադիր փաստաթղթերը կարող են մաս կազմել այն կարեւորագույն ռազմավարական նախաձեռնությանը, որն առաջ է քաշել նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի կայունացման ու զարգացման ոլորտում:

   Կարծում եմ, որ բոլորիս ջանքերը առաջիկա տարիներին ու տասնամյակներին պիտի ուղղված լինեն այս կարեւորագույն խնդրի լուծմանը:

  

   ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ

   «Ազգային Միաբանություն կուսակցության» փոխնախագահ,

   Ազգային ժողովի IV գումարման պատգամավոր

Последние видеоматериалы

Новые книги