ՄԵԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲՆ Է ԴՐՎԱԾ

07.11.2017, Հայոց աշխարհ

Նախորդ շաբաթ՝ նոյեմբերի 2-ին, խորհրդարանում անցկացված հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը հոբելյանական էր. հայ եւ ռուս խորհրդարանականները 30-րդ անգամ ի մի էին եկել քննարկելու` ի՞նչ է արվել հաշվետու ժամանակաշրջանում եւ ի՞նչ անել երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար։

Մեր հարցերին ի պատասխան՝ նիստի ընթացքում արծարծված խնդիրներին անդրադառնում է միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ։

-Ըստ ձեզ, ՌԴ Դաշնային ժողովի եւ Ազգային ժողովի 30-րդ նիստն ինչո՞վ էր տարբերվում նախորդ 29 նիստերից, ընդհանրապես որեւէ բանով տարբերվո՞ւմ էր, թե՞ ոչ։

-Այդ հարցին պատասխանելու համար բավական է ընթերցել նիստի ընդունած համատեղ արձանագրությունը։ Փաստաթղթում, ըստ էության, առաջին անգամ ուղղակիորեն նշված է, թե որոնք են այն չօգտագործված հնարավորությունները, որոնց իրացման դեպքում Հայաստան-Ռուսաստան համագործակցությունը որակապես նոր մակարդակի վրա կհայտնվի, նաեւ այն աղբյուրները, որոնք գործի դնելով՝ կկարողանանք հայ-ռուսական ներդրումային լուրջ ծրագրեր իրականացնել։

Մասնավորապես ռուսական կողմն արձանագրության իր տարբերակում հիշատակել էր ռուսական կապիտալով աշխատող այն ձեռնարկությունները, որոնք այս ընթացքում լուրջ հաջողություններ են արձանագրել, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա», «Բիլայն», «Ռուսալ» ընկերությունները, Հարավկովկասյան երկաթուղին, եւ արձանագրել, որ 2017թ. առաջին կիսամյակում մեր տնտեսության մեջ ընդհանուր առմամբ 5 միլիոն 500 հազար դոլարի ներդրումներ են կատարվել, ինչը, իհարկե, ողջունելի է։ Բայց դրա հետ մեկտեղ կան չօգտագործված ռեսուրսներ, որոնց մասին խոսելու պատիվը երեւի թե մեզ էր վերապահված։

Ես մինչեւ նիստի մեկնարկը ամենայն ուշադրությամբ ուսումնասիրեցի Ռուսաստանի արտաքին տնտեսական գործունեության ծրագրերը թե՛ 2016, թե՛ 2017թթ. առաջին կիսամյակներում, բնականաբար օգտվելով ռուսական պաշտոնական աղբյուրներից, մասնավորապես պետական վիճակագրական ծառայության պաշտոնաթերթերից։ Համադրեցի դրանք կառավարության պաշտոնական տեղեկագրքերում եղած տվյալների հետ, ու շատ հետաքրքիր պատկեր ի հայտ եկավ։

Եթե 2015թ. հունվար-դեկտեմբերին Ռուսաստանից զուտ ներդրումների հոսքերը կազմել են 27 մլրդ 733,3 մլն դրամ կամ 58,03 մլն ԱՄՆ դոլար, որից ուղղակի ներդրումները՝ 35 մլրդ 983,3 մլն դրամ կամ 75,29 մլն ԱՄՆ դոլար, ապա 2016թ. հունվար-դեկտեմբերին Ռուսաստանից ներդրումների զուտ հոսքերը կազմել են մինուս 52 մլրդ 10,2 մլն դրամ կամ 108,8 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ուղղակի ներդրումները կազմել են մինուս 26 մլրդ 290,5 մլն դրամ կամ 55 մլն ԱՄՆ դոլար։

-Այսինքն՝ ներդրումներն այդքանով պակասե՞լ են։

 -Այսինքն՝ նախկինում կատարված ներդրումներից ռուսական ընկերությունները որոշակի եկամուտներ են ստացել, եւ դրանց գոնե մի մասը չեն հատկացրել զարգացման ծրագրերին՝ չեն ընդլայնել իրենց բիզնեսը, նոր ներդրումներ չեն իրականացրել տնտեսության նոր ճյուղերում, այլ ամբողջությամբ երկրից դուրս են հանվել. միայն 2016թ. Հայաստանից դուրս է բերվել 108 միլիոն դոլար, որից ուղղակի ներդրումները կազմել են մինուս 55 միլիոն ԱՄՆ դոլար։

   Այս ամենը մենք ֆիքսում ենք որպես չօգտագործված ռեսուրս եւ ռեզերվ, միաժամանակ ինքներս էլ պարտավորություն ենք ստանձնում ռուսական կողմին ներկայացնել ձեռնարկությունների, ոլորտների, ճյուղերի այն ցանկը, որտեղ ներդրումներ անելով՝ մեկ-երկու տարվա ընթացքում, նախ, կարող են հետ բերել ներդրածը, հետո՝ ինչպեսեւ անցյալ տարի, 108 միլիոն դոլար էլ Հայաստանից դուրս բերել Ռուսաստան։

   Կարող եմ ասել, որ սա աննախադեպ է՝ միջխորհրդարանական հանձնաժողովի նախորդ նիստերում շատ լուրջ հարցեր են քննարկվել, բայց նման առարկայական, թվային տվյալներով, փաստերով ամրապնդված արձանագրություն չի կազմվել։

   -Ձեր ընդդիմադիր գործընկերները կարողացա՞ն ռուսական կողմի «երեսին» ասել այն ամենը, ինչի մասին բարձրաձայնում են մամուլում եւ ԱԺ ամբիոնից՝ ներկայացրի՞ն իրենց մտահոգությունները նման դրսեւորումների վերաբերյալ։

   -Պետք է ասեմ, որ հանձնաժողովի բոլոր անդամները՝ թե՛ ընդդիմադիրները, թե՛ կոալիցիայի ներկայացուցիչները, միանգամայն ճիշտ հարցադրումներ արեցին ռուսական կողմին։ Մասնավորապես նշվեց, որ Հայաստանի պատվիրակները առիթ ընձեռվելու՝ հրավեր ստանալու դեպքում անկաշկանդ այցելում են Ղրիմ. ճիշտ այս օրերին՝ նոյեմբերի 6-7-ը, այնտեղ միջազգային կոնֆերանս է, որի աշխատանքներին մասնակցելու է Հայկ Բաբուխանյանը, ինձ էլ էին հրավիրել, բայց որոշ հանգամանքներ կային՝ այս հանձնաժողովի հետ կապված, դրա համար չգնացի։ Նշվեց նաեւ, որ հանձնաժողովի 15 նիստ տեղի է ունեցել Հայաստանում, եւ գեթ մեկ անգամ Դաշնային Ժողովի պատվիրակները չեն այցելել Արցախ։

   -Առանձին ռուս պատգամավորներ միշտ էլ այցելել են Արցախ՝ չվախենալով ադրբեջանական սեւ ցուցակի մեջ հայտնվելուց։

   -Այո, բայց ո՛չ հանձնաժողովի մակարդակով, որ ի պաշտոնե կոչված է խորացնելու հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցությունը։

   Ազգային ժողովի եւ Դաշնային ժողովի պատգամավորների երկխոսությունը շատ բաց էր եւ անկեղծ։ Եվ դա շատ կարեւոր է՝ եթե այս հարցերը բարձրացվում են, եւ կողմերն անկեղծորեն ամեն ինչի մասին խոսում են, նշանակում է, կա վստահություն, որ մենք բարեկամ երկրի, դաշնակից պետության գործընկերների հետ գործ ունենք, եւ երրորդ աղբյուրից չպետք է լսենք մեզ համար ցավոտ հարցերի, օրինակ՝ Ադրբեջանին զենքի մատակարարումների մասին։

   Այդ հարցին շատ համոզիչ անդադարձ արեց, մասնավորապես, Արման Սաղաթելյանը, որին ներկայացնելիս ուղղակիորեն նշեցի՝ պարոն Սաղաթելյանն Արցախյան ազատագրական շարժման ակտիվ մասնակից է եւ ավելի մոտիկից, քան որեւէ մեկը, կարող է դատողություններ անել այդ հարցերի մասին։

   -Եվ ինչպիսի՞ն էր ռուսական կողմի արձագանքը ձեր բարձրացրած հարցերին։

   -Ուշագրավ է, որ ռուսական կողմն ըմբռնումով մոտեցավ մեր հարցադրումներին, որովհետեւ իրենք անկեղծ մտահոգություն, սկզբունքայնություն տեսան, ոչ թե չարություն։ Ըստ որում՝ ես, որպես Հանրապետական խմբակցության անդամ եւ հանձնաժողովի համանախագահ, բավարարվածություն զգացի, որ ասես մի բռունցք լինեինք՝ այն, ինչ մենք չէինք հասցնում ասել, փոխլրացման կարգով ասում էին մեր ընդդիմադիր գործընկերները, եւ հակառակը։

   Ընդհանրապես հայկական կողմը շատ հարգալից էր Ռիժկովի հանդեպ։ Նա յուրահատուկ դեմք է ռուսական քաղաքականության մեջ, էլ չեմ ասում, որ Հայաստանի ազգային հերոսի կոչում ունի, եւ նրա հանդեպ շատ դրական վերաբերմունք կա, բայց դրա հետ մեկտեղ սկզբունքային հարցերում շատ անկաշկանդ, առանց չարության ամեն ինչի մասին ազատորեն ասվում եւ խոսվում էր։ Եվ մեր կողմից շատ հստակ նշվեց, որ մեզ համար մեծ ցավ է, որ ռուսական զենքից ՀԱՊԿ անդամ դաշնակից պետության զինվորներ են զոհվում։

   Այդ տեսակետից եւս, կարծում եմ, նիստը շահեկանորեն տարբերվում էր գոնե իմ մասնակցությամբ տեղի ունեցած նմանատիպ նիստերից։ Եվ հետաքրքիրն այն է, որ վերջին օրը, երբ արդյունքներն արդեն ամփոփվել էին, պարոն Ռիժկովը խոստովանեց՝ քանի որ առաջին նիստն էր ձեր համանախագահությամբ, ձեզ համար էլ էի ցավում՝ ուզում էի, որ ամեն ինչ լավ լինի, հիմա կարող եմ շնորհակալություն հայտնել՝ փայլուն նիստ անցկացրինք, ինչին միջամտեցին պատվիրակության մնացած անդամները։

   Առանձնահատուկ ուզում եմ նշել հանդիպումը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Նախ՝ մթնոլորտն ինչքան էլ ինքնին շատ ջերմ էր, նախագահը շատ կոշտ արտահայտվեց Սերգեյ Մարկովի լկտի արտահայտությունների մասին եւ ուղղակիորեն ասաց՝ Սերգեյ Մարկովը, որպես այդպիսին, մեզ բնավ չի հետաքրքրում՝ մեզ համար մտահոգիչ է, որ իր զառանցանքը՝ բացահայտ հերյուրանքը, տպագրվում է «Պառլամենտսկայա գազետայում»։

   -Միջխորհրդարանական հանձնաժողովի մյուս նիստը Մոսկվայո՞ւմ է լինելու։

   -Ռուսական կողմը ծրագրում է հունիսի վերջին տեղի ունենալիք 31-րդ նիստի արձանագրային մասը Մոսկվայում անցկացնել, որից հետո, ամենայն հավանականությամբ, նիստը կշարունակվի Մուրմանսկում. ուզում են, որ հայկական կողմն անպայման ծանոթանա ՌԴ ռազմածովային ուժերի, մասնավորապես սուզանավի հետ։

   Դրա հետ կապված՝ իմ կողմից հարց բարձրացվեց. 15 նիստ անցկացվել է Երեւանում, եւ Դաշնային Ժողովի պատվիրակներին ամեն անգամ հնարավորություն է տրվել հանդիպելու հանրապետության նախագահի հետ, հարգելի Նիկոլայ Իվանովիչ՝ թերեւս, ձեր ուժերից վեր չէր լինի կազմակերպել նման մի հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հավատացնում եմ՝ դրանից հետո մեր հանձնաժողովի հեղինակությունը շեշտակի կբարձրանար, հատկապես Ռուսաստանում։ Պարոն Ռիժկովն իր մոտ նշում արեց, եւ հիմա, ինչպես ասում են՝ գնդակն իրենց դաշտում է։

   Կարծում եմ, մեծ աշխատանքի սկիզբն է դրված, եւ եթե հետեւողական լինենք, իսկ մենք այլընտրանք չունենք՝ արձանագրության մեջ ամրագրված պայմանավորվածությունները պետք է կատարվեն, ենթադրում եմ, որ տեղաշարժ կլինի՝ դրական տեղաշարժ մեր եւ Ռուսաստանի հարաբերություններում։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги