ԼԵՔՍԱՆԴՐ ՊՐՈԽԱՆՈՎ, ՄԻ՛ ՎԻՐԱՎՈՐԵՔ ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅԻՆ

29.06.2017, Հայոց աշխարհ

Նկարում՝ Ուղղափառության Միջխորհրդարանական Վեհաժողովի նախագահ Սերգեյ Պոպովը, գլխավոր քարտուղար Անդրեաս Միխայլիդիսը, Իրանի պառլամենտի պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը, Արտաշես Գեղամյանը, Վեհաժողովի խորհրդական Կոստաս Միգդալիսը, «Քաղաքականությունը եւ քաղաքական գործիչները հանուն միասնության» շարժման նախագահ Լետիցիա դե Տորրեն, Վեհաժողովի խորհրդական Վալերի Ալեքսեեւը:

 

Եվ այսպես. 2017թ. հունիսի 25-ին Հռոմում՝ Իտալիայի խորհրդարանի շենքում, բացվեց Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (այսուհետ՝ ՈՒՄՎ) 24-րդ գլխավոր խորհրդաժողովը:

Օրակարգի հիմնական հարցն է. «Գլոբալ ճգնաժամի քրիստոնեական չափումը եւ դրա հաղթահարման ուղիները»: Չեմ թաքցնի, գլխավոր խորհրդաժողովի աշխատանքի առաջին օրը, թվում է, հակասական զգացումներ առաջացրին իմ մեջ: Մի կողմից՝ դա տագնապի եւ խոր մտահոգության զգացողություն էր աշխարհի ճակատագրի համար, որը ցնցվում է ահաբեկիչների՝ ցայժմ չտեսնված գրոհներով, մանավանդ Եվրոպայի երկրներում, Սիրիայում եւ Իրաքում ԻԼԻՊ-ի հայտարարած չդադարող պատերազմի համար: Մյուս կողմից՝ դա հույսի զգացողությունն է՝ կապված քրիստոնյա խորհրդարանականների ընկալման հետ, որ խիստ անհրաժեշտ է միավորել ջանքերը տիեզերական այդ չարիքի դեմ պայքարում:

Եվ ահա, ՈՒՄՎ գլխավոր խորհրդաժողովի առաջին օրվա ելույթների տպավորության ներքո ակամա միանգամայն այլ կերպ ես նայում ահաբեկչության ծագման ակունքներին, փորձում ավելի մանրազնին հասկանալ դրա ծագման պատճառները, գաղափարախոսական դրդապատճառները: Թեեւ ի՞նչ գաղափարախոսական դրդապատճառներ կարող են ունենալ բացահայտ մարդասպաններն ու նրանց գաղափարական ոգեշնչողները:

Վերն ասվածի համատեքստում չէր կարող աչքի չզարնել ադրբեջանական ԶԼՄ-ներում այդ երկիր «արդի Ռուսաստանի գաղափարախոսներից մեկի՝ հայտնի գրող եւ քաղաքական գործիչ Ալեքսանդր Պրոխանովի» այցի լայն լուսաբանումը: haqqin.az-ի պնդմամբ՝ «Բաքվում գտնվելու ժամանակ Ա.Պրոխանովը հանդես է եկել սենսացիոն հայտարարությունների շարքով»:

Ուրեմն, ի՞նչ սենսացիոն հայտարարություններ է արել Ա.Պրոխանովն Ադրբեջանում: Այդ նույն պարբերականի էջերում հունիսի 26-ին հայտնվել է մի հոդված՝ Ալեքսանդր Պրոխանով. «Ինչո՞ւ Ադրբեջանը հետ չի վերցնում իր հողերը» վերնագրով:

   «Արդի Ռուսաստանի գաղափարախոս» Պրոխանովի հայտարարությունների սադրիչ եւ հրահրող բնույթը ցույց տալու համար մի քանի մեջբերում կատարեմ նրա «անմոռանալի» մտքերից. «Հիշում եմ, այնտեղ՝ լեռան վրա, առողջարանը... Ո՞նց դուք կորցրիք Շուշին: Դա հո անառիկ ամրոց էր»: Կամ էլ մեկ այլ անցում «գաղափարախոսի» հերթական օպուսից. «Ե՛վ նախագահ Ի.Ալիեւի, ե՛ւ ինձ վրա շատ ծանր տպավորություն թողեց Ռուսաստանում Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի (ՀԱԿ) փակումը: Ես չեմ հասկանում, թե ինչու դա տեղի ունեցավ:

   Դրա բացատրությունը չկա նաեւ Ադրբեջանում: Այսինքն՝ մի ինչ-որ չար կամքի բան է: Ֆորմալ առումով խոսքը փաստաթղթերի մի ինչ-որ անհամապատասխանության մասին է: Բայց դա հիմարություն է: Մի՞թե հայերն այնքան ուժեղ են, որ կարողացել են տորպեդահարել պուտինյան պատկերացումները մեր երկրների մասին»:

   Իր վրդովմունքն արտահայտելով «Շուշին կորցնելու» մասին՝ Ա.Պրոխանովը անթաքույց սադրելով ռազմական գործողություններ սկսել, այնուհետ եւս զարգացնում է իր միտքը. «Այդ խնդիրը (Ղարաբաղյան հակամարտությունը - Ա.Գ.) կարող էր լուծվել ապրիլին (2016թ.), երբ ձեր զորքերը հարձակման անցան եւ սկսեցին վերադարձնել տարածքները: Ադրբեջանը կարող էր վերադարձնել Ղարաբաղը:

   Բայց հետո նրանք կանգ առան՝ շնորհիվ, «ինչպես ասում են, Մոսկվայի միջամտության»: Եվ իրավիճակը մնաց չլուծված: Այնպես, ինչպես հիմա այն կա, ըստ իս, այն դեռ շատ երկար կլուծվի: Ընդգծեմ. դա՝ եթե ռազմական միջամտությունը բացառվում է: Ի դեպ, ադրբեջանական բանակը հզոր է, եռանդուն, այն մարտական ոգի է ձեռք բերել: Բայց խաղաղ ընթացակարգերը շատ երկարատեւ են լինելու»:

   Թե այդ ուր է այդպես շտապում Ա.Պրոխանովը՝ մտադրվելով նոր սպանդ հրահրել Հարավային Կովկասում՝ այլ վերլուծության թեմա է: Իսկ այստեղ ասենք, թե որն է Ա.Պրոխանովի այսքան անհարգալից վերաբերմունքի պատճառը սեփական երկրի, նրա քաղաքական ղեկավարության հանդեպ: Մի տեսե՛ք, թե ինչի մասին է խոսում նա, մանավանդ 2016թ. հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների հիման վրա արված պաշտոնական հայտարարության ֆոնին:

   Հայտարարությունում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հաստատել են 2016թ. մայիսի 20-ին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ուղղված իրավիճակի կայունացմանը հակամարտության գոտում եւ այնպիսի մթնոլորտի ձեւավորմանը, որը նպաստելու է խաղաղ գործընթացի առաջմղմանը: Մասնավորապես, պայմանավորվել էին ավելացնել միջազգային դիտորդների թիվը հակամարտության գոտում: Կողմերը նաեւ գոհունակություն էին հայտնել վերջին ժամանակներս դիմակայության գոտում պահպանվող հրադադարի ռեժիմի առնչությամբ:

   «Պետությունների ղեկավարները փաստել են մի շարք հարցերի վերաբերյալ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը թույլ կտա ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացն ապահովող պայմաններ ստեղծել»,- ասվում է հայտարարության մեջ:

   Հետո ավելի հետաքրքիր է: Մոսկվայում 2017թ. հունվարի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ադրբեջանական «Լիդեր-TB» հեռուստաալիքի ռուսաստանյան գրասենյակի ավագ թղթակից Անար Հասանովը արտգործնախարար Սերգեյ Լավրովին հարց տվեց այն մասին, թե ինչպիսին կլինի Մոսկվայի դիրքորոշումը «օկուպացված տարածքներում հակաահաբեկչական գործողություն սկսելու եւ օկուպացիոն ուժերից մաքրելու պարագայում, դրա առջեւ աչք կփակի՞ արդյոք Մոսկվան, թե՞ կմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին»:

   Շեշտակի տրված հարցին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց՝ ասելով, որ այդ հարցն արդեն «Ադրբեջանի ներքին գործի թեմա» չի հանդիսանում: Այսինքն՝ Ս.Լավրովն ընդունեց, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղում ուժային գործողություն սկսելու դեպքում հարեւան երկրները դա ընկալելու են որպես ռազմական, բայց ոչ հակաահաբեկչական գործողություն: Քանի որ հակաահաբեկչական գործողություններն իրականացվում են բանակային ուժերով եւ ոչ թե ներքին, այլ միջազգային քաղաքականության հարց են հանդիսանում, որոնց ներգրավվում են ոչ միայն հակամարտող երկու կողմերը, այլեւ համաշխարհային հանրությունը: «Որեւէ ուժային գործողության անցկացումը Ադրբեջանի ներքին գործ չի հանդիսանում»,- հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

   Ուստի ադրբեջանամետ հուռռա-հայրենասեր «գաղափարախոսին», իր գոհարները մատուցելուց առաջ, չէր խանգարի խորհել Ռուսաստանի արտգործնախարարի այս խոսքերի մասին: Իսկ ինչ վերաբերում է նրա այն բարբաջանքին, թե՝ «մի՞թե հայերն այնքան ուժեղ են, որ կարողացել են տորպեդահարել պուտինյան պատկերացումները մեր երկրների մասին», սա ՌԴ արդարադատության նախարարությանը եւ ՌԴ Գերագույն դատարանին ուղղված ուղղակի մեղադրանք է քաղաքական կոռուպցիայի մեջ:

   Այո, այո, ես չեմ սխալվում, կասկածողների համար նշեմ Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի փակման հարցի նախապատմությունը: Այսպես, 2017թ. մայիսի 15-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը բավարարեց ՌԴ արդարադատության նախարարության միջնորդությունը, որը պահանջում էր կազմալուծել Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը:

   Ինչպես դատարանի դահլիճում հայտարարեց ՌԴ արդարադատության նախարարության ներկայացուցիչը, կազմալուծման առիթ էին դարձել «էական խախտումները» կազմակերպության կողմից, որոնք հայտնաբերվել էին ստուգման ընթացքում: Նա նաեւ տեղեկացրել էր, որ արդարադատության նախարարությունը քանիցս նախազգուշացրել է ՀԱԿ-ին՝ պարտավորեցնելով վերացնել խախտումները, սակայն «պահանջներն անտեսվել են»:

   Զարմանալի զուգադիպությամբ Ա.Պրոխանովի Ադրբեջան այցելությանը նախորդել էին Իլհամ Ալիեւի ռազմաշունչ հայտարարությունները: Այսպես, ս.թ. հունիսի 23-ին, Շիրվանում ականանետի զինմասեր արտադրող գործարանի բացման արարողության ժամանակ Ի.Ալիեւն ասել է. «Բյուջեի ծախսերի ամենամեծ մասը բաժին է ընկնում ռազմական կարիքներին, ինչը բնական է: Որովհետեւ մենք ապրում ենք պատերազմի իրավիճակում... Ապրիլյան մարտերը մեր փառապանծ հաղթանակն են, մեր մեծ հաջողությունը: Դա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ ադրբեջանական բանակն այսօր ուժեղների շարքում է»:

   Ես հակված չեմ Ա.Պրոխանովին մերկացնել բանագողության մեջ ադրբեջանական բանակի գնահատականների հարցում, բայց հիշեցնեմ, որ ապրիլյան (2016թ.) պատերազմի արդյունքում ադրբեջանական զինված ուժերի կորուստները, ռազմական փորձագետների գնահատմամբ՝ 5-7 անգամ գերազանցել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի կորուստները: Այդ նույն ելույթում Ի.Ալիեւն ասել է. «Ադրբեջանական ժողովուրդը երբեք չի հաշտվի օկուպացիայի հետ», ինչի կոչն էլ անում է ինքը՝ Ա.Պրոխանովը:

   Իհարկե, «արդի Ռուսաստանի գաղափարախոսի» ճամփորդությանը կարելի էր վերաբերվել որպես բարեկանոն մոլոկանների (որոնց 20-րդ դարասկզբին Տամբովշչինայից աքսորել էին Ադրբեջանի Իվանովկա գյուղ) հետնորդի հերթական, մեղմ ասած՝ չարդարացված քայլի, եթե չլիներ Ա.Պրոխանովի մի զայրացուցիչ համեմատությունը:

   Այսպես, ս.թ. հունիսի 26-ին Ա.Պրոխանովը հանդիպել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի հետ: Նշեմ, որ նրա փաղաքշալի արտահայտությունները Ալիեւ զույգերի մասին զուտ իր անձնական գործն է եւ դրան հարկ է վերաբերվել ըմբռնումով: Ճաշակի հարց է:

   Բայց երբ «Այն հույզերը, այն հոգեղենությունը, որոնք զգացի երեկ, նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, կրկնվեցին այսօր, տիկին Ալիեւայի նստավայրում» (հիրավի, «Հազար ու մի գիշերվա» սյուժե է) տիպի հիացական խոսքերից հետո Ա.Պրոխանովը սրբապղծորեն հայտարարում է. «Եվ եթե հանդիպման ժամանակ պարոն նախագահը մտածում էր աշխարհաքաղաքականության, ռազմական ստրատեգիայի եւ մրցակցության կատեգորիաներով, ինչպես եւ վայել է պատերազմի վիճակում գտնվող երկրի նախագահին, ապա նրա տիկինը խոսում էր մարդկայնությունից, գուցե մասամբ՝ ինչպես Լեւ Տոլստոյը»:

   Ի՞նչ է սա: Համաշխարհային գրականության դասականի փիլիսոփայական մտքերի բացարձակ չիմացությո՞ւն, թե՞ լիակատար կուրացում իր տիեզերածին անձի հանդեպ ցուցադրված սուլթանական պատիվներից: Կարեւորը էությունն է. Ալեքսանդր Պրոխանով, մի՛ վիրավորեք Լեւ Տոլստոյին:

   ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

   ԱԺ պատգամավոր

   Հռոմ-Երեւան,

   27 հունիսի 2017թ.

Последние видеоматериалы

Новые книги