ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՇԱՐԱՐՆԵՐԻ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

11.05.2017, Հայոց աշխարհ

 

 

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենը, (ԵԱՀԿ ԽՎնախագահից աջ) Հարավային Կովկասի գծով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը, (ԵԱՀԿ ԽՎ նախագահից ձախ) Արտաշես Գեղամյանը և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան։  (Վիեննա, 24 փետրվարի 2017թ.)

 

ԵԱՀԿ ԽՎ վերջին՝ ձմեռային խորհրդաժողովում (2017թ. փետրվարի 23-24, Վիեննա) արձանագրվեց աղմկահարույց միջադեպ, երբ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիայի եւ շրջակա միջավայրի հարցերով ընդհանուր կոմիտեի նիստի (2017թ. փետրվարի 23) տեսագրությունից իմ ելույթի կենդանի ձայնը զարմանալիորեն փոխարինվեց համաժամանակյա անգլերեն թարգմանությամբ։ Ավաղ, դժվար էր անգլերեն թարգմանության մեջ որսալ ողջ սարկազմն ու նվաստացուցիչ տոնը, ինչը կատաղեցրել էր ադրբեջանական եւ թուրքական պատվիրակությունների անդամներին։

   Իմ ելույթի ընթացքում բանն այնտեղ հասավ, որ Ադրբեջանի պատվիրակը երկու անգամ որոտընդոստ դժգոհեց նիստի նախագահության անդամներից՝ վայնասուն բարձրացնելով, թե ելույթիս ժամանակը սպառվել է։ Չօգտվել ադրբեջանցի խորհրդարանականի նման, մեղմ ասած, անգետ վարմունքից՝ ավելորդ ճոխություն կլիներ իմ կողմից, ինչն ինձ թույլ տալ չէի կարող։

 Դիմելով նիստի նախագահությանը՝ ես խնդրեցի ընդամենը արձանագրել, որ ադրբեջանական կողմն իմ մեղադրանքների բովանդակության (գետերի ակունքների թունավորման մասին, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերը ստիպված էին հետ նվաճել ադրբեջանական կողմից՝ խուսափելու համար էկոլոգիական աղետից Լեռնային Ղարաբաղի խիտ բնակեցված շրջաններում եւ Քելբաջարի շրջանում, ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներթափանցումների մասին, որոնք փորձում էին պայթեցնել Սարսանգի ջրամբարտակը, ինչը ջրածածկ կաներ Լեռնային Ղարաբաղի տասնյակ բնակավայրեր եւ այլն) հանդեպ պահանջներ չունի, քանի որ ադրբեջանցի խորհրդարանականն իր ռեպլիկներում նշում էր միայն իմ կողմից ժամանակացույցը խախտելու մասին։

   «Կրտսեր եղբորը փորձանքի մեջ» թողնելը, ինչպեսեւ սպասվում էր, նրա թուրք գործընկերոջ ուժերից վեր էր, որը, խոսք վերցնելով, սկսեց բարբաջել ադրբեջանական 20% տարածքների մասին, որոնք, իբր, զավթել են հայկական զինված ուժերը։ Նրա այս հերյուրանքին ես հակադարձեցի բուն հայկական 60% տարածքների մասին հիշատակելով, որոնք զավթվել են Օսմանյան կայսրության կողմից։

   Կարելի է Ազգային ժողովի պատվիրակների եւ ադրբեջանցի ու թուրք խորհրդարանականների միջեւ հնչած քաղաքական բանակռիվների, անգամ նաեւ իրարանցումների տասնյակ այլ սուր օրինակներ բերել՝ ընդգծելու համար, թե որքան անցանկալի է նրանց համար Արտաշես Գեղամյանի՝ Ազգային ժողովի պատգամավոր վերընտրվելը։ Էլ չեմ ասում ադրբեջանա-թուրքական խորհրդարանականների անխուսափելի նյարդային սթրեսի մասին՝ ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար, այդ կազմակերպությունում մեծ հարգանք վայելող Ռոբերտո Մոնտելայի կողմից այդ առիթով ձեր խոնարհ ծառային շնորհավորելու հետ կապված։ Ավաղ, այդ փաստը վհատեցրել եւ անթաքույց չարախնդալու առիթ է տվել նաեւ հայրենական որոշ մաս-մեդիաների։

   Ընթերցողը միանգամայն արդարացիորեն կարող է հարց տալ. ինչո՞ւ այդ դեպքում տողերիս հեղինակը փորձում է «առարկել հիմարին»։ Հենց այստեղ էլ թաղված է շան գլուխը։ Բանն այն է, որ Ռոբերտո Մոնտելային հասցեագրված իմ նամակում քաղաքական գնահատականներ են տրվել 2017թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին։

   Կարելի էր այլեւս չծավալվել այս հաշվով, մանավանդ որ բացարձակապես անտեղի հիշեցում-կշտամբանքը, քննադատությունն իմ հասցեին՝ որպես ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի, հրապարակվել էր ինտերնետ-պարբերականում, որը չի էլ թաքցնում, որ բամբասանքների, ասեկոսեների, դատափետումների տարածող է, այն այդպես էլ կոչվում է՝ «Ասեկոսե»։ Զարմացրեց այլ բան, որ այդ «ասեկոսեները», բնականաբար՝ ոչ առանց քաղաքական հուշարարների մասնակցության, հաջորդ օրն իսկ արդեն թերթերից մեկի առաջնորդողում էին, իսկ թերթն, ըստ էության, վատ համբավ չունի։

   Զարմանալին այն էր, որ այդ հրապարակումների հուշարարներն այն աստիճան տգետ են, որ հաջողեցրել են մեղադրել ինձ այն բանում, որ ԵԱՀԿ Մշտական խորհուրդը օրեր առաջ որոշում էր ընդունել ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի մանդատը չերկարաձգելու մասին։ Նշենք, որ ս.թ. մայիսի 4-ին ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ներկայացուցիչը ելույթ էր ունեցել՝ հայտարարելով, թե հակառակ գործադրված ջանքերի՝ անհնար է եղել հասնել համաձայնության Երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման հարցի շուրջ, քանի որ Ադրբեջանը վետո է դրել կազմակերպության բյուջեի վերաբերյալ որոշման վրա՝ իր դիրքորոշումը պատճառաբանելով ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի փակման պահանջով, ինչի հետ կապված՝ ԵԱՀԿ ներկայացուցչությունը Երեւանում կդադարեցնի իր գործունեությունը։

   Անտեղյակների կամ այդպես ձեւացողների համար նշենք, որ ԵԱՀԿ Մշտական խորհուրդը դիրեկտիվ մարմին է կանոնավոր հիմունքներով քաղաքական խորհրդատվություններ եւ Նախարարների խորհրդի հանդիպումների միջեւ ընկած ժամանակաընթացքում ԵԱՀԿ օպերատիվ աշխատանքն իրականացնելու համար։ Նշենք նաեւ, որ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստերը գումարում եւ գլխավորում է նրանց գործող նախագահը։ Մշտական խորհրդի կազմի մեջ մտնում են 57 մասնակից պետությունների պատվիրակները։ Պատվիրակությունը Մշտական խորհրդում կազմված է տվյալ մասնակից պետության ներկայացուցիչներից՝ որպես ԵԱՀԿ-ում մշտական ներկայացուցիչ նշանակված դեսպանի գլխավորությամբ։

   Սա՝ ի գիտություն քաղաքական հուշարարների, որոնք տարօրինակորեն աշխուժացել են վերջին ժամանակներս։ Եվ ահա, ԵԱՀԿ-ում Ադրբեջանի դեսպանի դրած վետոն (որոշումներն ընդունվում են կոնսենսուսով), պարզվում է, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի խղճին է։ Ըստ երեւույթին, նրանց տրամաբանությամբ ԵԱՀԿ ԽՎ խորհրդաժողովներում Ա.Գեղամյանը չափից ավելի կոշտ է արձագանքում արդբեջանա-թուրքական խորհրդարանականների հերյուրանքներին եւ բացահայտ զրպարտչական ելույթներին։

   Ավելին՝ նրանց խիստ վշտացրել է, որ Արտաշես Գեղամյանի գործընկերները՝ ի դեմս ԵԱՀԿ ԽՎ նախագահ Քրիստին Մուտոնենի եւ Հարավային Կովկասի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինի, նույն օրը՝ ս.թ. մայիսի 4-ին, հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, Քրիստին Մուտոնենն ասել է. «Ցավում եմ, որ, չնայած երկարատեւ եւ շարունակական ջանքերին, Մշտական խորհրդին չհաջողվեց հասնել կոնսենսուսի Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը շարունակելու վերաբերյալ։ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը քանիցս հորդորել է, որպեսզի ԵԱՀԿ դաշտային առաքելություններում հուսալի մանդատներ եւ բոլոր անհրաժեշտ ռեսուրսները տրամադրվեն, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց կենսականորեն կարեւոր խնդիրները, բայց, ցավոք, փակվում է եւս մեկ դաշտային օպերացիա»։

   Թվում է՝ այսքանով կարելի էր եւ ավարտել։ Բայց դա լոկ առաջին հայացքից։ «Ասեկոսե» եւ Ընկ.-ի հրապարակումների ողջ վտանգավորությունն այն է, որ նրանք ԵԱՀԿ Մշտական խորհրդի վերոհիշյալ որոշումը՝ խիստ պարզունակ եւ վտանգավոր Հայկական պետության համար, շաղկապում են իմ՝ «Ռուսաստանի հանդեպ անգերազանցելի սիրո» հետ՝ ակնարկելով, որ ադրբեջանական վետոն դրվել է ոչ առանց Ռուսաստանի հուշման։

   Ապացուցելու համար ընդդիմախոսներիս անհիմն ենթադրությունների ողջ աբսուրդը, մեջբերում անեմ նրանց հրապարակումից։ Եվ այսպես. ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի փակման հնարավոր պատճառը պարզաբանելու համար այս անգետ հուշարարները բարբաջում են. «Իսկ երբ հիշում ենք, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարն անգերազանցելի ռուսասեր Արտաշես Գեղամյանն է, ամեն ինչ ավելի պարզ է դառնում։ Ու նաեւ այդ համատեքստում շատ հիմնավոր են թվում փորձագիտական այն կարծիքները, որ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի փակման իրական պատվիրատուն հետխորհրդային տարածքում արեւմտյան ամենայնի դեմ պայքարող ու Արեւմուտքի հետ որեւէ աղերս ունեցող կառույցներին հեռացնող Ռուսաստանն է, որը դա արել է Ադրբեջանի միջոցով»։

   Ի՞նչ է սա՝ Ջեյմս Ֆորեսթոլի ախտանիշի դրսեւորո՞ւմ, երբ ԱՄՆ պաշտպանության առաջին նախարար Ջեյմս Ֆորեսթոլի աչքին ամենուրեք ռուսներ էին երեւում, եւ նա զինվորական հոսպիտալի պատուհանից ցած նետվեց՝ բղավելով. «Ռուսները գալի՛ս են»։ Ավաղ, «Ասեկոսե» եւ Ընկ.-ի հրապարակումներում վտանգավոր միտում է նկատվում՝ պառակտում մտցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության մեջ, որն ահա արդեն ավելի քան 22 տարի քրտնաջան Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ է որոնում։

   Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ դա միակ հեղինակավոր միջազգային հարթակն է, որտեղ նրա համանախագահները, ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի (Եվրամիության), բավական համաձայնեցված են գործում։ Ըստ երեւույթին, դա չափազանց անցանկալի է ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի (որը չի թաքցնում ցանկացած գնով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմ մտնելու ձգտումը), այլ նաեւ նրանց հայաստանցի կամակատար-քաղաքական հուշարարների համար։

   Նշենք, որ ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քեյթ Բերնեսը Վիեննայում Մշտական խորհրդի նիստի (2017թ. մայիսի 4) ընթացքում հայտարարել է. «Եթե գրասենյակը Երեւանում հարկադրյալ փակվի, դա վատ կանդրադառնա Ադրբեջանի եւ ԵԱՀԿ պարտավորություններին ադրբեջանական կառավարության հավատարմության վրա։ Մենք հորդորում ենք Ադրբեջանին գործել կառուցողաբար՝ որքան հնարավոր է արագ կոմպրոմիսային լուծման համար, դա թույլ կտա չփակել ԵԱՀԿ գրասենյակը Երեւանում»։

   Նշենք նաեւ, որ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գծով գլխավոր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ս.թ. մայիսի 6-ին հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի փակման հեռանկարի առիթով. «Երեւանի գրասենյակը Հարավային Կովկասում ԵԱՀԿ վերջին ներկայացուցչությունն է: Եվրամիությունն աջակցում է Հարավային Կովկասի բոլոր երկրներում ԵԱՀԿ նշանակալից ներկայությանը: Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը կարեւոր դեր ունի իրեն հյուրընկալող երկրի` Հայաստանի կարիքները բավարարելու տեսանկյունից։

   Ադրբեջանի բարձրացրած մտահոգությունը, թե Երեւանի գրասենյակը չպետք է ներգրավված լինի հակամարտության հետ առնչվող գործունեության մեջ (նկատի ունի Ղարաբաղյան հակամարտությունը- Ա.Գ.), իր արտացոլումն է գտել ավստրիական նախագահության առաջարկած ձեւակերպումներում, եւ հյուրընկալ երկիրը ընդունել է այդ լուծումը: Այն, որ դա եւս արդյունք չի տվել, հիասթափեցնող է:

   Ստեղծված փակուղային իրավիճակին հանգեցրած ձեւակերպումների խնդիրը չպետք է Երեւանի գրասենյակի մանդատի երկարաձգման խոչընդոտ դառնա: Մենք կոչ ենք անում կողմերին հավելյալ կամք դրսեւորել հնարավորինս շուտ խնդրի լուծում գտնելու ուղղությամբ»:

   Այս առնչությամբ հատկապես կուզենայի նշել հայկական դիվանագիտության համակարգված եւ նպատակաուղղված աշխատանքը, որի արդյունքում համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների բոլոր առաջատար խաղացողները համակարծիք են, որ պաշտոնական Երեւանը գործում է այն պարտավորություններին համահունչ, որոնք ստանձնել է ԵԱՀԿ մտնելիս, ի տարբերություն Ադրբեջանի։ Սակայն, ցավոք, սա խիստ զայրացնում է ոչ միայն Ադրբեջանին ու Թուրքիային, այլ նաեւ Հայաստանի նրանց հուշարարներին։

   Հաշվի առնելով ԱՄՆ եւ Եվրամիության հայտարարությունները՝ «Ասեկոսե» եւ Ընկ.-ի հրապարակումը, թե Ադրբեջանի վետոն դրվել է ոչ առանց Ռուսաստանի մասնակցության, ցայտուն օրինակն է այն բանի, թե ինչպես կարող են քաղաքական անգրագիտությունն ու տգիտությունը, չարացածությունն այն ամենի հանդեպ, ինչը կապված է Ռուսաստանի հետ, վերածվել Հայաստանի ազգային շահերին բանալ դավաճանության։ Մեր վայ-հուշարարներն, ըստ էության, ադրբեջանական կողմին միջանցք են տրամադրել՝ արդարացնելու իրենց դրած վետոյի ֆիասկոն. հիմա նրանք կարող են իրենց չմտածված քայլն արդարացնել նրանով, որ, իբր, իրենք դա արել են Ռուսաստանի ճնշմամբ, ինչի մասին անգամ Հայաստանի ատելի մամուլն է ստիպված եղել խոստովանել։ Նկատի ունեցեք, Ռուսաստանը, պարզվում է, ճնշում է գործադրել Ադրբեջանի վրա, այլ ոչ թե Թուրքիան է կանգնած այդ վետոյի թիկունքում։

   Ցավով պետք է խոստովանեմ, որ ներկայիս քաղաքական հուշարարները որքան տգետ, նույնքան էլ վտանգավոր են Հայոց պետության համար, որովհետեւ նրանց վտանգավոր զրպարտությունը լայնորեն տարածվում է հայկական մաս-մեդիաներով։ Իսկ դա արդեն ազգային անվտանգության հարց է։

  

   ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

   Հայաստանի Հանրապետության վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից

Последние видеоматериалы

Новые книги