ԽՈՍԵԼ ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ՝ ԱՐԴԱՐԱՑԻ ՉԷ

15.03.2017, Հայոց աշխարհ

   Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ տեսակետները ՀՀԿ նախընտրական ծրագրի տնտեսական բլոկի վերաբերյալ։

   -Ճիշտ չէ՞ր լինի, որ տարածքների համաչափ զարգացման մասին նախագծերը՝ մարզ առ մարզ, համայնք առ համայնք, ամրագրված լինեին նաեւ ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթներում։

   -Նախընտրական ծրագրում այդ ամենը արտացոլված է թեզիսների ձեւով։ Գիտակ մարդու, տնտեսագետի համար ամենադժվարը հարցի ճիշտ ձեւակերպումն է։ Յուրաքանչյուր նման հարցադրման հետեւում կարող են տասնյակ ծրագրեր լինել, եւ ոչ միայն ծրագրեր, այլեւ ենթածրագրեր, որոնք իրենց հերթին կարող են ներառել ինչպես օրենսդրական փոփոխություններ, այնպես էլ կառավարության այս կամ այն որոշումների, իրավական ակտերի ընդունում։

 Ի դեմս կառավարության ծրագրի եւ ՀՀԿ նախընտրական ծրագրի, մենք ունենք համապարփակ ծրագիր, որն ընդգրկում է առնվազն 850 միլիոն դոլարի ներդրումներ ենթադրող իրատեսական փաթեթ։ Այսինքն՝ ՀՀԿ-ն անդրադառնում է բոլոր այն հարցադրումներին, որ առանց խորքային հիմնավորումների առաջ են քաշում գրեթե բոլոր կուսակցությունները եւ դաշինքները՝ դրսեւորելով պատասխանատու քաղաքական ուժին հատուկ զսպվածություն, քաջատեղյակ լինելով, որ այդ հարցադրումները երբեմն ավելի սուր, ավելի հիմնավոր եւ բազմակողմանի ներկայացված են կառավարության ծրագրում։ Կարծում եմ՝ իշխող կուսակցությունը շատ ճիշտ մոտեցում է որդեգրել, որովհետեւ եթե այդ ամենը ներկայացվեր նախընտրական ծրագրում, հատորներ կկազմեր։

   -Գրեթե բոլոր քաղաքական ուժերի ծրագրերում կարմիր թելի պես անցնում է հարկերը նվազեցնելու, թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու խոստումը։ Անգամ առաջարկվում է փոքր սուբյեկտներին 5 տարով հարկային արձակուրդ տրամադրել։ Սա ակնհայտ պոպուլիզմ չէ՞, այս առաջարկները իրար չե՞ն հակասում։

   -Նախ՝ եկեք շատ սուր չընդունենք նախընտրական պոպուլիզմի այդ դրսեւորումները՝ ամբողջ Եվրոպայում այդպես է։ Ինչ վերաբերում է հարկային արտոնություններին, դրանց պետք է շատ զգույշ մոտենալ։

   Իմ մոտեցումը հետեւյալն է. եթե հարկային բեռն ակնհայտորեն խոչընդոտում է փոքր եւ միջին բիզնեսի ընդլայնումը եւ զարգացումը, այսինքն՝ ձեռնարկությունն ունի ծրագրեր, որոնք չի կարողանում իրականացնել շրջանառու միջոցների բացակայության, բարձր հարկերի պատճառով, պետությունը պետք է ձեւեր գտնի խրախուսելու նրանց։ Օրինակ, նպաստի բանկային վարկավորման դյուրին տոկոսադրույքների ապահովմանը իր տրամադրության տակ եղած գործիքակազմի կիրառմամբ, կամ էլ կառավարությունը սահմանի նպատակային սուբսիդիաների ընձեռում եւ այլ արտոնություններ։

   Այսինքն՝ անհրաժեշտ է անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուրի նկատմամբ, ոչ թե վերցնել եւ բոլորին համատարած նույն հարկային «սանդղակի» մեջ դնել։ Բայց դա արդեն մեկ այլ վերլուծության թեմա է։

   -Ձեր ընդդիմախոսներն ասում են՝ անվտանգության խնդիրներին հղում անելով՝ երկիրը «մտցրիք» ԵԱՏՄ, բայց դրանից մեր անվտանգությունը չավելացավ։

   -Իրողությունն այն է, որ վարվող արտաքին քաղաքականության շնորհիվ հայտնվել ենք աննախադեպ շահեկան, թող ներվի ասել՝ նախանձելի իրավիճակում։ ՀԱՊԿ անդամ լինելով՝ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ անհատական համագործակցության ծրագիր է իրականացնում, մասնակցում է միջազգային խաղաղարար ուժերի գործունեությանը՝ թե՛ ՆԱՏՕ-ի գծով մասնավորապես Կոսովոյում եւ Աֆղանստանում, թե՛ ՄԱԿ-ի գծով՝ Լիբանանում, միաժամանակ բարիդրացիական հարաբերություններ ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

   Լավ, Աստծուց կրա՞կ են ուզում, չեմ հասկանում։ Պետք է ընդունել, որ այդ ամենին հասել ենք հեռատես, հավասարակշռված եւ ազնիվ արտաքին քաղաքականության շնորհիվ, որը հիմնված է համաշխարհային ուժի կենտրոնների շահերի համադրման, ոչ թե նրանց հակասությունների վրա։

   Եվ ցանկացած մեկը, որ իրեն Հայաստանի «պատրիոտն» է համարում, պետք է ուրախանա, երբ մի բան ստացվում է, այն էլ՝ գերազանց է ստացվում, անկախ նրանից, որ դա իր քաղաքական ախոյանն է արել։ Փորձեք մեր տարածաշրջանում գտնել երկրորդ նման երկիրը, որը, անդամակցելով ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին, արդյունավետ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ եւ այսօր-վաղը նոր շրջանակային համաձայնագիր է ստորագրելու Եվրամիության հետ։

   Ինչ վերաբերում է անվտանգության հետ կապված հարցերին, մենք ձեզ հետ հասկանում ենք, որ Ադրբեջանն առանց Թուրքիայի միջնորդության երբեք չի սանձազերծի խոշորածավալ ռազմական գործողություններ՝ դրանք տեղում կճնշվեն, կխեղդվեն։ Թուրքիայի նախագահը Ռուսաստան մեկնելուց առաջ իր հարցազրույցներից մեկում, ի թիվս ՌԴ նախագահի հետ քննարկվելիք այլ հարցերի անդրադառնալով Ղարաբաղի հարցին, հայտարարեց, որ Ռուսաստանը ի զորու է կարգավորել ԼՂ հիմնախնդիրը։

   Ի՞նչ է սա նշանակում. որ Թուրքիան իր քիթը այլեւս չի խոթի Ղարաբաղյան հակամարտության մեջ եւ ընդունում է, որ այդ հարցում հիմնական դերակատարը Ռուսաստանն է։ Իսկ մենք Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշնակիցներ ենք ՀԱՊԿ-ի եւ տնտեսական սերտ դաշնակիցներ՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Միջազգային հարաբերություններում համագործակցության ավելի բարձր մակարդակ չկա, եւ սա չտեսնել, անվտանգության խնդիրների մասին խոսել զուտ կարգախոսների մակարդակով՝ կարծում եմ՝ արդարացի չէ։

   Հ.Գ.- Հիշեցնենք, որ Արտաշես Գեղամյանի տնտեսական վերլուծություններին կարող եք ծանոթանալ «Արմենպրես» գործակալության կայքում։

 

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги