ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՎԱՂՈՒՑ ԱՐԴԵՆ ՏԵՂ ԵՆ ԳՏԵԼ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ԾՐԱԳՐՈՒՄ

14.03.2017, Հայոց աշխարհ

   Հանրապետականի նախընտրական ծրագրի տնտեսական բլոկի վերաբերյալ իր տեսակետները, մեր հարցերին ի պատասխան, ներկայացնում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ

   -Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը բավական շռայլ են հայրենի տնտեսությունը կարճ ժամանակում ծաղկեցնելու իրենց խոստումներում եւ այդ համատեքստում նշում են առաջին հերթին ներդրումային «բում» ապահովելու եւ «բարձիթողի վիճակում գտնվող» հանքարդյունաբերության ոլորտում կարգուկանոն հաստատելու հրամայականը։ Կողքից նայելիս կարող է թվալ, թե ՀՀԿ-ն ամենաքիչն է շահագրգիռ այդ հարցերում։

 -Օգտվելով առիթից՝ կցանկանայի նախ եւ առաջ շեշտել, որ ընտրապայքարում ներգրավված բոլոր քաղաքական ուժերի ծրագրերը նման են իրար այն առումով, որ վեր են հանում մասնավոր խնդիրներ եւ լուծումներ առաջարկում, որոնք ըստ էության հնարավոր են միմիայն համակարգված բարեփոխումների իրականացման պարագայում:

   Մասնավորապես կուսակցությունների եւ դաշինքների կողմից սուր քննադատության է ենթարկվում, օրինակ, հանքարդյունաբերության ոլորտում տիրող վիճակը, ասվում է, թե անխնա շահագործվում է ընդերքը։ Բայց արդյոք սա հայտնությո՞ւն է կառավարության համար. մի՞թե կառավարությունը տեղյակ չէ այդ հարցին, կամ մի՞թե այս ընթացքում դիտորդի դերում է եղել, ոչ մի քայլ չի ձեռնարկել վիճակը շտկելու համար։ Իհարկե` ոչ։

   Կառավարությունը կազմել է ներդրումային ծրագիր՝ խնդիր դնելով արտահանել ոչ թե պղնձի խտանյութը, այլ կառուցել պղնձաձուլարան, որը շատ ավելի բարձր ավելացված արժեք կստեղծի եւ, համապատասխանաբար, շեշտակի կբարելավի ընդերքի շահագործման օգտակար գործողության գործակիցը։ Ավելին՝ այդ հարցի վերաբերյալ վարվել են առարկայական բանակցություններ, որոնք, համոզված եմ՝ բարեհաջող ավարտ կունենան։ Այս դիտարկումները հնչեցվել են ավելի քան կես տարի առաջ, բայց, չգիտես ինչու, այսօր դրանք գյուտ արածի պես մատուցվում են քաղաքական այլ ուժերի կողմից։

   Որպես հայտնություն ասվում է նաեւ, որ պետք է շեշտակի նվազեցնել վարկավորման տոկոսադրույքները։ Ճի՞շտ հարցադրում է։ Իհա՛րկե։ Բայց նո՞ր հարցադրում է, արդյոք, այդ հարցադրումը չի՞ հնչել Հանրապետական խմբակցության կողմից։ Անշուշտ հնչել է։

   Մեկ-երկու շաբաթ տոկոսադրույքը հերթական անգամ իջեցվեց, ինչը անտարակույս կհանգեցնի վարկային տոկոսադրույքների նվազեցման։ Այսինքն՝ այն արդյունքին, որը համառորեն շեփորահարում են մեր գործընկեր քաղաքական ուժերը՝ բախելով արդեն իսկ 2016-ի գարնանից բաց դռները: Դեռեւս այն ժամանակ, երբ ԱԺ-ում լսվում էին ԿԲ հաշվետվությունը եւ ծրագիրը, ՀՀԿ խմբակցության, մասնավորապես իմ կողմից, շեշտվեց այդ խնդիրների կարեւորությունը, այդ խնդիրները ԿԲ ջանքերի շնորհիվ հետեւողական լուծում ստացան, եւ այսօր էլ այդ գործընթացն ընթացքի մեջ է։

   Ընդհանրապես ցանկացած հարցադրում, որ ներկայումս արվում է մեր գործընկերների նախընտրական ծրագրերում, այսպես թե այնպես, արտացոլված է Կ.Կարապետյանի կառավարության ծրագրում եւ թեզիսների ձեւով տեղ է գտել ՀՀԿ նախընտրական ծրագրում։

   Օրինակ, հարկային օրենսդրության հետ կապված բազմաթիվ առաջարկներ ենք լսում, կա կրկնվող քննադատություն եւ առաջարկ՝ տնտեսավարող սուբյեկտներին ազատել հարկերից, շնորհել հարկային արձակուրդ, մի խոսքով` փոխել, փոխել, փոխել...

   Միաժամանակ խոսում են ներդրումային մեծածավալ ներդրումներ ներգրավելու անհրաժեշտության մասին՝ մոռանալով, որ յուրաքանչյուր ներդրող, երբ ուսումնասիրում է տվյալ երկրի ներդրումային դաշտը, նախ եւ առաջ կարեւորում է, թե որքանով կայուն է այդ երկրի հարկային օրենսդրությունը։ Տագնապ է հարուցում այն, որ ընդդիմադիր դաշտի մեր գործընկերները դա անում են՝ անգամ իսկ չանդրադառնալով օրենքի ուժ ստացած Հարկային նոր օրենսգրքի կիրառումից տնտեսությունում դիտարկվող թե՛ դրական, թե՛ բացասական միտումների վերլուծությանը։ Կարող է՝ նրանց առաջարկները ականջի համար հաճելի են, բայց գործնականում դրանց իրականացումը հղի է շատ եւ շատ վտանգավոր հետեւանքներով։

   Խոսվում է տարածքների համաչափ զարգացման մասին, որ եղել է կառավարության ծրագրի եւ գործունեության մեխերից մեկը ոչ միայն Կարեն Կարապետյանի, այլեւ Հովիկ Աբրահամյանի եւ, ինչու չէ՝ Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին։

   Եվ ի՞նչ՝ այդ հարցին մենք անդրադարձ չե՞նք արել։ Իհարկե՝ արել ենք։

   Ձեզ թվում է, հենց այնպե՞ս էր, որ վարչապետը օրեր առաջ Սյունիքի մարզում հայտարարեց, թե 50-60 միլիոն դոլարի ներդրումներ են լինելու գյուղատնտեսության եւ ենթակառուցվածքների ոլորտում։ Սպասվող ներդրումների մասին ասվեց նաեւ Շիրակի մարզում։ Այսինքն՝ ստացվում է, որ մեր ընդդիմադիր գործընկերների քննադատությունը, ըստ էության, իրականությունից կտրված է, ոչ թե այն տեսակետից, որ իրավիճակը սխալ են բնութագրում, այլ որ քննադատում են՝ արդեն սկսված եւ դեռ սպասվող ծրագրերից անտեղյակ։

   Կամ էլ, չգիտես ինչու, մեր ընդդիմադիր գործընկերները չտեսնելու են տալիս, որ կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, թե միայն 2017թ. ներդրումային պորտֆելն արդեն իսկ պատրաստի ծրագրերով կազմում է 850 միլիոն դոլարին համարժեք գումար։ Եթե բաժանեք այդ թիվը ըստ առանձին մարզերի, ապա ներդրումների ներգրավման անհրաժեշտության մասին բարձրաձայնող մեր ընդդիմախոսները շատ անհարմար կացության մեջ կհայտնվեն։

   Պատահակա՞ն է, որ ներդրումային այդ ծրագրերը ոչ թե վերեւից պարտադրվեցին այս կամ այն մարզին, գյուղին, շրջանին, այլ՝ մարզպետերին հրավիրեցին կառավարություն, հանձնարարեցին ներկայացնել իրենց առաջարկությունները, թե ինչ ներդրումային ծրագրեր են հնարավոր տեղերում եւ ինչ աջակցություն են ակնկալում կառավարությունից։ Առաջարկները ներկայացվեցին, եւ դրանց հիման վրա, հաշվի առնելով նաեւ ԱՎԾ-ի կողմից մարզերի կտրվածքով տրամադրվող ինֆորմացիոն բազան, ստեղծվեց 850 միլիոն դոլար արժողության ներդրումային ծրագրերի փաթեթ։ Եվ այդ մասին հրապարակավ ասվում է, ոչ միայն ասվում է, այլեւ բացվում է ըստ մարզերի՝ թե որտեղ ինչ ծրագիր է իրականացվելու։

   Այս օրինակները մի բանի մասին են վկայում. Հայաստանում, բարեբախտաբար, կան մշակված բազում ծրագրեր, որոնք կենսականորեն կապված են գոյություն ունեցող խնդիրների լուծման հետ, եւ այդ ծրագրերն իրատեսական են՝ ամրապնդված համապատասխան ֆինանսական հոսքերով։

   Իսկ իրատեսական ծրագրերը կյանքի կոչելու թիվ 1 նախապայմանն անվտանգությունն է. եթե երկիրը վտանգված է, ոչ մի ծրագիր կյանքի չի կոչվի, անգամ եթե կոչվի, ապա՝ շատ դանդաղ տեմպերով։ Այս հանգամանքը նկատի ունենալով էլ ձեւակերպված է ՀՀԿ նախընտրական կարգախոսի առաջին պատգամը՝ անվտանգություն։

   Երկրորդ գերխնդիրն այն է, թե ինչպես պիտի ապահովվի երկրի առաջընթացը։ Ակնհայտ է, որ առաջընթաց ապահովելու ամենակարճ ճանապարհը ներդրումային բարենպաստ դաշտ ստեղծելն է, ներդրումները խրախուսելը։ Դրա համար պետք է դրսի ներդրողին հիմնավոր կերպով մատուցել, որ Հայաստանն իր ռեսուրսային բազայով կարող է, դիցուք, ներքին օգտագործման համար առնվազն 1 միլիարդ 200 միլիոն դոլարի սպառման երաշխավորված շուկա ապահովել։

   -Ի՞նչ նկատի ունեք։

   -Տեսեք՝ ԱՎԾ-ն իր եռամսյակային եւ տարեկան հաշվետվություններում ներկայացնում է սպառողների կողմից հիմնականում հայցվող 25 ապրանքատեսակների ռեսուրսները այս է, թե որքան է արտահանվում եւ որքան ներմուծվում տվյալ ապրանքատեսակից։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ ներմուծվող ապրանքների զգալի մասը (բացառությամբ բենզինի, դիզվառելիքի, բրնձի, սուրճի) կարելի է Հայաստանում արտադրել։ Այսինքն՝ եթե այդ ապրանքատեսակների գծով ներմուծումը կազմում է շուրջ 2,3 միլիարդ դոլար, ապա դրանից նվազագույնը 1 միլիարդ 200 հազարը կարող է տեղում կազմակերպվել։

   Մենք սրանով մեսիջ ենք հղում պոտենցիալ ներդրողներին, հատկապես Սփյուռքի մեր հայրենակիցներին, որոնք ծանոթ են հայաստանյան իրողություններին եւ կարող են ավելի դյուրին ինտեգրվել մեր տնտեսական համակարգին։ Պատահական չէ, որ Ռուսաստանի հայազգի ներդրողներն անմիջապես արձագանքեցին վարչապետի այդ կոչին, եւ ընդունվեց համապատասխան Հռչակագիր։

   Իսկ սպառման երաշխավորված շուկայի պարագայում, երբ կան թե՛ հիմնական ռեսուրսները, տվյալ դեպքում՝ վարելահողը, թե՛ այդ հողի վրա աշխատողը, պետք է, որ կառավարությունն առաջին քայլն անի՝ իր վրա վերցնի այդ ծրագրերի մի մասի ֆինանսավորումը, հանդես գա որպես համաներդրող։ Եվ լավ է, որ վարչապետն իր բոլոր ելույթներում ընդգծում է այդ թեզը։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги