ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ

21.02.2017, Հայոց աշխարհ

Փետրվարի 23-ին Վիեննայում մեկնարկելու է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 16-րդ ձմեռային խորհրդաժողովը։

Կարծում եմ, որ ԵԱՀԿ 57 անդամ պետությունների՝ միջազգային լարվածության մեղմմանը, ԵԱՀԿ տարածքում անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերի համախմբման հարցերը օբյեկտիվորեն պետք է գերակա տեղ գրավեն ԵԱՀԿ ամենատարբեր անդամ պետությունների պատվիրակների զեկուցումներում եւ ելույթներում։ Ընդ որում՝ չափազանց կարեւոր է մանրակրկիտ վերլուծել միջազգային հարաբերություններում ստեղծված այն իրավիճակը, երբ երկու կողմերի միջեւ զինված հակամարտությունը ժամանակավորապես դադարեցվում է առանց հաշտության պայմանագրի ստորագրման, առավել եւս՝ երբ այս կամ այն հակամարտության լուծմանն ուղղված քաղաքական պայմանավորվածությունները կոպտորեն խախտում է պայմանավորվող կողմերից մեկը։

Այս հարցը սկզբունքային, կարեւոր նշանակություն ունի, քանի որ «սառեցված հակամարտությունները» (այսուհետ՝ ՍՀ) ուժեղ ապակայունացնող լիցք են պարունակում, ավելին՝ անհետեւողականությունը ՍՀ-ների հանգուցալուծման հարցում, համաշխարհային հանրության կողմից դրանց անտեսումը կարող են խթան հանդիսանալ, որպեսզի նման հակամարտություններն անցում կատարեն «թեժ» փուլի, լի տեղային պատերազմի՝ համաշխարհայինի վերաճելու վտանգով։ Իրադարձությունների զարգացման այսօրինակ ընթացքը, երբ այն չի կասեցվում, կարելի է դիտարկել Ղարաբաղյան հակամարտության օրինակով։

Այսպես. Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ ապրիլյան (2016թ.) պատերազմից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, կատարելով նախագահ Բարաք Օբամայի հանձնարարությունը, մայիսի 16-ին Վիեննայում 3+2 ձեւաչափով (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ՝ գումարած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ) հանդիպում անցկացրեց։ Այդ խորհրդակցությունում ընդունված համատեղ հայտարարության մեջ նշվում էր, որ ձեռք է բերվել համաձայնություն հակամարտող կողմերի շփման գծում միջադեպերի հետաքննման համար մոնիթորինիգի մեխանիզմի ներդրման քայլեր ձեռնարկելու, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի թիմի (միջազգային դիտորդների) հնարավորությունների մեծացման վերաբերյալ՝ հետագայում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների վերսկսմանն անցնելու հեռանկարով։

Այնուհետեւ՝ 2016թ. հունիսի 20-ին, Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որտեղ նրանք հաստատեցին ս.թ. մայիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցած հայ-ադրբեջանական վերջին գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը եւ խաղաղ գործընթացի առաջմղմանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանը։ Թվում էր, թե ամեն բան լավ է, ստեղծված է ամուր հիմք մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման հասնելու համար, որոնց լուծումը բարենպաստ պայմաններ կստեղծի ղարաբաղյան կարգավորման խնդրում էական առաջընթացի հասնելու համար։ Բայց գործնականում ամեն բան ուղիղ հակառակը ստացվեց։

Բերենք Ադրբեջանի նախագահ Ի.Ալիեւի՝ ընդամենը մի քանի արտահայտություն՝ արված սույն՝ 2017 թվականին։ Հունվարի 10-ին ելույթ ունենալով Ադրբեջանի կառավարության ընդլայնված նիստում՝ նա մի շարք վտանգավոր հայտարարություններ է արել, մասնավորապես. «Ադրբեջանը կշարունակի ավելացնել իր ռազմական պոտենցիալը, այդ թվում՝ ամենաարդիական զենքի մատակարարումները երկիր... Մենք տիրապետում ենք բարձր ճշգրտության եւ ավերիչ ուժ ունեցող ամենաարդիական զենքի։ Դրա մի մասը մենք ցուցադրել ենք, մյուս մասը ցույց չի տրվել։ Դրանք կցուցադրվեն այն ժամանակ, երբ պետք կլինեն եւ որտեղ պետք կլինեն... Մենք ցանկացած ժամանակ ի զորու ենք լուծել հարցը (Լեռնային Ղարաբաղի- Ա.Գ.) ռազմական ճանապարհով»։

Եվ այսպիսի հայտարարություններով Ադրբեջանի նախագահը հանդես է գալիս ԵԱՀԿ ԽՎ 25-րդ ամենամյա խորհրդաժողովի կողմից Թբիլիսյան Հռչակագրի ընդունումից կես տարի անց, որի 35-րդ կետում գրված է. «Ընդգծում է Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված՝ սահմանների եւ տարածքային ամբողջականության անխախտելիության, վեճերի խաղաղ կարգավորման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների հանդեպ հարգանքը, ինչպես նաեւ կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը՝ ձեռնպահ մնալ ագրեսիվ գործելակերպից եւ չեղարկել Ղրիմի Ինքնավար Հանրապետության ապօրինի անեքսիայի որոշումը»։

Այսպիսով, ափշերոնյան սուլթանի նախանձելի համառությունը Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով հանգուցալուծելու հարցում, տարածքային ամբողջականության սկզբունքը որպես միակ ընդունելի համարելը փաստորեն զրոյացնում են մյուս երկու հիմնարար սկզբունքները, որոնք հստակ նշված են Թբիլիսյան Հռչակագրում՝ վեճերի խաղաղ կարգավորման, ինչպես նաեւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքները։

Պակաս վտանգավոր չէ նաեւ Ի.Ալիեւի 2017թ. փետրվարի 17-ի հայտարարությունը՝ արված Al Jazeera-ին տված հարցազրույցում. «Որոշ մահմեդական երկրների հետ Հայաստանի՝ հարաբերությունները մերթ ամրապնդելու, մերթ կարգավորելու փորձերը մեծ զարմանք են հարուցում։ Կարծում եմ, որ Իսլամական համագործակցության կազմակերպության բանաձեւերը, որոնք Հայաստանը բացահայտորեն համարում են որպես ագրեսոր, պետք է հիմնական ուղերձը լինեն բոլոր մահմեդական երկրներին, որոնք ցանկանում են հարաբերություններ զարգացնել Հայաստանի հետ»։

Ի՞նչ է սա, եթե ոչ՝ լավ քողարկված կոչ իսլամական արմատականներին՝ «սրբազան ջիհադ» սկսել. Ալլահ աքբար։ Եվ նման կոչով ափշերոնյան սուլթանը հանդես է գալիս ընդամենը երկուսուկես ամիս անց այն բանից հետո, երբ 2016թ. դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները (Ս.Լավրով, Ջ.Քերի, Ժ.-Մ.Էյրո) համատեղ հայտարարություն ընդունեցին, որում ընդգծվում էր. «Ուշադրության առնելով սույն թվականի ապրիլին շփման գծում բռնության սրացումը՝ մենք մտահոգություն ենք հայտնում շարունակվող զինված միջադեպերի, այդ թվում՝ ծանր սպառազինության կիրառման հետ կապված, եւ վճռականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքները։ Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, եւ չկա որեւէ արդարացում քաղաքացիական անձանց զոհվելու եւ վիրավորվելու դեպքերին։

Մեզ հայտնի է նաեւ այն գազանությունների մասին (ինչն ադրբեջանական իշխանությունները գաղտնի չեն էլ պահում, ընդհակառակը, գազանությունների հեղինակները պետական շքանշաններ են ստացել Ալիեւից, տեսախցիկների առջեւ կանգնել են հայ զինվորի կտրած գլուխը ձեռքներին, եւ այդ տեսարանները լայնորեն տարածվել են այդ երկրի ոչ անհայտ ինտերնետ-ռեսուրսների կողմից- Ա.Գ.), որոնք կատարվել են սույն թվականի ապրիլյան մարտերի ժամանակ, եւ որոնք մենք դատապարտում ենք ամենավճռական ձեւով։ Մենք կոչ ենք անում կողմերին հաստատել իրենց հավատարմությունը խաղաղ կարգավորմանը՝ որպես տարածաշրջանի ժողովուրդների միջեւ համաձայնության հաստատման միակ ճանապարհ»։

Ո՞ւմ կամ ինչի՞ վրա է հույսը դնում Ափշերոնի նախագահը, երբ բացահայտ մարտահրավեր է նետում ոչ թե Հայաստանին, այլ, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ, առհասարակ, ԵԱՀԿ ԽՎ-ին։ Եվ այս ամբարտավան մարտահրավերը չպետք է անպատասխան մնա, մանավանդ մեր տագնապալի ժամանակներում, երբ պայքարը իսլամական արմատականների՝ ջիհադականների կողմից գլխավորվող միջազգային ահաբեկչության դեմ մտնում է վճռական փուլ։

Բայց կա նաեւ հարցի մյուս կողմը՝ բարոյականը։ Ով՝ ով, բայց Ի.Ալիեւը չէ՞ որ հիանալի գիտի, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան (2016թ.) պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի մարդկային կորուստները առնվազն յոթակի գերազանցել են ղարաբաղյան զինված ուժերի տված կորուստները։ Ադրբեջանի նախագահը, արհամարհելով 700-ից 1000 զինվորի կորցրած կյանքը, գործնականում հաստատում է, որ իր գործողությունների հիմքում ըստ էության դրված են «սրբազան ջիհադի» կանխադրույթները։

Միաժամանակ նշենք, որ ադրբեջանական ղեկավարության գործողությունների վերաբերյալ վերջերս միանգամայն նոր մոտեցում է առաջադրել Մշակույթի թալիշական խորհրդի անդամ, թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոեւը, որը ս.թ. փետրվարի 11-ին ժամանակավոր ապաստան է խնդրել Հայաստանի իշխանություններից։ Նա ստիպված էր ընտանիքով փախչել Ադրբեջանից ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հանդեպ գործադրվող ճնշումների եւ նրանց իրավունքների կոպիտ ոտնահարումների պատճառով։ 2017թ. փետրվարի 15-ին Շահին Միրզոեւը, ելույթ ունենալով «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով փորձագիտական խորհրդակցությունում, հայտարարել է. «Առաջնագծում ծառայում են թալիշները։ Նրանց, կարելի է ասել, բռնի են բանակ տանում եւ անմիջապես ուղարկում են առաջնագիծ, մսաղաց։ Ուստի, սպանվածների մեջ հիմնականում թալիշներ են, ուդիներ»։

 Ափշերոնյան բազեները հիանալի հասկանում են, որ իրենց մարդատյաց գործողությունների մասին վաղ թե ուշ կարող է իմանալ միջազգային հանրությունը, մանավանդ եթե ադրբեջանական իշխանությունները չեղարկեն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների, լրագրողների եւ բլոգերների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սահմանամերձ ադրբեջանական շրջաններ այցելությունների արգելքները, էլ չեմ ասում Լեռնային Ղարաբաղ ԵԱՀԿ անդամ պետությունների խորհրդարանականների այցելությունների դեպքերին ափշերոնյան կառավարիչների մոլի արձագանքի մասին։

Ուզում եմ հույս հայտնել, որ ԵԱՀԿ ԽՎ գալիք խորհրդաժողովը կդառնա բեկումնային ԵԱՀԿ 57 անդամ երկրների պատվիրակների գիտակցությունում խաղաղության եւ անվտանգության համար՝ իրենց անհատական պատասխանատվության առումով։ Չէ՞ որ մեր պայթյունավտանգ ժամանակներում առավել քան մեծ է յուրաքանչյուրիս անձնական պատասխանատվությունը հեղված յուրաքանչյուր կաթիլ արյան համար՝ Երկիր մոլորակի որ մասում էլ որ այն հոսի։ Եվ ԵԱՀԿ տարածքում ամուր խաղաղության հաստատման պայքարը հարկ է սկսել այսպես կոչվող «սառեցված հակամարտություններից»։

Այլապես առաջիկայում մենք ստիպված կլինենք ընդունել, որ Gov You-ի սոցիոլոգիական հարցմանը մասնակցած քաղաքացիների ամենատագնապալի սպասումները՝ երրորդ համաշխարհային պատերազմի անխուսափելիության հետ կապված, կդառնան ակներեւ։

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ԱԺ պատգամավոր

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար

 

P.S.- Ս.թ. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Երկրապահ կամավորականների միության XI համագումարում, ասաց. «Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության- խմբ.) խնդիրը հայ ժողովրդի գործն է, հայության դատն է. ինչպես որ Արցախի ժողովուրդը որոշի, հենց այդպես էլ կլինի Արցախի ապագան: Իսկ մենք բոլորս՝ ինչպես այստեղ ներկաները, այնպես էլ այս դահլիճից դուրս գտնվողները, սարի պես կանգնած ենք Արցախի մեր քույրերի եւ եղբայրների թիկունքին:

Ես իմ պարտքն եմ համարում համագումարի այս ամբիոնից հայտարարել, որ բոլոր հնարավոր սադրանքները (ադրբեջանական կողմից- խմբ.) արժանի հակահարված են ստանալու: Պատրանքների վրա հիմնված քաղաքականությունը ապագա չունի եւ չի կարող ունենալ: Ասվածի ապացույցը անցած տասնամյակների փորձն է»:

Կարծում եմ, որ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային խորհրդաժողովի լեյտմոտիվը, նրա կարգախոսը իրավամբ լինելու է «Պատրանքների վրա հիմնված քաղաքականությունը պարարտ հող է ստեղծում պատերազմի հրահրման համար եւ սպառնալիք հանդիսանում խաղաղությանն ու անվտանգությանը» պնդումը։

Последние видеоматериалы

Новые книги