ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՈՐՊԵՍ ՀՈՒՍԱԼԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑ

09.12.2016, Հայոց աշխարհ

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ

-Ձեր ելույթներում քանիցս նշել եք, որ հայկական պատվիրակությունը միջազգային տարբեր հարթակներում, անշուշտ, պաշտպանել է Ռուսաստանի դիրքորոշումները։ Ինչպե՞ս է դա տեղի ունեցել, օրինակ, ԵԽ ԽՎ-ում։

-Բերեմ հետեւյալ օրինակը։ 2015թ. հուլիսի 5-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում (Հելսինկի), որը զուգադիպել էր Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության խորհրդի Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, իմ կողմից շատ հարգված Իլկա Կաներվան, քվեարկության չդնելով Ամփոփիչ հռչակագրի նախագիծը, ասաց, որ պատվիրակներից ոչ ոք դեմ չի արտահայտվել Հելսինկյան հռչակագրի ընդունմանը եւ այդպիսով՝ այն ընդունվում է միաձայն։ Ավելին՝ դրա հետ մեկտեղ՝ որպես այդ հարցը հաստատելու եւ քննարկումն ավարտելու նշան, նիստը վարողի մուրճով հարվածեց սեղանին։ Ռուսաստանի Դաշնային ժողովի պատվիրակությունն այդ ժամանակ Հելսինկիում չկար։

Ինչպես հիշում եք, Սերգեյ Նարիշկինը պաշտոնապես, դեռեւս նստաշրջանի աշխատանքն սկսվելուց առաջ, հանդես եկավ հայտարարությամբ եւ ասաց, որ քանի որ պատվիրակության որոշ անդամների Ֆինլանդիա մուտքի վիզաներ չեն տրվել, ռուսաստանյան պատվիրակությունը լրիվ կազմով բոյկոտում է ԵԱՀԿ ԽՎ Հելսինկիի խորհրդաժողովը։ Եվ ահա, կրկնում եմ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան, Հռչակագիրը քվեարկության չդնելով, հայտարարեց, թե Հելսինկյան հռչակագիրն ընդունվել է «միաձայն»։

Բնականաբար Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչը, այս պարագայում՝ հանձին ձեր խոնարհ ծառայի, բարձրացրեց մեր երկրի նշումով համապատասխան ցուցանակն ու խոսք խնդրեց՝ հանդիմանելով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին այն բանի համար, որ նա, խախտելով ԵԱՀԿ ԽՎ ընթացակարգի կանոնները, քվեարկության չի դրել բանաձեւի նախագիծը, ինչի հետեւանքով մենք այդպես էլ չիմացանք, թե ով է «կողմ» քվեարկել, ով՝ «դեմ» եւ ով՝ «ձեռնպահ»։

Երբ հարցը քվեարկության դրվեց, «դեմ» քվեարկեց միայն Հայաստանը՝ հանձին պատվիրակության ղեկավարի։ Ղազախստանն այդ քվեարկության ժամանակ ոչ երեւում էր, ոչ էլ ձայնն էր լսվում։ Ղրղըզստանն ու Տաջիկստանը նույնպես մեջտեղում չկային, անգամ Բելառուսը որեւէ կերպ չդրսեւորեց իր դիրքորոշումը։

Եվ ստացվում է այնպես, որ, երեւանյան սլենգով ասած՝ Հայաստանը կոտրեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի անդամ շատ երկրների կայֆը, թե չէ հակառուսական, ռուսատյաց Հելսինկյան հռչակագիրն ընդունվելու էր «միաձայն»։

Հետո ավելի հետաքրքիր է դառնում։ Տառացիորեն մի քանի ամիս առաջ Թբիլիսիում, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հոբելյանական՝ 25-րդ խորհրդաժողովում, նորից Ամփոփիչ հռչակագրում հակառուսական կետեր մտցվեցին։

Բարեբախտաբար ռուսաստանյան պատվիրակությունը մասնակցում էր ԵԱՀԿ ԽՎ Թբիլիսյան ամենամյա նստաշրջանին։ Նշեմ, որ Թբիլիսյան հռչակագրի քվեարկության արդյունքներով ընդամենը չորս պատվիրակ է «դեմ» քվեարկել (ռուսաստանյան պատվիրակության երեք անդամ եւ այս անգամ նույնպես՝ հայկական պատվիրակության ղեկավարը)։ Այսինքն՝ մենք այնտեղ նույնպես չդարձանք ընդունվող հռչակագրի վերաբերյալ ՀԱՊԿ գծով մեր դաշնակիցների ո՛չ ելույթների, ո՛չ էլ նրանց դիրքորոշման արտահայտման վկաները։ Ստիպված էի նորից ելույթ ունենալ, եւ ո՛չ մեկ անգամ՝ հակառուսական առանձին կետերի ընդունման դեմ փաստարկներ բերելով։

Ինչո՞ւ եմ մեր ուշադրությունը սեւեռում այսպիսի հարցերի վրա. որովհետեւ, իսկապես, փորձությունների պահին, հավանաբար պատվիրակություններից յուրաքանչյուրը թիկունքի կարիք է զգում։ Դե՛ լավ, բայց այս անգամ էլ ՀԱՊԿ գծով մեր գործընկերները «դեմ» չքվեարկեցին։

Եթե շարունակենք այս թեման, ապա պետք է նշել, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի առանձին կոմիտեներում, մասնավորապես՝ Առաջին կոմիտեում, Երկրորդ կոմիտեում, դեռեւս չի եղել դեպք, որ քննարկվող բանաձեւերի նախագծերում պարունակվող հակառուսական որեւէ ձեւակերպում չվիճարկվի Հայաստանի պատվիրակության գոնե մեկ անդամի կողմից, որ մեզնից որեւէ մեկը հանդես չգա ընդդեմ նման կանխակալ հակառուսական ձեւակերպումների, ընդ որում՝ սկզբունքային, ազնիվ դիրքերից։

Եվ նման սկզբունքային քաղաքականություն վարվում է մշտապես, քանի որ մենք հասկանում ենք, որ սա միջազգային խորհրդարանական մակարդակով գլխավոր այն գծի շարունակությունն է, որն առաջադրել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

Միաժամանակ, բնական է, որ սպասում ես ստանալ տարրական բարոյական, գաղափարական աջակցություն ՀԱՊԿ անդամ պետությունների գործընկեր-պատվիրակների կողմից։

-Լուսաբանո՞ւմ են նման իրադրությունը ռուսաստանյան զանգվածային լրատվամիջոցները։ Որքանո՞վ են նրանք գնահատում Հայաստանի աշխատանքն ու դիրքորոշումը։

-Ավաղ եւ ցավոք, մեր հարգարժան ռուսական քարոզչությունը ԵԱՀԿ ԽՎ Թբիլիսյան ամենամյա խորհրդաժողովի արդյունքների հիման վրա էական որեւէ բան չարեց։ Մի երկու-երեք փոքր, կարճ հաղորդագրությամբ, ինչպես Հելսինկիից, այնպես էլ Թբիլիսիից հետո նշվեց, որ միայն հայկական պատվիրակությունն է, որ չի դավաճանել իր դիրքորոշմանն ու «դեմ» է քվեարկել հակառուսական բանաձեւին։

Բայց մեզ, մեր աշխատանքին այստեղ՝ Հայաստանում, հետեւում են մեր հարյուր հազարավոր ընտրողները, միջազգային կազմակերպություններում մեր աշխատանքին հետեւում են հարյուր հազարավոր մեր քաղաքացիները, որոնց հարազատները ճակատագրի բերումով Օսմանյան կայսրությունում Ցեղասպանությունից հետո հանգրվան են գտել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Եվրոպայի այլ երկրներում։

Եվ միանգամայն բնական է, որ Հայաստանի նման սկզբունքային վերաբերմունքը Եվրամիության անդամ այն երկրների դիրքորոշման հանդեպ, որոնց քաղաքական էլիտաների համար, ըստ էության, բացառապես սկզբունքային է միջազգային համաժողովներում Ռուսաստանին պարսավելը, չի արժանանա այդ երկրների հավանությանը։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ նրանք իրենց առջեւ միայն մի նպատակ են դնում՝ այդ ամենն անել ի հեճուկս Ռուսաստանի։ Եվ իհարկե, հայկական պատվիրակության նման սկզբունքային դիրքորոշումը ոչ մի կերպ չի ընկալվում մեր եվրոպացի գործընկերների կողմից։

Այս պայմաններում հարկավոր է, որ գոնե Ռուսաստանը բարոյապես աջակցի մեզ։ Սա հիմա չի ասվում ծափահարությունների համար, այլ որպեսզի մենք կարողանանք վստահ հայտարարել, որ Հայաստանը լսվել է, Հայաստանն ընկալվել եւ բարձր է գնահատվել իր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի կողմից։

Մեզ համար շատ կարեւոր է, որ Հայաստանը Ռուսաստանի բնակչությանը ներկայացվի որպես հուսալի ռազմավարական դաշնակից եւ գործընկեր։

-Ձեզ բավարարո՞ւմ է Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղյան հարցում։

-Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի՝ վերջերս կայացած համատեղ նիստում ունեցած իր ելույթում Կոնստանտին Կոսաչովը բավական ծանրակշիռ ներկայացրեց Ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տեսլականը։

Այդ տեսլականը տարբեր չէ Ռուսաստանի նախագահի գծից, այո, այն չի տարբերվում նրա դիրքորոշումից։ Գուցե ասվում է այլ խոսքերով, բայց կարգավորման հանդեպ մոտեցման էությունը նույնն է՝ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի։

Եվ երբ Ռուսաստանի նախագահն արդեն ընդգծում է, որ հարկ է խելամտորեն համադրել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքները, եւ Ռուսաստանն ինքը միաժամանակ շատ ճիշտ է իրագործում Ղրիմի բնակչության ինքնորոշվելու իրավունքը, քաղաքական գործչի համար պարզ է դառնում, որ դա ակնհայտ չասված, բայց ակնհայտ արտահայտված աջակցություն է նաեւ հակամարտության կարգավորման մեր դիրքորոշմանը։

Ս.ՏՈՆՈՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги