ՀԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ ՈՒ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ ՆՈՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՉԵՍ ԿԱՌՈՒՑԻ

18.11.2016, Հայոց աշխարհ

Երեկ Ազգային ժողովը սկսեց 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը։ Այս կապակցությամբ մենք զրուցում ենք ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ։

-Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ ամբիոնից իր առաջին ելույթում հայտարարեց, որ տնտեսությունը ծանր վիճակում է, մի փոքր «պաուզա» արեց եւ ավելացրեց՝ շատ ծանր։ Փաստորեն կառավարության ղեկավարի մակարդակով ասվեց, որ Հայաստանի տնտեսությունը ճգնաժամային վիճակում է։

Մակրոտնտեսության ցանկացած մասնագետ, լինի ազատականության դպրոցի հետեւորդ, կենսիանականության ջատագով թե մոնետարիստ, կվկայի, որ ճգնաժամային վիճակում գտնվող տնտեսության պայմաններում հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինի խթանող։

Ի՞նչ է նշանակում խթանող ֆիսկալ կամ ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականություն։ Դա նշանակում է, որ վարվող քաղաքականությունը պետք է խրախուսի կա՛մ համախառն պահանջարկը (բնականաբար, խոսքը ներքին պահանջարկի մասին է), կա՛մ համախառն առաջարկը, կա՛մ, որ շատ ավելի ցանկալի է՝ երկուսը միասին։ Դրա հետ մեկտեղ, պետք է անպայման ձեւ գտնել՝ նվազեցնելու տնտեսավարողների հարկային բեռը եւ ավելացնելու տրանսֆերտների ծավալը։

Խթանիչ գործոնների այս «հավաքածուն» չի կարող չունենալ իր համալիր ազդեցությունը տնտեսության եւ տնտեսական աճի վրա։ Սա՛ է տնտեսությունը ճգնաժամից հանելու միակ դեղատոմսը։

Հասկանալի է, որ դրան պետք է նպաստի նաեւ դրամավարկային կամ մոնետար քաղաքականությունը, որ վարում է Կենտրոնական բանկը։ Սրանից մի քանի ամիս առաջ, երբ Ազգային ժողովում քննարկվում էր Կենտրոնական բանկի հաշվետվությունը, ձեր խոնարհ ծառան ելույթ ունեցավ եւ հարցադրում արեց, որ ԿԲ-ն իր դրամավարկային քաղաքականությամբ պետք է աջակցի կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությանը՝ խթանի համախառն ներքին արդյունքի աճը, որը կբերի նոր աշխատատեղերի ստեղծման եւ համախառն ներքին պահանջարկի աճի, ինչը իր հետեւից կբերի համախառն ներքին առաջարկի բարձրացման, այն է՝ տնտեսական զարգացման։

ԿԲ-ն իր հետեւություններն արել է, եւ արդեն ամիսներ շարունակ մենք ձեզ հետ ականատես ենք, որ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջել է (վերջին երեք տարիներին՝ ավելի քան 4 տոկոսով) եւ հիմա 6,25 տոկոս է։ Սա նշանակում է, որ ԿԲ-ն առեւտրային բանկերին ավելի ցածր տոկոսադրույքներով է փող տրամադրում, վերջիններս էլ հնարավորություն են ստանում ավելի ցածր տոկոսով վարկավորել տնտեսությունը։ Այսինքն՝ ԿԲ-ն իր քայլը՝ առաջին քայլը ճիշտ ուղղությամբ, արել է։

Եթե սրան զուգակցվեր նաեւ կառավարության կողմից խթանվող հարկաբյուջետային քաղաքականությունը, ապա երկուսն իրար հետ կարող էին սիներգետիկ էֆեկտ տալ։ Այսինքն՝ ապահովել շեշտակի տնտեսական աճ, խթանել տնտեսության զարգացումը։ ՀՆԱ-ի աճն իր հերթին կբերեր հարկային մուտքերի ավելացման, հարկային մուտքերի աճը կնպաստեր բյուջետային մուտքերի, հետեւաբար նաեւ ծախսերի ավելացման։ Այդ թվում՝ սոցիալական ծախսերի, որոնք հետագայում կուղղվեին համախառն ներքին պահանջարկի բարձրացմանը։

Եթե, օրինակ, նույն թոշակառուն (իսկ Հայաստանում 463 հազար թոշակառու կա), հավելյալ թոշակ ստանար, դրանով կհոգար հանապազօրյա իր հոգսերը՝ ավելի շատ էլեկտրաէներգիա կծախսեր, ավելի շատ սննդամթերք կգներ եւ այլն։ Արդյունքը կլիներ այն, որ կավելանար այդ ապրանքատեսակների արտադրությունը, այսինքն՝ շղթայական ռեակցիայով դա կհանգեցներ տնտեսության զարգացմանը։

Ամբողջ պարադոքսն այն է, որ հարգարժան ֆինանսների նախարարը՝ պրն Արամյանը, որի մասին շատ դրական կարծիք ունեմ, իմ հարցին պատասխանելով՝ ասաց, որ վարվող հարկաբյուջետաին քաղաքականությունը զսպող է։ Իսկ զսպող հարկաբյուջետային քաղաքականություն վարում են այն ժամանակ, երբ երկրի տնտեսությունը «պերեգրեւի» մեջ է՝ գերարտադրություն կա, սպառում չկա, ինֆլյացիան աճում է եւ առաջանում է առաջարկ-պահանջարկի դիսբալանս՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։

-Ֆինանսների նախարարի պատասխանը՝ որ կառավարությունը շեշտը դնում է մակրոտնտեսական կայունության ապահովման վրա, որը նախադրյալներ կստեղծի հետագա տարիների կայուն տնտեսական աճի եւ տնտեսության կայուն զարգացման համար, ձեզ չի՞ գոհացնում։

-Ես կասեի ճիշտ հակառակը՝ ոչ թե մակրոտնտեսական կայունությունն է ապահովում կայուն տնտեսական աճ, այլ խթանիչ հարկաբյուջետային քաղաքականության արդյունքներից մեկը լինում է մակրոտնտեսական կայունության ապահովումը։

Չեմ ասում՝ մեխանիկորեն ավելացնենք բյուջետային ծախսերը՝ կուտակելով նոր պետական պարտքեր, որը էլ ավելի կվատթարացնի տնտեսության վիճակը։ Խոսքը վերաբերում է նրան, որ բյուջետային ծախսերը, որոնք արդեն իսկ նախատեսված են, լինեն նպատակային եւ հնարավորինս արդյունավետ։ Այսինքն՝ եթե մենք հնարավորություն ունենք, օրինակ, կապիտալ ներդրումներ անելու այն ծավալով, որ նախատեսված է բյուջեում, այդ կապիտալ ներդրումներով պայմանավորված՝ պետական գնումների մեծ մասը պետք է լինի տեղական արտադրության, անգամ եթե չինականը, ռուսականը կամ եվրոպականը գրեթե նույն գնի է կամ ավելի էժան։

Մենք այն վիճակում ենք, որ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բյուջետային ծախսերը դուրս չգնան, այլ մնան երկրում եւ ուղղվեն տեղական արտադրության խթանմանը։

-Քննարկման ընթացքում հարց բարձրացվեց՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության 0,3 տոկոս աճը, արդյոք, այն վերին սահմա՞նն է, որին պետք է ձգտի կառավարությունը, այն դեպքում, երբ ստվերը մեր տնտեսության մեջ ամենահամեստ հաշվարկներով հասնում է 40 տոկոսի։

-Այսօր տնտեսագիտության մեջ եւ ընդհանրապես կառավարման ոլորտում լայն տարածում է գտել այսպես կոչված սմարթ տեխնոլոգիաների կիրառումը։ Դրանք այն տեխնոլոգիաներն են, որոնք նվազագույնի են հասցնում ստվերում գործելու հնարավորությունը։ Թո՛ղ հիմնականում ստվերում գտնվող կամ այդ առումով առավել ռիսկային մեկ-երկու ոլորտներում կիրառեն այդ տեխնոլոգիաները եւ կտեսնեն, թե ստվերից ինչքան գումարներ հնարավոր կլինի բերել, լցնել բյուջե։

Բյուջեի հավելյալ մուտքերը կարելի է տրամադրել իմ ասած համախառն ներքին պահանջարկի բարձրացմանը, օրինակ, բարձրացնելով նույն կենսաթոշակները։ Ցավոք, փորձում են հին գործիքակազմով, որի կիրառման պայմաններում տնտեսության առնվազն 30 տոկոսը ստվերում է, որակական փոփոխություն անել։

Գործիքակա՛զմը պետք է արմատապես փոխվի՝ անհրաժեշտ են նոր գործիքներ, որոնք կբացառեն կամ նվազագույնի կհասցնեն ստվերում գործելու հնարավորությունը։ Սա՛ է ճանապարհը։

Որակական աճ ապահովելու համար Հայաստանի Հանրապետությունում պետք է որակապես նոր գործիքակազմ կիրառվի. հին գործիքակազմը կարելի է փոքր-ինչ կատարելագործել, բայց այն սպառել է իր ներքին պոտենցիալը։ Հիմա կառավարման գիտությունը՝ մակրոէկոնոմիկան, շատ առաջ է գնացել, եւ մինչեւ նոր գործիքակազմը չկիրառվի, տնտեսական լուրջ վերելքի մասին խոսելը իրատեսական չի լինի։

Մեզ պետք է տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, մինչդեռ 2017թ. բյուջեում ծախսային մասը 16 միլիարդով պակաս է նախատեսված, քան 2016թ. բյուջեում։ Դրան գումարած՝ 18,6 միլիարդ դրամով ավելի շատ գումար պետք է հատկացվի նախկինում կուտակված պարտքերի սպասարկմանը։ Այսինքն՝ այդ գումարները իրական շրջանառությունից դուրս են գալիս, ի հավելումն՝ ծախսերի կրճատում ենք անում։ Սա նշանակում է սպառողական առաջարկի նվազում, որովհետեւ ազատ շուկայական տնտեսություն է. եթե սպառողական պահանջարկ չկա, առաջարկը չի կարող ավելանալ։

-Փաստորեն կառավարությունը շատ ավելի զգուշավոր քաղաքականություն է որդեգրել, քան կարելի էր ակնկալել՝ նկատի ունենալով սպասումների բարձր նշաձողը, որ կա հանրության շրջանում վերջին կադրային փոփոխությունների համատեքստում։

-Ես հասկանում եմ, որ տվյալ պարագայում կառավարությունը ներկայացրել է այն, ինչի տերն է 100 տոկոսով, ինչը կյանքի կոչելու համոզմունքը ունի։ Արդյոք, կարելի՞ է բավարարվել այդքանով։ Կարծում եմ՝ ոչ։

Ոչ թե պետք է չարդարացված ռիսկի դիմել եւ օդից վերցրած ինչ-որ թվեր ամրագրել բյուջեի նախագծում, այլ նոր մոտեցումներ առաջարկելով՝ ֆիքսել նվազագույն արդյունքը, որը երաշխավորված է այդ նոր մոտեցումների կիրառման շնորհիվ։ Դա պետք է լինի համալիր ծրագիր, որն արմատապես նոր մոտեցումներ է պահանջում։ Ի վերջո, դա բոլորիս պարտքն է. եթե հիշում եք, հանրապետության նախագահը ասաց՝ մենք նոր տնտեսություն ենք ուզում ստեղծել, մենք նոր երկրում ենք ապրելու։

Նոր տնտեսություն ստեղծելու, նոր երկրում ապրելու համար հին գործիքակազմը, հին մոտեցումները չեն աշխատում։ Սա է իմ ասածը։

 

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги