ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԵՎՐՈՊԱՆ. ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ  

26.10-28.10.2016, Հայոց աշխարհ

2016թ. նոյեմբերի 1-ին Փառքի ազգային կենտրոնը եւ Անդրեյ Պերվոզվաննու հիմնադրամը, հունական մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, ՌԴ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, Հունաստանում Ռուսաստանի տարվա պաշտոնական ծրագրի շրջանակներում Աթենքում անցկացնելու են Միջազգային հասարակական-գիտական կոնֆերանս՝ «Ռուսաստան, Հունաստան, Եվրոպա. համագործակցության ավանդույթները եւ պատմական ճակատագրերի ընդհանրությունը» թեմայով։

Անդրեյ Պերվոզվաննու հիմնադրամի եւ Ազգային փառքի կենտրոնի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինի անձնական հրավերով գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու եւ «Ռուսաստանը եւ Եվրոպան եվրոպական քաղաքակրթության գոյության սպառնալիքներին դեմ-հանդիման. հայացք Հայաստանից» զեկուցմամբ հանդես է գալու ԱԺ պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ։

Ստորեւ ներկայացնում ենք Ա.Գեղամյանի մտորումները զեկուցման թեմայի շուրջ։

Մեր օրերում, թերեւս Կարիբյան ճգնաժամից (1962թ.) հետո առաջին անգամ, համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնները միակարծիք են այն հարցում, որ միջազգային անվտանգության նոր սպառնալիքներն իրենց մեջ թաքցնում են գլոբալ պատերազմի վերաճելու վտանգ՝ մարդկային քաղաքակրթության համար աղետալի հետեւանքներով։

Այս պայմաններում բացառիկ կարեւոր է ցանկացած հնարավորության օգտագործում այն նպատակով, որպեսզի աշխարհի ժողովուրդներին տեղեկացվի սպառնացող մահացու վտանգի մասին, ավելին՝ կոորդինացվեն հեղինակավոր բոլոր միջազգային կազմակերպությունների ջանքերը՝ գլոբալ ռիսկի նվազեցմանն ուղղված ծայրահեղ միջոցների ընդունման համար։ Ռիսկ, որը կարող է առաջ բերել միջազգային անվտանգության համակարգի (որի հիմքում ընկած է միջազգային իրավունքի համընդհանուր ընդունված նորմերին եւ սկզբունքներին հետեւելը բոլոր պետությունների կողմից) վերջնական փլուզում։ Այդ նորմերին եւ սկզբունքներին հետեւելն է հենց բացառում պետությունների միջեւ վիճելի հարցերի եւ տարաձայնությունների լուծումն ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի օգնությամբ։

Այս առնչությամբ, կարծում եմ, որեւէ մեկը չի կասկածում այն հարցում, որ գլոբալ անվտանգություն ապահովող քաղաքականություն մշակելու համար անհրաժեշտ պայման է այն խնդիրների, գլոբալ դերակատարների շահերի տարաբնույթ վեկտորների վերհանումը, որոնց չհամընկնումը կարող է դառնալ գլոբալ հակամարտության աղբյուր։

Փորձենք պարզել աշխարհում տեղի ունեցող գործընթացների էությունը՝ բնականաբար չհավակնելով համապարփակության, առավել եւս՝ այսուհետ ներկայացվող դիտարկումների եւ եզրահանգումների վերջնականության։

Այսպես. 2015թ. փետրվարին Վաշինգտոնում Բարաք Օբամայի վարչակազմը ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը ներկայացրեց ԱՄՆ Ազգային անվտանգության երկրորդ ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն)։ Ռազմավարությունում կարմիր թելի պես անցնում է համաշխարհային քաղաքականությունում ԱՄՆ առաջատարության գաղափարը, որը, ըստ այն կազմողների, իրականացվելու է չորս ձեւով. 1. օրինակի միջոցով, 2. ուժեղ գործընկերների հետ դաշնակցությամբ, 3. ամերիկյան հզորության բոլոր գործիքների կիրառման միջոցով, 4. հիմնվելով համաշխարհային զարգացման գործընթացների երկարաժամկետ տեսլականի վրա՝ նպատակ ունենալով վճռական ազդեցություն ունենալ հանգուցային գործընթացների վրա։

Ընդ որում՝ նախ նկատի ունենալով միջազգային ասպարեզում ուժերի հավասարակշռության մեջ առկա տեղաշարժերը, ամերիկյան հզորության տարակենտրոնացումը պետություններից ոչ պետական կառույցներին անցման ճանապարհով, համաշխարհային քաղաքականության գլխավոր սուբյեկտների փոխկախյալության ուժեղացումը; ապակայունացումը Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, տագնապալի փոփոխությունները գլոբալ էներգետիկ շուկաներում։

Միանգամայն սպասելի էր, որ Ռազմավարությունը դառնալու էր Ռուսաստանի համապատասխան կառույցների հանգամանալի ուսումնասիրության առարկան։ Ռազմավարության՝ ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի կատարած վերլուծությունում նշվում էր, որ ի տարբերություն նախորդ խմբագրության (2010թ.)՝ այն ակնհայտորեն հակառուսական ուղղվածություն ունի։ ՌԴ Անվտանգության խորհրդի վերլուծությունում, մասնավորապես, նշվում է, որ Ռազմավարությունում ընդգծվում է «Ռուսաստանի ագրեսիան» զսպելու անհրաժեշտությունը նախեւառաջ Ուկրաինայի հանդեպ, նշվում է նոր գլոբալ տնտեսական կարգի ձեւավորմանը ձեռնամուխ լինելու ԱՄՆ ձգտումը։

Ընդ որում՝ ընդգծվում է, որ այդ կարգի մեջ հատուկ տեղ պետք է զբաղեցնեն Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերությունն ու Տրանսատլանտյան առեւտրաներդրումային գործընկերությունը, որոնք թույլ կտան ԱՄՆ-ին կենտրոնական դիրքեր ապահովել համաշխարհային տնտեսության երկու երրորդն ընդգրկող ազատ առեւտրի գոտիներում։ Հատկանշական է, որ Ռազմավարությունում առաջին անգամ ԱՄՆ-ը հայտարարում է Չինաստանի հետ ուժի դիրքերից մրցակցելու մտադրության մասին՝ փորձելով հասնել նրա կողմից միջազգային իրավունքի նորմերի պահպանման հարցերի լայն շրջանակի առումով՝ ծովային տարածքի անվտանգության ապահովումից մինչեւ առեւտուր եւ մարդու իրավունքների պաշտպանություն։ Այդ նույն տեղում նշվում էր նաեւ, որ սեւեռուն ուշադրության ներքո է մնալու Չինաստանի ռազմական գործունեությունը։

ԱՄՆ-ին անհարմար քաղաքական ռեժիմների համար էլ ավելի լայն տարածում են ստանալու «գունավոր հեղափոխությունների» կատարելագործված տեխնոլոգիաները՝ Ռուսաստանի հանդեպ կիրառության բարձր հավանականությամբ։ Այսպիսին են Ռուսաստանի ԱԽ աշխատակազմի որոշ եզրահանգումները Ռազմավարության մասին։ Մտապահենք սրանք։

Նշենք նաեւ, որ 2015թ. դեկտեմբերի 31-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որը հաստատում է Ռուսաստանի Դաշնության Ազգային անվտանգության ռազմավարությունը (այսուհետ՝ ՌԴԱԱՌ)։ Ինչպեսեւ սպասվում էր, ՌԴԱԱՌ-ում կոշտ գնահատականներ են տրվել, Ռուսաստանի կարծիքով, միջազգային լարվածության աննախադեպ աճի մեղավորներին։ Ընդունված փաստաթղթում մասնավորապես նշվում է. «Արեւմուտքի դիրքորոշումը, որն ուղղված է Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին դիմակայելուն եւ լարվածության օջախների ստեղծմանը, բացասական ազդեցություն է գործում ռուսաստանյան ազգային շահերի իրագործման վրա»։

Այնուհետեւ նշվում է, որ «ԱՄՆ-ի եւ Եվրոպական միության աջակցությունն Ուկրաինայում հակապետական հեղաշրջմանը հանգեցրեց ուկրաինական հասարակության խոր պառակտմանը եւ զինված հակամարտության առաջացմանը...»։ ՌԴԱԱՌ-ում նշվում է նաեւ, որ «լեգիտիմ քաղաքական ռեժիմների տապալման գործելակերպը, ներպետական անկայունության եւ հակամարտությունների հրահրումն էլ ավելի լայն տարածում են ստանում»։

Այս համապատկերում միանգամայն բնական է թվում նաեւ այն փաստաթղթերի վերլուծությունը, որոնք բնութագրում են եվրոպացիների տեսլականն արդի փուլում միջազգային անվտանգության մարտահրավերների եւ սպառնալիքների մասին։ Այս առումով ուշագրավ է 2016թ. հունիսի 29-ին ընդունված ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության Գլոբալ ռազմավարությունը (այսուհետ՝ Գլոբալ ռազմավարություն)։ Մեջբերում կատարենք այս փաստաթղթից. «Մենք էկզիստենցիալ ճգնաժամ ենք ապրում ինչպես Եվրոպական միության ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Մեր միությունը սպառնալիքի տակ է։ Մեր եվրոպական նախագիծը, որն իր հետ աննախադեպ խաղաղություն, բարգավաճում եւ ժողովրդավարություն է բերել, կասկածի տակ է դրվում։ Մեր սահմաններից դեպի արեւելք խախտվել է Անվտանգության եվրոպական համակարգը, այն դեպքում, երբ ահաբեկչությունն ու բռնությունն աղետ են դարձել Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների, ինչպես նաեւ Եվրոպայի համար»։

Հույս ունեմ, որ ընթերցողն ուշադրություն դարձրեց միջազգային անվտանգության վերաբերյալ այս հիմնարար փաստաթղթերի՝ Ռազմավարության, ՌԴԱԱՌ-ի եւ Գլոբալ ռազմավարության ընդունման ժամանակագրությանը։ Այս փաստաթղթերին առավել մանրամասն ծանոթանալու պարագայում աչքի է ընկնում այն, որ ՌԴԱԱՌ-ում եւ Գլոբալ ռազմավարությունում Ռուսաստանի եւ Եվրամիության համար ընդհանուր շատ մտահոգություններ կան գլոբալ ռիսկերի եւ միջազգային անվտանգության սպառնալիքների մասով՝ մի կողմից, ճիշտ այնպես, ինչպեսեւ Ռազմավարությունում է առկա ԱՄՆ բացառիկ դերի, ամերիկյան բացառիկության մասին թեզիսների հաստատումը։

Այդ մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անթաքույց հայտարարել է Կոնգրեսում ունեցած իր ելույթում Ռազմավարությունը ներկայացնելիս, ինչպեսեւ այն, որ այդ գաղափարը համակել է փաստաթղթի բոլոր դրույթները։ Այսպես, այնտեղ բացահայտ հայտարարվում է, որ. «Մենք (ԱՄՆ-ը) լինելու ենք առաջատարն ուժի դիրքերից։ Դժվարին տասնամյակից հետո Ամերիկան օրեցօր ավելի ուժեղ է դառնում... Մենք առաջատարն ենք լինելու՝ օրինակ ցույց տալով... Մենք առաջատարն ենք լինելու ընդունակ գործընկերների հետ։ Մեր փոխկապված աշխարհում չկան այնպիսի գլոբալ խնդիրներ, որոնք կարելի լիներ լուծել առանց ԱՄՆ-ի, եւ շատ քիչ են այնպիսի խնդիրները, որոնք ԱՄՆ-ը կարող է լուծել միայնակ... Մենք առաջատարն ենք լինելու՝ օգտագործելով ամերիկյան հզորության բոլոր գործիքները։

Մեր ազդեցությունը հասնում է առավելագույնի, երբ մենք համադրում ենք մեր բոլոր ռազմավարական առավելությունները։ Մեր բանակը կպահպանի մեր անանց ազգային շահերը պաշտպանելու իր պատրաստակամությունը՝ ապահովելով մեր դիվանագիտության ազդեցության կարեւոր լծակները... Մենք առաջատարն ենք լինելու՝ հեռավոր հեռուն նայելով։ Ամբողջ աշխարհով մեկ տեղի են ունենում պատմական վերափոխումներ, որոնք տասնամյակներ են տեւելու։ Շնորհիվ իր ռազմավարության՝ Ամերիկան կկարողանա ազդել դրանց հետագծի վրա, օգտագործել այն հնարավորությունները, որոնք դրանք տրամադրում են, ինչպես նաեւ կառավարել այն ռիսկերը, որոնք դրանք կստեղծեն»։

Ես հատուկ ուշադրություն սեւեռեցի փաստաթղթերից արված մեջբերումների վրա, որոնք բնութագրում են ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Ռուսաստանի գնահատականները միջազգային անվտանգության ծայրահեղ լարված դրությանը, դրանք նաեւ ցույց են տալիս ինչպես իրենց ազգային, այնպես էլ միջազգային անվտանգության վերահաս սպառնալիքների նրանց տեսլականները, մատնանշում իրենց երկրների մոտեցումները միջազգային անվտանգության լարվածության թուլացման հարցին։

Չխորանալով քաղաքականության եւ տնտեսության փոխկապվածության խնդրում Արեւմուտքի առաջատար երկրների եւ ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) օրինակով դիտարկենք գլոբալացմամբ պայմանավորված որոշ ֆինանսատնտեսական ցուցանիշներ։

Այսպես, ԱՄՆ ԿՀՎ-ի տվյալների համաձայն (https://www.cia.gov/library/publications/resources/the-world-factbook/rankorder/2001rank.html)՝ 2015թ. վերջին ՀՆԱ-ն ըստ գնողունակության պարիտետի եւ ՀՆԱ-ի հանդեպ պետական պարտքի հարաբերության՝ ունի հետեւյալ տեսքը.

Նշենք նաեւ, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության (ԱՄՆ գանձապետարանի դեպարտամենտ) 2016թ. սեպտեմբերի 1-ի հաղորդման մեջ ԱՄՆ ընդհանուր պետական պարտքը (բյուջեի տարեկան դեֆիցիտների ընդհանուր գումարը՝ գումարած տոկոսավճարները) այդ երկրի պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է $19,5 տրլն-ը՝ 2016թ. հունվարից ավելանալով $500 մլրդ-ով։ Հատկանշական է, որ 2009թ., երբ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրեց Բարաք Օբաման, պետական պարտքի ծավալը կազմում էր $10,63 տրլն։

Վերը ներկայացված վիճակագրությունը տագնապալի մտորումների տեղիք է տալիս՝ նկատի ունենալով այն, որ պարտքային բեռնվածության հիմնական ծանրությունը բաժին է ընկնում աշխարհի բարձր զարգացած երկրներին, որոնք միաժամանակ նաեւ համաշխարհային պահուստային արժույթների թողարկողներն են հանդիսանում։ Այսպես, համաշխարհային կենտրոնական բանկերը պահում են ավելի քան $10 տրլն՝ տարբեր արժույթներով։ Ընդ որում՝ պահուստների ավելի քան 62%-ը կազմում է ԱՄՆ դոլարը։ Մեծությամբ երկրորդ պահուստային արժույթը եվրոն է, որին բաժին է ընկնում համաշխարհային բանկային պահուստային ֆոնդերի գրեթե 25%-ը։ Նշենք նաեւ, որ բրիտանական ֆունտին եւ ճապոնական իենին բաժին է ընկնում համաշխարհային արժութային շուկայի 4-ական տոկոսը։

Այս պայմաններում միանգամայն սպասելի է, որ հիմնական համաշխարհային պահուստային արժույթների էմիտենտները (ԱՄՆ, Եվրամիություն, Մեծ Բրիտանիա եւ Ճապոնիա), որոնք, ինչպես վերը ցույց տրվեց, վիթխարի արտաքին պարտք ունեն, չեն կարող ինքնակամ հրաժարվել համաշխարհային արժույթ տպելու պատվավոր իրավունքից։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ հենց այդ իրավունքի մենաշնորհն է հիմնականում երաշխավորում այդ երկրների բնակչության բարձր կենսամակարդակի պահպանումը (նրանց տնտեսությունների իրական հնարավորությունների համեմատությամբ)։

Հենց այս իրողությունների հաշվառմամբ էլ քաղաքական որոշումները, որոնք, մասնավորապես, ներկայացված են Ռազմավարությունում եւ Գլոբալ ռազմավարությունում, նպատակաուղղված են նախ եւ առաջ այդ իրավունքի մենաշնորհը պահպանելուն։ Դրա հետ մեկտեղ, միանգամայն օրինաչափ է, որ, օրինակ, ԲՐԻԿՍ երկրները, լինելով համաշխարհային արժույթների սպառողներ, ամեն կերպ փորձելու են միջոցներ ձեռնարկել՝ համաշխարհային պահուստային արժույթների էմիտենտ երկրներից իրենց ֆինանսատնտեսական կախվածությունը հետեւողականորեն թուլացնելու նպատակով։

Բնական է, որ, օրինակ, ԲՐԻԿՍ երկրները, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ 27%-ը, որոնք հիմնել են ԲՐԻԿՍ Զարգացման բանկը, ինչպես նաեւ Չինաստանի նախաձեռնությամբ հիմնել են Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը, միմյանց լրացնելով՝ ամրապնդելու են իրենց համագործակցությունը գլոբալ եւ տարածաշրջանային տնտեսական համագործակցության եւ տնտեսական կառավարման միջազգային համակարգի վերափոխման համար։ Դա, անշուշտ, զգալիորեն կնվազեցնի դոլարից եւ եվրոյից, ինչպես նաեւ ԱՄՀ-ից եւ Համաշխարհային բանկից այդ երկրների կախվածությունը։

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ստեղծումը, որը նպատակ ունի համակարգված, համաձայնեցված կամ միասնական տնտեսական քաղաքականություն իրականացնել կայուն տնտեսական աճ, ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժ ապահովելու համար, ինչպես նաեւ անցնել ազգային արժույթով փոխադարձ հաշվարկների, վերջնարդյունքում նույնպես հանգեցնելու է համաշխարհային պահուստային արժույթներից ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների կախվածության թուլացմանը։

Ճիշտ նույն կերպ էլ Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ), որն ի թիվս այլ խնդիրների, իր առջեւ խնդիր է դնում նաեւ աջակցել համակողմանի եւ հավասարակշռված տնտեսական աճին, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու մոտեցումների կոորդինացմանը, բնավ չի նպաստելու դոլարի եւ եվրոյի ամրապնդմանը որպես համաշխարհային պահուստային արժույթների։

Ի հակակշիռ վերոնշյալ ինտեգրացիոն նախագծերի՝ ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ էլի տասը երկիր 2015թ. հոկտեմբերի 5-ին Ատլանտայում (ԱՄՆ) համաձայնության եկան ստեղծելու աշխարհում խոշորագույն առեւտրային միությունը՝ Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերությունը (ՏԽԳ)։ ՏԽԳ-ն նպատակ ունի չեզոքացնել Չինաստանի տնտեսական ազդեցությունը եւ վերահսկելու է գլոբալ առեւտրի 40%-ը։ Ինչպեսեւ պետք էր սպասել, նոր առեւտրային դաշինքում Ռուսաստանին չեն սպասում։

ՏԽԳ էությունն ամբողջովին պատկերացնելու համար ներկայացնենք այն, ինչ ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ հրապարակված The Financial Times-ում. «Երբ մեր արտադրանքի պոտենցիալ սպառողների ավելի քան 95%-ն ապրում է ԱՄՆ սահմաններից դուրս, մենք չենք կարող թույլ տալ Չինաստանի տիպի երկրներին սահմանել համաշխարհային տնտեսության կանոնները։ Այդ կանոնները պետք է գրենք մենք՝ ամերիկյան ապրանքների համար նոր շուկաներ բացելով»։ Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են։

ՏԽԳ-ից բացի, ներկայում կրքեր են եռում Տրանսատլանտյան առեւտրային եւ ներդրումային գործընկերության (ՏԱՆԳ) ստորագրման, այսինքն՝ ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ։ Փորձագետների կարծիքով՝ նման համաձայնագրի կնքումն իրական սպառնալիք կդառնա, նախ, Ռուսաստանի տնտեսական շահերի համար։ Այդ համաձայնությունը լայն հնարավորություններ կբացի դեպի Եվրոպա ԱՄՆ-ից թերթաքարային գազի, երրորդ երկրներից (ԵՄ-ից դուրս) հեղուկացված գազի լայնածավալ մատակարարումների համար կամ էլ պայմաններ կստեղծի հենց Եվրոպայի ափին հեղուկացված գազի արտադրության հզորությունների գործարկման համար։

Կարծում ենք, որ տնտեսական գործոնների այս բնավ ոչ ամբողջական վերլուծությունը միանգամայն «արդարացնում» է (կուզենայինք հուսալ, որ միայն առաջին հայացքից՝ դրանց հետեւանքների անկանխատեսելիության պատճառով) այնպիսի փաստաթղթերի առկայությունը, ինչպիսիք են Ռազմավարությունը, ՌԴԱԱՌ-ն եւ Գլոբալ ռազմավարությունը։ Ավելորդ չի լինի, եթե դրանց ավելացնենք նաեւ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմավարությունը 2025թ. համար» (այսուհետ՝ ՀԱՊԿ Ռազմավարություն-2025), որը հաստատվել է 2016թ. հոկտեմբերի 14-ին Երեւանում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի որոշմամբ։

Աշխարհում ստեղծված պատկերի ամբողջականացման համար նշենք, որ քաղաքացիական պատերազմի սրումը Սիրիայում եւ Իրաքում ու Աֆղանստանում (փախստականների ելքի հիմնական երկրներ) պատերազմի լուծման տեսանելի հեռանկարների բացակայությունը, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի տարածքներում այլ հակամարտություններն առաջ են բերել փախստականների՝ իրենց ծավալներով անասելի հոսքեր դեպի Եվրոպա։

Միայն 2015թ. տարբեր գնահատականներով ԵՄ են մտել 1-ից մինչեւ 1,8 մլն փախստական եւ անլեգալ միգրանտ, իսկ 2016թ. անցած ժամանակաշրջանում նրանց թիվը զգալիորեն ավելացել է։ Ընդ որում՝ պետք է նշել, որ դեպի Եվրոպա փախստականների հոսքի խնդիրը միակ միգրացիոն ճգնաժամը չէ աշխարհում։ Այսօր ավելի քան 1,2 մլն սիրիացի փախստական հանգրվան է գտել 4 միլիոնանոց Լիբանանում, ավելի քան 2 մլն փախստական ընդունել է Թուրքիան, ավելի քան 600 հազար՝ Հորդանանը։

Վերը բերված ռազմական, ֆինանսատնտեսական եւ ժողովրդագրական գործոնների ողջ համալիրը վկայում է գլոբալ մասշտաբով միջազգային անվտանգությունը վտանգող լուրջ սպառնալիքի մասին։ Ընդ որում՝ իր աշխարհագրական դիրքի, ժողովրդագրական փոփոխությունների պատճառով ամենախոցելի դրության մեջ է գտնվում Եվրոպան։ Նման պնդման համար էական հիմնավորում է նաեւ այն փաստը, որ վերջին տարիներին Եվրոպայում աջ նացիոնալիստական կուսակցությունները հասնում են ծանրակշիռ հաջողությունների իրենց երկրների խորհրդարանական եւ Եվրախորհրդարանի ընտրություններում։ Հատկանշական է, որ դրանք ամենուրեք մի բան են ուզում. դուրս քշել օտարերկրացիներին, փակել սահմանները, ընդ որում՝ նրանց շարքերը համալրվել են միգրացիոն ճգնաժամի ֆոնին։

Պետք է հասկանալ, որ այս պայմաններում Եվրոպայում փախստականների եւ միգրանտների զգալի քանակության առկայությունը կարող է լուրջ ներքին ցնցումներ հրահրել։ Մինչդեռ միայն զուտ պայմանականորեն կարելի է խոսել անվտանգության առումով արդի գլոբալացված աշխարհում ամենամեծ խոցելիության մասին։

Ո՞րն է ելքը ստեղծված պայթյունավտանգ դրությունից, կա՞ արդյոք այդ ելքը։

Մինչ այս հարցին պատասխանելը նշենք, որ 2015թ. մարտի 18-ին, երեւանյան «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա-համաժողովում (որը նվիրված էր Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին) ունեցած իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշտապես կառուցվել է տարբեր համակարգերի փոխլրացմամբ, տարածաշրջանում ներգրավված խոշոր տերությունների շահերի համադրմամբ.

«Մեր երկիրը ռազմավարական դաշնակցային հարաբերություններ է զարգացրել եւ զարգացնում ՌԴ-ի հետ... Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ փոխադարձ ջանքերի շնորհիվ մեր գործընկերությունը (ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ) այժմ գտնվում է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա... Հայաստանը մեծապես շահագրգռված է հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության եւ ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական համագործակցության շարունակական զարգացմամբ...

Մենք բարձր ենք գնահատում հայ-իրանական փոխշահավետ եւ բազմաբնույթ համագործակցությունը, որը պայմանավորված է պատմամշակութային ընդհանրություններով, փոխադարձ տնտեսական շահերով, տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով... Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ վերջին տարիներին տեսանելիորեն աշխուժացել են հայ-վրացական բարձր մակարդակի շփումները: Ավանդական բարեկամության, հարեւանության եւ մեր ժողովուրդների միջեւ փոխըմբռնման պատմական հենքի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար...

Լինելով եվրոպական ընտանիքի եւ քաղաքակրթության լիարժեք անդամ եւ մեր զարգացման հիմքում կրելով եվրոպական արժեհամակարգի սկզբունքները՝ մենք գործուն ջանքեր ենք ներդնում ինչպես եվրոպական առանձին երկրների, այնպես էլ ԵՄ եւ մեր արեւմտյան գործընկերների հետ հարաբերությունների խորացման գործում»:

Հայաստանի նախագահի այս խոսքերը թանկ արժեն՝ հայ ժողովրդի պատմական հիշողությունը նկատի ունենալով։ Ժողովուրդ, որը 20-րդ դարասկզբին ենթարկվեց ցեղասպանության Օսմանյան կայսրությունում, երբ թուրքական յաթաղանից հրաշքով փրկված հարյուր հազարավոր հայեր փախստական դարձան։ Ժողովուրդ, որը 1988-1990թթ. անցավ Սումգայիթում, Բաքվում, Գյանջայում եւ Ադրբեջանի հայահոծ այլ վայրերում այդ երկրի իշխանությունների կազմակերպած կոտորածի ու ջարդերի սարսափների միջով։ Ժողովուրդ, որի ավելի քան կես միլիոն որդիներն ու դուստրերը, հայրերն ու մայրերն այդ սարսափներից հետո Ադրբեջանից փախստական դարձան։

Ես հատուկ փոքր-ինչ մանրամասն կանգ առա պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքական գերակայությունների վրա, որպեսզի ընդգծեմ Հայաստանի խոր շահագրգռությունը միջազգային լարվածության լիցքաթափման գործում, որը բխում է Հայաստանի պետական, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Իրանի, Հունաստանի, Վրաստանի, Լիբանանի, Սիրիայի... ստվարաթիվ հայկական սփյուռքի շահերից։

Վերը նշված գործոնների առկայությունը յուրաքանչյուր պատասխանատու հայ քաղաքական գործչի պարտավորեցնում է օգտագործել ցանկացած հնարավորություն միջազգային անվտանգության ամրապնդման, եվրոպական քաղաքակրթության գոյությունը վտանգող սպառնալիքների չեզոքացման ուղիների իր տեսլականը հրապարակավ ներկայացնելու համար։ Մեծ գոհունակությամբ պետք է նշեմ, որ դրանք առկա են ինչպես Ռազմավարությունում եւ Գլոբալ ռազմավարությունում, այնպես էլ ՌԴԱԱՌ-ում եւ ՀԱՊԿ Ռազմավարություն-2025-ում։

ԱՄՆ Կոնգրեսին Ռազմավարությունը ներկայացնելիս Բ.Օբաման ասաց. «Անկախ այն բանից, թե որքանով ենք մենք ուժեղ այժմ կամ ուժեղ ենք լինելու ապագայում, մեր ռեսուրսները եւ ազդեցությունն անսահման չեն։ Արդի բարդ աշխարհում անվտանգության շատ խնդիրներ չեն տրվում արագ եւ հեշտ լուծման։ Բայց մենք պետք է դժվար ընտրություն կատարենք տարբեր գերակայությունների միջեւ, եւ մենք միշտ պետք է խուսափենք ջանքերի գերլարումից, որն անխուսափելիորեն ի հայտ է գալիս, երբ մենք որոշումներ ենք կայացնում վախի հիման վրա»։

Սրանից արվում է եզրակացություն այսպես կոչված «ռազմավարական հանդուրժողականության» անհրաժեշտության մասին։ Զսպվածության եւ «ռազմավարական հանդուրժողականության» դրսեւորման հորդորներ կան նաեւ Գլոբալ ռազմավարությունում։

Այս առնչությամբ կուզենայի մեջբերում կատարել նաեւ ՌԴԱԱՌ-ից. «Ռուսաստանի Դաշնությունը հանդես է գալիս հօգուտ եվրոպական պետությունների, Եվրոպական միության հետ փոխշահավետ համագործակցության, հօգուտ Եվրոպայում եւ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների ներդաշնակեցման, եվրատլանտյան տարածաշրջանում հավաքական անվտանգության բաց համակարգի ձեւավորման՝ հստակ պայմանագրաիրավական հիմքի վրա։

Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ լիարժեք գործընկերության կառուցմամբ՝ համընկնող շահերի հիման վրա, այդ թվում՝ տնտեսական ոլորտում, եւ հաշվի առնելով ռուս-ամերիկյան հարաբերությունների առանցքային ազդեցությունն առհասարակ միջազգային իրադրության վրա»։

Կարծում ենք՝ Ռազմավարության, Գլոբալ ռազմավարության եւ ՌԴ ԱԱԾ վերոնշյալ դրույթների վերածումը գործի, դրանց անշրջելիության բնույթ հաղորդելը, այս ճանապարհի անայլընտրանքայնության մեջ աշխարհի երկրների քաղաքական էլիտաների համոզվածությունը կծառայեն միջազգային անվտանգության ամրապնդման, եվրոպական քաղաքակրթության գոյությունը վտանգող սպառնալիքների վերացմանը։

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги