ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ
05.11.2015, Հայոց աշխարհ
Երեկ ԱՄԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել «Ազգային միաբանություն» կուսակցության Երեւանի տարածքային կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների հավաքը, որի ընթացքում որոշվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին մասնակցության ձեւաչափը։
Խորհրդակցությունը բացել է ԱՄԿ առաջնորդ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ՝ ասելով, որ կուսակցության դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հայտնի է, եւ հիմա խնդիրն այն է, թե Երեւանի 46 տարածքային կազմակերպություններն ինչպես, ինչ ձեւաչափով, հիմնավորումներով եւ փաստարկներով պետք է մասնակցեն քարոզարշավին։
«Քանի որ ունենք գործընկեր, որի հետ համագործակցում ենք՝ Հանրապետական կուսակցությունը, որ իր շտաբ-գրասենյակներն ունի Երեւան քաղաքի բոլոր համայնքներում, քննարկումների արդյունքում որոշվեց օգտվել ՀՀԿ-ի շտաբ-գրասենյակներից։
Այսինքն՝ կուսակցության տարածքային կազմակերպությունների ղեկավարները եւ ներկայացուցիչները իրենց աշխատանքը կկազմակերպեն Հանրապետականի շտաբ-գրասենյակներում՝ համագործակցելով ՀՀԿ ներկայացուցիչների հետ, նկատի ունենալով, որ խորհրդարանական նույն խմբակցության մեջ ենք, ունենք նույն նպատակները եւ նույն «այո»-ն ենք պաշտպանելու, իրականացնելու ենք նույն քարոզչությունը՝ նույն ոճով։ Դրա հետ միասին, ստեղծվել է քարոզարշավը համակարգող կենտրոնական շտաբ»,- տեղեկացրեց ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆԸ, որը կենտրոնական շտաբի 6 պատասխանատուներից մեկն է։
Քարոզարշավը համակարգող խորհրդի կազմում, նրանից զատ, ընդգրկված են նաեւ ԱՄԿ նախագահության անդամներ Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, որը նաեւ կուսակցության Երեւանի տարածքային կազմակերպության աշխատանքը համակարգողն է, Վիլեն Արեւշատյանը, ԱՄԿ նախագահի օգնական Մարիամ Պողոսյանը, Արտակ Հակոբյանը եւ Արթուր Մաղաքելյանը։
Խորհրդակցությանը մասնակցել էին ԱՄԿ Երեւան քաղաքի բոլոր 46 տարածքային կազմակերպությունների ղեկավարները, որոնք կոնկրետ հանձնարարականներ են ստացել Արտաշես Գեղամյանի եւ Երեւանի քաղաքային կազմակերպության ղեկավարության կողմից քարոզարշավի շրջանակում նախատեսված աշխատանքների, առաջիկա մեկ ամսում իրենց անելիքների վերաբերյալ։