Դրամավարկային քաղաքականության փոփոխման հրամայականը

 07.10-08.10.2015, Հայոց աշխարհ

Երեկ Ազգային ժողովում ավարտվեց «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության» և «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի» քննարկումը: Հաշվի առնելով դրանց բացառիկ կարևորությունը մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, ընթերցողի դատին եմ ներկայացնում մտահոգությունս Հայաստանում վարվող դրամավարկային քաղաքականության նպատակահարմարության վերաբերյալ:

Հայաստանի ազգային դրամական միավորի (դրամի)՝ վերջին ամիսներին նկատվող թուլացումը դոլարի և եվրոյի նկատմամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերների ազգային դրամական միավորների՝ ռուսական ռուբլու, ղազախական թենգեի և բելառուսական ռուբլու բարձր տատանվողականությունը դոլարի և եվրոյի հանդեպ հրատապ են դարձնում ազգային արժույթի փոխարժեքի կարգավորման խնդիրը։ Հանրապետության տնտեսության համար երկրի արժութային շուկայում առկա միտումների փոփոխությունը, արտարժութային փոխարժեքների ձևավորման գործոնների կարգավորումն առանձնակի նշանակություն ունեն ինչպես Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության հիմքում դրված ռազմավարական և մարտավարական նպատակներին հասնելու, այնպես էլ պետության ֆինանսական և ազգային անվտանգության ապահովման առումներով։ Այս պնդման հիմնավորվածության մեջ համոզվելու համար ներկայացնենք 2003-2014թթ. մակրոտնտեսական գործընթացների քանակական վերլուծությունը։ Ելակետային ենք ընդունում 2003 թվականը, քանի որ հենց այդ թվականին է ամրագրվել դոլարի ամենաբարձր փոխարժեքը՝ 1 դոլարը 578,8 դրամ։ Մինչ մեր տնտեսության մեջ առկա որոշ մակրոտնտեսական գործընթացների վերլուծությունը ներկայացնելը՝ նշենք, որ արժութային փոխարժեքի ձևավորումը գտնվում է ներտնտեսական իրավիճակի, ինչպես նաև դրամաշրջանառության, վճարային հաշվեկշռի բաղադրիչների հարաբերակցության, պետության ոսկու-արժույթի պաշարների կուտակման, պետության արտաքին պարտքի մեծության ազդեցության տակ, էլ չենք ասում քաղաքական գործոնների և ճգնաժամերի մասին։ Չխորանալով արժութային գնագոյացման տեսությունների՝ արժութային գնագոյացման տեսության՝ ըստ գնողունակության պարիտետի (ԳՈւՊ, որն ունի երկու տարբերակ՝ բացարձակ ԳՈւՊ տեսության տարբերակ և հարաբերական ԳՈւՊ տեսության տարբերակ), էլաստիկության տեսության, փոխարժեքի տատանվողականության արդի մոնետարիստական տեսության և պորտֆելների հավասարակշռության տեսության մանրամասների մեջ՝ անդրադառնանք փոխարժեքների գոյացման որոշ հարցերի Հայաստանի տնտեսության օրինակով։

Ինչպես վերը նշեցինք, 2003թ. դոլարի փոխարժեքը դրամի հանդեպ եղել է ամենաբարձրը և կազմել է 578,8 դրամ 1 դոլարի դիմաց։ Ինչպես երևում է Աղյուսակ 1-ից (որի բոլոր ցուցանիշները վերցված են ՀՀ Վիճակագրական ծառայության և ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկագրերից), հայկական դրամի նման փոխարժեքի պայմաններում Հայաստանից ապրանքների արտահանման ծավալը 2003թ. կազմել է 678,1 մլն դոլար կամ այդ թվականի ՀՆԱ-ի 24,2%-ը։ Ինչպես հետևում է այդ նույն աղյուսակից, դոլարի փոխարժեքը 2008թ. կազմել է ընդամենը 305,97 դրամ 1 դոլարի դիմաց, այսինքն՝ 2003-2008թթ. դոլարի փոխարժեքն ընկել է 189,2%-ով, ճիշտ նույնքան էլ կազմել է հայկական դրամի ամրապնդումը։

 

 

 

 Հատկանշական է, որ 2008թ. արտահանման ծավալը կազմել ՀՆԱ-ի ընդամենը 9%-ը, այսինքն՝ դոլարի հանդեպ դրամի փոխարժեքի 1,89 անգամ բարձրացմամբ արտահանման տեսակարար կշիռը ՀՆԱ ծավալում կրճատվեց 2,7 անգամ։ Այդ նույն ժամանակաընթացքում զգալիորեն ավելացավ հանրապետությունում ներմուծման ծավալը։ 2003թ. ներմուծման ծավալը ՀՀ-ում կազմեց 1269,4 մլն դոլար, այն դեպքում, երբ 2008թ. այդ ցուցանիշն աճեց մինչև 4411,7 մլն դոլար, աճը՝ 374,5% (3,7 անգամ)։ Ընդ որում, եթե 2003թ. առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը կազմում էր այդ թվականի ՀՆԱ-ի 21,1%-ը, ապա 2008թ.՝ համապատասխանաբար այդ թվականի ՀՆԱ-ի 28,0%-ը։ Համաձայն ՀՀ 2003-2015թթ. վճարային հաշվեկշիռը բնութագրող տվյալների (տե՛ս Աղյուսակ 2)՝ 2003-2008թթ. ամրագրվել է ուղղակի ներդրումների մշտական աճ Հայաստանի տնտեսությունում, որը գումարային ծավալով կազմել է 2 մլրդ 675 մլն դոլար, մինչդեռ այդ նույն ժամանակամիջոցում արտահանման աճը կազմել է ընդամենը 391,0 մլն դոլար (տե՛ս Աղյուսակ 1)։ Նշենք նաև, որ 2008թ. ՀՀ պետական արտաքին պարտքը կազմել է 1577,106 մլն դոլար, այն դեպքում, երբ 2003թ. այն կազմում էր 879,09 մլն դոլար, աճը՝ 179,4%։ Այս ցուցանիշները հետևանքն էին Հայաստանի Կենտրոնական բանկի վարած դրամավարկային քաղաքականության, որը, մեղմ ասած, սխալ էր։ Դրա արդյունքը եղան ներմուծման զգալի աճը, արտաքին շուկաներում հայկական ապրանքների մրցունակության էական նվազումը, արտահանման աճի տեմպի թուլացումը ներմուծման աճի տեմպի համեմատ, պետական արտաքին պարտքի ծավալի մեծացումը առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի (2003թ. մինուս 591,4 մլն դոլարից մինչև 3342,6 մլն դոլար 2008թ.) ավելի քան հնգակի (5,6 անգամ) ավելացման պայմաններում։ Վերջին տարիներին տեղի ունեցող մակրոտնտեսական գործընթացները ցույց են տալիս, թե որքան կարևոր դեր է խաղում տնտեսությունում արտարժութային փոխարժեքը, թե որքան բարձր է կախվածությունն այդ գործոնից. արտաքին շուկաներում ազգային ապրանքների մրցունակությունը, արտահանման և ներմուծման ծավալները, ասել է թե՝ նաև երկրի վճարային հաշվեկշիռը։

Միևնույն ժամանակ, նշենք, որ արտարժութային փոխարժեքի ձևավորման հարցերը միայն տնտեսական գործոնների ուսումնասիրման և վերլուծության հիման վրա դիտարկելը կնշանակեր պարզունակացնել խնդիրը։ Մի բան պարզ է, որ այս պայմաններում իմաստ չունի խոսել կառավարության տնտեսական քաղաքականության և ԿԲ դրամավարկային քաղաքականության համաձայնեցվածության մասին։ Ավելին, մենք իրավունք ունենք պնդելու, որ 2003-2008թթ. ֆինանսական ոլորտի արդյունավետ պետական կարգավորման խնդիրը, որը պետք է լուծվի դրամավարկային և հարկաբյուջետային հարաբերությունների համակարգման հիման վրա, ոչ միայն չի լուծվել, այլև ավելի է խորացել։ Այսինքն՝ ֆինանսական ոլորտի պետական կարգավորման և ազգային արժույթի՝ երկրի տնտեսության համար օպտիմալ փոխարժեքի ձևավորման գլխավոր խնդիրը դրամավարկային և հարկաբյուջետային հարաբերությունների համակարգումն է՝ հաշվի առնելով ապրանքային և դրամական շուկաների փոխգործակցությունը։ Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության փոխկապվածության հարցերի վերլուծությանը համալիր մոտեցում ցուցաբերելը միայն թույլ կտա իրատեսորեն գնահատել պետական քաղաքականության արդյունավետությունը տնտեսության և ֆինանսների բնագավառում։

 

 

Այժմ դիտարկենք, թե ինչպես են զարգացել մակրոտնտեսական գործընթացները 2008-2014թթ. այն պայմաններում, երբ ազգային արժույթը սկսեց հետևողականորեն թուլանալ։ 2008թ. 1 դոլարի փոխարժեքը 305,97 դրամից բարձրացավ մինչև 431,32 դրամ 2014թ. (դոլարի փոխարժեքի աճն այդ տարիներին կազմեց 140,97%), իսկ 2015թ. հունվար-հուլիսին 1 դոլարի փոխարժեքը կազմեց 476,93 դրամ (2008-ի համեմատ աճը կազմել է 155,9%)։

Ինչպես երևում է Աղյուսակ 1-ից, այս շրջանում արտահանման ծավալը 1069,1 մլն դոլարից ավելացել է՝ 2014թ. հասնելով 1519,3 մլն դոլարի (աճը՝ 142,1%), այդ նույն ժամանակաշրջանում Հայաստան ներմուծման ծավալը 2008թ. կազմել է 4411,7 մլն դոլար, իսկ 2014թ.՝ 4401,6 մլն դոլար (աճը՝ 99,8%)։ Ինչպես երևում է Աղյուսակ 1-ից, 2008թ., համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բարձրակետին, գրանցվել է Հայաստանում առավելագույն ներմուծման ցուցանիշ նախորդ տարվա համեմատ, որը կազմել է 134,4%։ Դա պայմանավորված էր ՀՀ կառավարության կիրառած ծայրահեղ միջոցներով, որոնք ուղղված էին բնակչության վճարունակ պահանջարկի բարձր մակարդակը պահելուն։ 2009թ., 2008-ի համեմատ, ներմուծման ծավալը կրճատվեց 25,1%-ով և կազմեց 3304,1 մլն դոլար։ Այդ նույն ժամանակամիջոցում (2008-2014թթ.) ՀՀ պետական արտաքին պարտքը ավելացավ՝ 2966,677 մլն դոլարից հասնելով 3785,208 մլն դոլարի (աճը՝ 127,6%), այն դեպքում, երբ եթե 2009թ. առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը կազմել էր մինուս 2606,3 մլն դոլար, ապա 2014-ին այն կազմում էր մինուս 2882,3 մլն դոլար։ Այսպիսով, 2008-2014թթ., չնայած ներմուծման աճի տեմպի համեմատ նկատվել է արտահանման առաջանցիկ աճի տեմպ, Հայաստանի ԿԲ վարած դրամավարկային քաղաքականությունն, իբրև արդյունք, հանգեցրեց պետական արտաքին պարտքի հետագա աճի՝ Հայաստանի միջազգային զուտ ներդրումային դիրքի էական վատթարացմամբ (տե՛ս Աղյուսակ 2)։ Դա հետևանք էր ոչ ռեզիդենտների առջև երկրի ֆինանսական պարտավորությունների ընդհանուր ծավալի զգալի բարձրացման՝ արտասահմանում ֆինանսական ակտիվների միաժամանակյա կրճատմամբ։ Այսպես, եթե Հայաստանի զուտ ներդրումային դիրքի ցուցանիշը 2008թ. կազմել է մինուս 3449,58 մլն դոլար, ապա 2014-ին այն կազմել է մինուս 7879,96 մլն դոլար։

Արտարժութային գնագոյացման ձևավորման, այսինքն՝ արտարժութային փոխարժեքի կարգավորման վրա էական ազդեցություն է ունենում դրամական զանգվածի ծավալը երկրի տնտեսությունում։ Նշենք, որ 2003-2014թթ. տեղի է ունեցել տնտեսության դրամայնացման (դրամական զանգվածի հարաբերակցությունը ՀՆԱ-ին) մակարդակի աճ՝ 2003թ. 14,5%-ից մինչև 37,3% 2014-ին։ Ոլորտի հեղինակավոր փորձագետների բազմաթիվ գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ կայուն կապ գոյություն ունի դրամայնացման գործակցի և տնտեսական համակարգի զարգացման մակարդակի միջև, ինչի պատճառով այդ ցուցանիշը կարևոր ցուցիչ է հանդիսանում տնտեսական աճի հնարավորության գնահատման համար՝ միաժամանակ արտացոլելով դրամական զանգվածի շրջանառության արագությունը տնտեսությունում և լիկվիդային ակտիվների օգտագործման ինտենսիվությունը վճարումներում։ Դրամայնացման գործակիցը և դրամաշրջանառության արագությունը (անվանական ՀՆԱ-ի հարաբերությունը միջին տարեկան դրամական զանգվածին) բնութագրում են տնտեսական գործակալների վստահության աստիճանը ազգային դրամական միավորի և ընդհանուր առմամբ՝ երկրի դրամական համակարգի հանդեպ։ Բնականաբար, հարց է ծագում. իսկ այս առումով ինչպե՞ս են գործերը ՀՀ տնտեսությունում։ Ինչպես վկայում է ՀՆԱ-ի փոփոխության դինամիկան 2007-2014թթ. (դոլարով արտահայտված), դրամական զանգվածի և դրամայնացման մակարդակի մեծացումը 22,02%-ից մինչև 37,3%-ի միանգամայն անբավարար է խթանել երկրի տնտեսության զարգացումը։ Համեմատության համար նշենք, որ աշխարհում տնտեսության դրամայնացման գործակիցը միջինը կազմում է 125%. Չինաստանում՝ 195%, Շվեյցարիայում՝ մոտավորապես նույնքան, Ճապոնիայում և Նիդեռլանդներում՝ գրեթե 250%, ԱՄՆ-ում և Շվեդիայում՝ 100%-ից մի փոքր քիչ, Ռուսաստանում՝ 47,1%։

Իսկ ինչպիսի՞ն է ՀՀ Կենտրոնական բանկի վերաբերմունքն այս խնդիրների հանդեպ, որոնք էապես արգելակում են երկրի տնտեսական զարգացումը։ Այսպես, 2011թ. նոյեմբերին Կենտրոնական բանկի Խորհուրդն իր որոշմամբ հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի 2012-2014թթ. ռազմավարությանը»։ Այս փաստաթղթում սահմանված են զարգացման հետևյալ ռազմավարական ուղղությունները. «գների կայունության ապահովում; ֆինանսական կայունության ապահովում; ազգային արժույթի շրջանառության ապահովում; ինստիտուցիոնալ զարգացում»։ Այս նպատակների իրագործման դեպքում ՀՀ ԿԲ-ն սահմանել է նաև ակնկալվող արդյունքները, որոնք են. «Կանխատեսումների առավելագույն ճշգրտության և հիմնավորվածության ապահովում; Կենտրոնական բանկի հեղինակության բարձրացում, հասարակության համար առավել ընկալելի քաղաքականության իրականացում; Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության գործիքների միջոցով փոխանցումային մեխանիզմի ուժեղացում»։ Այսինքն՝ ըստ էության, ԿԲ-ն հաջող աշխատանքի որևէ այլ չափանիշ չունի՝ սահմանված մակարդակի վրա գնաճի ցուցանիշը պահպանելուց բացի։ ԿԲ-ն պարտավոր չէ աջակցել տնտեսական աճին, ինչպես, օրինակ, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ)։ ԴՊՀ-ն իր գլխավոր գործառույթը համարում է առևտրային բանկերի շահերի և համազգային շահերի միջև հավասարակշռության պահպանումը, սպառողների վարկային իրավունքների պաշտպանությունը, դրամի թողարկման կառավարումը՝ հաճախ իրար հակասող նպատակներով, այն է՝ նվազագույնի հասցնել գործազրկությունը, աջակցել գների կայունությանը, ապահովել չափավոր տոկոսադրույքներ։ Պայքարել գնաճի դեմ և ուրիշ ոչինչ. սրանում է ԿԲ-ն, «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» օրենքին և ՀՀ գործող Սահմանադրությանը համապատասխան, տեսնում իր գլխավոր գործառույթը։ Միևնույն ժամանակ, միասնական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության մշակումը և իրագործումը պետք է իրականացվեն Կառավարության և Կենտրոնական բանկի համատեղ աշխատանքի հիման վրա։ Նման քաղաքականությունը կոչված է ապահովել շարունակական տնտեսական աճ, գնաճի և գործազրկության մակարդակի իջեցում, վճարային հաշվեկշռի կայունացում՝ դրական գոտում։

Մեկ անգամ ևս համոզվելու համար, որ հասունացել է միասնական պետական քաղաքականության մշակման անհրաժեշտությունը, որը հաշվի կառնի հարկաբյուջետային (ֆիսկալ) և դրամավարկային (մոնետար) քաղաքականության գործիքների սերտ փոխկապվածությունն ու փոխազդեցությունը, և այն, որ դրանց համակարգումն ու համաձայնեցումը պարտադիր են, հակիրճ անդրադառնանք երկու փաստաթղթի։ Խոսքը 2014թ. նոյեմբերի 18-ին հաստատված № 313 – Ա՝ «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի 2015-2017թթ. ռազմավարության» (այսուհետ՝ Ռազմավարություն) և ՀՀ Կառավարության 2014թ. մարտի 27-ի № 442 – Ն՝ «Հայաստանի Հանրապետության 20014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի» (այսուհետ՝ Ծրագիր) մասին է։ Առաջին փաստաթղթում ՀՀ Կենտրոնական բանկի Խորհուրդը սահմանել է իր գործունեության երեք գերակա ուղղություն 2015-2017թթ. համար. «1) գների կայունության ապահովում; 2) ֆինանսական կայունության ապահովում; 3) ինստիտուցիոնալ կատարելագործման ապահովում»։

Ռազմավարության, օրինակ, առաջին գերակայության իրագործման արդյունքում ենթադրվում են հետևյալ ակնկալվող արդյունքները. 1) առավել ճշգրիտ, հիմնավոր մակրոտնտեսական կանխատեսումներ և դրամավարկային քաղաքականության արդյունավետ վերլուծություն; 2) դրամավարկային քաղաքականության ներքին և արտաքին ճանաչում, դրա ընկալման բարձր աստիճան; 3) դրամավարկային քաղաքականության արդյունավետության հետագա բարձրացում։ Ընդ որում՝ նշենք, որ «դրամավարկային քաղաքականության արդյունավետության հետագա բարձրացման»՝ Ռազմավարությունում ներկայացված միջոցառումները բնավ ուղղված չեն այն մեխանիզմների մշակմանը, որոնք կարող են ազդել շրջանառության մեջ գտնվող դրամի քանակության վրա՝ գների կայունությունը, բնակչության լիակատար զբաղվածությունը և արտադրության իրական ծավալի աճն ապահովելու նպատակով։ Ռազմավարության երկրորդ գերակայության իրագործման արդյունքներով ակնկալվում է, մասնավորապես, «1) միջազգային լավագույն փորձին համահունչ՝ ֆինանսական կայունության ապահովման և ճգնաժամի կառավարման արդյունավետ համակարգերի առկայություն; 2) միջազգային լավագույն փորձին համապատասխան ֆինանսական համակարգի կարգավորում և վերահսկողություն; 3) ֆինանսական համակարգի կայուն զարգացման համար նոր հաստատությունների, ֆինանսական ենթակառույցների, գործիքների և ծառայությունների առկայություն; 4) բանկային համակարգում կարգավորման և վերահսկողության առաջադեմ ստանդարտների առկայություն; 5) ապահովագրական համակարգում կարգավորման և վերահսկողության առաջադեմ ստանդարտների առկայություն» և այլն, և այլն։ Այստեղ հատկանշական է այն, որ արդեն այժմ ԿԲ-ն գիտակցում է, որ Հայաստանի տնտեսության համար խիստ հրատապ է «կայունության ապահովման և ճգնաժամի կառավարման արդյունավետ համակարգերի ստեղծումը»։ Միևնույն ժամանակ, ենթադրվող ճգնաժամային իրավիճակի հնարավոր պատճառների կանխման հարցերը, որոնք շատ բանով պայմանավորված կլինեն կառավարության ֆիսկալ քաղաքականության և Կենտրոնական բանկի մոնետար քաղաքականության առանձին մեխանիզմների անհամատեղելիությամբ, չեն մտնում Կենտրոնական բանկի գերակայությունների մեջ։

Հատկանշական է, որ կառավարության Ծրագրում ներկայացված գերակայությունները (1. զբաղվածության ընդլայնում; 2. մարդկային կապիտալի զարգացում; 3. սոցիալական պաշտպանության համակարգի բարելավում; 4. կառավարման ինստիտուցիոնալ համակարգի արդիականացում) և ԿԲ Ռազմավարության գերակայությունները բոլորովին չեն նախատեսում դրանց իրագործման մեխանիզմների վերաբերյալ խնդիրների լուծմանն ուղղված միասնական պետական քաղաքականություն՝ դրամավարկային մեխանիզմների և հարկաբյուջետային քաղաքականության գործիքների միջոցով։

Ընդհանրացնելով վերն ասվածը՝ կարելի է կանխատեսել, որ եթե ամենասեղմ ժամկետում ԿԲ 2015-2017թթ. ռազմավարության և ՀՀ կառավարության 2014-2025թթ. ծրագրի վերանայման արմատական միջոցներ չձեռնարկվեն (դրանք երկրի անշեղ տնտեսական զարգացմանն ուղղված միասնական պետական քաղաքականության շրջանակում միավորելու նպատակով), ապա առաջիկայում Հայաստանը չի արձանագրի շոշափելի որևէ առաջընթաց, ինչն այսօր խիստ անհրաժեշտ է: Ուստի առաջնային է դառնում դրամավարկային քաղաքականության փոփոխման հրամայականը:

 

Արտաշես Գեղամյան

Ազգային ժողովի պատգամավոր

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,

«Ազգային միաբանություն»

կուսակցության նախագահ

Последние видеоматериалы

Новые книги