ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՈՐՊԵՍ ԻՆՔՆԻՇԽԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՐԿԻՐ

14.07.2015, Հայոց աշխարհ

Նախորդ շաբաթ Հելսինկիում գումարված ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը բավական թեժ անցավ, լրատվամիջոցների արձագանքները, մեկնաբանությունները նմանապես բուռն էին, երբեմն՝ հակասական։ Բանը հասավ նրան, որ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանին մեղադրեցին Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու՝ նրանց հեղինակած բանաձեւին կողմ քվեարկելու համար։

 Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ է կատարվել իրականում՝ մեր հարցերին ի պատասխան, մանրամասնում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ։

 -Եթե նայեք իմ ելույթները (դրանք տեղադրված են թե՛ մեր կուսակցության կայքում՝ www.amiab.am, թե՛ ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական էջում), կհամոզվեք՝ մարդ պետք է կա՛մ հոգեկան հիվանդ լինի, կա՛մ չարակամ՝ նման անհեթեթ պնդումներ անելու համար։

   Եկեք-տեսեք, որ իմ ելույթները խառնեցին շատերի խաղաքարտերը՝ նրանց, ովքեր ամիսներ շարունակ փորձում էին ՌԴ քաղաքական իշխանություններին ներշնչել, որ Հայաստանը վստահելի դաշնակից չէ։ Ավելին՝ լուրեր էին տարածում, թե ՀՀ քաղաքական ղեկավարությունը «խաղեր է տալիս» Եվրամիության հետ Արեւելյան գործընկերության շրջանակներում՝ վկայակոչելով Ռիգայի գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունը, առ այն, որ մոտ ժամանակներս ԵՄ-ը կհաստատի իր թիմի մանդատը՝ Հայաստանի հետ բանակցություններ սկսելու ասոցացման նոր համաձայնագրի տեքստի շուրջ։

Հելսինկիում քննարկման էր դրված վեհաժողովին Ռուսաստանի պատվիրակության մասնակցության խնդիրը եւ բազմաթիվ այլ հարցեր՝ մեր դաշնակցի հետ կապված, բանաձեւերի նախագծեր, այլ երկրների կողմից ներկայացված փաստաթղթերում առաջարկվող ուղղումներ, որ ներկայացրել էր Ռուսաստանի պատվիրակությունը մինչ վեհաժողովի մեկնարկը։ Եվ հանկարծ այդ բոլոր փաստաթղթերին տեր է կանգնում Հայաստանի խորհրդարանի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը, մինչդեռ շատ-շատերը, որոնք պիտի որ պաշտպանեին դրանք, բերանները ջուր առած՝ լռում էին։

Այսինքն՝ միայն Գեղամյանն է պաշտպանում ՌԴ շահերը, եւ դա անում է շատ գրագետ, նախ եւ առաջ՝ որպես այդ ուղղումների համահեղինակ. հիմնական հեղինակը Պետդումայի եւ Դաշնային խորհրդի մեր գործընկերներն էին, բայց քանի որ Ռուսաստանի պատվիրակությունը որոշեց չմասնակցել վեհաժողովի աշխատանքներին, ես, որպես համահեղինակներից մեկը, սիրով ստանձնեցի այդ առաքելությունը։

-Այնուամենայնիվ շատերի համար մութ մնաց՝ ինչո՞ւ եք քվեարկել Հելսինկիում ընդունված հռչակագրի դեմ, ինչի՞ն եք կողմ քվեարկել, եւ ինչո՞ւ ձեզ մեղադրեցին ադրբեջանական բանաձեւը պաշտպանելու համար։

-Եթե հիշում եք, 2014թ. մարտի 27-ին ՄԱԿ-ում հայկական պատվիրակությունը, ի թիվս 10 այլ երկրների, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկեց «Ղրիմի անեքսիայի» վերաբերյալ բանաձեւի դեմ, եւ դա հասկանալի է. Ռուսաստանը եւ Հայաստանը ՀԱՊԿ անդամներ են, դաշնակիցներ, հունվարից՝ նաեւ ԵԱՏՄ անդամ երկրներ։ Բնականաբար ես պետք է դեմ քվեարկեի Հելսինկիի դեկլարացիայի նախագծին, հակառակ դեպքում կստացվեր, որ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը դեմ է Հայաստանի պաշտոնական տեսակետին, որ արտահայտվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։

Ինչ վերաբերում է «ադրբեջանական բանաձեւին», Հելսինկիի դեկլարացիայի կոնստատացիոն մասում կա 4-րդ կետը, որտեղ շեշտը դրված է տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման վրա, եւ անտեսվում է մեզ հետաքրքրող՝ ազգերի հավասարության եւ ազգային ինքնորոշման իրավունքի դրույթը։

Քննարկման ժամանակ հատուկ ընդգծել եմ՝ այդ կետը չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին ու Հայաստանին այն պարզ պատճառով, որ ԼՂՀ-ն ինքնորոշվել եւ հռչակել է իր անկախությունը այն ժամանակ ԽՍՀՄ-ում գործող բոլոր օրենքներին խիստ համապատասխան։ Իսկ ելույթ եմ ունենում, որովհետեւ Հելսինկիի եզրափակիչ ակտի բոլոր 10 սկզբունքները հավասարազոր են եւ նույն իմպերատիվ բնույթն ունեն՝ չի կարելի շեշտը դնել 10-ից երկուսի, առավել եւս մեկի՝ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։

Ընդ որում, շահարկումների առարկա դարձած այդ չարաբաստիկ «կողմ»-ը, որի մասին գրեց ադրբեջանական մամուլը, եղել է ոչ թե լիագումար նիստում, այլ առաջին կոմիտեում քվեարկության ժամանակ։ Իմ ելույթից անմիջապես հետո, երբ հարցը դրվեց քվեարկության, ովքեր կողմ էին, բնականաբար, կողմ քվեարկեցին։ Հետո, երբ նախագահողն ասաց՝ ովքեր են դեմ, ես իսկույն ձեռք բարձրացրի, բայց այդ ընթացքում «կողմ»-երը դեռ ձեռքները չէին իջեցրել, որովհետեւ հաշվում էին։ Սա է եղել ամբողջ պատմությունը։

-Այսինքն՝ եղածը պարզ թյուրիմացությո՞ւն էր։

-Իհարկե։ Դրանից անմիջապես հետո մոտեցա ե՛ւ նախաձեռնության հեղինակ Ազայ Գուլիեւին, ե՛ւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Գուստավո Պալարեսին, եւ ասացի, որ թյուրիմացություն է տեղի ունեցել։ Ծիծաղեցին, թե՝ եթե կարծում ես, որեւէ մեկը քո ելույթներից հետո կարող է մտածել, որ կողմ ես քվեարկել, ապա չարաչար սխալվում ես։

Ինչեւէ, պաշտոնապես ձեւակերպեցին «դեմ», միեւնույն ժամանակ, պրն Պալարեսն ասաց՝ հետագա շահարկումները կանխելու համար լիագումար նիստում էլ ելույթ կունենաս, ինչն էլ իմ կողմից արվեց՝ պաշտոնապես հայտարարվեց, որ հայկական պատվիրակությունը դեմ է քվեարկելու այդ կետին։

Զավեշտն այն է, որ այդ թեման ակտիվորեն շահարկվեց ոչ այնքան ադրբեջանական, որքան հայկական առանձին կայքերում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ադրբեջանական կողմի տիտանական ջանքերին հակառակ, նրանք այդպես էլ չկարողացան դեկլարացիայից հանել մեզ համար շատ շահեկան 45-րդ կետը, որտեղ հստակ նշված է, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն Հելսինկյան եզափակիչ ակտի 3 հիմնարար սկզբունքների հիման վրա՝ հավասարություն եւ ազգերի ինքնորոշում, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն։

Ըստ որում՝ այդ ձեւակերպումն ամրագրված է ոչ թե կոնստատացիոն, այլ դրան հաջորդող իմպերատիվ երաշխավորությունների մասում, ինչը նույնպես շատ կարեւոր է։

Ուշագրավ է, որ իմ ելույթից անմիջապես հետո ելույթ ունեցավ ուկրաինացի պատգամավոր տիկին Խոպկոն եւ ասաց, որ այդ կետը (խոսքը 4-րդ կետի մասին է) չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին. նրա ելույթը նույնպես զետեղված է մեր կայքում՝ իմ ելույթից անմիջապես հետո։

Իսկ արդեն դեկլարացիայի մեջ՝ մեզ հետաքրքրող 45-րդ կետում, 3 հիմնարար սկզբունքների հիշատակումից հետո ստորակետ են դրել եւ հատուկ անդրադարձ արել Ուկրաինային՝ Ռուսաստանին կոչ անելով Ղրիմից դուրս բերել զորքերը, եւ այլն, եւ այլն։ Սա մեզ համար լուրջ հաջողություն էր, որովհետեւ, այդ կետը թողնելով եւ ավելացնելով Ուկրաինային վերաբերող պարբերությունը՝ ասես հատուկ ընդգծում էին հիմնարար 3 սկզբունքների ունիվերսալությունը բոլոր չկարգավորված հակամարտությունների, այդ թվում՝ Ղարաբաղի համար։

Այսինքն՝ եւս մեկ անգամ ամրագրվեց Հելսինկյան դեկլարացիայի՝ մեզ համար շահեկան կետը, դրանով իսկ չեզոքացվեց 4-րդը, որտեղ, նկատենք, ոչ մի հիշատակում չկա որեւէ կոնկրետ հակամարտության մասին՝ դա ամրագրված է որպես ընդհանուր դրույթ։

Սա, բնականաբար, «տրաքացրել» է չուզողներին, որ իրենք իրենց ռետինե խողովակի տեղ դրած, չկարողացան զսպել իրենց զայրույթը՝ ճաշակելով սեփական բանսարկությունների ֆիասկոն։ Սա՛ է եղելությունը։

Եթե ամփոփելու լինեմ, այս նստաշրջանի ամբողջ իմաստը հանգում է նրան, որ Հայաստանը, հավատարիմ լինելով թե՛ իր դաշնակցային պարտավորություններին, թե՛ ԵՄ հետ ԱլԳ շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին, հանդես եկավ որպես ինքնուրույն, ինքնիշխան, ժողովրդավարական նորմերով առաջնորդվող երկիր, որի վառ ապացույցը եղավ այն, որ Հայաստանի դիրքորոշումն ամբողջությամբ համընկնում էր Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի դիրքորոշումների հետ։ Ի՞նչ է՝ որեւէ մեկը Ֆրանսիային, Շվեյցարիային կամ Իտալիային կարո՞ղ է մեղադրել ավտորիտարիզմը պաշտպանելու մեջ։ Դա էլ է «տրաքացրել» չուզողներին։

-Պատվիրակության մյուս անդամները, ըստ էության, չպաշտպանեցին Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը։

 -Իմ գործընկերները ներկայացնում են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, եւ նրանց տեսակետը կարող է տարբերվել պաշտոնական տեսակետից։ Ես այստեղ որեւէ վատ բան չեմ տեսնում։ Կարեւորը սկզբունքային դիրքորոշումն էր՝ ոչ մի պարագայում կողմ չքվեարկել Հելսինկյան դեկլարացիային։ Այսինքն՝ կա՛մ ձեռնպահ պետք է քվեարկեին, կա՛մ չմասնակցեին, նախընտրեցին երկրորդը։ Դա էլ է դիրքորոշում, եւ չէի ասի, թե ավելի մեղմ դիրքորոշում է, քան ձեռնպահ մնալը։

-Եվրոպական ցանկացած ֆորումում՝ ԵԽ ԽՎ, «Եվրանեսթ», ՆԱՏՕ-ի ԽՎ, հակառուսական բանաձեւեր ընդունելը դառնում է ավանդույթ. եվրոպացիներն այլ անելիք չունե՞ն, քան Ռուսաստանին կարմիր քարտ ցույց տալը։

-Ցավոք, այդպես էլ կա՝ ձեր դիտարկումը ճիշտ է։ Իմ կողմից եղան հարցադրումներ, որ ԵԱՀԿ ԽՎ հարգարժան նախագահին փակուղային վիճակի մեջ դրեցին։

Ընդամենը մի օրինակ բերեմ. ինչպես գիտեք, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահին եւ էլի 3-4 պատգամավորի թույլ չէին տվել մասնակցել վեհաժողովի աշխատանքներին։ Վեհաժողովի նախագահը դա հիմնավորեց նրանով, որ ԵՄ-ը դրա հետ կապված միասնական որոշում է կայացրել, եւ ես նշեցի, որ դրանով կոպտորեն ոտնահարվում են ԵԱՀԿ բոլոր սկզբունքները։ ԵԱՀԿ-ն ունի 57 անդամ երկիր, մինչդեռ ԵՄ-ը միավորում է 28 երկիր. մնացած 29 երկրները ԵՄ անդամ չեն, եւ ստացվում է, որ 28 երկիր որոշում են կայացնում բոլորի փոխարեն՝ որոշում են, թե մնացած 29 երկրներից որոնք իրավունք ունեն մասնակցելու նստաշրջանին, որոնք՝ ոչ։

Հարց է առաջանում՝ ո՞վ է տվել ձեզ այդ լիազորությունները։ Բնականաբար այս հարցից հետո բոլորը մտորումների մեջ ընկան՝ առարկելու տեղ չունեին։

Հետաքրքիր է, որ այդ որոշումը դաժան քննադատության արժանացավ նաեւ ֆրանսիացի, շվեյցարացի, գերմանացի եւ իտալացի պատգամավորների կողմից, որոնց ելույթները լրիվ համահունչ էին իմ ելույթներին։ Ֆրանսիացի պատգամավոր Դի Բորգոն, մասնավորապես, անդրադառնալով կոշտ հակառուսական բանաձեւերից մեկին, որ հեղինակել է կանադացի պատգամավոր Դին Էլիսոնը, բառացիորեն արձանագրեց հետեւյալը՝ այդ հակառուսական բանաձեւը ո՛չ Կանադայում է գրվել, ո՛չ էլ Ուկրաինայում, այլ Վաշինգտոնում։

Իտալացի մեր գործընկերներից մեկն էլ, իր ելույթում դիմելով ամերիկյան պատվիրակությանը, ուղղակի արձանագրեց՝ դուք օվկիանոսի այն կողմում նստած՝ մի խառնեք Եվրոպան. դրանից տուժում են եվրոպացիները՝ արդյունքում մեզանում խիստ ընկել է բնակչության վճարունակ պահանջարկը։ Այդ բնույթի շատ ծանր ելույթներ եղան հենց ֆրանսիացի, շվեյցարացի, իտալացի պատգամավորների կողմից։

Պատկերացրեք՝ եթե ձեռնպահ քվեարկեի Հելսինկյան դեկլարացիային կամ չմասնակցեի քվեարկությանը, վերջերս Ուֆայում տեղի ունեցած ԲՐԻԿՍ-ի եւ Շանհայյան համագործակցության կազմակերպության գագաթաժողովում ինչ անհարմար կացության մեջ կհայտնվեր հանրապետության նախագահը, ինչ վիճակում կհայտնվեր, դիցուք, Հովիկ Աբրահամյանը, երբ հանդիպում էր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ։

Հայաստանում, ցավոք սրտի, կան ուժեր, որոնք երեւի թե կուզենային՝ այդպես էլ լիներ, բայց մենք զրկեցինք նրանց այդ ճղճիմ հաճույքից։

-Ուֆայում տեղի ունեցած գագաթաժողովն ինչպե՞ս եք գնահատում. դա ԲՐԻԿՍ-ի, Շանհայի համագործակցության եւ ԵԱՏՄ առաջնորդների հերթական հանդիպո՞ւմ էր, թե՞ գործ ունենք ապագային միտված հեռահար քայլերի հետ։

-Դա մեծ հեռանկար ունեցող ինտեգրացիոն գործընթաց է. ակնհայտ է, որ ի դեմս ԲՐԻԿՍ-ի, Շանհայյան համագործակցության կազմակերպության եւ ԵԱՏՄ-ի՝ ձեւավորվում է աշխարհաքաղաքական նոր բեւեռ. միաբեւեռ աշխարհից հեռանում են այնպիսի հզոր երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, դրան մոտենում է Իրանը, Պակիստանը, եւ սա իրոք աշխարհաքաղաքական նոր բեւեռի ձեւավորման սկիզբն է. բեւեռ, որը կթոթափի համաշխարհային ֆինանսական շուկայում դոլարի, մասամբ՝ եվրոյի գերիշխանությունը։

 Ի՞նչ նկատի ունեմ։ ԱՄՆ-ը համաշխարհային ՀՆԱ-ի 22-24 տոկոսն է արտադրում, բայց սպառում է ոչ պակաս, քան 35 տոկոսը, շնորհիվ այն բանի, որ ԱՄՆ պահուստային համակարգն ունի մենաշնորհ՝ դոլար տպելու, ինչպես եվրոպական կենտրոնական բանկը՝ եվրո։ Պատահական չէ, որ ԱՄՆ արտաքին պետական պարտքն արդեն իսկ գերազանցում է 17 տրիլիոն դոլարը, որ կազմում է իրենց ՀՆԱ-ի շուրջ 104 տոկոսը։

Այս իրավիճակում գնալով հզորանում է Ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկը, որի կանոնադրական կապիտալը կազմում է 200 միլիարդ դոլար։ Այն սպասարկելու է ԲՐԻԿՍ անդամ երկրների տնտեսությունների զարգացման կարիքները։ Բանկին, որի հիմնական ներդրողը Չինաստանն է, երկրորդը՝ Ռուսաստանը, հետո՝ Հնդկաստանը, արդեն անդամակցում է 56 երկիր, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան եւ Իտալիան։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Последние видеоматериалы

Новые книги