ՈՄԱՆՑ ՁԵՌՆՏՈՒ ՉԷՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ
30.06-01.07.2015, Հայոց աշխարհ
Մեր հարցերին ի պատասխան՝ Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման շարունակվող բողոքի գործողությունների ընթացքը գնահատում է Ազգային միաբանություն կուսակցության առաջնորդ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ
-Վերջին մեկ տարվա ընթացքում մենք ականատես եղանք, թե ինչպես մեր երիտասարդները՝ քաղաքացիական ակտիվիստները, հետեւողական պայքար մղելով Մաշտոցի պողոտային հարող պուրակում առեւտրի օբյեկտների տեղակայման դեմ, հասան նրան, որ դա կասեցվեց։
Թվում է, սա այն հարցը չէր, որ պետք է արժանանար հանրապետության նախագահի սեւեռուն ուշադրությանը, բայց, ինչպես միշտ, ուշադիր վերաբերվելով հասարակության, մասնավորապես երիտասարդների հարցադրումներին եւ համոզվելով, որ այս դեպքում պահանջներն ու մղումներն ազնիվ են՝ Սերժ Սարգսյանը խորացավ հարցի մեջ, տեղում հանդիպեց ակցիայի մասնակիցների հետ, լսեց նրանց, ծանրութեթեւ արեց թեր եւ դեմ փաստարկները, եւ հարցը դրական լուծում ստացավ։ Պուրակը բարեկարգվեց եւ դարձավ մեր համաքաղաքացիների սիրած վայրերից մեկը։ Դա քաղաքացիական հասարակության առաջին հայտերից մեկն էր։
Հաջորդ հայտը՝ ժամանակագրական առումով ավելի վաղ, մեր երիտասարդները ներկայացրին՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացմանը։
Ճիշտ է, բարձրացումն ուներ նաեւ օբյեկտիվ պատճառներ, բայց այս դեպքում եւս «կողմերի» փաստարկները հաշվի առնելով՝ գտնվեց փոխզիջումային լուծում. կասեցվեց ուղեվարձի բարձրացման որոշումը։ Սա նույնպես քաղաքացիական հասարակության կայացման կարեւոր հանգրվան էր։
Երրորդ կարեւոր հանգրվանը «Դեմ եմ» քաղաքացիական շարժումն էր, երբ երիտասարդ ակտիվիստներն ընդվզեցին կուտակային կենսաթոշակների համակարգի ներդրման դեմ, դիմեցին Սահմանադրական դատարան, հիմնավորեցին իրենց դիրքորոշումը, եւ որպես արդյունք գտնվեց փոխզիջումային լուծում։
Չնայած համակարգի ներդրումը կարող էր էապես նպաստել երկրի տնտեսական զարգացմանը, եթե այդ ճանապարհով կուտակված միջոցները երիտասարդության կողմից տրամադրվեին պետությանը որպես յուրովի երկարաժամկետ վարկ եւ ծառայացվեին կոնկրետ նպատակների իրականացմանը, սակայն, ավաղ, քննարկումները հանգեցրին ոչ ամենաարդյունավետ որոշման, որին դուք տեղյակ եք:
Էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ շարժումը հերթական հայտն է քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին։ Երիտասարդության ընդվզումը հասկանալի է. ոչ մեկին հաճելի չէ հավելյալ գումարներ ծախսել կենսականորեն անհրաժեշտ այնպիսի «ապրանքի» համար, որպիսին էլեկտրաէներգիան է, առավել եւս, որ սա առաջին դեպքը չէ. վերջին ութ տարում սակագները բարձրացվել են արդեն չորս անգամ, չհաշված սպասվող բարձրացումը:
Մարդիկ արդարություն են պահանջում։ Իսկ արդարությունն այն է, որ սակագների բարձրացումը համոզիչ եւ ընկալելի լինի քաղաքացու համար. եթե ժողովուրդը գիտակցի, որ ամեն ինչ արդար է՝ սակագների բարձրացումը հիմնավոր է, թեկուզեւ դժկամությամբ, բայց դա կընդունի որպես օբյեկտիվ անհրաժեշտությամբ թելադրված որոշում։
-Այսօր շատերն են հիասթափությամբ նշում, որ ի սկզբանե ապակուսակցականացված բողոքի ակցիան ինչ-որ պահից սկսած համառորեն փորձում են քաղաքականացնել, դուրս բերել սոցիալական «շավղից» եւ քաղաքական, նույնիսկ աշխարհաքաղաքական աստառ տալ։
-Ամեն ինչ բնականոն էր ընթանում մինչեւ այն պահը, երբ նախաձեռնող խմբի ղեկավար Վաղինակ Շուշանյանը, կարծում եմ, միանգամայն տեղին հայտարարեց, թե իրենք նպատակահարմար են համարում պայքարը շարունակել Ազատության հրապարակում. որոշում, որը միանգամայն խառնեց շարժումը քաղաքականացնել ձգտողների խաղաթղթերը:
Ցուցարարների այն մասը, որը մտահոգ էր զուտ սակագների հարցով, գնաց նախաձեռնողների խմբի հետեւից։ Բայց եղան նաեւ այս կամ այն քաղաքական ուժի կողմից ներդրված անձինք, որոնք շրջում էին ցուցարարների շարքերում եւ հեգնում, թե նա, ով կգնա Ազատության հրապարակ, դավաճան է։
Ներքին զգացողություն ունեմ, որ այդ մարդիկ պարզապես դրածոներ են, սադրիչներ, որոնց թիկունքում գտնվող քաղաքական ուժերը շուտով կմերկացնեն իրենց՝ փորձելով բողոքի ակցիաները տանել իրավիճակը ապակայունացնելու հունով։ Բացառված չէ, որ կան նաեւ պարզապես միամիտ, մոլորված անձինք:
-Նախագահի առաջարկած լուծումը՝ անկախ աուդիտ անցկացնել ՀԷՑ-ում եւ դրա արդյունքներից ելնելով՝ վերջնական լուծում տալ սակագների բարձրացման թնջուկին, միանշանակ չընդունվեց բողոքողների կողմից։
-Չեմ թաքցնի՝ գոհունակություն ապրեցի, երբ հանրապետության նախագահն իր մոտ հրավիրեց հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուներին եւ անկեղծ խոսակցություն ունեցավ նրանց հետ՝ անպատասխան չթողնելով ոչ մի հարց, որ բարձրացվում էր Երեւանում եւ մյուս քաղաքներում ցույցեր անող ակտիվիստների կողմից։
Եվ այստեղ տեղի ունեցավ ինձ համար շատ հետաքրքիր մի բան. երիտասարդության բողոքի ձայնը լսելով, իր ունեցած ինֆորմացիան համադրելով ակտիվիստների, նաեւ ԱԺ պատգամավորների փաստարկների հետ, որոնք հնչեցվել էին խնդրո առարկայի շուրջ ԱԺ-ում տեղի ունեցած փակ քննարկման եւ բաց լսումների ընթացքում, աննախադեպ ուշագրավ փաստ արձանագրվեց։
Ո՞րն էր այդ աննախադեպ փաստը. «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը ռուսական ամենահզոր ընկերություններից մեկն է, որի կանոնադրական կապիտալը հասնում է 5 միլիարդ 333 միլիոն դոլարի։ Ավելին՝ ճիշտ վերջերս, հունիս ամսին, միջազգային վարկանիշային կազմակերպություններից, մասնավորապես Fitch-ը, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի վարկանիշը փոքր-ինչ բարձրացրել է։ Եվ հանկարծ նման հեղինակավոր կազմակերպության դուստր ձեռնարկության՝ ՀԷՑ-ի գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունը դրվեցին հարցականի տակ։
Հարցականի տակ դրվեց բավական չէ, հարցը արծարծվեց նաեւ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի մակարդակով, եւ կողմերը եկան համաձայնության, որ պետք է մանրազնին միջազգային աուդիտ անցկացնել այդ գերհզոր կազմակերպության դուստր ձեռնարկությունում ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այլ կերպ ասած՝ ուսումնասիրել գոյություն ունեցող բոլոր խնդիրները, եւ ըստ այդմ որոշել, թե որքանով է հիմնավորված էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, եւ որքանով են օբյեկտիվ ՌԱՕ ԵԷՍ-ի մենեջմենթը իրականացնողների պահանջները եւ սպասելիքները։
Սա աննախադեպ բան էր, եւ թվում էր՝ նույն օրը, լսելով հանրապետության նախագահի կողմից ձեռք բերված վերոնշյալ համաձայնության մասին, բոլորը պետք է միահամուռ սատար կանգնեին իշխանությունների քայլերին, աջակցեին նրանց՝ նորից ու նորից հաստատելով, որ դրանք արտահայտում են նաեւ մեր հանրության կամքը: Բայց արի ու տես, որ ոմանց ձեռնտու չէր իրադարձությունների նման ընթացքը։
-Եվ դա այն դեպքում, երբ հայրենի ընդդիմադիրներն իրենք էին պնդում անկախ աուդիտի անցկացման առաջարկը։
-Միանգամայն իրավացի եք։ Ոմանք դժկամությամբ ընդունեցին նախագահի առաջարկությունը՝ ցույց տալով, որ իրենց նպատակն ամենեւին էլ սակագնի իջեցումը կամ նախկին սակագնին վերադառնալը չէ։ Հիմա էլ ասում են՝ ի՞նչ տարբերություն. մեկ է՝ սակագների ժամանակավոր սուբսիդավորմանը բյուջեից տրամադրվելիք գումարներն էլի մեր՝ հարկատուներիս փողերով են գոյանալու։
Այո, բայց պետական բյուջեն հենց նրա համար է, որ կառավարությունը, իր հռչակած առաջնահերթություններին համապատասխան, բաշխի բյուջետային ծախսերը եւ ներկայացնի ԱԺ հավանությանը։ Այլ տարբերակ չկար, եւ գտնվեց ամենաճիշտ, ընդունելի որոշումը: Մինչեւ միջազգային աուդիտորական ընկերությունն ավարտին հասցնի իր ուսումնասիրությունները, կառավարությունը կստանձնի այդ խնդիրը, եւ մեր քաղաքացիները բացարձակապես չեն զգա սակագնի բարձրացումը։
Այսինքն՝ այստեղ էլ հանրապետության ղեկավարությունը ճիշտ, հեռատես, գլխավորը՝ մարդկային որոշման է հանգել, եւ, թվում է՝ այս հարցում էլ պետք է ստանար ամենալայն աջակցություն։ Բայց եկեք տեսեք, որ՝ ոչ. կան ուժեր, որոնք բացարձակապես չցանկացան սատարել նախագահի դիրքորոշումը։
Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստից հետո հայտարարվեց, որ Հայաստանին 200 միլիոն դոլարի չափով արտոնյալ վարկ է տրամադրվելու զինված ուժերի արդիականացման նպատակով։ Դա Ադրբեջանի դեպքում հավասարազոր է մեկ միլիարդ դոլարի, որովհետեւ Հայաստանը, լինելով ՌԴ ռազմաքաղաքական դաշնակիցը, անդամակցելով ԵԱՏՄ-ին, զենք ու զինամթերքը Ռուսաստանից ձեռք է բերում ռուսաստանյան ներքին գներով: Բայց այս մասին մեր հոռետեսները, չգիտես ինչու, չեն խոսում։
Երկրորդ՝ ինչպես հայտնի է, Գյումրիում կատարած ծանրագույն հանցագործության համար մեր երկրի արդարադատության մարմիններին է հանձնվում Ռուսաստանի քաղաքացի Պերմյակովը: Ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ է ՌԴ քաղաքացին հանձնվում այն երկրի արդարադատությանը, որտեղ կատարել է հանցագործությունը։ Սա եւս ՌԴ-ի կարեւոր բարեկամական քայլն է, որը հայ-ռուսական հարաբերությունները բարձրացնում է նոր մակարդակի։
Ավելին՝ գլխավոր դատախազը օրերս հայտարարեց, որ լուծման փուլում է մեր տարաբախտ վարորդին՝ Հրաչյա Հարությունյանին, Հայաստանին հանձնելու հարցը։
Ակնհայտ է, որ հանրապետության քաղաքական ղեկավարությունը, առանց ավելորդ ցուցամոլության, պաշտպանում է մեր երկրի եւ քաղաքացիների շահերը, եւ դա անում է այնքան կիրթ, որպեսզի հանկարծ ինչ-որ միջպետական անախորժությունների, անհամաձայնությունների տեղիք չտա: Օրակարգում առկա մեր բոլոր հարցադրումներին դրական լուծումներ են տրվում, եւ այս պարագայում առնվազն տարօրինակ է, որ հայտնվում են մարդիկ, ովքեր հանրապետության նախագահի շուրջ համախմբվելու փոխարեն կրքեր են բորբոքում, սադրում ցուցարարներին: Նման պատահականություններ չեն լինում։
Նախաձեռնող խումբն ի սկզբանե հայտարարում էր, որ բողոքի ակցիան բացառապես մի նպատակ է հետապնդում՝ պարզություն մտցնել սակագների հարցում, հասնել նրան, որ դրանց բարձրացման որոշումը չեղարկվի։ Այսօրվա դրությամբ այդ հարցը փաստորեն ըստ էության լուծված է: Բայց ոմանք համառորեն քաղաքականացնում են խնդիրը, եւ եթե մինչ այդ բոլորն ասում էին՝ սա քաղաքական շարժում չէ, ապա հունիսի 29-ի վաղ առավոտից ոմանք կայքերին հարցազրույցներ են տալիս եւ ասում. այո, պե՛տք է քաղաքականացնել, եւ որքան շուտ, այնքան լավ։
Այսինքն՝ մարդիկ, ովքեր գիտակցում են, որ իրենք քաղաքական մղումներով չեն կարող ժողովուրդ հավաքել ու տանել իրենց հետեւից, փորձում են «սանձել» այս ազնիվ շարժումը։ Դրանով իսկ ի չիք է դարձվում այն դրականը, որ ունենք այսօր. ոմանց շատ խորթ է այն, որ կարելի է առանց լուրջ ընդհարումների, համագործակցելով հազարավոր մարդկանց հետ, ոչ միայն դրական լուծում տալ հարցերին, այլեւ ապագային միտված քայլեր անել, որովհետեւ միայն հենց ձեռնարկվող մասնագիտական աուդիտը կարող է ճշգրիտ պատասխանել էներգահամակարգի զարգացման հետ կապված՝ ամենքիս հուզող հարցերին։
Ահա այստեղ է, որ պետք է շատ աչալուրջ լինել։ Որոշ ուժերի խուճապային տրամադրությունները, իհարկե, հասկանալի են։ Տեսեք՝ ինչ է ստացվում. 2013թ. սեպտեմբերի 3-ին հանրապետության նախագահը հայտարարեց Հայաստանի ցանկության մասին՝ անդամակցել ԵԱՏՄ-ին, նույն օրը նա հատուկ շեշտեց՝ սա չի նշանակում, թե ԵՄ հետ մեր հարաբերությունները կասեցվելու են. մենք պատրաստ ենք հենց այսօր վավերացնել Արեւելյան գործընկերության շրջանակներում նախապատրաստված Ասոցացման պայմանագրի քաղաքական մասը՝ կապված մեր երկրում ինստիտուցիոնալ, քաղաքական համակարգի բարեփոխումների հետ։
Եվրաչինովնիկների մի մասը ընդվզեց դրա դեմ, ուլտիմատիվ հայտարարություններ արեց ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի հետ միաժամանակյա համագործակցության անհամատեղելիության մասին, սակայն անցավ մի քանի ամիս, եւ մենք ականատես եղանք ուկրաինական ողբերգական դեպքերին, որոնք առիթ հանդիսացան վերանայելու Հայաստանի քաղաքական իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքականությունը: Արդեն Ռիգայի գագաթաժողովում հնչեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ողջախոհ խոսքը, թե իրենք հարգանքով են վերաբերվում Հայաստանի դիրքորոշմանը, եւ պետք է ելքեր փնտրել՝ շարունակելու համագործակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակներում։
Եվ այս պարագայում, փոխանակ ամենքս ազգովի գիտակցենք, թե ինչ յուրահատուկ շահեկան դերում ենք հայտնվել որպես պետություն, ինչ արժանապատիվ դիրք ենք զբաղեցնում աշխարհում, երբ գերտերությունները հարգանքով են վերաբերվում մեր կողմնորոշումներին, գտնվում են ուժեր, որոնք միայն խանգարում են։
Դրանք այն ուժերն են, որոնք տարիներ շարունակ սնվել են տարբեր արտասահմանյան հիմնադրամներից ու մեն-մի խնդիր են ունեցել եւ մնում են դրան հավատարիմ՝ անպայմանորեն սեպ խրել հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշնային գործընկերության մեջ։ Իսկ դա նախ՝ իրատեսական չէ եւ երկրորդ՝ հղի է շատ ծանր աշխարհաքաղաքական հետեւանքներով, հատկապես մի տարածաշրջանում, որտեղ ընդամենը 200-250 կմ հեռվում մոլեգնում է այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։
Այս օրերին բոլորս պետք է համախմբվենք հանրապետության նախագահի, իշխանությունների շուրջ, քանի որ նույն նավի մեջ ենք. հնարավոր չէ, որ տախտակամածի վրա ամեն ինչ լավ լինի, իսկ նավի այլ հատվածներում՝ ամեն ինչ վատ։ Պետք է կարողանանք այս բարդ, փոթարկահույզ աշխարհում այնպես նավարկել, որ հաղթահարենք բոլոր ստորջրյա խութերը, թույլ չտանք զանազան արկածախնդիրների, որ ազնիվ, բայց մոլորված առանձին խմբերի տանեն իրենց հետեւից եւ, Աստված մի արասցե, բանը հասցնեն արյունահեղության։
-Ասել է թե այս ամենի մեջ հե՞տք եք տեսնում։
-Հնարավոր չէ չտեսնել։ Շատ մտահոգիչ է, որ իրավիճակը փորձում են սրել ԵԱՀԿ ԽՎ 40-րդ հոբելյանական նստաշրջանից առաջ, որը տեղի է ունենալու հուլիսի 5-9-ը Հելսինկիում։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ նվեր մատուցած կլինենք թուրքերին ու ադրբեջանցիներին՝ հրահրելով բախումներ մայրաքաղաքի կենտրոնում։ Համոզված եղեք, որ թուրք-ադրբեջանական զույգն անպայման կօգտագործի հնարավոր բախումների փաստը՝ տեսագրությունները բաժանելով բոլոր պատվիրակություններին եւ ասելով՝ միայն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումնե՞րն եք տեսնում. ինչո՞ւ եք լռում, երբ դրանք կատարվում են Հայաստանում։
Մենք իրավունք չունենք նման առիթ տալ մեր չուզողներին, որոնք խոշոր գումարներ են ծախսում իրենց սուտը ճշմարտության տեղ ծախելու եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացների վրա ստվեր գցելու համար։
Բնականաբար ոչ բոլորի սրտով է, որ հազարավոր մարդիկ հավաքվում են եւ խաղաղ ցույցեր անում՝ երկուստեք զերծ մնալով բռնարարքներից ու բռնություններից: Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք կփորձեն սադրել ոստիկանությանը եւ բախումներ հրահրել։ Բայց համոզված եմ՝ բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված մեր իրավապահները նման բան թույլ չեն տա։
Առիթից օգտվելով՝ իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, առաջին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Բորբոքված կրքերը վաղ թե ուշ կհանդարտվեն, եւ մարդիկ կհասկանան, թե որքան անարդարացի էին, երբ օրեր շարունակ կարգ պահպանող ոստիկանների հանդեպ երբեմն փորձում էին անհարգալից վերաբերմունք դրսեւորել։
Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական զույգին, նորից եմ ասում՝ նման պատահականություններ չեն լինում: Երբ Հայաստանում փորձում են սրել իրավիճակը ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանից առաջ, ինչպես նաեւ սրում էին ԵԽ ԽՎ նստաշրջանի օրերին, որտեղ սրությամբ դրված էր Ադրբեջանի հարցը, եւ ադրբեջանական բռնատիրական ռեժիմը դատապարտող բանաձեւեր էին քննարկվում։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ