ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

16.05.2015, Հայոց աշխարհ

Մարտ ամսին «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության որոշմամբ ստեղծվել էր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով: Հանձնաժողովի աշխատանքները համակարգող էր հաստատվել կուսակցության նախագահության անդամ, Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր Արա Սիմոնյանը: Ապրիլի 21-ին կուսակցության նախագահությունը հավանության արժանացրեց հանձնաժողովի նախագահի զեկույցը կատարված աշխատանքի մասին եւ նպատակահարմար գտավ ներկայացնել այն Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին:

Կից ընթերցողի դատին ենք ներկայացնում «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահության հավանությանն արժանացած սահմանադրական բարեփոխումների առաջարկները:

 Մենք լիովին համակարծիք ենք եւ պաշտպանում ենք սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը՝ հաշվի առնելով, որ երկրի կայուն զարգացումն ու պետական կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնելու խնդիրներն այսօր շատ կարեւոր ու պահանջված են: Ուստիեւ հայտնելով մեր պատրաստակամությունը՝ ըստ ամենայնի մասնակցություն ունենալ սահմանադրական բարեփոխումների գործընթացին ու փորձելով բարելավել հայեցակարգում ներառված դրույթներն ու մոտեցումները, ներկայացնում ենք մեր առաջարկությունների ու նկատառումների սեղմ տարբերակը՝ ակնկալելով հետագայում ավելի լայն քննարկումներ ու պարզաբանումներ:

 1. Մենք համակարծիք ենք սահմանադրական բարեփոխումների հիմքում դրվող հիմնական սկզբունքներին՝ համարելով, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները պետության կողմից ճանաչելով որպես բարձրագույն արժեք՝ պետք է պայմանավորեն իրավունքի գերակայության սկզբունքի անշեղ իրացումը եւ երաշխավորեն իրավունքով իշխանության սահմանափակումը:

Միաժամանակ առաջարկում ենք, որ հստակ տարանջատվեն մարդու բնական (դասական) եւ սոցիալական իրավունքները, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կարգավորումներ իրականացնել պետության կողմից դրանց ապահովումը երաշխավորելու գործառույթներում:

2. Կառավարման ձեւի ընտրության հարցը կարեւոր է յուրաքանչյուր պետության համար: Այստեղ էական նշանակություն ունեն շատ հանգամանքներ, որպիսիք են. մասնավորապես քաղաքական համակարգի կայացվածությունը, աշխարհաքաղաքական զարգացումները, բնակչության մենթալիտետը, երկրի ինչպես ներկա մակարդակը, այնպես էլ նրա հետագա զարգացման հրամայականները եւ այլ գործոններ:

 Միաժամանակ կառավարման ձեւի ընտրության հարցն ինքնանպատակ լինել չի կարող: Անհրաժեշտ է հաշվի առնել այս կամ այն ձեւի բոլոր թեր եւ դեմ կողմերը: Ինչ խոսք, որ կառավարման խորհրդարանական մոդելը ժողովրդավարության կայացման լուրջ խթան կարող է հանդիսանալ:

Այստեղ շատ կարեւոր է կողմնորոշվել, թե իշխանության բաժանման ու հավասարակշռման գործընթացում որ տարբերակն ենք նախընտրելու: Եթե դա լինելու է քաղաքական հարթության մեջ, ապա նախընտրելի է խորհրդարանական մոդելը, որտեղ օրենսդիր իշխանությունը, այն է՝ պառլամենտը, ձեւավորում է նաեւ գործադիր իշխանություն՝ կառավարության եւ ընդդիմության հետ բանավեճն ընթանում է քաղաքական դաշտում, իհարկե ապահովելով երկուսի համար էլ գործուն լծակներ ու հնարավորություններ:

 Կառավարման նախագահական մոդելի դեպքում իշխանության երկու թեւերն էլ ունեն առաջնային մանդատ՝ ե՛ւ գործադիր իշխանությունը՝ ի դեմս նախագահի ու նրա կաբինետի, ե՛ւ օրենսդիր իշխանությունը՝ ի դեմս խորհրդարանի: Այս դեպքում քաղաքական բանավեճն ընթանում է խորհրդարանի ներսում եւ ազդում գործադիրի լիազորությունների ու գործառույթների վրա՝ զսպելով ու հակակշռելով նրան:

 3. Մեր իրավիճակում շատ կարեւոր է Գերագույն հրամանատարի հարցը: Գերմանիայում, որտեղ, ինչպես գիտենք, գործում է կառավարման խորհրդարանական մոդելը, այդպիսին պաշտպանության նախարարն է, ինչը մեր դեպքում, կարծում ենք, ընդունելի չէ:

4. Հանրապետության նախագահի ընտրության հարցը նույնպես կարեւոր է: Օրինակ, Լիբանանում, ուր նախագահին ընտրում է երկրի խորհրդարանը, վերջին մեկ տարվա ընթացքում 22 անգամ տապալվել է այդ ընտրությունը:

5. Ընտրությունների ժամկետների ամրագրումը, մեր կարծիքով, կարող է դառնալ գործուն մեխանիզմ իշխանության թեւերի միջեւ հավասարակշռման եւ զսպման գործընթացում: Քանի որ ե՛ւ նախագահի, ե՛ւ խորհրդարանի լիազորությունների ժամկետը 5 տարի է, կարելի է ամրագրել, որ դրանք անցկացվեն 2,5 տարին մեկ, այսինքն՝ ընդունենք՝ նախագահը ընտրվի հոկտեմբերին, իսկ խորհրդարանը՝ 2,5 տարի հետո՝ ապրիլին, այսպես շարունակ:

 6. Խորհրդարանում համամասնական եւ մեծամասնական տեղերի հարաբերակցության հարցում առաջարկում ենք հետեւյալ տարբերակը: Այն սերտ կապ ունի նաեւ տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխման հետ:

Երկրորդ Հանրապետության ժամանակաշրջանում Հայաստանում ձեւավորված էին 37 շրջաններ, որոնք տնտեսական, ենթակառուցվածքային, աշխարհագրական եւ որ շատ կարեւոր է՝ մենթալ առումով կայացած միավորներ էին: Առաջարկում ենք վերականգնել այդ շրջանները որպես յուրաքանչյուրը մեկ համայնք (շրջանների թիվը քննարկելի է) եւ Երեւանի օրինակով իրականացնել տեղական ինքնակառավարում:

 Այսպիսով, 950-ի փոխարեն կանցկացվի 35-40 ընտրություն, ինչը էապես կբեռնաթափի ինչպես ծախսային հանգամանքը, այնպես էլ, որ պակաս կարեւոր չէ, սոցիալական լարվածությունը, որը պարբերաբար առաջանում է տեղական ընտրությունների ժամանակ:

 Միաժամանակ, առաջարկում ենք յուրաքանչյուր համայնքից ընտրել Ազգային ժողովի մեկ պատգամավոր (Երեւանից այս դեպքում կլինեն 5-6-ը) եւ արդեն Հայաստանի բոլոր շրջանները, անկախ բնակչության թվից, կունենան իրենց շահերի պաշտպանին խորհրդարանում:

7. Դատական իշխանության անկախության ապահովման համար առաջարկում ենք, որ դատավորները, այնպես, ինչպեսեւ սահմանադրությամբ նախատեսված այլ պաշտոնյաներ, նշանակվեն հանրապետության նախագահի ներկայացմամբ խորհրդարանի կողմից՝ համապատասխան քննարկումներից հետո: Նաեւ կարծում ենք, որ դատավոր կարողանան նշանակվել 40 տարին լրացած քաղաքացիները, ովքեր, բացի համապատասխան մասնագիտական որակներից, ունենան նաեւ կյանքի փորձ ու ձեւավորված արժեհամակարգ:

8. Կարեւոր նշանակություն կարող է լինել ազգային եւ միջազգային օրենսդրության գերկայության վերանայումը: Միջազգային որոշ հիմնարար նորմատիվ ակտեր, ինչ խոսք, գերակա են ազգային օրենսդրությունից, բայց ոչ բոլորը: Այս առումով հարկավոր է վերանայել իրավական ակտերի ստորադասության համակարգը:

9. Որպես թեմայի շարունակություն՝ ողջունում ենք սահմանադրական (օրգանական) օրենքների ինստիտուտի ձեւավորումը: Վստահ ենք, որ դրանք նոր ուժ կտան Հայաստանի Հանրապետությունում իրավական համակարգի զարգացմանը: Պաշտպանում ենք նաեւ Սահմանադրական դատարանի դերի բարձրացման հարցը, ինչն ավելի կբարելավի Հայաստանի՝ որպես իրավական պետության կայացվածությունը:

 Այստեղ ներկայացրել ենք մեր նկատառումների ու առաջարկությունների մի մասը: Իրականում դրանք ավելի շատ են ու բազմաբովանդակ:

Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունը համագործակցության, քննարկումների, համատեղ աշխատելու համար, ողջունելով Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի անհրաժեշտությունն ու հրատապությունը:

 

ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ

Ազգային Միաբանություն կուսակցության Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ

Последние видеоматериалы

Новые книги