ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ  ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ  ՏՐԻՈՒՄՖԸ

13.12.2014, Հայոց աշխարհ

Երբ անցյալ տարի սեպտեմբերի 3-ին Մոսկվա կատարած իր պաշտոնական այցի ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ առ այն, որ մեր երկիրը ցանկություն է հայտնում անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, դա ասես թե փոթորիկ էր պարզ երկնքում:

Ավելին՝ սկսվեցին ամենակատաղի հարձակումները մեր երկրի նախագահի՝ նման ճակատագրական, եւ, ինչպես ցույց տվեց ժամանակը՝ միակ ճշգրիտ որոշում կայացնելու կապակցությամբ:

Ընդդիմախոսներին ամենեւին չէր հետաքրքրոււմ այն չափազանց սկզբունքային տեսակետը, որ հայտնեց հանրապետության նախագահը ճիշտ այդ նույն օրը՝ սեպտեմբերի 3-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի անդամագրումը կազմավորվելիք Եվրասիական տնտեսական միությանը ամենեւին չի նշանակում, որ դադարեցնելու ենք Հայաստանի եւ Եվրամիության ասոցացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Ավաղ, այն ժամանակ ոչ քիչ թվով վերլուծաբաններ խոսում էին նման մոտեցման անիրականանալիության մասին: Եվ սեփական պնդումները հիմնավորում Եվրամիության ընդլայնման հարցերի գծով կոմիսար Շտեֆան Ֆյուլեին հղումներ կատարելով։ Վերջինսքանիցս ասել էր, որ տվյալ հարցում պետք է գործի «կամ-կամ»-ի սկզբունքը, այն է՝ կա՛մ Հայաստան-Եվրամիություն Ասոցացման պայմանագրի ընդունում, կա՛մ էլ՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում:

 

Էլ չենք ասում Արեւելյան գործընկերություն ծրագրի համահեղինակ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը դիտարկման մասին. իբր Եվրասիական տնտեսական միության գոյությունը քաղաքակրթական մեկ այլ ոլորտ է, որն անհամատեղելի է Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիր կնքելու պարագայում:

Ահա այստեղ է, որ պետք է նշենք նախագահ Սերժ Սարգսյանի թե՛ հեռատեսությունը, թե՛ աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումների կանխատեսումը։ Անցավ վեց-յոթ ամիս, երբ Հայաստանի Հանրապետությունում պետական այցով գտնվող, իրավամբ մեր երկրի բարեկամ ֆրանսիայի նախագահի շուրթերից հնչեց, չթաքցնեմ, գոնե իմ կողմից վաղուց սպասված հայտարարությունը, այն է՝ Ֆրանսիան եւ Եվրամիությունը պետք է գտնեն այն միջոցները, որոնք հնարավոր կդարձնեն Հայաստանի եւ Եվրամիության հետագա համագործակցությունը Ասոցացման համաձայնագրի շրջանակում:

Ֆրանսուա Օլանդի հայտարարությանը հետեւեցին ՀՀ-ում Գերմանիայի եւ Լեհաստանի դեսպաններ Ռայներ Մորելի եւ Զդիսլավ Ռաչինսկու հայտարարությունները՝ ի պաշտպանություն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վերոհիշյալ հայտարարության:

Շուրջ տասն օր առաջ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հյուրն էր Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Տողերիս հեղինակը հանդիպման ժամանակ հանդես եկավ, կարծում եմ, բոլորիս համար հասկանալի պնդմամբ՝ Սերժ Սարգսյանը ոչ միայն երեք միլիոն ազգաբնակչություն ունեցող Հայաստանի Հանրապետության նախագահն է, այլեւ տասնմեկ միլիոնանոց հայության առաջնորդը:

Իր ողջ գործունեության ընթացքում ակնհայտ է այն ճշմարտությունը, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում հայոց պետականության շահերի պաշտպանությունից զատ խիստ կարեւորվում է նաեւ շուրջ երկուսուկես միլիոն ռուսաստանաբնակ հայերի, մեկ միլիոն երկու հարյուր հազար՝ ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցների, ավելի քան երկու հարյուր հիսուն հազար իրանահայության, շուրջ վեց հարյուր հազար՝ Մերձավոր Արեւելքում բնակվող հայության, չորս հարյուր հազար ֆրանսահայության եւ համայն աշխարհում բնակվող մեր հայրենակիցների ճակատագիրը:

Ուստի շատ օրինաչափ էր, երբ երկրի ղեկավարը հայտնելով մեր պատրաստակամությունը՝ խորացնել համագործակցությունը Եվրամիության անդամ երկրների հետ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում, միաժամանակ անչափ կարեւորեց մեր հարաբերությունները Իրանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի հետ։ Դա խիստ արդարացված եւ եզակի ճշմարիտ ուղին էր:

Եվ իրավամբ, չթաքցնեմ, վաղուց սպասելի էր, որ դեկտեմբերի 10-ին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսաքին հայտարարեց, թե ԱՄՆ-ը կշարունակի աշխատել ՀՀ-ի հետ բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ նաեւ Եվրասիական տնտեսական միություն նրա մտնելուց հետո: Նա նշել էր, որ «բոլոր երկրներն իրավունք ունեն ինքնուրույն ընտրել իրենց տնտեսական ինտեգրման եւ զարգացման ուղին՝ իրենց շահերին համապատասխան»:

Ավելին՝ նա նաեւ հատուկ ընդգծել էր, որ «ոչ մի երկիր իրավունք չունի որոշել մեկ այլ պետության քաղաքական կամ տնտեսական որոշումը: ԱՄՆ-ը կշարունակի աշխատել ՀՀ-ի հետ, որպեսզի աջակցի ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաեւ պահպանի ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի փոխհարաբերություններում ձեռք բերված առաջընթացը»։

Կասկածից վեր է, որ ամեն մի անկողմնակալ վերլուծաբան, որը քաջատեղյակ է այս ամենին, կարձանագրի՝ բռա՛վո, Հայաստանի Հանրապետություն, որ անգամ իսկ աշխարհում ստեղծված ծայրաստիճան պայթյունավտանգ իրավիճակում առաջնորդվում է ոչ թե նեղ շահադիտական նպատակներով, այլ գործում սեփական ժողովրդի շահերից ելնելով։

Պետությունների համագործակցությունը այլընտրանք չունի: Իսկ եթե ունի, ապա, ավա՜ղ, դա պատերազմն է: Կարծում եմ՝ տեղին է ասել՝ բռա՛վո, Հայաստան:

 

 ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

Ազգային Ժողովի պատգամավոր «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

 

 

 

 

 

Последние видеоматериалы

Новые книги