ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏԱԳՆԱՊԸ
Ազդանշան գլոբալ երկխոսության անայլընտրանքության մասին
25.09.2014, Հայոց Աշխարհ
Օրերս Երեւանում, նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությամբ, աշխատանքն ավարտեց սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համահայկական համաժողովը
Լինելով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարը՝ ես կարդացածիս ու լսածիս տպավորության տակ նորովի իմաստավորեցի նաեւ իմ անձնական պատասխանատվությունն իմ հայրենակիցների անվտանգության ապահովման համար՝ արդիականության գլոբալ մարտահրավերներին (որոնք հաճախ հանգեցնում են արյունահեղության, խաղաղ քաղաքացիների մահվան, ինչպես տեղի է ունենում Սիրիայում) դիմակայելու գործում միջազգային այդ լուրջ կազմակերպության դերի ամրապնդման միջոցով։
«Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովի արդյունքներից ստացած անգամ առաջին տպավորություններից կարելի է համարձակորեն պնդել, որ այնտեղ հնչեցված բազմաթիվ հարցեր խիստ հրատապ են եւ գլոբալ բնույթ ունեն։ Դրանք արժանի են համակողմանի վերլուծության եւ այնուհետեւ միջազգային համագործակցությանը, քաղաքակրթությունների երկխոսությանը, խաղաղության պահպանմանը եւ ժողովուրդների անվտանգության ապահովմանը կոչված հեղինակավոր միջազգային կազմակերպությունների քննարկմանը ներկայացվելու։
Այս առնչությամբ, կարծում եմ, Երեւանում սկսված բանավեճի համար լավ հարթակ կարող է դառնալ ԵԱՀԿ որհրդարանական վեհաժողովը, որը ս.թ. հոկտեմբերի 3-5-ը հերթական խորհրդաժողովի է հավաքվելու Ժնեւում։ որհրդաժողովի օրակարգում արդիական հարց է՝ «Անվտանգության նոր մարտահրավերները. խորհրդարանների դերը»։ Դրանով իսկ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության խորհրդի Հելսինկիի Եզրափակիչ ակտի ընդունման 40-ամյակի նախօրեին Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Կենտրոնական Ասիայի 57 երկրների ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվում համատեղ ջանքերով գտնելու համատեղ աշխատանքի սկզբունքորեն նոր ուղիներ՝ աշխարհում ճգնաժամային երեւույթների, մեր դարաշրջանի մարտահրավերների հաղթահարման նպատակով։
Ավելին, առաջարկելու Սիրիայում, Իրաքում եւ Ուկրաինայում ընթացող իրադարձությունների հետ կապված միջազգային հարաբերություններում առաջացած լարվածությունը շուտափույթ լիցքաթափելու միջոցներ։ Այստեղ հայկական պատվիրակության անդամներն իրենց գործընկերներին հաղորդելու բան ունեն։ Չէ՞ որ Հայաստանի Հանրապետության օրինակով մենք կարող ենք շատ փաստարկված ձեւով պնդել, որ երրորդ երկրների հետ ԱՄՆ-ի, Եվրամիության կամ էլ Ռուսաստանի, Չինաստանի փոխգործակցությամբ անլուծելի խնդիրներ չեն լինի։
Գաղտնիքը պարզ է. կարեւոր է, որպեսզի երրորդ երկրների վարած քաղաքականությունը լինի ազնիվ, հիմնվի մեծ տերությունների շահերի հաշվառման վրա, այլ ոչ թե կառուցվի այն հակասությունների վրա, որոնք կարող են լինել համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների միջեւ։ Կարեւոր է, որ նրանց աշխատանքի հիմքում դրվի արդիականության գլոբալ մարտահրավերներին համատեղ դիմակայելու գաղափարը։
Որպեսզի այս պնդման վերաբերյալ ասածներս մերկապարանոց չհնչեն, կոնկրետ օրինակ բերեմ։ Այսպես, 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի Մաքսային միությանը միանալու մեր երկրի ցանկության մասին հայտարարությամբ։ Մաքսային միությանը միանալու իր որոշումը պարզաբանելով՝ Հայաստանի նախագահը մասնավորապես ասաց. «Այժմ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ձեւավորում են տնտեսական փոխգործակցության նոր հարթակ: Ես քանիցս ասել եմ, որ գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, անհնար է եւ անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից: Սա (Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին- Ա.Գ.) ռացիոնալ որոշում է, այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից։
Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ: Այս տարիների ընթացքում Հայաստանը, եվրոպական գործընկերների աջակցությամբ, անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Եվ այսօրվա Հայաստանը, այս իմաստով, շատ ավելի արդյունավետ եւ մրցակցային պետություն է, քան տարիներ առաջ: Մենք մտադիր ենք ապագայում եւս շարունակելու բարեփոխումները»։
Եվ պետք է ասել, որ երկրի ղեկավարության այս սկզբունքային դիրքորոշումը բռնել է ժամանակի քննությունը։ Այսպես, Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի եւ շատ այլ երկրների նախագահները, միջազգային կազմակերպություններ, եկեղեցու հովվապետեր։
Կարծում ենք, որ երեք մեծ տերությունների (որոնք միշտ չէ, որ համընկնող շահեր ունեն) նախագահների շնորհավորանքները բնավ ձեւական չեն եւ Հայաստանի Հանրապետության պարագայում, անշուշտ, մտահոգություն եւ պատրաստակամություն են դրսեւորում հետագայում եւս զարգացնելու ամենասերտ հարաբերություններ Երեւանի հետ տնտեսության, քաղաքականության, հումանիտար ոլորտներում, անվտանգության հարցերում։ Այսինքն՝ խնդիրների այն ողջ համալիրի առումով, որոնց իրագործումն անկասկած ամուր հիմք է ստեղծում ԵԱՀԿ հիմնարար նպատակների իրագործման համար։
ԵՄ երկրների, ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի համագործակցության դրական փորձը, Վրաստանի հետ վերջին տարիներին բուռն զարգացող ամենասերտ բարիդրացիական հարաբերությունները, եղբայրական Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի հետ տարեցտարի ամրապնդվող դաշնակցային հարաբերությունները պետք է դառնան մանրակրկիտ ուսումնասիրության առարկա՝ ունիվերսալացման եւ հետագա հարստացման նպատակով, եւ Հայաստանի համագործակցության այդ կուտակված դրական փորձը կարող է իր զարգացումն ստանալ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում։ Դրանից կշահեն ԵԱՀԿ անդամ երկրների ժողովուրդները։
Միջազգային հարաբերություններում տիրող իրողությունների պայմաններում, կարծում ենք, ԵԱՀԿ-ի վրա հատուկ պատասխանատվություն է դրվում այն գործընթացների իմաստավորման գործում, որ տեղի են ունենում այն երկրներում, որոնց առանձին շրջաններ նոր անկախ պետություններ ստեղծելու նպատակ են հետապնդում, երբ ինքնավար կազմավորումների անկախության ձեռքբերման գաղափարը տարեցտարի դառնում է էլ ավելի հրապուրիչ ԵԱՀԿ տարածքի միլիոնավոր քաղաքացիների համար։
Այսպես, սեպտեմբերի 18-ին անցկացված Շոտլանդիայի անկախության հանրաքվեն, որի արդյունքներով՝ Շոտլանդիայի բնակիչների 55,3%-ը կամ 2 միլիոն մարդ քվեարկեց Մեծ Բրիտանիայի հետ միասնությունը պահպանելու օգտին, իսկ անկախ Շոտլանդիային կողմնակից էր 44,7%-ը կամ 1,6 միլիոն մարդ, լուրջ մտորելու տեղիք է տալիս։
Հիշենք նաեւ, որ այդ նույն օրը՝ սեպտեմբերի 18-ին, Իսպանիայում Կատալոնիայի խորհրդարանը բանաձեւ էր ընդունել ի պաշտպանություն անկախության հանրաքվեի, իսկ սեպտեմբերի 19-ին ընդունվել է համապատասխան օրենք, որը թույլ է տալիս Կատալոնիայում անկախության հանրաքվե անցկացնել առանց Մադրիդի թույլտվության։
Շոտլանդիայի հանրաքվեի պարագայում համաշխարհային հանրությունը դարձավ ինչպես Մեծ Բրիտանիայի կառավարող Պահպանողական կուսակցության, այնպես էլ Շոտլանդիայի ազգային կուսակցության բարձր քաղաքական գիտակցականության դրսեւորման ականատեսը, որոնք ցույց տվեցին իրենց հավատարմությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների պահպանման գաղափարներին։
Շոտլանդիայում անցկացված հանրաքվեն ամենայն համոզչությամբ հաստատեց այն անբեկանելի ճշմարտությունը, որ չեն կարող պահպանվել առանձին վերցրած մարդու իրավունքները եւ միեւնույն ժամանակ արհամարհվել մի ողջ ժողովրդի իրավունքներն իրենց ապագա ճակատագրի ընտրության հարցում։
Ինչո՞ւ, օրինակ, ԵԱՀԿ-ն դեռ մերժում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ազատասեր ժողովրդի՝ ԽՍՀՄ գործող օրենքներին լիովին համապատասխան անցկացված համաժողովրդական հանրաքվեով ձեռք բերած անկախությունը։ Ինչո՞ւ ԵԱՀԿ անդամ շատ երկրներ կանխակալ կերպով են գնահատում Ղրիմում 2014թ. մարտի 16-ին անցկացված հանրաքվեի արդյունքները։ Այնինչ նրանցից շատերը ճանաչել են Կոսովոյի անկախությունը Սերբիայից, որը հայտարարվել է 2008թ. փետրվարի 17-ին՝ այդ երկրամասի խորհրդարանի ընդունած համապատասխան հռչակագրով, այլ ոչ թե համաժողովրդական հանրաքվեով։
Ի՞նչ է սա։ Երկակի չափորոշիչների կիրառման դասական օրինա՞կ։ Հօգուտ այս պնդման բազմաթիվ անվիճելի փաստարկներ են բերվել, բայց այստեղ կուզենայի փորձել վերլուծել այս չափազանց հրատապ հարցերը քաղաքակրթական դիրքերից։
Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ։ «Տիրոջ չարչարանքները» հանրահայտ պատմության մեջ ասվում է. «Իսկ նրանցից ոմանք գնացին փարիսեցիների մօտ եւ պատմեցին նրանց, ինչ որ Յիսուս արեց։ Քահանայապետներն ու փարիսեցիները ատեան գումարեցին եւ ասացին. «Ի՞նչ անենք, քանի որ այդ մարդը բազում նշաններ է անում։ Եթէ նրան այնպէս թողնենք, ամէնքը կը հաւատան նրան, եւ հռոմէացիները կը գան ու կը վերացնեն մեր ազգն ու մեր սրբավայրը»։ Նրանցից մէկը՝ Կայիափա անունով, որ այդ տարուայ քահանայապետն էր, նրանց ասաց. «Դուք ոչինչ չգիտէք, ոչ իսկ խորհել էք, թէ մեզ համար աւելի լաւ է, որ մէկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թէ ամբողջ ազգը կորչի»։ Այս բանը նա ինքն իրենից չասաց, այլ, քանի որ այդ տարուայ քահանայապետն էր, մարգարէացաւ, որ Յիսուս մեռնելու էր ազգի համար։ Եւ ոչ միայն ազգի համար, այլ՝ որպէսզի նաեւ Աստծու ցրուած որդիներին ի մի հաւաքի։ Ապա այն օրուանից խորհուրդ արեցին, որ նրան սպանեն» (Ավետարան ըստ Հովհաննեսի, 11։46-53)։
Հայերի՝ հնագույն քրիստոնեական քաղաքակրթության ժառանգների համար յուրաքանչյուր մարդու կյանքն ինքնին մեծ արժեք է, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատությունն ու անկախությունը, որ ձեռք են բերվել մեր հազարավոր փառապանծ հայորդիների կյանքի գնով՝ անանց ու անսասան արժեք։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության պահպանման համար պայքարում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Սփյուռքի տասնմեկմիլիոնանոց հայությունն իր քրիստոնեական քաղաքակրթական ընտրությունը կատարել է դեռ 301 թվականին՝ առաջինն աշխարհում քրիստոնեությունն իբրեւ պետական կրոն ընդունելով։
Եվ այսօր ողջ աշխարհի հայությունը հանդես է գալիս որպես միասնական, միատարր քաղաքակրթական հանրություն, որը երբեք չի զոհաբերի արցախցիների կյանքը «հանուն ողջ ժողովրդի փրկության», քանի որ հուդայական քահանայապետ Կայիափայի մոտեցումներն անընդունելի են հայկական քաղաքակրթության համար։
Միաժամանակ համոզված եմ, որ հիմա, ինչպես մինչ այժմ երբեւէ, անհրաժեշտ է քաղաքակրթությունների երկխոսություն, եւ դրանով պետք է շահագրգռված լինեն նախեւառաջ բարի կամքի տեր բոլոր մարդիկ, որոնց թանկ է այսքան փխրուն խաղաղության ճակատագիրը։ Կարծում եմ, քաղաքակրթությունների երկխոսությունը չպետք է դուրս գա ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի օրակարգից։ Չէ՞ որ երկխոսության այլընտրանքն անխուսափելիորեն կդառնա քաղաքակրթությունների բախումը՝ աղետալի հետեւանքներով։
Կուզենայի գոհունակությամբ նշել, որ այս հարցում հետաքրքիր փորձ է կուտակվել՝ Հռոդոսի «Քաղաքակրթությունների երկխոսություն» Միջազգային հասարակական համաժողովի փորձը, որը միավորում է հասարակական, կրոնական եւ պետական գործիչներին, գիտնականներին, արվեստի, լրատվամիջոցների ներկայացուցիչներին ողջ աշխարհից։
Համոզված եմ, որ Հռոդոսի համաժողովի վերլուծությունները, որը մոտ օրերս գումարվելու է իր ամենամյա՝ 12-րդ գիտաժողովն անցկացնելու համար, կարող են օգտակար լինել ԵԱՀԿ ԽՎ աշխատանքի կազմակերպմանը, մանավանդ համաշխարհային զարգացման ներկա փուլում կարծիքների միջքաղաքակրթական փոխանակման սկզբնավորման ամբողջական մոտեցում ձեւավորելու հարցերում։
Կարծում եմ, որ Միջազգային հասարակական համաժողովի հիմնադիր, «Քաղաքակրթությունների երկխոսության» անփոփոխ համանախագահ Վլադիմիր Յակունինը, ինչպես նաեւ վերջերս ԵԱՀԿ ԽՎ նախագահ ընտրված Իլկա Կաներվան լիովին ի վիճակի են նոր, հզոր ազդակ հաղորդել փոխհարաբերությունների հաստատմանը՝ ԵԱՀԿ տարածքում ընդհանուր քաղաքակրթական արժեքների հիման վրա։
Դրա համար անհրաժեշտ է մշակել գլոբալ օրակարգ, որը համարժեք կլինի աշխարհում ստեղծվող բարդ իրադրությանը։ Սա ավելի քան պահանջված է եւ ժամանակի հրամայականն է, քանի որ նրանց համագործակցության այլընտրանքը կարող է դառնալ այն օրակարգը, որն, ասենք, մշակվել է Բիլդերբերգյան ակումբի 62-րդ ամենամյա նիստում, որը տեղի ունեցավ ս.թ. մայիսի 29-ից մինչեւ հունիսի 1-ը Կոպենհագենում։ Օրակարգ, որը, ցավոք, միշտ չէ, որ հաշվի է առնում թե՛ մեծ, թե՛ փոքր պետությունների շահերը։ Եվ սա՝ այն պայմաններում, երբ այդ երկրների ղեկավարներն այսօր միաբեւեռ աշխարհին առաջարկում են նոր, արդարացի, բազմաբեւեռ աշխարհակարգի հաստատում։
Ահա այսպիսի մտորումներով էի ուզում կիսվել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանից առաջ, որը կարող է դառնալ բեկումնային ԵԱՀԿ անդամ պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման գործում։
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում
Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար