Պատերազմը Հայաստանի և Արցախի շեմին է
13.05.2020, Shame.am
http://www.shame.am/news/view/68263.html
13.05.2020, Իրավունք
https://iravunk.com/news/111936
Անդրկովկասում և նրա շուրջ վերջին շաբաթների իրադարձությունների վերլուծությունը տագնապահույզ մտքի առիթ է տալիս առ այն, որ ամենամոտ ժամանակներս պետք է մեծ աղետի սպասել. Ադրբեջանը, ոչ առանց Թուրքիայի օրհնության, պատերազմ կսանձազերծի Արցախի Հանրապետության դեմ։ Ընդ որում՝ նշենք, որ օրեցօր ավելի ու ավելի է խստանում տեղեկատվական պատերազմը Ադրբեջանի կողմից հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) դեմ։ Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, հղում կատարեմ կոնկրետ հրապարակումների։ Այսպես, ապրիլի 23-ին DAY.az ինտերնետ-պարբերականը հրապարակել է հոդված՝ «Գեներալ-գնդապետ Մագերամ Ալիև. Ադրբեջանցի ժողովուրդը սպասում է Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանին և միշտ պատրաստ է մոբիլիզացվել օկուպացված տարածքների ազատագրման համար» վերնագրով։
Իր հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Մագերամ Ալիևը, մասնավորապես, ասել է. «...Հայաստանն ընդհանրապես ելք չունի՝ կամ պետք է համակերպվեն հակամարտության լուծման համապատասխան տարբերակին, կամ, հրաժարվելով դրանից, մտածեն այն ճակատագրի մասին, որը կհանգեցնի ծանր հետևանքների։ Կարծում եմ, որ Հայաստանի ռազմաքաղաքական և դիվանագիտական շրջանակները պետք է վերանայեն նշված փաստերը, վերլուծեն դրանք և առողջ բանականություն ցուցաբերեն։ Հակառակ դեպքում քաջարի ադրբեջանական բանակը՝ Գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ, կարճ ժամանակում կտապալի թշնամուն, և ադրբեջանական եռագույն դրոշը կծածանվի ազատագրված տարածքների վրա։ Իրականում սրա շուրջ որևէ մեկի մեջ կասկածներ չպետք է լինեն» (news.day.az/politics/1227387.html)։ Ըստ երևույթին, մուալիմ Մագերամն ուսադիրների մեծ աստղերն ստացել է 1992-1994թթ. Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի տարիներին, երբ «քաջարի ադրբեջանական բանակը» ջախջախիչ պարտություն կրեց, կամ էլ Ապրիլյան քառօրյա պատերազմի (2016թ.) ընթացքում, երբ ադրբեջանական կողմի մարդկային կորուստները տասնապատիկ գերազանցեցին Արցախի պաշտպանության բանակի կորուստները։ Բայց սա ադրբեջանական ռազմական գործիչների համար կարևոր չէ, չէ՞ որ ադրբեջանական կողմի զոհերի ճնշող մեծամասնությունը էթնիկ փոքրամասնությունների՝ լեզգիների, թալիշների, թաթերի ներկայացուցիչներ էին։ Իսկ արդեն ս.թ. մայիսի 5-ին, ինչպես տեղեկացրեց Vesti.az-ը, Մագերամ Ալիևը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ստուգեցին առաջնագծում բանակի մարտական պատրաստվածությունը, ինչն իրականացվեց Իլհամ Ալիևի հանձնարարությամբ։ «Զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության մասին զեկույցները լսելուց հետո գեներալ-գնդապետ Ալիևը և գեներալ-գնդապետ Հասանովը զննեցին առաջնագծում հակառակորդի (իմա՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումների – Ա.Գ.) դիրքերը։ Պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ տվեց ստորաբաժանումների մշտական մարտական պատրաստվածությունը պահելու վերաբերյալ», ասվում է Vesti.az-ի ռեպորտաժում ։ Հատկանշական է, որ այդ նույն օրը ադրբեջանական մեկ այլ ինտերնետ-պարբերական՝ Vedomosti.az-ը, այս նույն տեղեկատվությունը հրապարակեց «Մագերամ Ալիևը և Զաքիր Հասանովը բանակը պատրաստում են պատերազմի» վերնագրով։ Բնականաբար, Թուրքիան չէր կարող անտարբեր մնալ։ Եվ ահա ս.թ. մայիսի 10-ին Turan գործակալության էջում կարդում ենք հոդված՝ «Հռչակվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետություն (Իրևան)՝ արտաքսման մեջ» վերնագրով։ Turan գործակալության հաղորդագրությունում կարդում ենք. «Թուրքիայի Քայսերիի համալսարանի պրոֆեսոր և հայտնի հայագետ-գիտնական Գաֆար Չախմաղլին ընտրվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (Իրևան) նախաձեռնող խմբի նախագահ Համաասիական կենտրոնների (БАО) կազմակերպած տեսակոնֆերանսում՝ քննարկումներից հետո։ Թուրան գործակալության հետ խոսելով արտաքսման մեջ գտնվող հանրապետության հռչակման մասին՝ պրոֆեսոր Գաֆար Չախմաղլին ասել է, որ այդ գաղափարը վաղուց արդեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի օրակարգում է (ուշադրություն դարձրեք՝ «այնպես էլ Թուրքիայի» – Ա.Գ.), և որ արևմտաադրբեջանական (իրևանյան) ծագում ունեցող կարևոր մարդիկ, ովքեր ապրում են աշխարհի տարբեր մասերում, արել են այդ վճռական քայլը։ Մեր պետությունը միշտ մեր պետությունն է եղել Արևմտյան Ադրբեջանում, որը դարեր շարունակ եղել է մեր մշտական հայրենիքը (ընթերցողներին հիշեցնենք, որ ադրբեջանական էթնոսը առաջին անգամ իր պատմության մեջ որպես պետություն միավորվել է միայն 1918թ. մայիսի 28-ին, Անդրկովկասի Մուսուլմանների ազգային խորհրդի կողմից, Ռուսական կայսրության Կովկասյան փոխարքայության գերազանցապես մուսուլմաններով բնակեցված տարածքների սահմաններում)։ Ռուսաստանը վերջ դրեց մեր պետականությանը՝ զավթելով Իրևանը։ Մոսկվայի որոշումից հետո ադրբեջանական ծագում ունեցող մարդկանց տեղահանումը Հայաստանից շարունակվեց 1918-ից մինչև 1948-53թթ., և այդ գործընթացն ավարտվեց 1988թ., և արդյունքում՝ Հայաստանում չմնաց ադրբեջանական ծագմամբ ոչ մի մարդ»։ Պրոֆեսոր Գաֆար Չախմաղլին այնուհետև ընդգծել է, որ Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (Իրևան), որտեղ գերակշռում է մտավորականությունը (որը բնավ չգիտի իր ժողովրդի պատմությունը – Ա.Գ.) գլխավոր նպատակն է՝ վերադարձնել բոլոր պատմական հողերը, ներառյալ Երևանը, Զանգեբասարը, Գոյչուն, Զանգեզուրը, Գյումրին, Դարալայազը և մնացած բոլոր պատմական հողերը ժամանակակից Հայաստանի սահմաններում»։ Թուրք-ադրբեջանցի պրոֆեսորի զառամախտային զառանցանքները մեկնաբանելը կնշանակեր ընկնել Յոզեֆ Գեբելսի զազրելի ավանդույթներին համապատասխան լարված պարզունակ թակարդը, որը քանիցս հայտարարել է. «Որքան մեծ է սուտը, այնքան շուտ քեզ կհավատան։ Շարքային մարդիկ ավելի շուտ հավատում են մեծ ստին, քան փոքրին։ Սա համապատասխանում է նրանց պրիմիտիվ հոգուն»։ Դե ինչ, ըստ երևույթին, պրոֆեսոր Չախմաղլին ավելի լավ է տեղեկացված թուրք և ադրբեջանցի քաղաքացիների հոգիների մասին, ուստի այս հաշվով նրա հետ չեմ վիճի։
Հարգելի ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ. ինչպիսի՞ն է հայկական իշխանությունների արձագանքը, ըստ էության, ինչո՞վ են նրանք զբաղված այս օրերին։ Մանրամասն չեմ ներկայացնի ս.թ. մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքին, այլ միայն կասեմ, որ ՀՀ VII գումարման ԱԺ պատգամավորների մեծամասնությունը լիովին հեռու է օրինաստեղծությունից, սա արդեն հասկանալի է անգամ ամենածույլերին։ Սակայն, ինչպես պարզվեց, նրանք անգամ տղամարդավարի կռվել էլ չգիտեն։ Փոխարենն այլ առավելություն ունեն. հստակ հետևել անդրօվկիանոսյան ուղեվարների առաջադրանքներին։ Խոստովանում եմ, որ այս հարցում նրանք հաջողում են։ Ս.թ. մայիսի 10-ին Հայաստանում գունավոր հեղափոխության (խոսքը 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման մասին է) անդրօվկիանոսյան ստրատեգների խոսափող հանդիսացող ռուսատյաց հայտնի ԶԼՄ-ում՝ 1in.am ինտերնետ-պարբերականում հրապարակվեց հոդված՝ «Հայ ժողովուրդը Կրեմլին ու բոլորին ցույց է տվել մի պարզ բան» վերնագրով։ Որոշ մեջբերումներ կատարեմ այդ հոդվածից. «Վերջին շաբաթների ներքին բուռն կյանքը և ուժգնացած ներքաղաքական զարգացումները առիթ են տվել վարկածի, որ Հայաստանում փորձ է արվում իրականացնել հեղաշրջում, որի միջոցով Կրեմլը փորձում է հասնել արցախյան գոտում ռազմական ներկայություն հաստատելու»։ Այնուհետև հոդվածի հեղինակը շարունակում է իր ցնդաբանությունը, ընդ որում՝ միտումնավոր աղավաղելով Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած Ապրիլայն քառօրյա պատերազմի (2016թ.) հետ կապված փաստերը։ Միևնույն ժամանակ, իր դատողություններին օբյեկտիվության երևութականություն հաղորդելու համար հոդվածում արտահայտվում է նաև հետևյալ միտքը. «Վերադառնալով արցախյան գոտում ռազմական ներկայության Կրեմլի ռազմավարական հեռահար ծրագրին և ցանկությանը, թեև պետք է նկատել, որ այդ առումով (Կրեմլը), թերևս, միակ ուժային կենտրոնը չէ, այդուհանդերձ, հարկ է արձանագրել մի բան՝ Ապրիլյան քառօրյա պատերազմը առավել քան հստակ ցույց տվեց թե՛ Կրեմլին, թե՛ մյուս ուժային կենտրոններին, որ հայկական պետականության սահմանների պաշտպանություն իրականացնում է հայ ժողովուրդն ու ժողովրդից սերող ազգային բանակը, ոչ թե որևէ իշխանություն»։ Չգիտես ինչու հոդվածի հեղինակը լռության է մատնում այն, թե այդ ինչ ուժային կենտրոններ են շահագրգռված ապահովելու իրենց ռազմական ներկայությունը հակամարտության գոտում։ Տողերիս հեղինակն արդեն բազմիցս գրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ Զանգելանի, Ջեբրաիլի և Ֆիզուլիի շրջաններում անվտանգության գոտու 105 կիլոմետրանոց սահմանի վերահսկողությունը, որը ներկայում իրականացվում է Արցախի պաշտպանության բանակի կողմից, ահա այդ է ԱՄՆ-ի, Իսրայելի և Թուրքիայի բաղձալի երազանքը։ Եվ հենց այս փաստն են ամեն կերպ ջանում թաքցնել հոդվածում նշված այսպես կոչված «նաև այլ ուժային կենտրոնները»։ Իսկ հոդվածի վերջում բացահայտվում է նաև հիբրիդային պատերազմի անդրօվկիանոսյան ստրատեգների և այդ հրապարակմամբ իրենց ամբողջ ուղնուծուծով մատնող նրանց նիկոլվովաևիչյան կամակատարների վերջնանպատակը. «Ռուսաստանում, թերևս, մի բան կգիտակցեն ու կպատկերացնեն, որ ժողովրդական հեղափոխությունը (Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումը – Ա.Գ.) հետ շրջելու որևէ փորձ, մեծ հաշվով, ոչ թե լինելու է Արցախում ռազմական ներկայության, այլ անգամ Հայաստանում ներկայությունից զրկվելու ճանապարհ»,- անհասկանալի է, թե ում է ահավոր վախեցնում հոդվածի հեղինակը (1in.am/2749284.html)։ Խոսքը Գյումրիից 102-րդ ռազմակայանի դուրսբերման մասին է։ Եվ պետք է հենց այնպես ստացվեր, որ ս.թ. մայիսի 12-ին ինչ-որ պատահական զուգադիպությամբ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը հանդես գար հայտարարությամբ։ «Երևանում ԱՄՆ դեսպանատունը ուրախությամբ արձանագրում է, որ, ըստ Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների զեկույցի, Հայաստանը գրանցել է ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը, որպիսին այս զեկույցի պատմության ընթացքում դեռևս ոչ մի երկիր չէր գրանցել։ USAID Armenia-ի հետ մեկտեղ մենք պատրաստ ենք աջակցել այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ճանապարհով առաջ տանելու համար»,- նշվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Facebook-ի հաղորդագրությունում։ Չեմ կարող զսպել գայթակղությունս՝ մեջբերում կատարել այդ փաստաթղթից. «Հայաստանում և Ուկրաինայում տեղի են ունեցել լուրջ վերափոխումներ (երկրների ընտրությունը բնավ պատահական չէ – Ա.Գ.)՝ պայմանավորված ավելի արդյունավետ կառավարման հանրային պահանջներով։ Ընդ որում՝ ձեռքբերումներն այդ պետություններում այս երկու տարիներին ամենաբարձրն են անցումային տնտեսություն ունեցող երկրներում երբևէ գրանցվածներից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը (իր իսկ սիրեցյալը – Ա.Գ.) և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այժմ կբախվեն ակնկալիքների կառավարման, վստահության պահպանման և կոռումպացված համակարգերի վերակառուցման դժվարին խնդրին՝ առանց ժողովրդավարական նորմերի խախտման»։ Ահա այսպիսի գնահատականներ։ Իսկ եթե մտածենք այն բանի շուրջ, թե ինչ էր տեղի ունենում ՀՀ-ում պետական հեղաշրջումից հետո, ապա կհանգենք տխուր եզրակացության, որ շատերը Հայաստանում ժողովրդավարության մասին հնացած պատկերացում ունեն։ Ոչ, հարգելի ընթերցող, հղում չեմ կատարի Ուինսթոն Չերչիլի աֆորիզմ դարձած արտահայտությանը. «Դեմոկրատիան կառավարման վատագույն ձևն է, եթե մնացածը չհաշվենք», այլ մեկ այլ մեջբերում կկատարեմ Ուինսթոն Չերչիլի այդ նույն ելույթից, որը հնչել է 1947թ. նոյեմբերի 11-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում, երբ նա «ընդամենը» ընդդիմության առաջնորդն էր 1945թ. հուլիսի ընտրություններում լեյբորիստ Քլեմենթ Էթլիից կրած անսպասելի, բայց ջախջախիչ պարտությունից հետո. «Ինչպե՞ս է բարեկիրթ ջենթլմենն ընկալում դեմոկրատիան։ Թույլ տվեք ինձ, պարոն նախագահ, նրան դա բացատրել, կամ գոնե ամենահիմնական պահերը։ Դեմոկրատիան այն չէ, երբ մանդատ են ստանում որոշ խոստումների հիման վրա, իսկ հետո անում են՝ ինչ խելքներին փչում է» (գրում եմ այս տողերը, իսկ աչքերիս առջև պատկերվում է մեր Նիկոլ Վովաևիչի՝ տիեզերական մասշտաբի քաղաքական գործչի կերպարը, որն ամեն ինչ անում է, ինչ խելքին փչում է՝ ի վնաս պետության – Ա.Գ.)։ Ըստ երևույթին, Freedom House-ի՝ դեմոկրատիան գնահատողների համար «ժողվարչապետի»՝ դատարանների շենքերը փակելու կոչը նոր խոսք է դեմոկրատիայի ընկալման մեջ, կամ էլ՝ ինչո՞վ դեմոկրատիայի դրսևորում չէ Նիկոլ Վովաևիչի արտահայտությունը վնգստացող դատավորների մասին, ինչո՞վ այդ բառերը Հայաստանում դեմոկրատիայի ամուր հիմքերի վկայությունը չեն։ Ինչպե՞ս դեմոկրատիայի դրսևորում չհամարես այն հանգամանքը, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է կորոնավիրուսի համավարակի մասին, իսկ Նիկոլ Վովաևիչն այդ նույն օրերին նախաձեռնում և իրականացնում է բազմամարդ հանրահավաքներ, որոնց ժամանակ քաղաքացիներին քարոզում է անպայման գնալ Հայաստանի Սահմանադրություն – 2020-ի փոփոխությունների հանրաքվեին։ Այնինչ, այս արարքն ըստ էության իշխանությունների բաժանման դեմոկրատական սկզբունքի կոպտագույն խախտում էր՝ օրենսդրական (երբ ՀՀ ԱԺ-ը Փաշինյանի կոշտ ճնշմամբ 2020թ փետրվարի 6-ին ընդունեց որոշում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման մասին), գործադիր և դատական (Փաշինյանը հրապարակավ վիրավորում և սարսափեցնում էր ՀՀ դատական իշխանություններին, երբ հայտարարում էր՝ «ցույց տվեք ինձ մի դատավորի, որը չի անի այն, ինչ ես կասեմ»)։ Էլ չեմ ասում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի և 1992-1994թթ. Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսներ Սեյրան Օհանյանի, Մանվել Գրիգորյանի, Յուրի Խաչատուրովի հանդեպ ներկայիս իշխանությունների քաղաքական վենդետայի մասին։ Խորհրդածելով «ժողվարչապետի» կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստոր հետապնդումների շուրջ, ինչը հատուկ է ոչ միայն ավտորիտար ռեժիմներին, այլև միջնադարյան բռնատիրությանը, որն այժմ որակվում է որպես «դեմոկրատիայի բարելավման ամենաբարձր ցուցանիշ», ակամա մտածեցի ահա թե ինչի մասին. որքա՞ն կարևոր է Ն.Փաշինյանի հետագա գտնվելը ՀՀ վարչապետի պաշտոնում, որ անգամ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ու Freedom House միջազգային կազմակերպության մակարդակով են այսքան բացահայտ խրախուսվում Հայաստանի իշխանավորների հակասահմանադրական գործողությունները։ Ավելին, «դեմոկրատական» Հայաստանի բոլոր տեղեկատվական ռեսուրսները, որոնք շռայլորեն սնվում են Սորոսի հիմնադրամից ու անդրօվկիանոսյան տարատեսակ դեմոկրատական ինստիտուտներից, թուրք-ադրբեջանական ագիտպրոպի հետ համաձայնեցված՝ այս օրերին ծավալել են հակառուսական, ռուսատյաց հիստերիա, ինչը Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների հետապնդման հետ միասին՝ վերջնարդյունքում ուղղված է Հայաստանի ազգային անվտանգության հիմքերի խարխլմանը։ Դրանով իսկ Նիկոլ Վովաևիչն ու ընկերակիցները պարարտ հող են ստեղծում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ նոր ռազմական ագրեսիայի հրահրման համար։ Կարելի է նիկոլվովաևիչյան խառնամբոխի գործողությունների տասնյակ այլ օրինակներ էլ ներկայացնել, որոնք խափանում են հայոց պետականության հիմքերը։ Իսկ քանի դեռ «ժողվարչապետին» չի հաջողվել հասնել այս նպատակին, համաշխարհային քաղաքականության ուժի անդրօվկիանոսյան հայտնի կենտրոնը ատամներով կպաշտպանի իր դրածոյին, իսկ տեղի սորոսյան գրանտակերները անդադրում կաղաղակեն իբր պատրաստվող հակահեղափոխական հեղաշրջման մասին։ Իսկ այդ ընթացքում ադրբեջանա-թուրքական զինվորականությունը մեկ էլ տեսար, օգտվելով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում առաջատար տերությունների զբաղվածությունից, կսանձազերծի հերթական սպանդը Ադրբեջանի և Արցախի Հանրապետության զինված ուժերի դիմակայության գծում։ Իմանալով ժամանակակից նեոօսմանների նենգությունը՝ պետք է սպասել սադրանքների շարքի հայ-ադրբեջանական սահմանին, Նախիջևանի շրջանում։
Հարգելի ընթերցող, պատերազմը Հայաստանի և Արցախի շեմին է, և սա չափազանցություն չէ։ Այն հնարավոր է կանխել միայն հայ ժողովրդի՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համազգային համախմբման հիման վրա։ Իսկ հայ ժողովրդի համախմբումն անհնար է նիկոլվովաևիչյան հակազգային ռեժիմի պայմաններում։ Ն.Փաշինյանին և КО-ին իշխանությունից հեռացնելու ժամանակը չի սպասում։