Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է
Արտաշես Գեղամյան
06.07.2019, Shame.am
http://www.shame.am/news/view/67471.html
Նախաբանի փոխարեն. Սկսելով կարդալ այս հոդվածը՝ ընթերցողը միանգամայն արդարացիորեն կարող է հարց տալ. ինչո՞ւ դրա հեղինակն արդեն երկար ժամանակ հրապարակավ հանդես չի գալիս հայկական հեռուստատեսային ալիքներով, ո՞րն է լռության պատճառը։ Խոստովանեմ, որ նման հարցը միանգամայն տեղին կլինի, բայց, ավաղ, իմ «լռությունն» իմ ընտրությունը չէ։ Ասել, թե մինչև 2018թ. ապրիլ-մայիս պետական հեղաշրջումն էլ ես հայրենական հեռուստաալիքների հաճախակի հյուրն էի, խիստ չափազանցություն կլինի. ի դեպ, դրա պատասխանատվությունը հայտնի հաստատության վրա դնելը, որը գտնվում է Ամերիկյան 1 հասցեում, նույնպես չէր համապատասխանի իրականությանը։ Հանուն արդարության նշենք, որ պետական հեղաշրջումից 3-4 տարի առաջ Արևմուտքի ստրատեգների կողմից հայոց պետականության քանդման նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան դրվել էր խնդիր՝ դիմազրկել Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը, որպեսզի հետագայում մեծ ջանքեր չպահանջվեն այն «սևերի» ու «սպիտակների» բաժանելիս։ Իսկ այն, որ իշխանական լիազորություններով օժտված և հիմա «սևերի» կարգի մեջ մտցված քաղաքական գործիչները չեն կռահել Հայաստանի չարակամների այս նենգ մտահղացումը, դա նույնպես անվիճելի փաստ է։ Ցավոք, «այլախոհների», որոնց թվին են պատկանում Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքի համոզված կողմնակիցները, տեղեկատվական մեկուսացման քաղաքականությունը դեռևս շարունակվում է. սա նույնպես անվերապահ ճշմարտություն է։
Ըստ երևույթին, «սպիտակների» անդրօվկիանոսյան ուղեվարները իրենց հաշիվ տալիս են, որ դեռևս մինչև վերջ կատարված չեն նրանց առաջադրած խնդիրները, դիցուք՝ Ռուսաստանի հարավային մատույցներում իրավիճակի ապակայունացումը և այլ հարցեր, ինչի մասին կներկայացվի հոդվածում։
Փառք Աստծո, որ դեռ կա Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների հետ տագնապներով և մտորումներով կիսվելու հնարավորություն Ռուսաստանյան տեղեկատվական «REGNUM» գործակալության կայքում, «Իրավունք» մեդիահոլդինգի պարբերականներում և Shame.am ինտերնետ-պորտալում։
Վերջին տարիներին ձևավորված ավանդույթով ես, երբեմն մեծ ջանքերի գնով, փորձում եմ ուշադիր ծանոթանալ ադրբեջանական մամուլի հրապարակումներին։ Չեմ թաքցնում, որ այդ զբաղմունքը հաճելիներից չէ, ընդ որում՝ բնավ ոչ միայն Ափշերոնյան սուլթանության զանգվածային լրատվամիջոցների ամբողջովին կողմնակալ լինելու պատճառով, որոնք ժամանակ առ ժամանակ ցույց են տալիս հնարագիտության հրաշքներ, մեր իրական կյանքի փաստերի նենգափոխումներ։ Ոչ, ոչ միայն այդ պատճառով, այլ նաև որովհետև դրանցում հատուկ տեղ է հատկացվում բացահայտ ստի արծարծմանը։ Միևնույն ժամանակ, ես գիտակցում եմ, որ չարդարացված ինքնահանգստացման դրսևորում կլիներ քամահրական վերաբերմունքը թվում է, թե առանձին, բայց և բավական վտանգավոր հրապարակումներին, որոնք, եթե դիտարկենք իրենց միագումարության մեջ, քեզ դարձնում են մանրակրկիտ մտածված տեղեկատվական պատերազմի ականատեսը։ Դրանցում երևում է տեղեկատվական պատերազմի վարման բավական պրոֆեսիոնալ տեխնոլոգիա հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ։ Ասել, թե դա ադրբեջանցի ստրատեգների տեղեկատվական պատերազմի ինքնատիպ նոու-հաու է՝ չափազանցություն կլիներ։ Իրենց ընթերցողների, լինեն նրանք Ադրբեջանում, թե արտասահմանում, գիտակցության մանիպուլացման ամբողջ տեխնիկան հանգեցվում է ժողովրդական լայն զանգվածներին հիմարացնելու ոչ անհայտ չարագործ Յոզեֆ Գեբելսի կանխադրույթներին, դիցուք. «Քարոզչությունը կորցնում է ուժը, հենց որ ակնհայտ է դառնում... Որքան հրեշավոր է սուտը, այնքան ավելի շատ է ամբոխը հավատում դրան»։
Որպեսզի չհոգնեցնեմ հարգելի ընթերցողներին իմ տեսական մտահանգումներով, անցնեմ հարցի բուն էությանը։ Եվ այսպես, ս.թ. հուլիսի 3-ին ադրբեջանական Contact.Az ինտերնետ-պորտալը, հղում կատարելով Թուրան տեղեկատվական գործակալությանը, հրապարակեց հոդված ինտրիգ պարունակող վերնագրով՝ «Սենսացիա՞, թե՞ փաստ։ Սթոլթենբերգին Փաշինյանի նամակի մասին»։ Վերնագիրը կարդալով՝ առաջինը, որ մտաբերեցի, «Ավքսենթի Ցագարելու «Խանումա» վոդևիլից հայտնի երկխոսությունն էր, որը գրվել է 1882թ.։ Հիշենք «Խանումա» ներկայացումից երկխոսությունը Հակոբի՝ հարուստ վաճառական Միկիչի կատարածուի և իշխան Վանոյի միջև, որը փայլուն բեմադրվել է 1972թ. Պիտերի Դրամատիկական մեծ թատրոնում Գեորգի Տովստոնոգովի կողմից։ Եվ այսպես, Հակոբը գովաբանում է. «Ուզում ես լողանալ՝ այ քեզ Քուռը, այ քեզ քո տունը, ուզում ես խմել՝ այ քեզ Քուռը, այ քեզ քո տունը, ուզում ես խեղդվել՝ այ քեզ Քուռը, այ քեզ քո տունը։ Սրան հետևում է առարկությունը. Մի րոպե, մի րոպե, մի րոպե։ Բա որ ջրհեղեղ լինի՞։ Հետևում է Հակոբի պատասխանը. Է-է, լսիր։ Քուռն ո՜ւր, քո տունն՝ ո՜ւր»։ Այս երկխոսությունն ավելի քան պերճախոս արտացոլում է Ափշերոնյան սուլթանության արդի քարոզչության իսկական էությունը։ Ուրեմն, ինչի՞ մասին է մեզ տեղեկացնում Contact.Az-ը (http://www.contact.az/ext/news/2019/7/free/politics%20news/ru/82091.htm). «Ռուսաստանյան gosnews.ru պարբերականը հրապարակել է փաստաթուղթ (ինչից են վերցրել, որ այս նյութը փաստաթուղթ է՝ անհասկանալի է – Ա.Գ.)՝ պնդելով, որ դա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակն է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգին։ «Փաշինյանն անսպասելի քայլ է մտածել. հանձնել Արցախն Ադրբեջանին, ինչի մասին էլ տեղեկացնում է Սթոլթենբերգին նամակում (ուշադրություն դարձրեք, որ ադրբեջանական ագիտպրոպը բնավ կասկածի տակ չի դնում նամակի գոյությունը – Ա.Գ.)։ Այսպիսի խորամանկ միջոցով Փաշինյանը ծրագրում է կանխել դավադրությունը՝ Լեռնային Ղարաբաղի դավադիրներին այնպիսի կյանք սարքելով, որ նրանք Հայաստանի ղեկավարությունը տապալելու հավես չունենան»,- պնդում է մոսկովյան պարբերականը։ Ուշադրություն դարձրեք, որ ադրբեջանական տեղեկատվական գործակալությունը ընթերցողների ենթագիտակցության մեջ ներարկում է տեղեկատվություն դավադրության մասին՝ որպես կասկածի չենթարկվող իրողություն, ի դեպ՝ ներկայացնելով որպես անվիճելի պնդում նաև այն, որ «դավադիրները Լեռնային Ղարաբաղից» են։ Ճիշտ, չէ՞, որ Հայաստանի «ժողվարչապետի» հանդեպ «հոգատարության» դրսևորումը հոգեցունց է։ Այնուհետև Contact.Az-ը, հղում կատարելով հայկական ԶԼՄ-ներին, գրում է. «Պայքարը կոռուպցիայի դեմ հիշեցնում էր հաշիվների մաքրում երկրի նախկին ղեկավարության հետ։ Այս ֆոնին ի հայտ ելան լուրեր Ղարաբաղի զինվորականների կողմից Փաշինյանին տապալելու պատրաստ լինելու մասին։ Մոսկովյան պարբերականի վարկածով՝ հեղափոխությունից խուսափելու համար Փաշինյանը մտածել է հանձնել Ղարաբաղն Ադրբեջանին (հեղինակները ցանկանում են ցանկալին մատուցել իրականության տեղ, քանի որ հենց անվտանգության գոտու հողերի հանձնումն է հղի հեղափոխությամբ – Ա.Գ.), ինչի մասին էլ տեղեկացնում է Սթոլթենբերգի նամակում։ - Հետո ավելի հետաքրքիր է։ - Այս նյութը, ամենայն հավանականությամբ, ֆեյք է։ Բայց կարևոր է, որ այն տարածվում է Ռուսաստանից, որտեղ չեն թաքցնում իրենց դժգոհությունը Փաշինյանից և ջանում են խափանել բնակչության կողմից նրան ցուցաբերվող աջակցությունը»։ Այստեղ ադրբեջանցի ստրատեգները, ուղիղ ասենք, կարող են ստեղծել «լուրջ մրցակցություն «Խանումայի» գործող անձ՝ կատարածու Հակոբին, այսինքն՝ ադրբեջանական ագիտպրոպը այս դեպքում լրիվ է խճճվել։ Մի կողմից՝ ազերիների պնդմամբ, մոսկովյան պարբերականը մի տեսակ չպարտադրելով զգուշացնում է Ն.Փաշինյանին իբր պատրաստվող դավադրության մասին Լեռնային Ղարաբաղի կողմից և միաժամանակ ավելի մեծ համոզչության համար նշում է, որ «դա (ֆեյք) է, որը տարածվում է Ռուսաստանից»։ Այնուհետև, որպեսզի լիովին ցրի Ն.Փաշինյանի իսկական մտադրությունների մասին կասկածները, ադրբեջանական ագիտպրոպը խիստ մեծահոգաբար հուշում է Ռուսաստանին՝ հղում կատարելով այդ նույն հոդվածին, որ Փաշինյանը կատարել է հիմնական խնդիրը, որը դրվել է նրա առջև դեռևս մեկ տարի առաջ կուրատորների կողմից, որոնք նրան բերեցին Հայաստանի ղեկավարություն։ Խոսքը ՆԱՏՕ Հայաստանի մտնելու ճանապարհին պատնեշները վերացնելու մասին է, ինչը կապահովի նրան աջակցություն Արևմուտքի կողմից»։ Համաձայնեք, հարգելի ընթերցող, որ այս պնդումը նույնքան պարզունակ է, որքան և նենգ։ Քանիցս գրել եմ, որ անդրսահմանային կուրատորները Ն.Փաշինյանին բերեցին իշխանության՝ Ռուսաստանի հարավային մատույցներում իրավիճակն ապակայունացնելու նպատակով, Հայաստանի և Արցախի միջև լարվածության մթնոլորտի թեժացման, Արցախի Հանրապետության զինված ուժերի ղեկավարությունից Ղարաբաղյան ազգային-ազատագրական պատերազմում թրծված մարտական գեներալներին հեռացնելու միջոցով։ Մի խոսքով՝ Արդբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ նոր ռազմական ագրեսիայի սանձազերծման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։ Ընդ որում, առաջնահերթ նպատակների շարքում, որոնք իրենց առջև դնում են ադրբեջանական բազեները, Ափշերոնյան սուլթանության կողմից Արցախի անվտանգության գոտու յուրացումն է, որը ներկայում վերահսկվում է Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից և 105 կիլոմետրանոց սահման ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Կարծում եմ, որ իմաստ չունի նորից բացատրել ԱՄՆ-ի, Իսրայելի և Թուրքիայի ծայրահեղ հետաքրքրվածությունը միջնորդավորված և ուղղակի վերահսկողությամբ ղարաբաղա-իրանական սահմանի այս հատվածի հանդեպ։
Բավական հատկանշական է, որ մոսկովյան gosnews.ru պարբերականում ադրբեջանական կողմին շատ դուր եկած հոդվածի հրապարակման օրը (տպավորություն է ստեղծվում, որ նրանք հոդվածի յուրաքանչյուր տող ընկալում են որպես իրենց սեփական զավակ) մոսկովյան մեկ այլ՝ Մոսկվա-Բաքու պարբերականում ս.թ. հուլիսի 1-ին հրապարակվեց հարցազրույց. «Սերգեյ Մարկով. Հայաստանի վարչապետը վախենում է պայմանավորվածությունների գնալ Ադրբեջանի հետ»։ Հատկանշական է, որ այս հարցազրույցը տվել է Ս.Մարկովը, որին այսօր, անշուշտ, պատկանում է առաջնության դափնին ադրբեջանական շահերը լոբբինգի ենթարկելու գործում։ Նա, որ ադրբեջանական պրոպագանդիստ է, հանկարծ նուրբ զգացումներ, հոգատարություն է ցուցաբերում պստիկ եղբոր՝ Նիկոլ Վովաևիչի հանդեպ։ Մոսկվա-Բաքվի թղթակցի հարցին, թե՝ «Սերգեյ Ալեքսանդրովիչ, կալանված անձանց փոխանակումը դարձավ հումանիտար քայլերի իրականացման վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների արդյո՞ւնքը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև։ Ինչպե՞ս եք գնահատում կատարվածը», հետևեց պատասխանը. «Կալանված անձանց փոխանակումը Ադրբեջանի և Հայաստանի միջև ցույց տվեց խաղաղության հանդեպ երկու պետությունների ղեկավարության կամքը։ Դա հատկապես կարևոր է այն պայմաններում, որոնցում այսօր գտնվում են բանակցությունները, այն պայմաններում, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մի կողմից, խաղաղություն է ուզում, բայց ներքաղաքական վիճակը երկրում թույլ չի տալիս նրան գնալ կոնկրետ խաղաղ քայլերի։ Հայաստանի վարչապետը վախենում է գնալ պայմանավորվածությունների Ադրբեջանի հետ ղարաբաղյան կարգավորման հարցում, քանի որ կարծում է, որ փոխզիջումն ադրբեջանական կողմի հետ կարող է հանգեցնել նրա դեմ դավադրության և նրա տապալման»։ Կարդալով այս տողերը՝ ակամա հիշեցի հատված ս.թ. մայիսի 20-ին «ժողվարչապետի» դիմումից, երբ նա ասաց. «Ուսումնասիրելով բոլոր փաստերը՝ ես այդ ամենի հետևում տեսնում եմ դավադրություն նոր պատերազմ սանձազերծելու և, հնարավոր է, անգամ որոշ տարածքներ հանձնելու՝ պատասխանատվությունը դնելով երկրի կառավարության վրա։ Այդ գործունեության մեջ տեսնում եմ պետական դավաճանության նշաններ»։ Դե, ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանի այսպիսի խոստովանություններից հետո չասի աջակցության խոսքեր մարգարե Սերգեյ Մարկովը, որն ադրբեջանական ինտերնետ-պորտալի միջոցով կիսվում է միայն իրեն և Նիկոլ Փաշինյանին հայտնի տեղեկատվությամբ դավադրության մասին և դա անում է բարի նպատակներով, որպեսզի Ափշերոնյան սուլթանության հպատակները սիրով ու հարգանքով համակվեն խաղաղարար Նիկոլ Վովաևիչի հանդեպ։ Համակվեն հարգանքով, ինչպես դա եղավ նրա հոգևոր հոր՝ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում, որին հիմա էլ ոչ առանց գովասանքի մեջբերում են երախտապարտ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները։ Ընդ որում՝ նրանք անթաքույց ուրախությամբ փաստում են իրենց հոգևոր մերձությունը։ Այսպես, ս.թ. հուլիսի 3-ին Aze.Az ինտերնետ-պորտալը հրապարակեց հոդված «Ղարաբաղի անջատողականների միջև ընթանում է պայքար իշխանության համար» վերնագրով։ Վերլուծելով այդ հոդվածը՝ տպավորություն է ստեղծվում, որ վերջապես իրականացել է դեռևս մինչև վերջերս հայկական հինգերորդ շարասյան թվում է թե ուտոպիական երազանքը՝ ունենալ իրենց քարոզչական խոսափողը ոչ միայն Հայաստանում, հայկական Սփյուռքում, այլև... Ադրբեջանում։ Այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի, Ադրբեջանում։ Տեսեք, թե ինչ է գրում այդ ադրբեջանական ինտերնետ-պորտալը. «Այն, որ Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքական գործիչ ձևավորվել է ՀՀՇ-ում և եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի զինակիցը, գիտեն բոլորը, իսկ այն, որ նա կատարում է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) բոլոր դիրեկտիվները, հայտնի դարձավ միայն հիմա։ Նրանց ԶԼՄ-ները գրում են (ոչ առանց գոհունակության նշում է Aze.Az-ը – Ա.Գ.), որ մարտի 1-ի հանցագործությունների հետաքննությունը ենթարկված է գրավոր դիրեկտիվներին, որոնք կազմվել են փաստահավաք խմբի տվյալների հիման վրա՝ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի գլխավորությամբ... Այս ուղղությամբ երկրորդ քայլը դարձավ քառօրյա պատերազմի հետաքննության պատգամավորական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը՝ Տեր-Պետրոսյանի հավատարիմ զինակից Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ։ Ընդ որում՝ հանձնաժողովի գլխավոր խնդիրը գեներալիտետի վարկաբեկումն ու հեռացումն է, որը, փսրձագետների կարծիքով, կհանգեցնի բանակի թուլացմանը (կարդալով այս տողերն ադրբեջանական ինտերնետ-պարբերականում՝ գալիս ես միանշանակ եզրահանգման, որ այս տեղեկատվության հիմնական սպառողը Ադրբեջանի զինված ուժերն են, քանի որ նման բարբաջանքը չի կարող չբարձրացնել նրանց մարտական ոգին – Ա.Գ.)։ Բավական հատկանշական է, որ այս հոդվածի ենթավերնագրերից մեկը՝ «Լրջանալու պահը» (Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածի վերնագիրն է՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը», 1997թ. նոյեմբերի 1, որը հանգեցրեց նրա հրաժարականին)։ Ահա թե ինչ է գրված այդ ենթավերնագրի ներքո. «Միևնույն ժամանակ, Տեր-Պետրոսյանը պետք է ապացուցի, անգամ Փաշինյանի ձեռքով, որ 1997-ին իրավացին ինքն էր, ոչ թե այն նույն «հայտնի ուժերը», այսինքն՝ «ղարաբաղյան կլանը», որոնք ստիպեցին նրան հրաժարական տալ պատերազմին վերջ տալու և խաղաղ ու բարգավաճ պետության կառուցումն սկսելու ծրագրերին նրա համաձայն չլինելու պատճառով» (հավանաբար, այս խոսքերի հեղինակներին հայտնի է այն մասին, որ Տեր-Պետրոսյանը պարտավոր էր ինչ-որ մեկին ապացուցել իր ճշմարտացիությունը և հավատարմությունն իր պարտվողական քաղաքականությանը, ընդ որում՝ չգիտես ինչու, համեստորեն լռության է մատնվում այն, որ «խաղաղ ու բարգավաճ պետության» կառուցման տակ հասկացվում է Հայաստանն առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության – Ա.Գ.)։ Կարծում եմ, իմաստ չունի այլ գոհարներ էլ մեջբերել հոդվածի հեղինակների մտքի թռիչքներից, ի դեպ, ինչպես նաև մեջբերումներ կատարել նման այլ հրապարակումներից։ Կարևորն այստեղ ընդգծելն է, որ այս հրապարակումներն իրենց ամբողջության մեջ հետապնդում են միանգամայն որոշակի նպատակ. մի կողմից՝ վարկաբեկել ազնիվ գաղափարը, որը դրված է ղարաբաղյան ազատագրական պատերազմի հիմքում, այն է՝ Արցախի հայ բնակչության փրկությունը ցեղասպանությունից, մյուս կողմից՝ այդ պայքարի հերոսներին ներկայացնել օդիոզ, կոռումպացված անձինք։ Ընթերցողը կարող է տարակուսած հարցնել այն մասին, որ իմ շարադրածում չկա երկրորդ եզրահանգման հաստատումը։ Այո, ես միտումնավոր չներկայացրի նրանց ցինիկ եզրակացությունները Արցախի գործող և նախկին առաջնորդների հասցեին, որպեսզի չտիրաժավորեմ նրանց զրպարտությունն ու սուտը։
Վերադառնալով «Նոր հեղափոխությունն անխուսափելի է» հոդվածին, որը հրապարակվել է gosnews.ru կայքում, կցանկանայի նշել, որ տագնապահույզ է, որ հոդվածը հրապարակվել է ռուսական ինտերնետ-պորտալում։ Եթե դա ֆեյք է, ապա առաջին հրապարակումներն այս հաշվով ափշերոնյան ագիտպրոպի կողմից հիմք են տալիս ենթադրելու, որ առաջիկա օրերին Հայաստանում Սորոսի կողմից շռայլորեն վարձատրվող տասնյակ ինտերնետ-պարբերականներ կսկսեն հերթական հակառուսական հիստերիան։ Հակառուսական հրապարակումների առաջին ծիծեռնակները երկար սպասել չտվեցին։ Այսպես, ս.թ. հուլիսի 3-ին Հայաստանում հակառուսական քարոզչության խոսափողներից մեկը՝ «Ժամանակ» թերթը, հրապարակեց հոդված՝ «Ինչ մանդատ է ծածանվում Արցախի վրա. լյուստրացիայի անհրաժեշտություն» վերնագրով, որում, ըստ էության, խոսվում է Մոսկվայի կողմից Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության գործոնը Հայաստանի անվտանգության համակարգը մասնատելու համար օգտագործելու մասին։ Ինչպես ասում են, հասանք այնպիսի մարազմի, երբ Հայաստանի անվտանգության ապահովման հուսալի, փորձառու երաշխավոր Ռուսաստանին մեղադրում են Հայաստանի անվտանգության համակարգի մասնատման մեջ, այսինքն՝ մեղադրում են մի ինչ-որ ինքնաոչնչացման մեջ տարածաշրջանային մակարդակով։ Սրանով թերթը չի սահմանափակվել։ Արդեն այսօր՝ հուլիսի 4-ին, հրապարակվել է հոդված՝ «Հեղափոխությունը սպառնալիք է Պուտինի ռեժիմի համար. Քոչարյանի միջոցով Կրեմլը ազդանշան է տվել Հայաստանին» վերնագրով։ Այս հոդվածի բովանդակությունը խտացված է վերնագրում։ Չարժե կասկածել, որ սպասվող տեղեկատվական վակխանալիայում կենտրոնական տեղ են զբաղեցնելու կոնսպիրոլոգիական պնդումներն իբր «ժողվարչապետի» դեմ հյուսվող դավադրության մասին՝ նրա կամքը կոռուպցիայի դեմ, ղարաբաղյան կլանի դեմ, «ծախու դատավորների» դեմ պայքարում սասանելու նպատակով։ Ընդ որում՝ բնական է, որ իշխանական գրչակներն այս ամենի հետևում կտեսնեն «Կրեմլի դավերը»։ Ավելին, նոր եռանդով կշարունակվի իշխանությունների քաղաքականությունը, որոնք հետապնդում են ամեն գնով Արցախի Հանրապետության ղեկավարությանը վարկաբեկելու նպատակ, էլ չեմ ասում նոր նսեմ փորձերի մասին՝ այս ամենը շաղկապել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հայտնի դատաստանի հետ։
Որպեսզի ընթերցողը երկար չմտորի, թե Ադրբեջանի ինչին են պետք նման՝ հազիվ թաքցվող, սրտցավ ապրումակցումները Հայաստանի «ժողվարչապետի» ճակատագրի, ուղղակի ակնարկները միայն իրենց հայտնի սադրիչ գործողությունների (ռուսական կողմից) մասին Նիկոլ Վովաևիչի հանդեպ, հուշենք, թե որտեղ փնտրեն այս երևույթի արմատները։ Այս հարցերի միջնորդավորված պատասխանը հնչել է ս.թ. հուլիսի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շնորհավորական նամակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով։ Այսպես, ակնհայտ է, որ ափշերոնյան սուլթանը իր շնորհավորանքները հանգեցրել է երկու հիմնական հարցի՝ առաջին. Միացյալ Նահանգների աջակցության կարևորությունը ադրբեջանական նախագծերի համար, որոնք ծառայում են էներգառեսուրսների աղբյուրների դիվերսիֆիկացմանն ու փոխադրմանը, երկրորդ. «հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության» կարգավորումը։ Ինչ վերաբերում է Ի.Ալիևի շնորհավորանքի առաջին մասին, ապա դրա ենթատեքստը միանշանակ է՝ Ադրբեջանի համար կարևոր է էներգետիկ նախագծերի պաշտպանությունը ռուսական կողմի «ապակառուցողական ոտնձգություններից»։ Իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով՝ պարզության համար մեջբերում կատարենք ափշերոնյան սուլթանից. «Միևնույն ժամանակ, հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը մնում է ամենացավոտ խնդիրը, որին բախվել է մեր ժողովուրդը։ Մեր երկրի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղը և հարակից 7 շրջանները, որոնք բուն ադրբեջանական հողեր են, օկուպացվել են, ավելի քան միլիոն մեր հայրենակիցներ արտաքսվել են հայրենի օջախներից։ Հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով և արդարացիորեն՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերին, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներին համապատասխան՝ մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակում (ինչ վերաբերում է Հելսինկյան եզրափակիչ ակտի մյուս 9 սկզբունքներին, ապա դրանք հաշիվ չեն – Ա.Գ.)։ Մենք այս գործում մեծ հույսեր ենք կապում ԱՄՆ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհի, հետևողական և վճռական դիրքորոշման և անձամբ Ձեր, պարոն նախագահ, ջանքերի հետ»։ Որպեսզի ավելի օբյեկտիվ լինեն ԱՄՆ-ի հետ կապվող հույսերը, Իլհամ Ալիևը կարող էր համարձակորեն ավելացնել, որ Ադրբեջանն իր կողմից ամեն բան անում է՝ արդարացնելու համար ԱՄՆ-ի վրա դրվող հույսերը, այն է. առաջատար ադրբեջանական ինտերնետ-պորտալներում հետևողականորեն հրապարակվում են բացահայտ հակառուսական հոդվածներ (կարելի է բերել բազմաթիվ օրինակներ, գոնե ոչ անհայտ Minval.az ինտերնետ-պարբերականից), բավական հմտորեն աջակցում են Հայաստանի «ժողվարչապետին», որն իրեն շրջապատել է սորոսյան ռուսատյաց լափակերներով, ավելին՝ ամեն բան անում է խափանելու համար Արցախի Հանրապետության ազգ-բանակի մարտական ոգին՝ դատաստան սարքելով ԼՂՀ առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, որը Ռուսաստանի ղեկավարության կողմից ընկալվում է որպես ռուս-հայկական ռազմավարական դաշինքի համոզված կողմնակից։
Մի խոսքով՝ ադրբեջանական ագիտպրոպը գործում է Ջոն Բոլթոնի պատգամներով։ Դրա բոլոր կրքոտատիպ ջանքերը՝ դուր գալ քեռի Սեմին, չափից շատ են՝ չես վերահաշվի։
Միևնույն ժամանակ, հանուն արդարության նշենք, որ նույնքան գովասանական խոսքերով, իհարկե՝ չվկայակոչելով Ռուսաստանի կողմից այլընտրանքային էներգետիկ նախագծերի աջակցությունը, այլ ուրիշ «ծանրակշիռ» փաստարկներ նշելով, Իլհամ Ալիևը կշնորհավորեր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Եվ բնավ պատահական չէ, որ, կարդալով ափշերոնյան սուլթանի շնորհավորական նամակի տողերը Դոնալդ Թրամփին՝ մտաբերում եմ նրա ներբողները Ռուսաստանի նախագահի հասցեին, հետն էլ՝ պատմական անալոգները Բենեվենտի իշխան Շառլ Մորիս դը Թալեյրանի կյանքից։ Հիշենք որոշ բավական բնութագրական դրվագներ Բենեվենտի իշխանի կյանքից, որոնք բնորոշ են նաև Ափշերոնի մեր հերոսին։ Այսպես, Թալեյրանը Փարիզում էր, երբ Ֆրանսիայի թագավոր Կառլոս Х-ը հրապարակեց փաստորեն սահմանադրությունը ոչնչացնող կարգադրությունները 1830թ. հուլիսի 25-ին։ 1830թ. հուլիսի 27-ին բռնկվեց հեղափոխությունը և երեք օրում իսպառ ոչնչացրեց Կառլոս Х-ի գահը։ Թալեյրանի անձնական քարտուղար Կոլմաշը այդ օրերին նրա մոտ էր՝ Բենեվենտի իշխանի մոտ։ Ամեն րոպե նորանոր տեղեկություններ էին ստացվում հեղափոխության և զորքերի միջև պայքարից։ Լսելով կրակոցների որոտն ու ահազանգերը, որոնք լսվում էին բոլոր զանգակատներից, Թալեյրանն ասաց Կոլմաշին. «Լսեք, ահազանգ են խփում։ Մենք հաղթում ենք»։ Կոլմաշը զմայլված հարցրեց. «Մե՞նք։ Ո՞վ է հաղթում, իշխա՛ն»։ «Կամաց,- հետևեց Թալեյրանի պատասխանը,- այլևս ոչ մի խոսք. ես ձեզ վաղը կասեմ դա»։ Թալեյրանին բնորոշ այս խոսակցությունը տեղի է ունեցել 1830թ. հուլիսի 28-ին։ Մյուս օրը հեղափոխությունը հաղթեց։ Եվ ահա, հարգելի ընթերցող, չեմ կասկածում, որ եթե Ադրբեջանը նոր ագրեսիա սկսի Արցախի Հանրապետության դեմ և ամենակարճ ժամանակում համոզվի, որ տանուլ է տալիս, այդ ժամանակ Իլհամ Ալիևը իր դեմքը փրկելու և վերջնական պարտությունը կանխելու նպատակով, ինչպես եղել է նախկինում, բոլոր հույսերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ կկապեր ոչ թե ԱՄՆ նախագահի, այլ արդեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ։
Հետգրության փոխարեն. Գաղտնիք չէ, որ պետությունների կործանման արդի տեխնոլոգիաներում հատուկ տեղ է հատկացվում տեղեկատվական պատերազմին, որը ներգործում է մարդկանց զանգվածների գիտակցության վրա և հանդիսանում է պայքարի մի մասը հանուն գործող իշխանության պահպանման կամ տապալման։ Մեր դեպքում գործ ունենք Հայաստանի գործող իշխանությունների և անձամբ «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ձախողումների մանրակրկիտ մտածված տեղեկատվական համահարթեցման տեխնոլոգիայի հետ։ Ընդ որում՝ վերջինի տիկնիկավարները պրոֆեսիոնալ մակարդակով գործնականում իրականացնում են տեղեկատվությամբ մանիպուլացումը՝ օգտագործելով ճշմարիտ տեղեկատվությունն այնպես, որպեսզի դրանից արվեն ոչ ճիշտ եզրակացություններ։ Հայաստանի կեղծ հեղափոխականների տեղեկատվական պատերազմի զինանոցում հատուկ տեղ է զբաղեցնում ապատեղեկատվության տարածումը կամ էլ նախապես սուտ տեղեկատվության ստեղծումը։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, հղում կատարեմ կոնկրետ օրինակների։
Այսպես, ս.թ. ապրիլի 12-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պատմեց այն հաջողությունների մասին, որոնք, իբր, ձեռք են բերվել հանրապետությունում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից 10 ամիս անց։ «Աշխարհի բոլոր երկրներում հեղափոխությունից հետո տնտեսությունում նկատվում է ռեցեսիա։ Սակայն Հայաստանում հեղափոխությունից հետո նկատվեց տնտեսական աճ։ Այս տասն ամիսներին բացվել են 51 հազար աշխատատեղեր, ինչը կազմում է ամբողջ աշխատանքի շուկայի 10 տոկոսը»,- ինչպես փոխանցել է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը՝ ասել է «ժողվարչապետը»։ Այս հայտարարությունից ընդամենը հինգ օր հետո, ՀՀ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ընթացքում ընդդիմադիր պատգամավորներից մեկը մեղադրեց նրան՝ Նիկոլ Վովաևիչին, մեղմ ասած, ապատեղեկատվություն հնչեցնելու մեջ։ Ընդ որում՝ ընդդիմադիր պատգամավորը բերեց կոնկրետ պաշտոնական վիճակագրություն Զինծառայողների ապահովագրման ֆոնդին կատարված վճարումների մասին, որոնք Փաշինյանի նշած ժամկետում աճել են ընդամենը 5 մլն 26 հազար դրամով, ինչը հաստատումն է այն բանի, որ նոր ստեղծվել կամ «ստվերից» դուրս են եկել լավագույն դեպքում 5026 աշխատողներ, այսինքն՝ 10 անգամ պակաս Նիկոլ Վովաևիչի հնչեցրած թվից։ Ստի մեջ մերկացված «ժողվարչապետը», ինչպես ժողովուրդն է ասում, իրեն գցեց «պեչենու բաղերը»։ Զուտ մանիպուլյատիվ և ապատեղեկատվական քիչ թեզեր չհնչեցին նաև Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսում, որը հրավիրվել էր ՀՀ վարչապետի պաշտոնում նրա ընտրվելու մեկամյակի առիթով, ս.թ. մայիսի 8-ին՝ լինեն դրանք վարկային պայմանագրերի, քրեակատարողական հաստատությունների բեռնաթափման, թե Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում փաստաթղթերի ոչնչացման մասին։ Իհարկե, կարելի էր կոնկրետ օրինակներով ավելի մանրամասն կանգ առնել այս հարցերի վրա, որպեսզի ցայտուն ցույց տանք, որ մանիպուլյացիաները և ապատեղեկատվության տարածումը կազմում են Նիկոլ Վովաևիչի գործունեության բովանդակությունը։ Բայց դա այլ վերլուծության թեմա է։ Այստեղ կարևոր է նշել, որ մանիպուլյացիաները և ապատեղեկատվությունը տնտեսության և սոցիալական հարաբերությունների ոլորտում, անշուշտ, պատիվ չեն բերում կառավարությանը, սակայն երբ մանիպուլյացիաներն ու ապատեղեկատվությունը սպառնում են պետության ազգային անվտանգությանը, նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը, այդ ժամանակ դրանք կրում են հանցավոր բնույթ։ Այսպես, ս..թ հունիսի 5-ին Ն.Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել և ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը և հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ համաձա՞յն են, թե՞ համաձայն չեն։ Պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ, և երբ որ դրանից հետո էդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից և ասում են, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, եթե էդ մարդը դուրս է գալիս և իր օգնականին ասում է՝ «գնա «Ֆեյսբուք»-ում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա», ինչի՞ համար է ինքը դա անում»։ Պարզ է, թե ում նկատի ուներ «ժողվարչապետը»։ Արձագանքը հետևեց անհապաղ։ Նույն օրը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանը, արժանապատվորեն ասաց. «Նմանատիպ հարցեր ինձ արդեն ուղղել են, մասնավորապես՝ ս.թ. մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ես ասել եմ, որ եթե կան դավադիրներ, նրանք պատժվելու են, և եթե որևէ մեկին հայտնի են կոնկրետ անձինք և նրանց դավադրության ապացուցված փաստեր, ապա թող մեզ տեղեկացնեն, և մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք»: Տեսեք, հարգելի ընթերցող, թե որքան անհամարժեք է Հայաստանի «ժողվարչապետն» իր զբաղեցրած պաշտոնին, որ այդպես էլ չկարողացավ ազատվել կանխակալ թերթի ձախողակ թղթակցի ախտանշանից, որը մասնագիտացել է զրպարտության ու ապատեղեկատվության մեջ։ Եթե դրան ավելացնենք նրա անթաքույց ցանկությունը՝ ամեն գնով լուծել քաղաքական ընդդիմախոսների հարցերը, ապա բարդ իրավիճակում, որն ստեղծվել է Անդրկովկասում, Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ, ես ստիպված եմ հերթական անգամ փաստել. Նիկոլ Փաշինյանն ավելի ու ավելի վտանգավոր սպառնալիք է դառնում Հայաստանի ազգային անվտանգությանը։ Այդ սպառնալիքին դիմակայել, չեզոքացնել այն՝ նշանակում է փրկել և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Արցախի Հանրապետությունը։ Մեր փրկության բանալին հայ հասարակության բոլոր առողջ ուժերի միավորումն է, Հայաստանի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի և Սերժ Ազատի Սարգսյանի, Արցախի ազգային-ազատագրական պատերազմի հերոսների, Արցախի զինված ուժերի կադրային հրամանատարների ջանքերի համախմբումը, որոնք Հայաստանի իշխանությունների կողմից ենթարկվում են նպատակաուղղված վարկաբեկման։ Եվ իհարկե, բացառիկ հրատապ է հայկական երկու պետությունների բոլոր առողջ ուժերի միավորումը, որոնք անկախ են արտաքին ազդեցությունից, նստած չեն հալևոր Ջորջ Սորոսի ֆինանսական ասեղի վրա, չեն հանդիսանում տոտալիտար կրոնական այնպիսի աղանդների անդամներ, ինչպիսին է «Կյանքի խոսքը», էլ չեմ ասում այն մասին, որ չեն հանդիսանում ժամանակակից սոդոմականներ, ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստներ, լինեն դրանք կառավարությունում, ՀՀ Ազգային ժողովում, թե մեկ այլ տեղ։ Համոզված եմ, որ նման միավորումը ոչ միայն հնարավոր է, այլև կենսականորեն պահանջված։ Այստեղ շատ կարևոր է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցների ջանքերի համախմբումը, երկու առաջնորդներ, որոնց կյանքի իմաստը, համարձակվում եմ վստահ լինել, նրանում է, որ ապահովեն Արցախի Հանրապետության անվտանգությունը։ Եվ հենց այդ պատճառով նրանք, որ ղարաբաղյան ազգային-ազատագրական պատերազմի առաջին իսկ օրերից, նրա ամենաթեժ պահին՝ 1992-94թթ., ինչպես եղել են բարիկադի մի կողմում, այնպես էլ մեր օրերում ճակատագրով նրանց համար նախատեսված է լինել միասին, այլապես կջնջվեն Արցախի ազատագրման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման նրանց համատեղ հերոսական պայքարի տարիները։ Ընդ որում՝ պակաս կարևոր չէ, որ նրանց միավորումը և համատեղ պայքարը ազգային անվտանգության սպառնալիքների կանխման գործում կծածկեն, զրոյի կհանգեցնեն աշխատանքի բոլոր թերություններն ու բացթողումները, որոնք, ավաղ, եղել են և այժմ էլ մեղսագրվում են նրանց։
Հ.Գ. Ասել, թե 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո մեր առօրյայում լուսավոր օրեր չեն եղել, չափազանցություն կլիներ։ Ոչ, բնավ ոչ։ Այսպես, ս.թ. մայիսի 28-ին Մոսկվայում տեղի ունեցավ, ըստ իս, եզակի մշակութային իրադարձություն. երևանցի տաղանդավոր տասնմեկամյա ջութակահար Ալեքսանդր Խաչատրյանի ելույթը «Նովայա Ռոսիա» պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի հիմնադիրն ու գլխավոր դիրիժորն է Յուրի Բաշմետը։ Երաժշտական այդ տոնակատարության ծրագրում էր Պ.Ի. Չայկովսկու Ջութակի կոնցերտը նվագախմբի հետ։ Մասնագետներն ու երաժշտասերները համերգից հետո միահամուռ էին իրենց կարծիքի մեջ, որ մինչ այդ Պյոտր Իլյիչ Չայկովսկու՝ կատարման համար այս բարդագույն ստեղծագործությունն այդ տարիքում հնարավոր չէր թվացել, ընդ որում, ինչպես նրանք նշում էին, երաժշտության աշխարհում նման նախադեպեր չափազանց քիչ են եղել։ Բավական բնութագրական է, որ հայաստանցի տաղանդաշատ պատանու բեմելը հնարավոր դարձավ շնորհիվ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի աջակցության։ Իսկ բացասական առումով հարկ է նշել մեկ այլ հանգամանք. Հայաստանի նոր կեղծ հեղափոխական իշխանություններն այդպես էլ հարկ չհամարեցին ուշադիր գտնվել և այցելել մեր երկրների մշակութային կյանքի համար այսքան վառ իրադարձությանը։ Չէ՞ որ նրանց պատկերացմամբ՝ դա սոսկ սովորական համերգ էր, «ավաղ», զրկված հեղափոխական պաթետիկայից, դատարանների շենքերը փակելու կոչերից ու այլ մարազմատիկ ցնդաբանությունից։ Օգտվելով ընձեռված հնարավորությունից, իսկ հույս ունեմ, որ այն կլինի, կցանկանայի շնորհավորել Ալեքսանդր Խաչատրյանին հեղինակավոր «Նովայա Ռոսիա» պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ փայլուն համերգի առիթով, կրկնում եմ, որի գեղարվեստական ղեկավարը Յուրի Բաշմետն է։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել նաև Ալիկի մանկավարժին՝ հանձին Հայաստանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արտաշես Մկրտչյանի, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, մաեստրո Էդուարդ Թոփչյանի, որը Մոսկվայի համերգին ընդառաջ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Ալիկի ռեպետիցիայի հնարավորություն ստեղծեց։ Խորապես խորհրդանշական է, որ Ալիկին աջակցել է մաեստրո Էդուարդ Թոփչյանը, որն ինքն էլ, լինելով, անշուշտ, տաղանդավոր երաժիշտ, տասնհինգ տարեկանում իր ընկերների խմբի հետ ստեղծեց «Սերենադա» կամերային նվագախումբը և դարձավ գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր։ Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել հայտնի դերասան և էստրադային երգիչ Արայիկ Առնոյի Բաբաջանյանին, Մոսկվայի Պ.Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սուրեն Հախնազարյանին, որոնք համերգին իրենց ներկայությամբ սատարեցին բազմախոստում պատանի ջութակահար Ալեքսանդր Խաչատրյանին, նրանց պատմական հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության արժանավոր երիտասարդ ներկայացուցչին։
Ավարտելով հոդվածը՝ կցանկանայի հատուկ նշել, որ Արցախի ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը խաղաղության պահպանման գրավականն է Անդրկովկասում։ Եվ դա չափազանցություն չէ։
Արտաշես Գեղամյան
ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ