Փաշինյանին իշխանությունից հեռացնելը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի կանխման պարտադիր պայմանն է

Սեպտեմբեր 16, 2019

http://www.shame.am/news/view/67582.html

Արտաշես Գեղամյան

 

Ահա արդեն մեկուկես տարի Հայաստանի Հանրապետության ամենատարբեր շերտերը ճաշակում են պետական հեղաշրջման պտուղները, որը տեղի ունեցավ 2018թ. ապրիլ-մայիսին։ Սույն հոդվածում ես հերթական անգամ օրինակներ չեմ նշի հաստատելու համար, որ Հայաստանի ներկա իշխանությունների գործողությունները լիովին համապատասխանում են Բոստոնի Ալբերտ Էյնշտեյնի ինստիտուտի աշխատակից Ջին Շարփի բեսթսելեր դարձած գրքում շարադրված հանձնարարականներին. գիրքը լույս է տեսել 1993թ. «Բռնապետությունից ժողովրդավարություն» վերնագրով: Նշեմ միայն, որ այդ գրքի հավելվածը «Ոչ բռնի գործողությունների 198 մեթոդ» (Gene Sharp. «The 198 Methods of Non Vaiolent Action») վերնագրով դարձել է գործնական ձեռնարկ Հայաստանում պետական հեղաշրջման պարագլուխների, ավելի ճիշտ՝ նրանց անդրկուլիսյան տիկնիկավարների համար։ Այս մասին հարգելի ընթերցողն ավելի մանրամասն կարող է ծանոթանալ 2018թ. մայիսի 18-ին «Аргументы недели в Армении» շաբաթաթերթում հրապարակված «Արտաշես Գեղամյան. Հայաստանը չի՛ դառնա կույրերի կույր ուղեվարների զոհը» (iravunk.com/ru/news/8429), 2019թ. մարտի 29-ին հրապարակված «Հայոց պետականության հիմքերի խափանումը» (regnum.ru/news/polit/2601722.html) հոդվածներում։

Սակայն պնդել, թե պետական հեղաշրջումից հետո ՀՀ իշխանությունները ձեռնամուխ են եղել ստեղծարար աշխատանքի՝ կնշանակեր բացարձակապես չհասկանալ այն գործընթացները, որոնք մեր օրերում տեղի են ունենում Հայաստանում։ Պետական հեղաշրջումը կամ «թավշյա հեղափոխությունը», ինչպես այն անվանում են ՀՀ «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչն ու КО-ն, մտել է եզրափակիչ փուլ՝ հայոց պետականության քայքայման փուլ։ Հարգելի ընթերցողները կարող են տարակուսած հարցնել. իսկ այդ ի՞նչ վախից դրդված են նրանք քանդում պետությունը, որտեղ ունեն լիակատար իշխանություն օրենսդիր և գործադիր մարմիններում։ Եվ հարցը միանգամայն տեղին կլինի, թեկուզև այն հաշվառմամբ, թե ով է Հայաստանում հիմա իշխանությունում։ Պատասխանը կլինի շատ պարզ. լիակատար անձեռնհասությունը, որը խորանում է մեր տարածաշրջանում համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնի և նրա կամակատարների կողմնակալությամբ, որին Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքը, մեր երկրի բարեկամական հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ խիստ խանգարում են իրականացնել իր հեգեմոն նկրտումները Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այսպես, ընդամենը մի քանի տարի առաջ անգամ մղձավանջային երազում հնարավոր չէր պատկերացնել, որ մի երկրում, որը մեր թվականության 301 թվականին աշխարհում առաջինն ընդունել է Քրիստոնեությունը որպես պետական կրոն, իշխանության կգան իրենց զբաղեցրած պաշտոններին միանգամայն անհամարժեք անձինք՝ ռազմաշունչ պոպուլիստ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որին երկրպագուները քնքշորեն «ժողվարչապետ» են ասում։ Կարծում ենք, որ ՀՀ ներկայիս իշխանությունների լիակատար անհամարժեքությունը լիովին հիմնավորված է իմ (թող ների ինձ ընթերցողն անհամեստության համար) «Իշխանությունների անհամարժեքությունը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը» հոդվածում, որը հրապարակվել է 2019թ. հունիսի 17-ին REGNUM տեղեկատվական գործակալությունում (regnum.ru/news/polit/2649024.html)։ Հոդվածում ներկայացված տագնապների հաստատումն են նոր բողոքի հուզումները, որոնք ընդգրկել են հայ հասարակության մի մասին ՀՀ կառավարության չափից ավելի չկշռադատված, իսկ ավելի շուտ՝ օվկիանոսի այն կողմից թելադրված գործողությունների պատճառով։ Նկատի ունեմ Հայաստանի այն քաղաքացիների բողոքի շարժումը, ովքեր համաձայն չեն Ամուլսարի ոսկու հանքի շահագործման աշխատանքների շարունակման հետ։ Որպեսզի ընթերցողներին հասկանալի լինի որն է հարցի էությունը, նշենք, որ Ամուլսարում, որը գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում, Արփա և Որոտան գետերի մեջտեղում, հայտնի Ջերմուկ առողջարանային քաղաքի մոտ, 2006թ. պաշտոնական վարկածի համաձայն, երկրաբանները հայտնաբերեցին Հայաստանում ոսկու ամենախոշոր հանքավայրը։ Հանուն արդարության նշենք, որ իրականում դրանից առաջ էլ մեր երկրաբաններին, և նաև Հայկական ԽՍՀ իշխանություններին ստույգ հայտնի էր մեր ընդերքի յուրաքանչյուր քառակուսի մետրի պարունակությունը Հայաստանի ողջ տարածքում։ Սակայն պաշտոնական Երևանը ոչ միայն չի ազդարարել այդ տեղեկությունը, այլև, ավելին, դրա լուսաբանման վրա թաբու դրվեց, քանի որ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը հիանալի հասկանում էր հանրապետության ընդերքի արդյունաբերական շահագործման կործանարար էկոլոգիական հետևանքները։ Արդեն ավելի քան չորս տասնամյակ անց ավելի հստակ եմ մտաբերում իմ զրույցը Հայկական ԽՍՀ ականավոր պետական գործիչ, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար, լուսահոգի Կարեն Սերոբի Դեմիրճյանի հետ։ Այդ տարիներին Կարեն Սերոբովիչի օգնականը լինելով՝ ընդունված կարգի համաձայն՝ աշխատանքային օրվա սկզբին ես զեկուցում էի նրան մամուլի նորությունների մասին։ Մի անգամ, օգտվելով առիթից, ես հարցրի. իսկ ճիշտ է՞, որ Հայաստանի հարավ-արևելքում, Մեղրիի, Ազիզբեկովի, Եղեգնաձորի շրջանների ընդերքում (հենց այստեղ է գտնվում Ամուլսարի հանքը) կան ոսկու և ուրանի հանքեր։ Կարեն Սերոբովիչը մտահոգ հայացքով նայեց ինձ և հետաքրքրվեց, թե որտեղ եմ կարդացել այդ մասին։ Այդ ժամանակ ես նրան խոստովանեցի զրույցի մասին, որը նախօրեին ունեցել էի փեսայիս՝ Ռուդոլֆ Արամայիսի Հարությունյանի հետ, որը երկար տարիներ եղել էր Մեղրիի շրջանի երկրաբանահետախուզական արշավախմբի ղեկավարը, իսկ հետագայում՝ Երկրաբանության վարչության պետի տեղակալ, Հայկական ԽՍՀ գլխավոր երկրաբան։ Նշեմ, որ Ռուդոլֆ Արամայիսովիչը բարձրորակ երկրաբան էր և դեռևս 1972թ. երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածուի թեզ էր պաշտպանել «Հայկական ԽՍՀ Մեղրիի շրջանի ոսկու հանքավայրերի և հանքակուտակումների երկրաբանությունը» թեմայով։ Կ.Ս. Դեմիրճյանը, բացատրություններս լսելով, իրեն հատուկ բարյացակամ հեգնանքով հանձնարարեց, որ փեսայիս հաղորդեմ իր խրատը՝ մոռանալ այդ թեման։ Դա ասվել էր ինձ համար հասկանալի՝ երևանյան համուհոտով խոսվածքով, որը գրականի թարգմանած նշանակում էր՝ գլուխս մի արդուկեք, ուղեղս էլ մի պուդրեք։ Հիանալի իմանալով հանրապետության համար անվերականգնելի հնարավոր էկոլոգիական կորուստների մասին՝ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը երկրի արդյունաբերական զարգացման ապագան տեսնում էր ռադիոէլեկտրոնային արդյունաբերության լայն ներդրման և հաշվողական տեխնիկայի մշակման ու արտադրության ձեռնարկություններ բացելու մեջ։ Եվ պետք է գոհունակությամբ խոստովանել, որ այս առումով Հայաստանը ԽՍՀՄ միութենական հանրապետությունների ավանգարդում էր։ Թող ների ինձ հարգելի ընթերցողն այս նոստալգիական հուշերիս համար այն փառապանծ տարիների մասին։ Այսքան մանրամասն չէի ներկայացնի դրանք, եթե այսօր մենք չդառնայինք Հայկական ԽՍՀ առաջնորդների կանխատեսումների ակտուալության ականատեսները, որոնք, ավաղ, մեր խառնակ ժամանակներում վիճարկվում են մեր ամերիկյան գործընկերների կողմից։ Այո, այո, հարգելի ընթերցող։ Դեռևս 2018թ. հուլիսին «Ազատություն» ռադիոյի թղթակցի հետ զրույցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ընդգծեց, որ պոտենցիալ ներդրողներիի համար նաև շատ կարևոր է, թե ինչպես կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կլուծի էկոլոգիական ոլորտում առկա խնդիրները։ Որպես օրինակ Ռ.Միլսը ներկայացրեց Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը. «Ամերիկացի պոտենցիալ ներդրողները ցանկանում են տեսնել, թե ինչպես է կառավարությունը վերաբերվում այն խնդիրներին, որոնք կապված են ինչպես ամերիկյան, այնպես էլ տեղի ընկերությունների հետ։ Արժանանո՞ւմ են արդյոք դրանք արդարացի վերաբերմունքի, երբ քննում են դրանց հարկային գործունեությունը։ Նրանք նաև հետևում են այն հարցերին, որոնք կապված են Lydian ընկերության և այն բանի հետ, թե ինչպես է կառավարությունը լուծում նման զգայուն և վիճելի հարցերը, արժանանո՞ւմ է արդյոք Lydian ընկերությունը արդարացի վերաբերմունքի այդ գործընթացում» («ԱՄՆ դեսպանը խոսեց Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մասին – Նորություններ», http:dialogorg.ru/news/071818-snchfutoy/)։ Էլ ավելի խանդաղատալի հոգատարություն և միաժամանակ տարակուսանք այս հաշվով դրսևորեց Հայաստանում Ամերիկյան առևտրային պալատը (Am Cham), որը վերջերս նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն իրավիճակի առիթով, որը երկար ժամանակ ստեղծվել է «Lydian Armenia» ընկերության Ամուլսարի հանքի շուրջ։ Նամակում, մասնավորապես, նշվում է. «Համոզված ենք, որ ներդրումների հանդեպ արդարացի և իրավաչափ վերաբերմունքը չափազանց կարևոր է ոչ միայն տեղի և արտասահմանյան ընկերությունների համար, որոնք Am Cham-ի անդամներ են, այլև տնտեսության զարգացումն ու ժողովրդի բարեկեցությունն ապահովելու... Մենք ափսոսում ենք այն առիթով, որ 3-րդ աուդիտի անցկացումից հետո և այն դեպքում, երբ դուք հաստատեցիք (նկատի ունի իրեն՝ Նիկոլ Վովաևիչին, իրեն սիրելիին – Ա.Գ.) Lydian Armenia-ի համապատասխանության փաստը էկոլոգիական բարձր չափորոշիչներին (հղումը «ժողվարչապետի» և նրա ղեկավարած կառավարության ձեռնհասությանը էկոլոգիայի հարցերում հպարտության զգացում է առաջացնում մեր կառավարության համար և նրա «պրոֆեսիոնալիզմի» բացառիկության գիտակցում, ինչում ընթերցողը կհամոզվի ստորև - Ա.Գ.), նրա իրավունքը ծրագրի տարածքի հանդեպ դեռևս չի վերականգնվել և, ավելին, քննարկվում է ևս մեկ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի անցկացման հնարավոր անհրաժեշտությունը... Դա միանշանակ բացասական ազդակներ է ուղղում պոտենցիալ ներդրողներին (որոնք, պետք է կարծել, հերթ են կանգնել, որ որքան հնարավոր է շուտ ներդրումներ անեն Հայաստանի տնտեսությունում և որոնք անկախության 28 տարիների ընթացքում դեռ չեն հասել – Ա.Գ.) և Հայաստանը դարձնում երկիր, որը հրապուրիչ չէ ներդրումների համար։ Հաշվի առնելով այն, որ պետությունը ջանքեր չի խնայում Հայաստան ներդրումներ ներգրավելու համար (հանուն արդարության նշենք, որ ՀՀ կառավարության ջանքերի շնորհիվ մեկուկես տարում ուղղակի օտարերկրյա ներդրումները Հայաստանի տնտեսությունում էապես կրճատվել են – Ա.Գ.), պոտենցիալ ներդրողները միևնույն ժամանակ նշում են, որ ներդրումներ կատարող օտարերկրյա ընկերությունները Հայաստանում պաշտպանված չեն և արժանանում են անարդարացի վերաբերմունքի»։ Իրոք նախանձելի հոգատարություն է, չէ՞, Հայաստանում ներդրումների ներգրամվան մասին («Իրավիճակն Ամուլսարի շուրջ Հայաստանն անհրապույր է դարձնում ներդրումների համար, Am Cham», 2 սեպտեմբերի 2019թ., https://newsarmenia.am/news/economy/situatsiya-vokrug-amulsara-delaet-armeniy-neprivlekatelnoy-dly-investitsiy-amcham)։ Ընթերցողներին տեղեկացնենք այն մասին, որ քիչ չեն մասնագետները, ովքեր Ամուլսարի հանքի շահագործումն անվանում են չարդարացված իրագործման համար, ընդ որում՝ ուրանի պաշարների առկայության մասին տեղեկությունը, չիմացությա՞ն, թե՞ այլ պատճառներով, լռության է մատնվում։ Նշենք նաև, որ այսօրվա դրությամբ Ամուլսարի ապացուցված և հավանական պաշարները կազմում են 2,42 մլն ունցիա ոսկի (մոտ 75 տոննա) և 11,29 մլն ունցիա (մոտ 351 տոննա) արծաթ։ Նշենք, որ Lydian International ընկերությունը, համաձայն ներկայացված ծրագրի, նախատեսում է 0,7 գրամ ոսկի կորզել մեկ տոննա հանքանյութից՝ խոստանալով ՀՀ պետական բյուջե վճարել տարեկան $30 մլն։

Կարծում եմ, որ ընթերցողն իրավունք ունի տալու ևս մեկ հարց, այն է. այդ ինչո՞ւ է հանկարծ վերջին ամիսներին բողոքի շարժման նման կտրուկ ակտիվացում տեղի ունեցել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման շուրջ։ Չէ՞ որ խնդիրը նոր չէ։ Այս հարցին պատասխանելու համար որոշ պարզաբանումներ կատարենք ոչ հեռավոր անցյալից։ Այսպես, 2018թ. նոյեմբերին (այսինքն՝ Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո) ՀՀ Քննչական կոմիտեի (այսուհետ՝ ՔԿ) հատկապես կարևոր գործերի հետաքննության Գլխավոր վարչությունում հայտարարվեց Ամուլսարի ոսկեբեր կվարցիտային հանքի շահագործման ժամանակ շրջակա միջավայրի վրա ազդեցության միջազգային գնահատականի ընթացակարգի մասին, ինչպես նաև «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի և հանքի շահագործման ժամանակ էկոլոգիական և սոցիալական ազդեցության գնահատականի հաշվետվությունների փորձաքնության համար»։ Մինչ այդ տեղեկացվել էր, որ ՔԿ-ում քաղաքացուց ստացվել էր տեղեկություն շրջակա միջավայրի աղտոտման մասին «Lydian Armenia» ՓԲԸ-ի կողմից Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքի շահագործման ժամանակ։ Ըստ երևույթին, հայտատուները լավ տեղեկացված են, որ Քննչական կոմիտեում քիչ չեն բարձրպրոֆեսիոնալ մասնագետները ոչ միայն Հայաստանում սահմանադրական կարգի տապալման մասով մտացածին «քաղաքական հանցագործությունների» հետաքննության գծով, այլև էկոլոգիայի ոլորտում։ Հատկանշական է նաև ՔԿ հաղորդումն այս հաշվով. «Նյութերի պատրաստման ընթացքում տվյալներ ստացվեցին այն մասին, որ ՀՀ Բնության պահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով շրջակա միջավայրի քիմիական աղտոտման վտանգավոր ռիսկերի մասին՝ սույն համալիրի շահագործման դեպքում, միտումնավոր թաքցրել են բնակչությունից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունը քիմիական նյութերով, որոնք վտանգավոր են մարդկանց կյանքին և առողջությանը»։ Գովելի է, կմտածի ընթերցողը, որ ՔԿ-ն ի վերջո հասել է ճշմարտությանը։ Հետո ավելի հետաքրքիր է։ Ինչպես ընդգծում է ՔԿ-ն, հաշվի առնելով, որ պատրաստված նյութերում ակնհայտ են հանցագործության նշանները, որոնք նախատեսված են ՀՀ Քրեական օրենսգրքի 282 հոդվածի 1-ին մասում, քրեական գործ է հարուցվել (ինչը կենցաղային լեզվի թարգմանած նշանակում է շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունների թաքցնում կամ միտումնավոր աղավաղում)։ Մշակված է քննչական պլան, և նախաձեռնվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ապահովելու համար համակողմանի, օբյեկտիվ և լիակատար հետաքննություն»։ Ուզում ես բացականչել՝ ցնծացե՛ք, Հայաստանի քաղաքացիներ, ՔԿ-ն, որն անձամբ «ժողվարչապետի» խնամարկյալն է, և որը ցայժմ ասոցացվում էր Հայաստանի քաղաքացիների գիտակցությունում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ մոգոնված քրեական գործի հետ, վերջապես վերադարձել է օրենսդրական դաշտ... և արդյունքները երկար սպասել չտվեցին։ Այսպես, արդեն ս.թ. օգոստոսի 28-ին Նիկոլ Վովաևիչը տեսակոնֆերանս անցկացրեց Earth Link Advanced Resources Development (ELARD) միջազգային փորձագիտական խմբի հետ, որը նախօրեին՝ ս.թ. օգոստոսի 15-ին, ՔԿ քրեական վարույթի շրջանակում «հարուստ» Հայաստանի համար բավական համեստ գումարով՝ $400 հազարով հրապարակեց իր եզրակացությունը, որից հետևում է, որ էկոլոգիական սպառնալիքներ Ամուլսարի շահագործումից չկան, իսկ հնարավոր ռիսկերը վերահսկելի են։ Անդադրում Նիկոլ Վովաևիչը ս.թ. սեպտեմբերի 9-ին Facebook-ի իր էջում հերթական ուղիղ եթերով ասաց, որ ներկա պահին չկան իրավական հիմքեր արգելելու Ամուլսարի հանքի շահագործումը, ուստի կոչ արեց Ջերմուկի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները։ Նշենք նաև, որ ս.թ. սեպտեմբերի 5-ին բացահայտ ահաբեկչական հովեր ունեցող «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավարները, որոնք իրենց քաղաքական գործունեությունն սկսել են Երևան քաղաքի պարեկապահակային ծառայության գնդի զինված զավթմամբ և երեք ոստիկանի սպանությամբ, ընդունվել են իր՝ Նիկոլ Վովաևիչի կողմից, և նրանց ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ նախազգուշացրել են անվախ «ժողվարչապետին» այն մասին, որ շատերն անհամբերությամբ սպասում են, թե երբ է Փաշինյանը հանելու հանքի շահագործման արգելքը, որովհետև անմիջապես կսկսվեն անկարգություններ և հուզումներ, ստիպված կլինեն գործի դնել ոստիկանությունը, և այդ ժամանակ Փաշինյանի վարկանիշը կհասնի զրոյի։ Հետաքրքիր է, որ Սեֆիլյանն, ընդ որում, խոստովանել է, որ «Սասնա ծռերը» նույնպես կապստամբի, եթե Ամուլսարը թույլ տան շահագործել։ Պակաս հետաքրքիր չէ նաև այն, որ անթաքույց ռուսատյաց, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը դեռևս ս.թ. օգոստոսի 20-ին Facebook-ի իր էջում գրել էր. «Իշխանությունների բացարձակ անգործությունը վերոնշյալ մեկուկես տարում (պետական հեղաշրջումից հետո – Ա.Գ.) հիմնավորված է դարձնում այն վարկածը, որ հեղափոխական իշխանությունը (նկատի ունի Նիկոլ Վովաևիչին և КО-ին – Ա.Գ.) սկզբից ևեթ ուներ հանքի շահագործման հանգուցալուծման մասին որոշումը, և պատվիրված կասկածելի միջազգային փորձաքննությունն ընդամենը ժամանակ շահելու միջոց էր։ Անհաջող միջոց։ Իշխանությունները, հասարակության հետ այս չափազանց կարևոր հարցի վերաբերյալ երկխոսություն վարելու, իրական երկխոսության գնալու փոխարեն գնացին ըստ էության ստվերային ճանապարհով, ինչի արդյունքում իշխանությունների համար հիմք դարձավ ոչ թե հասարակության կարծիքը, այլ կասկածելի միջազգային փորձաքննությունը»։ Հիշեցնենք ընթերցողներին, որ այս նույն գործիչը երկու-երեք օր առաջ Facebook-ի իր էջի ուղիղ եթերով ասել էր. «Իմ հայրենակիցներ Լոս Անջելեսից, կոչ եմ անում ձեզ մի կողմ դնել ձեր բոլոր տարաձայնությունները Հայաստանի իշխանությունների հետ և անհամաձայնությունը, և մի մարդու պես մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա 2019թ. սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսի Grand Park-ում»։ Թե ինչ պատկերացում ունի Բաբաջանյանը Grand Park-ի չափերի մասին, որտեղ հանրահավաքի է կանչում մոտ 1 մլն լոսանջելեսցի հայերին, միայն իրեն է հայտնի։ Թեև այդքան խիստ չեմ լինի գնահատականներիս հարցում, գուցե նա ֆանտաստ է, ինչպես և ֆրանսիացի ֆանտաստ գրող Իվ Գանդոնը։ Սա, իհարկե, վիճելի պնդում է, բայց մենք իրավունք ունենք ենթադրելու, որ իրականում մի բանում նա իրավացի է՝ այն հարցում, որ «հեղափոխական իշխանությունը սկզբից ևեթ ուներ հանքի շահագործման հանգուցալուծման մասին որոշումը, և պատվիրված կասկածելի միջազգային փորձաքննությունն ընդամենը ժամանակ շահելու միջոց էր»։ Ափսոս, որ նա չի շարունակում միտքն այնուհետև՝ պնդելու լիակատար հիմնավորմամբ, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հովանավորյալների ու սորոսյան ֆոնդերի լափակերների մեծ մասի բոլոր ելույթները իմիտացիա են, որ կոչված է «հերոսացնելու» «ժողվարչապետի» վճռական քայլերը, որ դեմ է գնում իր կողմից խռովված քաղաքացիներին։ Որպեսզի ընթերցողները կարծիք չկազմեն, թե ես մինչև վերջ չեմ բացահայտում իմ անձնական վերաբերմունքը Ամուլսարի շահագործման հարցում, ասեմ հետևյալը։ Ցանկացած առողջ դատող մարդ, նախքան սպառիչ պատասխան տալը Ամուլսարի հանքի շահագործման նպատակահարմարության հարցին, պետք է մանրակրկիտ ուսումնասիրի դրա վերաբերյալ գիտական հետազոտությունները, հատկապես Հայաստանի էկոլոգիական ավտանգության տեսակետից։ Այսպես, դեռ 2015թ. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտություն» հրատարակչությունը՝ գիտությունների դոկտորներ Ս.Ն. Նազարեթյանի, Ռ.Ռ. Դուրգարյանի, Տ.Ա. Շահբեկյանի, Ա.Գ. Գրիգորյանի և Լ.Բ. Միրզոյանի հեղինակությամբ, հրատարակեց «Հայաստանի տարածքի տարածաշրջանային բեկվածքները ըստ երկրաֆիզիկական տվյալների և դրանց սեյսմիկության» գիրքը http://www.geokniga.org/bookfiles/geokniga-regionalnye-razlomy-territorii-armenii-po-geofizicheskim-dannym-i-ih-seysmi.pdf, որը տպագրման է երաշխավորվել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալության գիտատեխնիկական խորհրդի կողմից։ Այդ գրքում գիտական հիմքերի վրա ուսումնասիրված են Հայաստանի տարածքի տարածաշրջանային բեկվածքները երկրաֆիզիկական տվյալների համալիրի, ուժեղ երկրաշարժերի գեներացման հարցում դրանց դերի, սեյսմիկ վտանգի հիման վրա, հաշվի առնելով միջնաժամկետ սեյսմիկ կանխատեսման որոշ մեթոդներ։ Մասնավորապես, 77-րդ էջի 5.4 նկարում պատկերված է Տարածաշրջանային բեկվածքների՝ ըստ կարևոր ձգողական բնութագրերի մասնատման սխեման, իսկ 100-րդ էջում (նույն գրքի), 7.3 նկարում պատկերված է Երկրաշարժերի էպիկենտրոնների և Հայաստանի տարածքի ակտիվ բեկվածքների քարտեզը։ Եվ ահա, տարածաշրջանը, որն ընդգրկում է Ամուլսարի հանքը, գտնվում է սեյսմաակտիվ բեկվածքների խմբում՝ էպիկենտրոնում Չարլզ Ռիխտերի սանդղակով ավելի քան 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հնարավորությամբ։

Լուրջ ուսումնասիրության են արժանի այն տագնապները, որոնք արտահայտել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը, որոնք նա հայտնել է Hetq.am ինտերնետ-պորտալի հարցազրույցում։ Պատասխանելով թղթակցի՝ հարևան համայնքների վրա Ամուլսարի հանքի շահագործման ազդեցության հնարավոր հետևանքների մասին հարցին՝ հարգարժան պրոֆեսոր Ա.Սաղաթելյանն ասել է. «Իսկ ինչո՞ւ միայն ազդեցության ենթակա համայնքները։ Ես կասեի՝ ամբողջ հանրապետությունը։ Ամուլսարի հանքը հարուստ է I եւ II դասի վտանգավորության թունավոր նյութերով, որոնք լեռան քանդելուց հետո շատ արագ կմոբիլիզացվեն։ Դրանք շատ ակտիվ կներգրավվեն երկրաբանաքիմիական կազմում և իրենք թունավորության շնորհիվ կդառնան գերիշխող։ Այս երևույթը նկատվում է Կապանի, Քաջարանի, Արմանիսի բոլոր սուլֆիդային հանքերում։ Անձեռնմխելի վիճակում հանքն իր բնական վիճակում է գտնվում, հանքաքարում այդ տարրերը «քնած» վիճակում են, բայց հենց որ մենք սկսենք քանդել, դրանք կմոբիլիզացվեն՝ վարակելով ողջ շրջակա միջավայրը։ Դրանց ագրեսիվության ազդեցությամբ ընդերք-ջուր-բուսականություն համակարգում հանքի տարրերը երկրորդ պլան են մղվում։ Բնությունը չունի ծանր մետաղներից ինքնամաքրման մեխանիզմ։ Դրանց ազդեցությունը մարդու վրա զգացվում է անմիջապես, քանի որ դրանք ոչ հոտ ունեն, ոչ համ։ Թունավոր սննդամթերքների ազդեցությունն ի հայտ է գալիս տասնյակ տարիներ հետո և չափազանց բացասական ձևով. օնկոլոգիական հիվանդություններ, վերարտադրողական և ժառանգական ֆունկցիայի ախտահարումներ։ Ծանր մետաղները էմբրիոթունավոր են, այսինքն՝ ազդում են հղի կանանց վրա, մուտացիա են ծնում, այսինքն՝ ազդում են ժառանգականության վրա, քաղցկեղածին են՝ քաղցկեղ են առաջացնում։ Այս խնդիրը մենք փաստորեն ունենք Հայաստանի տարբեր շրջաններում, բայց, այն չլուծելով, շտապում ենք ստեղծել նորը՝ Ամուլսարի հանքի տեսքով»։ Այս առնչությամբ չի կարելի չհիշատակել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Լ.Ն. Մկրտչյանին։ Այսպես, իր «Ապագայի բժշկությունը դա կանխարգելիչ բժշկությունն է» հոդվածում, որը հրապարակվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ապագա բժիշկ» ամսագրի հունիսյան համարում, Լևոն Նիկիտովիչն ուղղակի մատնանշում է այն մասին, որ. «Օնկոլոգիական հիվանդությունների աճի վտանգավոր պատճառը էկոլոգիայի համատարած վատթարացումն է, որը հանգեցնում է մեծահասակների և տարեց մարդկանց հակաուռուցքային կայունության խորացող թուլացման»։ Ավելին, լինելով Մկրտչյանի «Սաղմնային հակաուռուցքային մոդուլյատորի (ՍՀՈւՄ - LM) ստացման և կիրառման միջոցի» ստեղծողը, որն ամրագրվել է Ռուսաստանի Դաշնության N 22/080 պատենտով, պրոֆեսոր Լ.Ն. Մկրտչյանը գրում է. «Բացատրություն չկա, թե ինչու է «քաղցկեղի կանխարգելման բարձրարդյունավետ միջոցը, որը պատրաստ է արդյունաբերական արտադրման համար», տարիներ մնում չպահանջված։ Մի՞թե այդքան ամենազոր է անառողջ կորպորատիվ շահը հակաքաղցկեղային պայքարում»։ Սակայն սա առանձին ուսումնասիրության թեմա է, ընդ որում՝ բավական արդիական, քանի որ Հայաստանում վերջին 20 տարիներին գրանցվել է օնկոլոգիական հիվանդությունների 70% աճ։ Ավելին, 2016թ. սկզբին World Life Expectancy («Կյանքի տևողությունն աշխարհում») պարբերականը հրապարակել է զեկույց քաղցկեղի խնդրի վերաբերյալ, որի համաձայն՝ 2014թ. 172 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է «պատվավոր» առաջին տեղն օնկոլոգիական հիվանդություններից մահացության ցուցանիշով։ Ավաղ, Հայաստանի «հեղափոխական» իշխանությունները նման «կենցաղային» խնդիրներով զբաղվելու ժամանակը չունեն, մանավանդ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը ջանադիր է միայն իր «թշնամիներին» որոնելիս, ընդ որում՝ հանձինս բավական արժանի և Հայաստանում առողջապահության ոլորտում մեծ հարգանք վայելող մասնագետների։

Հարգելի ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է մտածել, որ ես շատ շեղվեցի գլխավոր թեմայից։ Միանգամայն հնարավոր է, սակայն, չեմ թաքցնի, որ դրանում իմաստ կար։ Այսպես, վերոնշյալ հետազոտություններից ոչ մեկը, որոնք վերաբերում են Ամուլսարի հանքի շահագործման էկոլոգիական ռիսկերին, անգամ չի էլ հիշատակվում ELARD-ի և մոնիթորինգ իրականացնող այլ կազմակերպությունների հաշվետվություններում։ Այս, մեղմ ասած, կազուսի պատասխանը որքան ցինիկ, նույնքան էլ պարզ է. «ժողվարչապետը» պատրաստվում է այցելել ԱՄՆ, ընդ որում՝ ոչ միայն որպեսզի ս.թ. սեպտեմբերի 22-ին մասնակցի լոսանջելեսյան Grand Park-ի հանրահավաքին, այլև որպեսզի, ինչը նրա հիվանդագին ինքնասիրության համար չափազանց կարևոր է, վերջապես շփվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և պատմի նրան «հայ Մանդելայի», ավելի շուտ՝ վերջերս մահկանացուն կնքած Ռոբերտ Մուգաբեի (Նիկոլ Վովաևիչի պաշտոնապես հայտարարված կուռքերը) աննկունության մասին քեռի Սեմի ցուցումները կատարելու գործում, հետն էլ զեկուցի, որ կատարել է ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հանձնարարությունները և Հայաստանի Ամերիկյան առեւտրային պալատի՝ Am Cham-ի համառ հանձնարարականները։ Իսկ եթե ամերիկյան կողմն ավելի խորանա, ապա կպարզի, որ Նիկոլ Վովաևիչը համեստորեն լռել է այն մասին, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերականգնման իր որոշմամբ դեմ է գնացել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի կամքին, որը «խորապես միջամտել է ինքնիշխան հայկական պետության ներքին գործերին» նրանով, որ Facebook սոցիալական ցանցում հրապարակել է ընտանեկան լուսանկարներ՝ մակագրությամբ. «Առաջին արձակուրդս անցկացրի ընտանիքիս հետ հավատարմագրման երկրում, Ջերմուկում։ Տպավորված էինք բնության գեղեցկությամբ և հարստությամբ։ Ցանկանում ենք Հայաստանին հաջողություններ ամառանոցային և առողջարանային զբոսաշրջային պոտենցիալի զարգացման գործում։ Ուրախ ենք, որ այն ըստ արժանվույն է գնահատվում շատ ռուսաստանցիների կողմից»։ Եվ այնուհետև կպատմի այն մասին, որ դեսպանի այս երախտագիտական խոսքերից հետո ծավալվել է հերթական ցածրահարգ հակառուսական տեղեկատվական բարբաջանքը։ Այսպես, ս.թ. սեպտեմբերի 12-ին այդ իրադարձությանը նվիրվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տխրահռչակ հակառուսական տեղեկատվական խոսափողի՝ «Ժամանակ» թերթի առաջնորդողը (ru.1in.am/1268002.html)՝ «Որն է հայ ժողովրդի իմաստնությունը. ՌԴ դեսպանի կարծիքն ու լուսանկարը» վերնագրով։ 1in.am-ի վերլուծաբանները, մասնավորապես, գրել են. «Ամուլսարի հարցը Հայաստանի ներքին խնդիրն է և պետք է լուծվի մի կողմից երկրի վարկանիշը, մյուս կողմից՝ բնությունը չվնասելու տրամաբանությամբ, հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ նշելով, որ վստահ է՝ հայ ժողովուրդը բավական իմաստուն է կառավարության հետ այդ հարցի լուծումը գտնելու համար»: Այնուհետև 1in.am-ը հարց է տալիս. «Իսկ հաշվի առնելով այն, որ ՌԴ դեսպանը բավականին հմուտ դիվանագետ է (ինչին չի կարելի չհամաձայնել – Ա.Գ.) մթնոլորտն ու նրբերանգները պատկերացնելու համար, թերևս անկասկած է, որ նա շատ լավ էր պատկերացնում իր լուսանկարի, այսպես ասած, տողատակային ընկալումն ու իմաստը (և այստեղ նույնպես կասկածելու հարկ չկա – Ա.Գ.): Թե ինչու ՌԴ դեսպանը բաց չէր արտահայտվում Ամուլսարի հանքի շահագործման դեմ, պայմանավորվում է թերևս նրանով, որ դա կդիտվեր ներքին գործերին միջամտություն: Իհարկե, այստեղ կա ամերիկյան դիվանագետների հանգամանքը, որոնք բաց տեքստով մտահոգվում են հանքի ճակատագրով (ի տարբերություն ՌԴ դեսպանի, որը մտահոգ է այս հիասքանչ շրջանի բնության պահպանությամբ – Ա.Գ.): Բայց նրանք մտահոգվում են Հայաստանի բիզնես, ներդրումային վարկանիշի հիմնավորմամբ (որքան հուզիչ, նույնքան էլ կեղծ – Ա.Գ.), նաև արտաքին ներդրումների հեռանկարի՝ համարելով, որ «Լիդիանի» աշխատանքի արգելափակումը կարող է արգելափակել Հայաստանի ներդրումային հեռանկարը»: Ես կներկայացնեմ առաջնորդողի հեղինակների ևս մեկ կանխակալ և անհեթեթ մտահանգումը, որոնք ՌԴ դեսպանի այս մաստեր-կլասում մի ամբողջ դավադրություն են տեսել, դիցուք. «Հայաստանի տնտեսության մեջ բավական մեծ ներկայացվածություն ունի հենց ռուսական կապիտալը՝ կամ անմիջական, կամ օլիգարխիկ ասոցատիվ տարբերակներով: Բնական է, որ Մոսկվան չունի այդ ստատուս-քվոյի փոփոխության մեծ ցանկություն: Քաղաքակա՞ն է այդ ցանկությունը՝ Կրեմլի մակարդակով, թե՞ կորպորատիվ, որի սպասարկմանն իր տողատակային ծառայությունն է բերել ՌԴ դեսպանը, դժվար է ասել, սակայն անկասկած է, որ կա քաղաքական և տնտեսական մրցակցության լուրջ խնդիր, և Ռուսաստանը կամ առնվազն ռուսական շրջանակներ, իրենց հայաստանյան «պրովայդերների» հետ միասին, մեղմ ասած, շահագրգռված չեն Հայաստանում այդպիսի մրցակցությամբ: Այն դեպքում, երբ Հայաստանի ինքնիշխան շահը պահանջում է լրիվ հակառակը»: Պետք է կարծել, որ Նիկոլ Վովաևիչը, ինչպես արդեն գրել ենք, լինելով տիեզերական մասշտաբի ստրատեգ, լրիվ ամերիկյան ձևով է հասկանում, թե որն է «Հայաստանի ինքնիշխան շահը»։

Հասկանալու համար ամերիկյան կողմի այսքան անթաքույց շահագրգռվածությունը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցում՝ մեջբերեմ որոշ տվյալներ «Lydian International»-ի բաժնետերերի մասին։ Այսպես, ընկերության 8 հիմնական բաժնետերերի թվում է «Orion Mine Finance Managment I-ALimited» օֆշորային ընկերությունը, որի բաժնետերերից է Red Kite Partners Limited-ը։ Համաձայն Բերմուդյան կղզիների կառավարության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկության՝ Red Kite Partners Limited-ի տնօրենը լորդ Մայքլ Ֆարմերն է, որը բնութագրվում է որպես «բարեպաշտ քրիստոնյա», Կարմիր ուրուր ու Միստր պղինձ՝ բավական հայտնի անձնավորություն է Մեծ Բրիտանիայում. բրիտանացի գործարար է, Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության դոնորը 2001 թվականից, կուսակցության նախկին գանձապետը, Լորդերի պալատի «ցմահ պերը»։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մենք իրավունք ունենք ենթադրելու, որ Նիկոլ Վովաևիչի կողմից դիրքորոշումը փոխելը, հավանաբար, ոչ վերջին հերթին բացատրվում է արևմտյան բիզնեսի բավական ազդեցիկ պարագլուխների մեծ շահով, համաձայն 1in.am-ի տերմինաբանության՝ «օլիգարխիկ ասոցատիվ» ձևով կապված աշխարհիս հզորների՝ համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի կենտրոնի հետ։

Ես հատուկ այսքան մանրամասն կանգ առա Ամուլսարի խնդրի վրա, քանի որ այս թեմայի շուրջ տեղի ունեցող ամեն ինչ վերջին հաշվով առաջ է բերում այժմ արդեն նոր անդունդ հայ հասարակությունում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման կողմնակիցների և հակառակորդների միջև՝ հնարավոր էկոլոգիական ռիսկերի և Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքների մասին հիմնավորված բացատրությունների լիակատար բացակայության ֆոնին։ Այո, այո, հարգելի ընթերցող, հայոց պետության ազգային անվտանգության սպառնալիքների։ Չէ՞ որ, եթե մտածենք, թե ինչ էր տեղի ունենում Հայաստանում վերջին մեկուկես տարում, ապա անխուսափելիորեն կարելի է գալ այս եզրահանգման. ամեն բան արվել է հայոց պետականության կորստի համար։ «Հեղափոխական իշխանությունների» ուղեվարներն իրենց դրածոների միջոցով Հայաստանի քաղաքացիներին կանգնեցրել են ընտրության առջև մի կողմից՝ «սպիտակների», այսինքն՝ իշխանությունների ու «Կյանքի խոսքը» տոտալիտար կրոնական աղանդի, ԼԳԲՏ հանրույթի և սորոսյան լափակերների ակտիվիստ-կամակատարների, մյուս կողմից «սևերի»՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչների և նրանց միջև, ովքեր հիացած չեն երկրի գործող իշխանավորներից։ Նրանք Արցախի 1992-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի հերոսների վարկաբեկման վայրի քարոզչություն են սկսել, որն ուղեկցվում է ՀՀ իշխանությունների՝ «թավշյա հեղափոխությունն» Արցախի Հանրապետություն արտահանելու փորձերով, բնակչության շրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հանդեպ անվստահության մթնոլորտի ստեղծմանը, հայկական երկու պետությունների միջև պառակտում մտցնելուն ուղղված նպատակաուղղված աշխատանքի միջոցով... Մեր օրերում Նիկոլ Վովաևիչն ու ընկերակիցները փորձում են մասնատել հայ հասարակությունը՝ այն բաժանելով Ամուլսարի ոսկու հանքի յուրացման կողմնակիցների և հակառակորդների։ Ընդ որում՝ հարկ է հատկապես նշել, որ Հայաստանի իշխանավորների անդրօվկիանոսյան ուղեվարների պլաններն այնքան լուրջ են, որ սկսել են կեղծ ընդդիմություն ձևավորել Նիկոլ Վովաևիչի երեկվա զինակիցներից։ Ավելին, նրանք վարում են հմուտ քաղաքականություն տեղեկատվական դաշտում, որի նպատակն է՝ մեր քաղաքացիների գիտակցության մեջ ձևավորել ՀՀ «հեղափոխական» իշխանությունների անայլընտրանքայնությունը, քանի որ որպես վերջիններիս քաղաքական հակակշիռ, շնորհիվ նրանց ջանքերի, հանդես են գալիս նախկին կոռումպացված իշխանությունները։ Միևնույն ժամանակ նշենք, որ Փաշինյան և КО-ի վերահսկողությանը չենթարկվող առկա տեղեկատվական ռեսուրսը նույնպես օգտագործվում է կոշտ կանոնակարգված ձևով, այն է՝ իրենց հնարավորությունները տրամադրելով միայն «ընտրյալների վաստահելի շրջանակին», որոնց հանդեպ անձամբ ես պահանջներ չունեմ։ Սակայն սույն փաստը նորից նիկոլվովաևիչյան քաորզչության օգտին է խաղում՝ ուղղվելով հայ հասարակությունը «սևերի» և «սպիտակների» բաժանելուն։ Ուստի, միանգամայն սպասելի էր, որ նման իրավիճակը Հայաստանում աննկատ չմնաց ափշերոնյան սուլթանությունում։

Եվ բնավ պատահական չէր այն փաստը, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Ադրբեջանի առաջիկա պլանների մասին պալատական լրագրողի հարցին Իլհամ Ալիևը պատասխանեց որքան հնարավոր է հակիրճ՝ ասելով, որ այդ գործում շտապել պետք չէ, քանի որ այսօր Հայաստանն Ադրբեջանի փոխարեն կատարում է սուլթանատին անհրաժեշտ աշխատանքը։ Այստեղ, սակայն, նշենք, որ ափշերոնյան սուլթանը մի փոքր խորամանկել է՝ ակնարկելով ադրբեջանական իշխանությունների անգործությունն այս հարցում։ Այսպես, ս.թ. սեպտեմբերի 13-ին Minval.az ինտերնետ-պորտալում հրապարակվեց հոդված «Պատերազմի փորձ. Ադրբեջանը կիրականացնի մասշտաբային զորավարժություններ» վերնագրով (https://minval.az/news/123919909), որում նշվում է. «Ադրբեջանի ԶՈւ-ն սեպտեմբերի 16-20-ին լայնամասշտաբ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացնի տարբեր զորատեսակների մասնակցությամբ... Զորավարժություններին կմասնակցի 10 հազար մարդ զինծառայողների զորակազմից, ավելի քան 100 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 120 հրթիռահրետանային սարքավորում, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 20 միավոր բանակային և ճակատային ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։ Զորավարժությունների ընթացքում, որոնք կանցկացվեն բարդ պայմաններում, լեռնային, անտառային, ժայռապատ տեղանքներում (ճիշտ ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռելիեֆը – Ա.Գ.) և ռադիոէլեկտրոնային իրադրությունում, կկատարվեն առաջնագծի, հիմնական հարվածող խմբավորումների հետ փոխգործակցող շրջանցող ջոկատների, ինչպես նաև հրետանու, ավիացիայի և մարտակարգի այլ տարրերի հարթ գործողությունների կազմակերպման խնդիրներ»։ Ավաղ, պետք է խոստովանենք, որ այդ հրապարակման վերնագիրը շատ տեղին է ընտրվել։ Բայց մենք բնավ չպետք է հուսահատվենք, քանզի մեր գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը (ռազմական ժամանակ) նախօրոք ասիմետրիկ պատասխան է պատրաստել. Պատահական չէ, որ ս.թ. սեպտեմբերի 22-ին կհրավիրվի հանրահավաք Լոս Անջելեսի Grad Park-ում, և արդեն հայտարարվել է գալիք հանրահավաքի 30 հազար մասնակիցների մասին։ Իսկ հետո, համոզված եղեք, հարգելի ընթերցողներ, լսելով անկրկնելի պոպուլիստ Նիկոլ Վովաևիչի բոցավառ խոսքը՝ հանրահավաքի մասնակիցները՝ լի հայրենասիրական զգացումներով, կնետվեն դեպի ամերիկյան Ժայռոտ լեռներ, իսկ հետո դուրս կգան Ատլանտյան օվկիանոսի ափ (թեև Խաղաղ օվկիանոսն ավելի մոտ է), իսկ այնտեղից էլ... դե, մինչև Լեռնային Ղարաբաղ մոտիկ է ու մոտիկ։ Գլխավորը, որպեսզի քամին համընթաց լինի... Մի խոսքով, ճանաչի՛ր մերոնց։

 

Հարգելի ընթերցող, ներողամիտ եղիր քննարկվող թեմայից այսքան ազատ շեղումիս համար, այն հարկադրյալ է, քանզի ես Փաշինյանի ու նրա խառնամբոխի հանցավոր անհոգությունը ռելիեֆային ներկայացնելու այլ միջոց չգտա, երբ ողջ հայության՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի պոտենցիալի համախմբման փոխարեն սույն ստրատեգը զբաղված է Facebook-յան դատարկաբանություններով և ջուր ծեծելով։ Մեկ շաբաթ առաջ REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակվեց իմ հոդվածը՝ «Փաշինյանի սադրանքը Ստեփանակերտում սպառնում է պատերազմով Հայաստանի և Արցախի դեմ» վերնագրով (https://regnum.ru/news/polit/2692788.html)։ Հիմա մենք պետք է փաստենք նոր անվիճելի ճշմարտությունը՝ Ն.Փաշինյանի հեռացումն իշխանությունից և ՀՀ-ի ու Արցախի Հանրապետության պաշտպանության միավորված կոմիտեի ստեղծումը՝ դրա կազմում 1992-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի ցայսօր մարտունակ բոլոր հերոսների ներգրավմամբ, հայկական երկու պետությունների դեմ Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիայի կանխման պարտադիր պայմանն է։ Իսկ Նիկոլ Վովաևիչի հեռացումը կարելի է ձևակերպել որպես ծառայողական գործուղում ԱՄՆ՝ ավելի մանրամասն ծանոթացնելու հայոց պետականության կործանման գծով ամերիկացի մեր գործընկերների հարկատուներին այն «ձեռքբերումներին», որոնք տեղի են ունեցել ՀՀ-ում պետական հեղաշրջումից հետո։ Բնականաբար, իր ելույթից առաջ կարճ հաշվետվություն ներկայացնելով Ջոն Բոլթոնի, Ռիչարդ Միլսի և Հայաստանում Ամերիկյան առևտրային պալատի պատգամների իրականացման գծով կատարած աշխատանքի մասին։

 

Աղբյուրը՝ REGNUM լրատվական գործակալություն

Последние видеоматериалы

Новые книги