Վերջնանպատակը Հայաստանից և Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանը դուրս մղելն է

 

06.12.2019, Shame.am

http://www.shame.am/news/view/67798.html

 

Անոտացիա

Հայաստանը հայտնվել է համաշխարհային քաղաքականության հայտնի անդրօվկիանոսյան ուժի կենտրոնի և Թուրքիայի համատեղ պայքարի էպիկենտրոնում՝ ուղղված ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության անվտանգության գոտում, Իրանի Իսլամական Հանրապետության հետ 105 կիլոմետրանոց սահմանի երկայնքով (որը ներկայում վերահսկում են Արցախի Հանրապետության զինված ուժերը) ՆԱՏՕ «խաղաղարար» զորակազմ մտցնելու պայմանների ստեղծմանը։ Նրանց վերջնանպատակը Հայաստանից և Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանը դուրս մղելն է։

Եվ այսպես, 2019թ. դեկտեմբերի 2-ին Ֆեյսբուքի իր էջում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց տեսանյութ՝ պատրաստված Հայաստանի կառավարության կողմից, 2019թ. կատարած աշխատանքի և 2020թ. ծրագրերի մասին։ Մասնավորապես, այնտեղ բերվում էին Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտեի 2019թ. հունվար-հոկտեմբերի տվյալները։ Չեմ թաքցնի, կարդալով «ժողվարչապետի» ամփոփումը, թե. «Այսպիսով, մենք հիմքեր ունենք պնդելու, որ տնտեսական աճը 2019թ. մոտ կլինի 7%-ին։ Հույս ունենք, որ կանցնի 7%-ի սահմանը», գայթակղությունս մեծ էր գործընկերներիս օրինակով, որոնք գիտելիքների պատկառելի պաշար ունեն մակրոտնտեսության ոլորտում, հուշել Նիկոլ Վովաևիչին այն մասին, որ ՀՆԱ աճի գումարելիները դրանց քննադատական իմաստավորման դեպքում այդքան էլ զվարթ պատկեր ի հայտ չեն բերի։ Օրինակ, «ժողվարչապետի» հիշատակած ծառայությունների աճը ձեռք է բերում միանգամայն այլ բովանդակություն, եթե հաշվի առնենք, որ ծառայությունների ընդհանուր ծավալում 22,9%-ը բաժին է ընկնում մոլախաղերի կազմակերպմանը (կազինոների, խաղային սարքերի գործունեությանը և այլն, և այլն, տե՛ս «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ. հունվար-սեպտեմբերին», էջ 48)։ Հարցեր է առաջացնում նաև ներմուծման ծավալի առաջանցիկ տեմպը արտահանման ծավալի աճի համեմատ։ Այսպես, եթե 2018թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը կազմել է $2014,0 մլն, ապա 2019թ. նույն ժամանակամիջոցում առևտրային հաշվեկշռի դեֆցիտը կազմել է արդեն $2127,7 մլն։ Այսպիսով, ՀՀ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի աճը կազմել է $113,7 մլն, ինչը բացասաբար կանդրադառնա ՀՀ վճարային հաշվեկշռի վրա։ Էլ չեմ ասում գյուղատնտեսության, էլեկտրաէներգիայի արտադրության անկման մասին. դիցուք՝ 2019թ. հունվար-հոկտեմբերին էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 2018թ. հունվար-հոկտեմբերի մակարդակի 99,7%-ը («Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ. հունվար-հոկտեմբերին», էջ 19)։

 

Հարգելի ընթերցողը միանգամայն իրավացիորեն կարող է հարց տալ. իսկ ո՞րն է այստեղ իմ վերը հիշատակած գայթակղությունը։ Եվ ահա, 2018թ. հունվարին Համաշխարհային տնտեսական համաժողովը (ՀՏՀ) Դավոսում ընդունեց բնակչության մեկ շնչի հաշվով Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշի օգտագործման փոխարեն որպես երկրների տնտեսական զարգացման հիմնական գնահատական երկրների տնտեսությունների վիճակի գնահատման նոր ցուցանիշի անցումն իրականացնելու անհրաժեշտությունը, որը կոչվում է ներառական զարգացման ինդեքս (inclusive development index, IDI)։ Հատկանշական է, որ 2018թ. Դավոսի ՀՏՀ-ում ազդարարելով IDI (այսուհետ՝ ինդեքս – Ա.Գ.) մասին՝ նշվեց տնտեսական քաղաքականության գերակայությունների՝ չպաշտպանվածության և անհավասարության ավելի արդյունավետ հակազդեցության վերակողմնորոշվելու անհրաժեշտությունը, որոնք ուղեկցում են տեխնոլոգիական փոփոխություններին և գլոբալացմանը։ Ավելին, ինդեքսը նպատակ է դնում տնտեսական տեղեկատվության լայն բացահայտումը, ինչպես նաև հասարակության իրազեկումը կոնկրետ ցուցանիշների մասին, որոնց ձեռքբերումը կօգնի կայուն տնտեսական զարգացմանը, կապահովի բնակչության բարեկեցության անշեղ աճը։ Դավոսի ՀՏՀ-ում նաև հստակ նշվեց, որ կայուն և համապարփակ առաջընթացը, որն ուղեկցվում է բնակչության եկամուտների աճով՝ նրա տնտեսական հնարավորությունների, կյանքի պաշտպանվածության և որակի մակարդակի աճի կողքին, քաղաքական գործիչների կողմից պետք է ճանաչվի տնտեսական զարգացման գլխավոր նպատակ։ Միաժամանակ, ընդգծվեց, որ ինդեքսը հենվում է 12 ցուցիչների վրա, որոնք միավորվում են երեք խմբում, և որոնք շատ ավելի բազմակողմանի են գնահատում տնտեսական զարգացման մակարդակը ՀՆԱ աճի ցուցանիշի համեմատ։ Ինչպես վերը նշվեց, ինդեքսի գումարելիները բաժանված են երեք հիմնական խմբի։

Առաջին խմբում այնպիսի ցուցանիշներն են, ինչպիսին են երկրի աճն ու զարգացումը, որ ներառում են հետևյալ ցուցանիշները՝ բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ԱՄՆ դոլարով; աշխատանքի արտադրողականությունը; ակնկալվող ակտիվ կյանքի տևողությունը; աշխատունակ բնակչության զբաղվածությունը։

Ցուցանիշների երկրորդ խումբը որոշում է ներառվածությունը (ներառականությունը), այն է՝ ըստ եկամուտների բնակչության շերտատման գործակիցը; աղքատության մակարդակը; ըստ միջոցների բաշխման՝ հասարակության շերտատման գործակիցը։

Ցուցանիշների երրորդ խումբը որոշում է սերունդների հաջորդականությունը և կայուն զարգացումը, այն է՝ ջերմոցային գազերի արտանետումների ինտենսիվությունը; պետական պարտքը; ժողովրդագրական բեռնվածության գործակիցը։

Հարգելի ընթերցող, հատուկ այսքան մանրամասն ներկայացրի ինդեքսի պարամետրերը, որպեսզի ձեր ուշադրությունը հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետության 2020թ. բյուջեի նախագծի՝ օրերս ավարտված քննարկումներում, որոնց մասնակցում էին ՀՀ Ազգային ժողովի ավելի քան հարյուր պատգամավորներ, լինի ՀՀ ԱԺ հանձնաժողովների, թե լիագումար նիստերում, վերը նշված ինդեքսի 12 պարամետրերից և ոչ մեկը, բացի ՀՆԱ ցուցանիշից, այդպես էլ չդարձավ պատգամավորների քննարկման, իմաստավորման և դիտարկման առարկա։ Ինչպես ցույց տվեց 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո անցած վերջին մեկուկես տարվա գործելակերպը, ՀՀ-ում իշխանավորներին շատ ավելի ձեռնտու է քննադատել նախկին իշխանություններին, խոսել «ռևանշիստների դավադրությունների» մասին, կամ էլ դեմագոգաբար ճամարտակել միայն իրենց հասկանալի տնտեսական հեղափոխության մասին, քան թե քննարկել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման օրախնդիր հարցերը։ Իզուր, և ահա թե ինչու։ Այսպես ՀՏՀ-ն, հիմք ընդունելով ինդեքսը, որոշել է առանձին 29 զարգացած, ինչպես նաև 78 զարգացող երկրների զարգացածության համեմատական մակարդակը։

Նշենք, որ աշխարհի զարգացող տնտեսությունների ներառական զարգացման ինդեքսի վարկանիշով Ադրբեջանը զբաղեցրել է պատվավոր 3-րդ տեղը 78 երկրների մեջ, այն դեպքում, երբ Հայաստանը զբաղեցրել է ընդամենը 45-րդ տեղը։ Որպես տեղեկություն նշենք, որ Ռուսաստանը զբաղեցրել է 19-րդ տեղը զարգացող երկրների մեջ ըստ ներառական զարգացման ինդեքսի։ Որպեսզի պատկերն ամբողջական լինի, մեջբերում կատարենք ՀՏՀ զեկույցից. «Տասնամյակները, որոնց ընթացքում գերակայությունը տրվել է տնտեսական աճին սոցիալական արդարության հանդեպ, հանգեցրին բարեկեցության և եկամուտների անհավասարության պատմականորեն բարձր մակարդակների, ինչը ստիպեց կառավարություններին բաց թողնել նպաստավոր ցիկլը, որտեղ աճն ուժեղանում է շնորհիվ ավելի լայն բաշխման և գեներացվում է առանց չափից ավելի ճնշման շրջակա միջավայրի կամ ապագա սերունդների բեռն ավելացնելու վրա»։ Ընթերցողը կարող է կշտամբել ինձ, որ ինդեքսի լայն օգտագործման հիմնավորման անհրաժեշտությունը ՀՀ 2020թ. պետական բյուջեի կազմման ժամանակ ես պետք է ներկայացնեի ՀՀ Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկումն սկսվելուց առաջ։ Իմ հասցեին նման կշտամբանքի հնարավորությունը կանխելու համար նշեմ, որ դեռևս 2019թ. հունվարի 19-ին REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց իմ «Հայաստանին վիճակված է կրակն առաջինը վերցնել իր վրա» հոդվածը, որտեղ Հայաստանի Հանրապետության անպատրաստ և պրոֆեսիոնալ առումով ոչ ադեկվատ գործադիր իշխանության համար, իրենց իսկ մատչելի լեզվով, հիմնավորվել է Հայաստանի տնտեսությունը ներառական զարգացման հուն մտցնելու անհրաժեշտությունը։ Այնուհետև նույն հոդվածում բացատրվել է, որ դա, իր հերթին, ակտուալացնում է գործադիր իշխանության կառուցվածքը Հայաստանի Հանրապետության ներառական տնտեսական զարգացման նոր խնդիրներին համապատասխանեցնելը։ Ավելին, ես հիշատակել եմ արդեն առկա կոնկրետ անելիքներն այդ թեմայի վերաբերյալ, մասնավորապես՝ հղումներ եմ կատարել «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030-ին», իսկ Նիկոլ Վովաևիչին քաջալերելու նպատակով մեջբերումներ եմ կատարել ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ելույթից (2018թ. ապրիլի 4) այդ փաստաթղթի քննարկման ժամանակ։ «Մասնավորապես, ցանկանում եմ ընդգծել կայուն և բարձր ներառական տնտեսական աճի անհրաժեշտությունը, որը պետք է շոշափելի լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչպես նաև մեր համազգային նպատակներին հասնելու համար». այսպիսի խնդիր էր դրել վերը նշված խորհրդակցությունում Սերժ Սարգսյանը։ Բայց մեր վայ-հեղափոխականների սրտին շատ ավելի մոտ է մի ինչ-որ այլ բան, որը բավական պատկերավոր նկարագրված է Վլադիմիր Վոյնովիչի «Զինվոր Իվան Չոնկինի կյանքը և արտասովոր արկածները» գրքում (վեպ-անեկդոտում)։ Ոչ մեծ հատված մեջբերեմ այդ գրքից. «Եթե շարժիչի հետ բան է պատահել, դե, կարող եմ օգնել։ Ստեպան,- դիմեց նա Լուկովին,- դու մի իրար արի, տեսնենք ինչ է եղել։ Լուկովը մեզ մոտ տրակտոր է քշում,- բացատրեց նա օդաչուին։- Ցանկացած մեքենա կքանդի-նորից կհավաքի։- Քանդելը սարքել չէ,- հաստատեց Լուկովը, և, հանելով իր յուղոտ բաճկոնի կողքի գրպանից պտուտակաբանալին, վճռական գնաց դեպի ինքնաթիռը»։

Այսպես էլ մեր ժողովրդական տրիբունը՝ Նիկոլ Վովաևիչը, ինքն իր սիրելի անձը, Չալո բակապահ շան ուղեկցությամբ, «գավազանը» ձեռքին և պարկն ուսին, 2018թ. մարտին Գյումրիից ճամփա ընկավ դեպի Երևան (թող ընթերցողը համեմատություն չանցկացնի Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի հուշերի հետ, որ ներկայացված են «Ճանապարհորդություն դեպի Արզրում (Էրզրում) 1829թ. արշավի ժամանակ» ստեղծագործությունում - Ա.Գ.) և ոչ առանց սորոսյան լափակերների, ԼԳԲՏ հանրույթի, «Կյանքի խոսք» կրոնական տոտալիտար աղանդի անդամների, ինչպես նաև Հայաստանի՝ կարիքից խեղճացած, փոփոխության ձգտող հազարավոր քաղաքացիների օգնության՝ կազմակերպեց մի քանի բազմահազարանոց հանրահավաքներ կազմակերպիչների հանդեպ իրավապահ մարմինների կասկածելի հանդուրժողականության պայմաններում (չէ՞ որ հանրահավաքները արտոնված չէին), և այդտեղից Նիկոկ Վովաևիչը ուղղակի զավթեց իշխանությունը և սկսեց «պտուտակաբանալիով» ջանասիրաբար քանդել հայոց պետականության ամրակապերը։ Խոստովանենք, որ ամբոխահաճ կարգախոսներով ու խոստումներով ժողովրդին հիմարացնելը, Հայաստանի քաղաքացիներին հակաիրավական գործողությունների սադրելը նրա տարերքն են, և Նիկոլ Վովաևիչը սրա մեծ գիտակն է, իսկ ինչ վերաբերում է անդրկուլիսյան տիկնիկավարներին, սրանք առհասարակ վարպետացել էին գունավոր հեղափոխությունների կազմակերպման մեջ, բայց, ինչպես ասում են, քանդելը հո սարքել չէ՞։ Անդրօվկիանոսյան ստրատեգները մանրակրկիտ հղկեցին բոլոր վրիպումներն ու բացթողումները, որոնք տեղի էին ունեցել Թբիլիսիում «Վարդերի հեղափոխության» և Կիևում «Եվրամայդանի» ժամանակ։ Միայն բատոնո Միխեիլ Սաակաշվիլին քանի անգամ եթեր դուրս եկավ սոցցանցերով՝ արժեքավոր հուշումներ անելով բատոնո Նիկոլին, մասնավորապես, Հայաստանի ուժային կառույցների ղեկավարության շուտափույթ փոփոխության, հին ռեժիմի պրոֆեսիոնալ կառավարիչներից վճռականորեն ազատվելու, դատական մարմիններին փոխելու անհրաժեշտության հորդորներով, մի խոսքով՝ ցուցումների մի ամբողջ համալիր, որոնց իրագործումը կապահովի վերջնանպատակը՝ հայոց պետականության կործանումը։ Կարծում եմ, որ այս հարցում «ժողվարչապետը» լիովին արդարացնում է անդրօվկիանոսյան ստրատեգների և հարևան բարեկամական երկրի նրանց սաների ակնկալիքները, որոնք հանդես են գալիս քաղաքական հուշարարների ամպլուայով։ Ավելին, նա ոչ միայն արդարացնում է իր վրա դրված հույսերը, այլև դեռ մի բան էլ հաջողել է այդ հարցում։ Վերցնենք թեկուզ գործող վարչապետի կոչը համաքաղաքացիներին՝ արգելափակել Երևան քաղաքի դատարանների մուտքերը։ Անշուշտ, սա նոր ուղենիշ է, երբ գործադիր իշխանության ղեկավարը կոչ է անում իր ղեկավարծ երկրի քաղաքացիներին կատարել հակաիրավական գործողություններ, ինչը առանձնակի հմայք է հաղորդում, լրացնում հեղափոխական հասկացությունը, որն այդքան մոտ է Նիկոլ Վովաևիչի սրտին, բայց միևնույն ժամանակ բավարար չափով չի իմաստավորվել նրա կողմից։ Եվ դրանից հետո միամտություն կլիներ կարծել, թե Ն.Փաշինյանը, դատելով Հայաստանի տնտեսության մասին, կարող էր ըստ էության ասել ինչ-որ օգտակար բան։ Չարժե կասկածել, որ ներառական զարգացման ինդեքսը և այդ արտահայտությունն իսկ «ժողվարչապետի» կողմից ընկալվում են որպես մի ինչ-որ թշնամական բան, եթե չասենք՝ հայհոյանք։ Բայց սա աբսուրդի թատրոնի լոկ առաջին մասն է, որում ահա արդեն քսան ամիս գտնվում է Հայաստանի Հանրապետությունը։ Պակաս տագնապալի չէ այն փաստը, որ բոլոր հնարավոր հեռուստաալիքներով, ամենատարբեր զանգվածային լրատվամիջոցների էջերում ու ինտերնետ պորտալներում, ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր, սուր բանավեճեր են ընթանում ՀՀ 2020թ. պետական բյուջեի վերաբերյալ, ընդ որում՝ լրիվ կտրված երկրի ներառական զարգացման ցուցիչների փոփոխությունների դինամիկայի վերլուծությունից։ Բոլորովին չկա միանգամայն պահանջված այն ճշմարտության ընկալումը, թե ինչ է նշանակում այն փաստը, որ, օրինակ, ափշերոնյան սուլթանությունը զարգացող երկրների վարկանիշում ներառական զարգացման ցուցիչով զբաղեցնում է 3-րդ տեղը 78 զարգացող երկրների շարքում։ Եվ ինչպե՞ս մենք այս իրողության պայմաններում, Հայաստանում, օրինակ, բնութագրենք Ադրբեջանի 2020թ. պետական բյուջեում նախատեսված ծախսերը պաշտպանության և ազգային անվտանգության ամրապնդման գծով՝ $2 մլրդ 266,6 մլն ծավալով, ինչը 20,9%-ով ավելին է 2019թ. ցուցանիշից, կամ էլ՝ ինչպե՞ս համադրենք այդ տվյալները Հայաստանի պետբյուջեի համանման հոդվածում ամրագրված ծախսերի հետ, որոնք 2020թ. բյուջեի ծախսերի այդ հոդվածով նախատեսված են ընդամենը $625 մլն ծավալով։ Էլ չեմ ասում ՀՀ տնտեսության վիճակի մանրակրկիտ ուսումնասիրություն կատարելու սուր անհրաժեշտության մասին 12 հիմնական ցուցիչների՝ ներառական զարգացման ինդեքսի գումարելիների կտրվածքով, որոնց մասին Հայաստանի ներկա իշխանություններն անգամ ականջի ծայրով չեն լսել։ Գրում եմ այս տողերը և միաժամանակ նախատում ինքս ինձ այն գիտակցությունից, որ Հայաստանի քաղաքական դասը թույլ տվեց, որպեսզի Հայաստանում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ այս հարցադրումը, որը որքան բնական, նույնքան էլ ներկայում պահանջված չէ իշխանությունների կողմից։

Նիկոլ Վովաևիչը, ինչպես չի կարող չհասկանալ հարգելի ընթերցողը, ներառական զարգացման ժամանակը չունի, չէ՞ որ նա տիեզերական մասշտաբի քաղաքական գործիչ է, ինչպես կասեր Վասիլի Իվանովիչ Չապաևը՝ նա դեռ այն ստրատեգն է։ Վերցնենք թեկուզ վերջին ճամփորդությունը, որն այժմ անվանվում է աշխատանքային այց Արցախի Հանրապետություն, որը տեղի ունեցավ ս.թ. նոյեմբերի 30 – դեկտեմբերի 2-ին։ Ինչպես և պետք էր սպասել, Նիկոլ Վովաևիչը Արցախի Հանրապետությունում հանդիպեց Արցախի նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանի, Աշոտ Ղուլյանի և Մասիս Մայիլյանի հետ, միևնույն ժամանակ իր հետ հանդիպելու, իր իսկ սիրելիի՝ Նիկոլ Վովաևիչի երեսը տեսնելու պատվին չարժանացրեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանին և Քրիստինա Բալայանին, որոնք նույնպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուներ են։ Ուզում եմ հուսալ, որ Քրիստինա Բալայանի հետ կհանդիպի գոնե Նիկոլ Վովաևիչի տիկինը՝ Աննա Հակոբյանը, հետն էլ ինձ մխիթարում եմ այն մտքով, որ նրանք երկուսն էլ կանցնեն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի սահմանազատման առաջնագծով, իսկ հետո, հեռադիտակով նայելով, անկասկած, ահուսարսափի կմատնեն սահմանազատման գծի այն կողմում գտնվող հակառակորդին։ Իսկ ինչ վերաբերում է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին «արհամարհելուն», ապա դա խորապես բնութագրում է, Աստված մի արասցե, զբաղեցրած պաշտոնից ելնելով՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պոտենցիալ գերագույն գլխավոր հրամանատարի ներաշխարհն ու հոգեվիճակը։ Ի դեպ, հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում մենք երախտապարտ կլինենք Նիկոլ Վովաևիչին իր այս «կամային» և անհասկացողության պատճառով ճիշտ քայլի համար, ինչն, անշուշտ, միտված է ապագային։

Չէ՞ որ Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները տեղի են ունենալու 2020թ. մարտի վերջին, իսկ այդ ընթացքում «ժողվարչապետը», չարժե կասկածել, հայկական երկու պետությունների քաղաքացիների առջև կկանգնի ողջ պերճաշուքությամբ, ընդ որում՝ հասցնելով կարգին «համը հանել» ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին քաղաքականությունում։ Էլ չեմ ասում այն մասին, որ չի բացառվում նաև իրադարձությունների զարգացման այնպիսի սցենար, երբ անդրօվկիանոսյան ուղեվարների ճնշմամբ, որոնք շատ բանով նպաստել են 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջմանը Հայաստանում, նա, գիտակցելով նախապես իր վրա դրված առաքելության կատարման անհնարինությունը ղարաբաղյան կարգավորման հարցում, կձևացնի, թե նեղացել է ժողովրդից, որն, անշուշտ, չի աջակցի նրա պարտվողական տրամադրությանը՝ ներկայացված դեռևս 2001թ. իր հեղինակած համապատասխան հոդվածում, և ինքնակամ հրաժարական կտա։ Հանուն արդարության նշենք, որ եթե նման բան պատահի, դա կլինի Նիկոլ Վովաևիչի երկրորդ խելամիտ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում։ Ինչպես արդեն նշվել է REGNUM տեղեկատվական գործակալության հրապարակած իմ նախորդ հոդվածներում, առաջին ճիշտ որոշումը «ժողվարչապետը» ընդունեց 2019թ. փետրվարին, երբ Սիրիա ուղարկվեց 83 հոգուց բաղկացած հայ մասնագետների խումբը, որի մեջ մտան հումանիտար ականազերծման փորձագետներ, բուժանձնակազմ և հենց մասնագետների անվտանգության ապահովության պատասխանատուներ։ Նշենք, որ երկրորդ խումբը (որը պետք է փոխարիներ առաջինին) Սիրիա մեկնեց ս.թ. հունիսի 4-ին և այնտեղ անցկացրեց չորս ամիս։

Որպեսզի ընթերցողը կարծիք չկազմի, թե Հայաստանի մեդիա-դաշտը լիքն է տնտեսության ոլորտի, ընդ որում՝ «նախորդ օրվա», անպտուղ բանավեճերով, նշենք, որ նման մի բան տեղի է ունենում նաև տարատեսակ բանակռիվներում, որոնցով հագեցած են հաղորդումները, հարցազրույցները, որոնցում տրվում է կառավարության գործունեության գնահատականը երկրի ներքին և արտաքին քաղաքականության այլ կողմերի մասին։ Ուշադիր ուսումնասիրելով այս ամենը՝ մենք այստեղ էլ դառնում ենք «սուր» բանավեճերի վկաները կառավարության այս կամ այն քայլի վերաբերյալ, որոնք հանգեցրել են անցանկալի հետևանքների, իհարկե, առանց Հայաստանի գործադիր իշխանության այդքան անպատասխանատու գործունեության դրդապատճառների վերլուծության։ Ընդ որում, որպես կանոն, ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից տրվում են ամենակոշտ գնահատականներն այս կամ այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում Նիկոլ Վովաևիչի կառավարության պրոֆեսիոնալ և ադեկվատ չլինելու պատճառով, որը գործում է անդրօվկիանոսյան տիկնիկավարների ծածկաթղթերով՝ առանց ի հայտ բերելու սույն քաղաքականության անդրօվկիանոսյան հեղինակներին։ Ի պատասխան իշխանությունների հասցեին արվող քննադատության՝ պակաս ահեղ մեղադրանքներ չեն հնչում նրանց կողմից ընդդիմության հասցեին, որոնց քնքշանքով ռևանշիստ են կնքել։ Ընդ որում՝ հանգամանքների տարօրինակ բերումով ոչ քննադատողները, ոչ «պաշտպանվողները», պատահաբար, թե այլ պատճառներով, չեն ցանկանում գիտակցել և խոստովանել մի պարզ ճշմարտություն, այն է՝ իրենք ընդամենը կատարողներն են իրենց նախապես հատկացված դերերի մի սցենարում, որը գրվել է հեռու-հեռավոր օվկիանոսի այն կողմում։ Իշխանությունների ու ընդդիմության կողմից նրանց հատկացված նման դերերի ջանադիր կատարման դեպքում մենք իրավունք ունենք պնդելու, որ նրանց քրտնաջան աշխատանքը զուր չի անցնի, և հայ հասարակության հետագա պառակտումը երաշխավորված կլինի, ինչպես և նրա բաժանումը «սպիտակների» ու «սևերի»։ Իսկ դա, իր հերթին, կհանգեցնի հայոց պետականության հիմքերի հետագա սասանման, պայմանների ստեղծման, որոնք իսպառ բացառում են հայ հասարակության համախմբման ցանկացած, անգամ ամենափոքր հնարավորությունը ազգային անվտանգության սպառնալիքին դեմ-հանդիման։ Այս սցենարում անդրօվկիանոսյան ստրատեգները հատուկ տեղ են հատկացնում աղմկալի քաղաքական հաշվեհարդարներին, հատկապես Արցախի ազգային-ազատագրական շարժման հերոսների հանդեպ, ինչն, իհարկե, չի կարող չուրախացնել ափշերոնյան սուլթանության ղեկավարներին։ Գիտակցելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի վտանգավորությունը՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահությունը ս.թ. դեկտեմբերի 5-ին հանդես եկավ հայտարարությամբ, որով Հայաստանի քաղաքացիներին զգոն լինելու կոչ արվեց։ Որպեսզի ընթերցողներին հասկանալի լինի, մի փոքր ավելի մանրամասն անդրադառնանք այն հարցերին, որոնք, ըստ մեզ, շատ ու շատ ակտուալ են։ Այսպես, «Ազգային միաբանություն» կուսակցության հայտարարությունում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի անդրօվկիանոսյան կենտրոնի և Թուրքիայի համատեղ պայքարի էպիկենտրոնում՝ ուղղված ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության անվտանգության գոտում, Իրանի Իսլամական Հանրապետության հետ 105 կիլոմետրանոց սահմանի երկայնքով (որը ներկայում վերահսկում են Արցախի Հանրապետության զինված ուժերը) ՆԱՏՕ «խաղաղարար» զորակազմ մտցնելու պայմանների ստեղծմանը։ Հայտարարությունում նշվում էր, որ այդ քաղաքականության վերջնանպատակը Հայաստանից և Հարավային Կովկասի տարածաշրջանից մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը դուրս մղելն է։ Հատկապես ընդգծվել է, որ հենց այս սցենարի իրագործման նպատակով են 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո Հայաստանի գործող իշխանությունները ծավալել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արցախի ազգային-ազատագրական պատերազմի մյուս հերոսների աննախադեպ հալածանքն ու սկսել մասշտաբային հակաիրավական քրեական հետապնդումները։ Ընդ որում՝ նշվում էր, որ այդ աշխատանքին ակտիվորեն միացել են բազմաթիվ կազմակերպություններ, որոնք շռայլորեն ֆինանսավորվում են Սորոսի հիմնադրամից, ինչպես նաև մոբիլիզացվել են հզոր տեղեկատվական ռեսուրսներ, ինչպիսին են «Ազատություն» ռադիոյի հայկական ծառայությունը և այլն, որոնք ֆինանսավորվում են ամերիկացի հարկատուների կողմից։ Հերթական անգամ հատկապես ընդգծվեց, որ անդրօվկիանոսյան ստրատեգները և նրանց խամաճիկները հայոց պետականության հիմքերի սասանման համակարգային աշխատանք են տանում, որն ուղեկցվում է հակառուսական և ռուսատյաց հիստերիայով։ Հայտարարությունում նաև նշված է, որ նման դիվերսիոն քաղաքականության հերթական զզվելի դրսևորումը դարձավ ոչ անհայտ գենետիկ ռուսատյացի նողկալի արարքը, որը ներկել էր ականավոր դիվանագետի՝ Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովի արձանը Երևանում, գործչի, որն իր կյանքի գնով հազարավոր հայերի է փրկել։

Այս առնչությամբ կարևոր եմ համարում, հարգելի ընթերցող, հատկապես ընդգծել, որ Սերժ Սարգսյանի ս.թ. նոյեմբերի 20-ի ելույթը Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարում (Զագրեբ) խիստ տագնապեցրել է Նիկոլ Վովաևիչի անդրօվկիանոսյան ուղեվարներին։ Մասնավորապես, նրա հայտարարությունն այն մասին, թե. «Խաթարվել են սահմանադրականության հիմքերը, չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը։ Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը։ Իրականացվում են քաղաքական հետապնդումներ... Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում», դարձավ փաստացի պատասխանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ ՀՀ երրորդ նախագահի հանդիպմանը, որը տեղի ունեցավ ս.թ. նոյեմբերի 5-ին (ամերիկյան նախաձեռնությամբ), ինչն առհասարակ հունից հանեց Հայաստանի գործող իշխանությունների անդրօվկիանոսյան ուղեվարներին։

Ուստի, Նիկոլ Վովաևիչ և КО-ի պատասխան ռեակցիան երկար սպասել չտվեց։ Այսպես, ս.թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, պետք է կարծել, խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որը ՀՀ նախագահին օժտում է անձեռնմխելիությամբ, մեղադրանք առաջադրեց Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ ՀՀ իշխանությունների այս հապճեպ գործողությունը, անշուշտ՝ սադրված «ժողվարչապետի» ու նրա խառնամբոխի անդրօվկիանոսյան ուղեվարների կողմից, Հայաստանի Հանրապետությունում ամենաթողության ու իրենց իսկ կողմից կառավարելի քաոսի իրադրության ստեղծման հերթական քայլն էր։ Դա, չպետք է կասկածել, իր հերթին, գայթակղություն և պարարտ հող կստեղծի ադրբեջանա-թուրքական ռազմական նոր ագրեսիայի ծավալման համար ղարաբաղյան հակամարտության գոտում, իսկ այնուհետև, նախապես ծրագրված սխեմայով, հիմք կծառայի Արցախի Հանրապետության անվտանգության գոտում ՆԱՏՕ «խաղաղարար» զորակազմ մտցնելու համար, կրկնում եմ, Իրանի հետ 105 կիլոմետրանոց սահմանի երկայնքով, որը ներկայում վերահսկվում է Արցախի զինված ուժերի կողմից։

Հայտարարության վերջում «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահությունը հատկապես նշել է, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության վրա կախվել է լուրջ վտանգ, որը պահանջում է համակողմանի իմաստավորում՝ նման իրավիճակի ստեղծման իսկական պատճառների վերհանման հիման վրա, և որ գլխավորն է՝ Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում իրավիճակի ապակայունացման կոնկրետ արտասահմանյան դերակատարների ու պատվիրատուների մատնանշմամբ։ Կասկածից վեր է, որ հայկական երկու պետությունների անվտանգության ահեղ մարտահրավերների պայմաններում հայ ժողովրդի համախմբումը Հայաստանի և Արցախի Հանրապետության ամբողջականության պահպանման միակ ճանապարհն է։ Իսկ հայկական երկու պետությունների անվտանգության պահպանման անհրաժեշտ ու այլընտրանք չունեցող պայմանը Ռուսաստանի Դաշնության հետ ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքի հետագա խորացումն է։

 

Աղբյուրը` ИА REGNUM

Последние видеоматериалы

Новые книги