Հայաստա՛նն է ցավս

 

Արտաշես Գեղամյան

16.04.2020, Shame.am

http://www.shame.am/news/view/68187.html

17.04.2020, Իրավունք

https://iravunk.com/news/110013

 

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի մոլեգնող համավարակի պահին հոդված գրել արդեն այժմ նշմարվող անխուսափելի, մասշտաբային տնտեսական ճգնաժամի հաղթահարման սցենարների մասին՝ հոգեբանական իմաստով դյուրին խնդիր չէ։ Չէ՞ որ անցած օրը՝ ս.թ. ապրիլի 15-ին, հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1159-ի։ Սակայն, հարգելի ընթերցող, ինձ անհրաժեշտ է թվում, որպեսզի հենց այս օրերին Հայաստանի կառավարությունն իրականացնի ՀՀ տնտեսության ներկա վիճակի հանգամանալից վերլուծություն, ընդ որում՝ բիզնեսի ներկայացուցիչների, գործատուների և վարձու աշխատողների, ինքնուրույն զբաղմունք ունեցողների, կրթության, գիտության և մշակույթի ոլորտի աշխատողների հնարավորինս լայն ընդգրկմամբ։ Կարծում եմ, որ նման մոտեցումը պարտադիր է։ Քանզի արդեն այժմ մենք վկաներն ենք գալիք օրվա լիակատար անորոշության, ինչն իշխանությունների անգործության պարագայում կարող է սովի ու դեպրեսիայի մատնել մեր բնակչության բավական զգալի հատվածին։ Ավաղ, ասվածը չափազանցություն չէ։ Ընթերցողը լրիվ արդարացված կարող է հարցնել. չէ՞ որ ՀՀ կառավարությունն ընդունել է կորոնավիրուսի համավարակի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 11 միջոցառում, ինչի՞ համար են այս տագնապահարույց գնահատականները։ Ավելին, ինձ կարող են առարկել, թե ՀՀ վարչապետ, իր իսկ սիրեցյալ Նիկոլ Վովաևիչը ամեն օր խորհրդակցություններ է հրավիրում, որոնցում քննարկվում են հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության բարձրացման, ճգնաժամին ավելի արդյունավետ դիմակայելու «մարտավարության մշակման» հարցերը։ Եվ ահա, վերլուծելով ՀՀ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումները, առաջինը, որ մտաբերում եմ, մ.թ. 1-ին դարի հռոմեացի նշանավոր մտածող և պետական գործիչ Լուցիուս Աննեուս Սենեկայի հայտնի արտահայտությունն է. «Երբ մարդ չգիտի, թե դեպի որ նավահանգիստն է ուղղվում, նրա համար ոչ մի քամի էլ համընթաց չի լինի»։

Ինձ այսպիսի անմխիթարական եզրակացություն անելու հիմք տալիս է ՀՀ կառավարության՝ երկրի տնտեսական իրողություններից կտրված՝ տնտեսության հարցերին վերաբերող հակաճգնաժամային միջոցառումների հռչակագրային էությունը։ Եվ սա՝ չնայած դրանց առաջին հայացքից թվացող հասցեականությանը և ենթադրվող օգնության գումարների ամրապնդված լինելուն։ Բայց ես քննադատաբար չեմ վերլուծի ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները, որպեսզի չնմանվեմ «Կարմիր բորովիկ» կոլտնտեսության, որը հեգնանքով անվանում են «Զուր աշխատանքի արտել», նախագահին (Տ.Կ. Չուգունով, «Գյուղը Գողգոթայում. կոմունիստական դարաշրջանի տարեգրություն, 1917-1967թթ.», 1968)։ Չեմ հոգնեցնի ընթերցողներին բազմաթիվ փաստեր մեջբերելով, որոնք ի սկզբանե ապացուցում են, որ հակաճգնաժամային միջոցառումները ձախողվելու են, այլ կկիսվեմ նրանց հետ իմ առաջարկություններով այն մասին, թե ինչպիսին եմ տեսնում հակաճգնաժամային միջոցառումները։

Եվ այսպես, կասկածներ չի հարուցում, որ ցանկացած հակաճգնաժամային ծրագրի կազմմանը պետք է նախորդի «ապաքինման օբյեկտի», մեր պարագայում՝ ՀՀ տնտեսության վիճակի մանրամասն վերլուծությունը։ Հետևելով այս կանոնին՝ ներկայացնենք որոշ վիճակագրական տվյալներ, որոնք բնութագրում են Հայաստանի տնտեսության առանձին ոլորտները։ Եվ այսպես, 2020թ. հունվարի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է 46 200 կազմակերպություն, այդ թվում 4094-ը՝ պետական, մունիցիպալ և 42 106 ոչ պետական կազմակերպություն։ Ընդհանուր առմամբ դրանցում աշխատողների թիվը կազմել է 600 340 մարդ, որոնցից 197 711-ը զբաղված է եղել պետական հատվածում, 402 629-ը՝ ոչ պետական (տե՛ս «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ. հունվար-փետրվարին», էջ 69)։ Ընդ որում՝ նշենք, որ 2019թ. IV եռամսյակի վերջին աշխատանքային ռեսուրսները (ՀՀ 15-75 տարեկան առկա բնակչությունը) կազմել են 1 մլն 997,8 հազար մարդ։ Նրանցից այն անձինք, ովքեր չեն մտել աշխատուժի կազմի մեջ, 866,4 հազար են, աշխատուժը (աշխատուժի առաջարկը) կազմել է 1 մլն 131,5 հազ. մարդ, զբաղվածությունը՝ 929,2 հազ. մարդ, գործազուրկները՝ 202,3 հազար մարդ (17,9%) (նույն տեղում, էջ 49)։ Նշենք նաև, որ սեփական սպառման ապրանքների արտադրությունում աշխատանքային գործունեության մեջ ընդգրկված է եղել 687,1 հազ. մարդ։ Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, նշենք, որ 2019թ. հունվարի դրությամբ 266,2 հազ. մարդ զբաղված էր գյուղատնտեսությունում, 104,1 հազ. մարդ՝ մշակող արդյունաբերությունում, 98,4 հազ. մարդ՝ շինարարության ոլորտում, 119,1 հազ. մարդ՝ մեծածախ և մանրածախ առևտրում, ավտոմեքենաների և մոտոցիկլերի վերանորոգման մեջ, 45,5 հազ. մարդ՝ փոխադրումներում և պահեստային տնտեսությունում, 26,3 հազ. մարդ՝ հյուրանոցային տնտեսությունում և սննդի կազմակերպման մեջ, 16,6 հազ. մարդ՝ մշակույթի, հանգստի և հանդիսությունների կազմակերպման ոլորտում, 30,9 հազ. մարդ՝ սպասարկման այլ ոլորտներում, 90,7 հազ. մարդ զբաղված է եղել սոցիալական ապահովագրության ոլորտում, 105,6 հազ. մարդ՝ կրթության ոլորտում, 46,2 հազ. մարդ՝ առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտում, 21,0 հազ. մարդ՝ կապի և տեղեկատվության ոլորտում։ Սա տնտեսության հիմնական ոլորտներում ՀՀ բնակչության զբաղվածության ամբողջական ցանկը չէ (տե՛ս «Աշխատանքի շուկան Հայաստանում, 2019», էջ 64), որոնց գործունեությունը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար ձեռնարկված միջոցառումների հետևանքով ենթարկվել և ենթարկվում է էական փորձությունների. դիցուք՝ աշխատանքի լիակատար կամ մասնակի դադարեցում, ինչն, իր հերթին, առաջ է բերում հարկերի, աշխատավարձի վճարման խնդիրներ, իսկ դա էապես նեղացնում է բնակչության սպառողական պահանջարկը և հանգեցնում առաջարկի նվազման, իսկ վերջնարդյունքում բերում է արտադրության կրճատման, գործազրկության աճի... Այսինքն՝ արդեն ակնհայտ է, որ մոտ ապագայում մենք կդառնանք պահանջարկի շոկի և առաջարկի շոկի ականատեսները, ընդ որում՝ դա տեղի կունենա միաժամանակ։ Նման հեռանկարը չափազանց բացասաբար կանդրադառնա ՀՀ աշխատանքի շուկայի վրա։

Այժմ ներկայացնենք որոշ տնտեսական ցուցանիշներ, որոնք կային Հայաստանի տնտեսությունում ս.թ. մարտի 16-ի նախօրեին, այսինքն՝ մինչև կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելը։ Այսպես, 1000 խոշոր հարկատուների պետբյուջե վճարած հարկերի ծավալը 2019թ., 2018թ. համեմատ, աճել է 13%-ով՝ կազմելով 1 տրլն 61 մլրդ 188 մլն դրամ։ Նշենք նաև, որ 2019թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 559 մլրդ 124, 8 մլն դրամ կամ $3 մլրդ 245 մլն ($1=480,45 դրամ)։ Ընդ որում՝ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը 2019թ. կազմել է մինուս $2 մլրդ 873,5 մլն, օտարերկրյա ուղղակի ներդրումները 2019թ. հունվար-դեկտեմբերին կազմել են ընդամենը $254,2 մլն, ՀՀ պետական արտաքին պարտքը 31.12.2019թ. դրությամբ, նախորդ տարվա համեմատ, ավելացել է $163,477 մլն-ով և կազմել $5 մլրդ 789 մլն 729 հազ. (սրանք պաշտոնական տվյալներ են ՀՀ Վիճակագրական կոմիտեի վերջին տեղեկատուներից)։ Նշենք նաև, որ 2019թ. դրամական միջոցների զուտ ներհոսքը, ստացված ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով՝ որպես տրանսֆերտներ, կազմել է $504 մլն 21 հազ. (ՀՀ ԿԲ տեղեկագիր 1, հունվար, 2020թ., էջ 115)։ Համեմատության համար նշենք, որ 2018թ. այդ ցուցանիշը կազմում էր համապատասխանաբար $597 մլն 209 հազ. (ՀՀ ԿԲ տեղեկագիր 1, հունվար, 2019թ., էջ 15), այսինքն՝ 2019թ. տրանսֆերտների զուտ ներհոսքը կրճատվել է $87 մլն 188 հազարով։ Հատկապես նշենք, որ Ռուսաստանից ՀՀ դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 2019թ. կազմել է $629 մլն 657 հազ., այն դեպքում, երբ 2018թ. այդ ցուցանիշը կազմել էր $578 մլն 258 հազ., այսինքն՝ անցած տարի նկատվել է Ռուսաստանից դրամական միջոցների զուտ ներհոսքի աճ 2018թ. համեմատ $51 մլն 399 հազարով։ Հարգելի ընթերցող, ես հատուկ ներկայացրի ՀՀ ֆինանսական ոլորտը բնութագրող որոշ տվյալներ, որոնք էապես կախված են արտաքին գործոններից և, բնականաբար, կարող են զգալիորեն փոփոխվել կորոնավիրուսի համավարակի պայմաններում։ Իսկ Հայաստանի պարագայում ֆինանսական ոլորտի և արտաքին առևտրի դրությունը, ինչպես համոզիչ կերպով հաստատում է պաշտոնական վիճակագրությունը, բավականաչափ կախված է մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսության վիճակից և ֆինանսներից։ Այս առնչությամբ բավական է հիշատակել և այն, որ Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 27,1%-ը, իսկ ՀՀ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտում 2019թ. արդյունքներով Ռուսաստանի Դաշնությանը բաժին է ընկել 25,9%։

Թվում էր, թե ՀՀ կառավարությունը, հակաճգնաժամային միջոցառումները կազմելուց առաջ, պետք է ուշադիր վերլուծեր վերոնշյալ ցուցանիշների փոխկապվածությունն ու փոխկախյալությունը, նշեր տնտեսության կոնկրետ ոլորտները, որոնք առավել խիստ էին ենթարկվելու ՀՀ-ում արտակարգ դրությամբ պայմանավորված ճգնաժամին։ Միանգամայն օրինաչափ կլիներ, որ Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի համավարակի և արտակարգ դրության հետ կապված ռիսկերի և հնարավոր կորուստների գոնե մոտավոր գնահատական տար։ Այնուհետև այդ ամենը պետք էր կապակցել ձեռնարկություններից յուրաքանչյուրի (հատկապես արտահանման կողմնորոշում ունեցող և պարենային անվտանգությունն ապահովող) հարկային պատմություններին, ինչը թույլ կտար հետագայում առաջնահերթ կարգով մշակել ուղեցույցներ այդ ձեռնարկություններից ու կազմակերպություններից յուրաքանչյուրի համար։ Այո, այո, ես չսխալվեցի, հարգելի ընթերցող, այդ ձեռնարկություններից և կազմակերպություններից յուրաքանչյուրի կտրվածքով, ինչը միանգամայն հնարավոր է, եթե հաշվի առնենք հանրապետության հարկային և կառավարական այլ կառույցներում հազարավոր զբաղվածներին։ Եվ միայն նման մոտեցման դեպքում կարելի կլիներ գոնե ինչ-որ կերպ ըմբռնումով վերաբերվել այն բանին, որ, օրինակ, ՀՀ վարչապետի (ոչ թե ՀՀ կառավարության) աշխատակազմի աշխատակիցներին պարգևավճարների համար 2019թ. տրամադրվել է ավելի քան $1 մլն, էլ չեմ ասում նախարարությունների և գերատեսչությունների ղեկավար կազմի՝ դոլարով արտահայտված բազմամիլիոնանոց պարգևավճարների մասին։ Շռայլորեն է գնահատվել նաև օրենսդիրների աշխատանքը։ Այսպես, 2019թ. հունվար-նոյեմբերի ընթացքում ՀՀ Ազգային ժողովում պարգևավճարներ տրվել են 14 անգամ, դրանց ընդհանուր գումարը կազմել է 908 մլրդ 367 մլն 199 հազ. դրամ կամ $18,9 մլն։

Ընդհանուր խորհրդատվությունների առումով չափազանց կարևոր եմ համարում, որպեսզի ՀՀ կառավարությունը մշակի ուղեցույցներ, որոնցում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար հասկանալի լեզվով մանրամասն ներկայացված կլինեն կոնկրետ միջոցառումներ՝ ուղղված մակրոտնտեսական կայունության պայմանների ստեղծմանը, ֆինանսական ոլորտի կայունության ապահովմանը, այդ թվում և փոքր ու միջին բիզնեսի ձեռնարկություններին ժամանակավոր հասցեական օգնության տրամադրման հիման վրա, այդ թվում՝ ուղղակի վարկավորման (ինչը փոքր չափով կարծես թե արդեն սկսվել է), պատրաստի արտադրանքի (հատկապես գյուղատնտեսական արտադրանքի) իրացման հարցում օգնության երաշխիքների տրամադրման միջոցով, կապիտալին մասնակցությանը։ Ընդ որում՝ ՀՀ կառավարությունը պետք է առաջնահերթություն և էլ ավելի մեծ առարկայականություն տար սոցիալական ուղղվածություն ունեցող միջոցառումների իրականացման աշխատանքին՝ ուղղված կառավարության ավելի վաղ ստանձնած սոցիալական պարտավորությունների անվերապահ կատարմանը։ Կարևոր է, որպեսզի ՀՀ կառավարությունն իր աշխատանքում առաջնորդվի նրանով, որ հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքում ապահովվի ոչ միայն Հայաստանի տնտեսության համար ճգնաժամի բացասական հետևանքները նվազագույնի հասցնելը, այլև ստեղծվեն ՀՀ տնտեսությունն արագացված ձևով ներառական զարգացման ուղի դուրս բերելու նախադրյալներ։ Գրում եմ այս տողերը և մտաբերում Օսկար Ուայլդի թևավոր դարձած արտահայտությունը «Տպավորություններ Ամերիկայի մասին» գրքից, որը նա գրել է 1882թ. ԱՄՆ կատարած ուղևորությունից հետո։ Լեդվիլ քաղաքի, որը Կոլորադոյի նահանգում է, սալունում (գինետուն) Ուայլդը տեսնում է մի հայտարարություն՝ դաշնամուրի վրա կախված. «Please do not shoot the pianist. He is doing his best», որը կարելի է թարգմանել այսպես. «Մի՛ կրակեք դաշնակահարին, դա լավագույնն է այն ամենից, ինչին նա ունակ է»։ Ավաղ, մեր պարագայում մենք դարձել ենք «բոցավառ հեղափոխական» Նիկոլ Վովաևիչի՝ անպետք դաշնակահարի, ներողություն՝ հիրավի տիեզերական մասշտաբի քաղաքական գործչի գլխավորած միանգամայն անհամարժեք կառավարության պատանդը։ Ճիշտ է, որ միևնույն ժամանակ տիեզերք հասկացությունը հարկ է զուգակցել Նյու Վասյուկի հասկացությանն՝ ըստ «12 աթոռի» Օստապ Իբրահիմովիչ Բենդերի։ Բայց դրանից, ինչպես հասկանում է հարգելի ընթերցողը, մեր վիճակը չի թեթևանում։ Եվ ինչպես կասեր ռուս մաքսավոր, «Անապատի սպիտակ արևը» կուլտային ֆիլմի հերոս Պավել Վերեշչագինը. «Ես վարձ չեմ վերցնում, Տերությունն է ցավս»։ Եվ ահա, հարգելի ընթերցող, Հայաստանի՝ իմ Հայրենիքի, քրիստոնեական քաղաքակրթության օրրանի համար եմ ցավում, որտեղ 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո իշխանությունը զավթեցին բացահայտ պոպուլիստները, որոնց անբանիմացությունը սպառնում է հայոց պետականության կորստով։

 

Վերջաբանի փոխարեն

Ստեղծված ավանդույթի համաձայն, հարգելի ընթերցող, չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով։ Բարիք է, որ կրկին լավատեսություն առաջացնող դեպք ներկայացավ։ Այսպես, ս.թ. ապրիլի 14-ին տեղի ունեցավ (տեսակոնֆերանսի ձևաչափով) Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի աշխատանքային հանդիպումը՝ նվիրված կորոնավիրուսի վարակի դեմ պայքարի և Եվրասիական տնտեսական խորհրդի անդամ պետությունների տնտեսական կայունության աջակցման միջոցառումներին։ Այստեղ կցանկանայի մեջբերում կատարել այդ տեսակոնֆերանսում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի ունեցած ելույթից. «Արդեն այժմ Եվրասիական տնտեսական խորհրդի շրջանակում պետք է սկսել համակարգային բնույթի միջոցառումների մշակումը, որոնց նպատակն է ստեղծել հետագա տնտեսական զարգացման վերականգնման և ապահովման պայմաններ... Մակրոտնտեսական կայունության պահպանման նպատակով անհրաժեշտ է անդամ պետությունների Կենտրոնական բանկերի փոխգործակցություն տնտեսության իրական հատվածի ձեռնարկությունների վարկավորման բնութագրիչների մեղմման, անկանխիկ և «արագ» վճարումների ընդլայնման, բանկային ծառայությունների հեռահար ստացման հարցերում»։ Բավական խորհրդանշական է, որ այդ նույն օրը Վ.Վ. Պուտինը տեսակոնֆերանսի ռեժիմով տնտեսական հարցերի շուրջ խորհրդակցություն անցկացրեց Ռուսաստանի կառավարության անդամների հետ։ Ինչո՞ւ եմ այս մասին գրում, միանգամայն տեղին կարող է նման հարց տալ հարգելի ընթերցողը։ Եվ ահա, իր ելույթում Վլադիմիր Պուտինը մանրամասն ներկայացրեց Ռուսաստանի տնտեսությունում կորոնավիրուսային համավարակի պատճառով առաջացած ամենազգայուն խնդիրները, դիցուք՝ բազմաթիվ կոոպերացիոն և տնտեսական կապերի խախտում, պահանջարկի կրճատում (մանրածախ առևտրի ծավալը Ռուսաստանում ապրիլին կրճատվել է ավելի քան 35 տոկոսով), էլեկտրաէներգիայի սպառման նվազում (ձեռնարկություններն սկսել են ավելի քիչ բեռնել իրենց հզորությունները), տնտեսության իրական հատվածի վարկավորման լճացում... Ելույթում նաև մանրամասն վերլուծվեցին այն միտումները, որոնք ի հայտ են եկել տնտեսությունում, արվեցին ՌԴ տնտեսության և ֆինանսների վիճակի հետագա զարգացման կանխատեսումներ, և այդ վերլուծության հիման վրա սահմանվեցին ռեսուրսները, գործիքները, հակաճգնաժամային քաղաքականության հաջող իրականացման պաշարները՝ տնտեսության համար էական դրական արդյունքների հասնելու համար, ինչն իր հերթին դրականորեն կանդրադառնա Ռուսաստանի քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Բնավ պատահական չէ, որ նման մանրամասներ եմ մեջբերում։ Չէ՞ որ թվում է, թե Նիկոլ Վովաևիչին և ՀՀ կառավարությանը ՌԴ նախագահի մասնակցությամբ հենց այս խորհրդակցությունում պատրաստի վիճակում առաջարկվեցին համալիր հակաճգնաժամային միջոցառումներ, որոնք միանգամայն կիրառելի են նաև Հայաստանի դեպքում։ Միջոցառումներ՝ հիմնված ռուսաստանցի բարձրորակ մասնագետների խորապես պրոֆեսիոնալ վերլուծության վրա, որոնք աշխատանքի մեծ փորձ ունեն տնտեսության, ֆինանսների, ինչպես նաև սոցիալական ոլորտի՝ իրենց ղեկավարմանը վստահված բնագավառներում։ Ավելին, ՀՀ «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչի համար այդ խորհրդակցությունում հնչած մտքերն ու խորհրդատվությունները «երկնային մանանա» էին, որն անգամ տարրական գիտելիքների դեպքում կարող է դառնալ հիմք Հայաստանի կառավարության գրագետ հակաճգնաժամային ծրագրի կազմման համար։ Թող ների ինձ հարգելի ընթերցողը այսքան սրբապիղծ համեմատության համար, մանավանդ որ Մովսես մարգարեն իր համախոհների հետ Եգիպտոսից անապատով քայլում էր 40 տարի, և նշան եղավ վերևից, երբ նրանց ուտելիքը սպառվեց, և երկնքից ճերմակ գույնի մանր ձավարահատիկներ թափվեցին, որոնք անվանվեցին երկնային մանանա...

Ոչ թե մեր Նիկոլ Վովաևիչի ու КО-ի նման, որոնք իրենց «ելքն» սկսեցին Գյումրիից ու առաջնորդվում էին, ի տարբերություն Մովսեսի ազնիվ գաղափարի, ոչ թե ավետյաց երկիր՝ «լավ ու լայնարձակ մի երկիր, կաթ ու մեղր բխող» (Ելից, 3, 8 և 17) , այլ կոնկրետ ՀՀ վարչապետի աշխատասենյակ մտնելու գաղափարով, որը Երևանի Հանրապետության հրապարակում է։ Աշխատասենյակ, որտեղից, ինչպես առատության եղջյուրից, հորդ գետի պես հոսում են քեռի Սեմի պատկերով կանաչ թղթադրամները (որպես պարգևավճարներ) դեպի «հեղափոխականների» սխրակիցների գրպանները, Նիկոլ Վովաևիչի՝ իր իսկ սիրեցյալի թանկագին տիկնոջ «բարեգործական» հիմնադրամը։ Դե, ոչ, հարգելի ընթերցող, իմաստ չունի հուսալ, թե իշխանությունում գտնվող սորոսյան լափակերները նման միակ պահանջված ռեակցիան կդրսևորեն։ Չէ՞ որ Նիկոլ Վովաևիչին անդրօվկիանոսյան ստրատեգներն իշխանության են բերել բնավ ոչ ինչ-որ ազնիվ նպատակներ իրականացնելու համար։ Իսկ թե ինչի համար են բերել՝ այդ մասին արդեն քանիցս գրել եմ, ուստի չեմ կրկնվի, բայց կնշեմ, որ ներկայում Հայաստանում գունավոր հեղափոխությունների արտասահմանյան քաղտեխնոլոգների գլխավոր թիրախ սահմանված են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին (ՀԱԵ) և Նորին սուրբ օծություն, Ծայրագույն պատրիարք, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Այսպես, ս.թ. ապրիլի 14-ին վեհափառ տեր Գարեգին Երկրորդը կոչ էր արել ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին՝ հայտարարելով. «Հաղորդ լինելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։ Չեմ ներկայացնի «ժողվարչապետի» սխրակիցների ճամբարի գործիչների խոսքերը, մեղմ ասած՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի այս հայտարարությանը տրված զզվելի արձագանքները։ Չէի ցանկանա, որպեսզի բազմամիլիոնանոց հայ Սփյուռքը, ավելի շուտ՝ նրա ճնշող մեծամասնությունը, անհարմարության ու ամոթի զգացում չունենա Հայաստանի ներկայիս իշխանավորների համար, որոնցից շատերը XXI դարում Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկու նշանավոր «Դևեր» վեպի կերպարների վառ վերամարմնավորումն են։ Կբավարարվեմ միայն թեմային երկու հղում կատարելով։

Այսպես, ի պատասխան Ամենայն Հայոց կաթողիկոսին զրպարտելու և անարգելու անզուսպ արշավի, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը նշել է. «Վեհափառ Հայրապետի կեցվածքն ամբողջապես համահունչ է Քրիստոսի Սուրբ Եկեղեցու մարդասիրական առաքելությանն ու դավանած արժեքներին։ Հետևաբար, հարկ է չքաղաքականացնել Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը և չտրվել անպտուղ բանավեճերի... Ամենայն Հայոց կաթողիկոսի հորդորն է ամենքին՝ միասնության և համերաշխության ոգով, ջանքերի մեկտեղումով լծվել համավարակի այս ծանր իրավիճակում հայրենիքի և մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը»։

Իսկ այժմ մեջբերում անեմ հոդվածից, որը հրապարակվել է ս.թ. ապրիլի 15-ին ադրբեջանական Axar. az ինտերնետ-պարբերականում։ Այսպես, «Հայկական էլիտա. հանել կաթողիկոսին, նա պաշտպանում է չարիքը» վերնագրով հոդվածում Axar. az-ը տեղեկացնում է. «Հայաստանի հազարավոր քաղաքացիներ վաղուց արդեն պահանջում են հանել կաթողիկոսին»։ Թերևս, ի մեծ ուրախություն խմբագրության՝ Ծայրագույն պատրիարքի և Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին չարամիտ զրպարտչական հարձակումներ պարունակող հոդվածներ գտնելու համար երկար փնտրտուքի կարիք չառաջացավ. բավական էր, որ ադրբեջանական ագիտպրոպը ծանոթանար Հայաստանի՝ Սորոսի հիմնադրամից շռայլորեն ֆինանսավորվող ինտերնետ-պարբերականների հրապարակումներին։ Նշենք, որ վերջին երկու օրերին դրանք բացահայտ տարածում են առանձնապես աչքի ընկած սորոսյան լափակերների խոսքերը, որոնք այժմ հայտնվել են Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանություններում։ Դե ինչ, նիկոլվովաևիչյան խառնամբոխի նման արձագանքը միանգամայն կանխատեսելի էր։ Չէ՞ որ արդեն երկու տարի է անցել 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո, իսկ Հայաստանի իշխանությունները պարծենալու բան չունեն։ Այնինչ, գայթակղիչ տեսարանների պաշարն սպառվել է, իսկ հանապազօրյա հացը չկա ու չկա։ Դե, ահա, ստիպված են հմտանալ թվացյալ թշնամիներ որոնելու և մերկացնելու մեջ, որպեսզի ինչ-որ կերպ արդարացնեն զբաղեցրած պաշտոններին իրենց բացարձակ անհամարժեքությունը։ Չէ՞ որ «ժողվարչապետը» հիանալի հասկանում է, որ երկրի առջև ծառացած սուր խնդիրներից ոչ մեկն անցած երկու տարում ոչ միայն չի լուծվել, այլև, լավագույն դեպքում, հետին անկյուն է մղվել։ Այս պայմաններում Ն.Փաշինյանը, իսկ ավելի շուտ՝ նրա անդրօվկիանոսյան տիկնիկավարները, գործի են դնում «պլան Բ-ն»՝ քաղաքացիական պատերազմի սանձազերծումը Հայաստանի Հանրապետությունում, բնականաբար՝ այդ հակահայկական արարքը նրանք կիրականացնեն՝ հաշվի առնելով 2013թ. նոյեմբեր – 2014թ. հունվարին Ուկրաինայում Եվրամայդանի կազմակերպման ժամանակ թույլ տրված թերացումները։ Չէ՞ որ անդրօվկիանոսյան ստրատեգների վերջնանպատակը ոչ ոք չի չեղարկել, այն անփոփոխ է՝ ապակայունացում և քաոսի իրավիճակի ստեղծում Հայաստանում՝ Ռուսաստանի հարավային սահմաններին։ Այս նպատակին հասնելու համար էլ հենց իշխանության բերեցին նիկոլվովաևիչյան հակազգային խունտան։

Հ.Գ. Թերևս, պատահական չէ, որ Ռուսական տերության հայրենասեր մաքսավոր Պավել Վերեշչագինի գլխավոր դերը «Անապատի սպիտակ արևը» ֆիլմում խաղացել է ծագումով հայ Պավել Բորիսի (Բաղդասարի) Լուսպեկաևը, որի ենթագիտակցության մեջ գենետիկական մակարդակով դրված է տերության նոստալգիան։ Խոստովանում եմ, որ, իմ խորին համոզմամբ, մեր օրերում այդպես սրտահույզ, համոզիչ ու ազնիվ «Տերությունն է ցավս» կարող էր բացականչել գուցե թե հայ հայրենասերը, ընդ որում՝ գոչելով. «Հայաստա՛նն է ցավս»։

Բարիք է, որ հիմա Հայաստանի թիկունքին կանգնած է Մեծ Տերությունը՝ Ռուսաստանի Դաշնությունը, որով հպարտանում են Երկիր մոլորակի բարի կամքի տեր մարդիկ։

Последние видеоматериалы

Новые книги