Արտաշես Գեղամյանը ժամանակավրեպ է համարում ԵԱՀԿ ԽՎ-ում Բախար Մուրադովայի նախաձեռնությունը
04.09.2014, Mediamall
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը ժամանակավրեպ է համարում Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բախար Մուրադովայի հայ-ադրբեջանական սահմանին հայկական զորքերի իբր սադրիչ գործողությունների վերաբերյալ վեհաժողովին բողոք ներկայացնելու նախաձեռնությունը:
«Ես կարծում եմ, որ տվյալ դեքպում Մուրադովան նոր է վերադարձել արձակուրդից և փորձում է կ որսված պահն արդիականացնել, սակայն ես պետք է տեղյակ պահեմ, որ երկու օր առաջ ես ստացել եմ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Իլկա Կաներվայի նամակը, որը պատասխանն էր օգոստոսի 5-ին նրան հասցեագրված իմ ծավալուն նամակին՝ ադրբեջանական զորքերի սադրիչ գործողությունների վերաբերյալ: Եթե կարդաք այդ նամակը, կհասկանաք, որ Մուրատովայի այդ նախաձեռնությունն ուղղակի ժամանակավրեպ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Գեղամյանը:
Ինչ վերաբերում է Մուրադովայի հայտարարությանը, թե Ցյուրիխում հոկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ ԽՎ հերթական նստաշրջանի ընթացքում կբարձրաձայնի հայկական զորքերի գործողությունների մասին, Գեղամյանն ընդգծեց, որ ինքն անհամբերությամբ սպասում է այդ պահին, որպեսզի արժանի հակահարված հասցնի: «Ես անհամբերությամբ սպասում եմ, որովհետև ադրբեջանական դիրքերը շատ թույլ են, ինչի մասին հստակ պարզաբանումներ տվեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում նախագահների հանդիպումից հետո տված հարցազրույցում:
Պարզապես որոշակի մեջբերումներ կարվեն մեր նախ ագահի հարցազրույցից և հարցը կարելի է փակված համարել, որովհետև Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո ես ուշադիր հետևել եմ թե ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին, թե Ալիևի և Հասան Զաքիրովի ելույթներին. նրանք, ըստ էության, ոչինչ չեն գտնում մեր երկրի նախագահի խոսքերին հակադարձելու համար:Այնպես որ, զինվենք համբերությամբ և սպասենք վեհաժողովի հերթական նստաշրջանի մեկնարկին: Իսկ Մուրադովայի՝ իմ հարգարժան գործընկերոջ նախաձեռնությունը, թող ներեն արտահայտությանս համար, позднее зажигание-ի արդյունք է»,- ասաց Գեղամյանը:
ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը օգոստոսի 5-ին ծավալուն նամակ է հղել ԵԱՀԿ ԽՎ նորընտիր նախագահ Իլկա Կաներվային հայ-ադրբեջանական սահմանագոտում ադրբեջանական զորքերի սադրիչ գործողությունների վերաբերյալ, ինչին ի պատասխան օրերս Կաներվայից ստացել է հետևյալ նամակը. «Շնորհակալություն եմ հայտնում Ձեր նամակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող զարգացումները գնահատելու համար:
Ես հասկանում եմ Ձեր տեսակետներն այդ զգայուն թեմայի վերաբերյալ: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը շարունակում է մոտիկից հ ետևել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ տիրող իրավիճակին: Մենք շարունակում ենք մտահոգված մնալ մշտական բռնություններով և երկու կողմից տեղի ունեցող մահվան դեպքերով: Խորհրդարանական վեհաժողովն աջակցում է հարցի խաղաղ և դիվանագիտական լուծմանը և երկու կողմերին հորդորում է ամեն ինչ անել՝ այդօրինակ լուծմանը նպաստելու համար:
Օգտվելով այս առիթից՝ վերահաստատում եմ խորին հարգանքներիս հավաստիքը և ակնկալում Ժնևում, հոկտեմբերին տեղի ունենալիք մեր աշնանային նստաշրջանի ժամանակ տեսնել հայկական պատվիրակությանը: Անկեղծորեն Ձեր՝ Իլկա Կաներվա ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ»:
Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ, ԵԱՀԿ ԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բախար Մուրադովան հայտարարել է, որ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկա Կաներվային բողոք է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում հայկական զորքերի «սադրիչ» գործողությունների վերաբերյալ: Նա նաև հայտարարել է, որ այդ մասին բարձրաձայնելու է վեհաժողովի՝ Ցյուրիխում հոկտեմբերին կայանալիք նստաշրջանի ընթացքում: