Հայ և ռուս ժողովուրդների ճակատագիրը նույնն է. կայացավ Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսը
10.12.2014, Mediamall.am
ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանի նոր գրքի շնորհանդեսը: Գիրքը կրում է «Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների ճակատագիրը նույնն է. hաղթել՝ սանձելով պատերազմը» խորագիրը:
Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսին մասնակցեց նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ներկա էին նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի դեսպանները:
Լրագրողների հետ զրույցում Արտաշես Գեղամյանն ընդգծեց, որ գիրքը ոչ այլ ինչ է, քան իր մտորումներն աշխարհաքաղաքական զարգացումների, Հայաստանի վրա դրանց անդրադարձի վերաբերյալ: Գեղամյանն ընդգծեց, որ 2014թ.-ն, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, իր բարդությամբ երկրորդ տարին է:
«Առաջինը եղավ 1962թ., այսպես կոչված, «հրթիռային ճգնաժամի» ժամանակ, երբ երկրագունդը ընդամենը մեկ քայլ հեռավորության վրա էր միջուկային պատերազմից, և երկրորդը հիմա է: Եվ այս իրավիճակում Հայաստանը, Աստված մի արասցե, որ հայտնվի գերտերությունների բախման կիզակետո ւմ:
Ես կարծում եմ, որ մենք պետք է անպայման մեր մտորումների մասին բարձրաձայնենք: Բարեբախտաբար, մեր մտորումները բարձրաձայնելու համար նպաստավոր պայմաններ է ստեղծում մեր երկրի Նախագահի վարած արտաքին քաղաքականությունը, որի շնորհիվ Հայաստանը հայտնվել է մի յուրօրինակ իրավիճակում»,- ընդգծեց Գեղամյանը:
Նա նկատեց, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը՝ զուգահեռաբար ԵՄ անդամ այնպիսի երկրները, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, հայտարարում են, որ հարկավոր է ուղիներ գտնել, որ Հայաստանը շարունակի ԵՄ-ի հետ ասոցացման իր ընտրած ճանապարհը: «Բնականաբար, այդ ճանապարհը պետք է լինի այնպիսին, որ չվտանգի Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունը»,- նշեց պատգամավորը:
Արտաշես Գեղամյանը նշեց, որ գրքում հետաքրքիր հոդվածներ կան նաև հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ: «Այսօր աշխարհում փորձում են կրոնական երանգներ տալ տարբեր պատերազմական գործողությունների:
Ես ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում բերել եմ Հայաստանի օրինակն', ասելով, որ Հայաստանը իր արտաքին քաղաքականությամբ օրինակ է ծառայում համայն աշխարհին՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է խաղաղ համագործակցել իսլամական պետության՝ Իրանի հետ, նաև դրա հետ մեկտեղ համագործակցել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, Բելառուսի և Ղազախստանի , Եվրամիության անդամ երկրների հետ»,- ասաց Գեղամյանը:
Գեղամյանի խոսքով' Հայաստանը ներկա պահին դարձել է կամուրջ, որը ոչ թե խաղում է գերտերությունների անհամաձայնությունների և տարաձայնությունների վրա, այլ հակառակը՝ կարողանում է այդ ամենը բերել ընդհանուր հայտարարի՝ աշխարհին ապացուցելով, որ անհաղթահարելի խնդիրներ չկան, նաև' որ մարկանց մոտ պետք է գերիշխի բարի կամքը, որպեսզի աշխարհը զերծ մնա պատերազմներից:
«Եվ այս ամենը կարողացել եմ հոդվածների, ելույթների տեսքով արտահայտել, որոնք էլ տեղ են գտել իմ այս գրքում: Հետաքրքրականն այն է, որ վերջին հոդվածը տպվել է նոյեմբերի 6-ին: Այդ ժամանակ փորձեր էին արվում հայ-ղազախական հարաբերությունները փչացնել, սակայն, բարեբախտաբար, այդ ամենն ի չիք եղավ՝ շնորհիվ նաև իմ այդ հոդվածի»,- նշեց Գեղամյանը:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն ընդգծեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդսմակցության պայմանագիրը Հայաստանի խորհրդարանում վավերացնելուց հետո Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսն առաջին նշանակալի միջոցառումն է:
«Կարելի է բարձր գնահատել պարոն Գեղամյանի աշխատանքը, քանի որ այս գիրքը պարունակում է հոդվածներ, ելույթներ և հարցազրույցներ, որոնք Գեղամյանն ունեցել է սկսած 2014թ. սկզբից մինչև նոյեմբեր: Ես կարծում եմ, որ այս գիրքը հետաքրքիր և կարևոր է:
Եվ ցանկանում եմ Արտաշես Գեղամյանին մաղթել նույնքան էներգիա իր ապագա գործերի համար և այն աշխատանքի համար, որ նա անում է եվրասիական համագործակցության խորացման, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների էլ ավելի սերտացման համար»,- եզրափակեց Վոլինկինը: