Գեղամյան. Մենք չենք հարցնում, թե ում մահն են գուժում զանգերը...

20.02.2014, Aysor.am

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը ռուսական «Ռեգնում» գործակալությանը տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է ԵԱՀԿ առաքելությանն ու մասնավորապես ԵԱՀԿ ԽՎ գործունեության արդյունավետությանը, ինչպես նաև ԵՄ Արևելյան գործընկերության, Մաքսային միության ձևավորման, հակամարտությունների և Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամի թեմաներին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից հատված, որտեղ Արտաշես Գեղամյանն անդրադառնում է օրերս Վիեննայում կայացած ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում իր կողմից բարձրացված հարցերին:

- Այսօր արդյունավե՞տ է արդյոք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գործունեությունը։

- Ձեր հարցով Դուք շոշափեցիք իմ վերջին ելույթի բուն էությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) Մշտական կոմիտեում, որի անդամներն են ԽՎ 57 մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարները։ Իմ ելույթում ես հռետորական հարց բարձրացրի այդ կառույցի գործունեության մասին վերջին 39 տարիներին՝ սկսած այն պահից, երբ 1975թ. ստորագրվեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության Հելսինկյան եզրափակիչ ակտը։ Աշխարհիս հզորները, այսինքն՝ Եվրոպայի 33 պետությունները, ԱՄՆ-ը և Կանադան, այնուամենայնիվ, կարողացան պայմանավորվել Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ տարածքում անվտանգության և համագործակցության հիմնարար սկզբունքների վերաբերյալ։ Դրանով իսկ երաշխավորվեց, որ այն տարիներին մոլեգնող «սառը պատերազմը» երբեք թեժի չի փոխարկվի։ Բայց դա արվեց այլ առաջնորդների կողմից, այլ ժամանակում։ Այսօր, երբ մենք մոտենում ենք այդ կազմակերպության քառասնամյակին, մեր առջև հարց է ծագում. իսկ ինքնե՞րս ինչ ենք արել, որպեսզի գալիք սերունդներն ըստ արժանվույն գնահատեն մեր աշխատանքը։ Ի՞նչ կհիշեն մեր մասին, ասենք, 10 տարի անց։ Ինչո՞վ կկարողանանք հպարտանալ, վճռորոշ ի՞նչ ենք արել այս աշխարհի համար, որպեսզի գալիք սերունդները երախտագիտությամբ հիշեն մեր և մեր գործերի մասին։ Ցավոք, նման վճռորոշ նվաճումները շատ չեն։ Ավելին, ԵԱՀԿ-ն, այդ թվում և նրա Խորհրդարանական վեհաժողովը, չկարողացավ կանխել վերջին տասնամյակների թեժ պատերազմները, լինեն դրանք պատերազմներն Աֆղանստանում, Իրաքում, Թունիսում, Եգիպտոսում, իսկ հիմա էլ՝ Սիրիայում։

- Կարծիք կա, թե ոչ միայն չկարողացավ կանխել, այլև նպաստել է դրանց։ Համաձա՞յն եք։

- Եթե հաստատական պատասխան տամ հարցին, դա լրջագույն մեղադրանք կլինի ԵԱՀԿ-ի հասցեին։ Բայց կարող եմ վստահաբար ասել, որ եթե ԵԱՀԿ-ն իր գործունեությամբ մի շարք դեպքերում չառաջնորդվեր երկակի չափորոշիչներով, եթե ժամանակին արձագանքեր ապակառուցողականության, ցինիզմի, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, օրենքի չհարգման բոլոր՝ ինչպես երբեմն կարող է թվալ, ոչ էական դրսևորումներին, ապա շատ բաներից կարելի կլիներ խուսափել։ Որպես օրինակ. ինչպիսի՞ն եղավ արձագանքը, երբ 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը, որը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում հրավիրվել էր մասնակցելու անգլերենի ուսուցման դասընթացներին, կացնահարվեց ադրբեջանական Զինված ուժերի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ Հունգարական դատարանը Սաֆարովին մեղավոր ճանաչեց և դատապարտեց ցմահ բանտարկության՝ առանց 30 տարվա ընթացքում բողոքարկելու իրավունքի։ Ընդամենը 7 տարի անց նա արտահանձնվեց Ադրբեջանին։ Ադրբեջան վերադառնալուն պես Սաֆարովին ներում շնորհվեց, բարձրացվեց նրա զինվորական կոչումը, ստացավ աշխատավարձ բանտում անցկացրած 7 տարիների դիմաց, նրան հերոսացրին, նրա մասին վավերագրական ֆիլմեր նկարահանեցին և այլն, բայց ԵԱՀԿ-ն ցինիզմի այս զայրացուցիչ դրսևորումներին ոչ մի կերպ չարձագանքեց։ Եթե այն ժամանակ ԵԱՀԿ ԽՎ-ն անսար բազմաթիվ խորհրդարանականների, այդ թվում և իմ փաստարկներին, պատասխանատվության կոչեր Ադրբեջանի իշխանություններին, մենք, հնարավոր է, չէինք ունենա այն, ինչ կա այսօր, այն է՝ Ազայ Ղուլիևը, մեկը, որը բացահայտ մարդասպանի՝ Ռամիլ Սաֆարովի հերոսացման փրոմոութերն էր, մարդասպանին հերոսացնելու իր այդ արարքից ընդամենը մեկ տարի հետո ընտրվեց Եվրոպայում Անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի և անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ։ Այդ կոմիտեի նիստում, երբ քննարկվում էր Առաջին կոմիտեի նախագահի տեղակալի թափուր պաշտոնի թեկնածուի ընտրության հարցը, ես ի լուր բոլորի ասացի այդ մասին։ Ավելին, նշեցի, որ թեև այդ կոմիտեի գործող նախագահ, շվեդ խորհրդարանական Ասա Լինդեստամը, խախտելով ԵԱՀԿ ԽՎ ընթացակարգի կանոնները, ամեն կերպ խանգարում էր իմ ելույթին, բայց նրա արարքների մասին տեղեկատվությունն, այնուամենայնիվ, հասավ խորհրդարանականների մեծամասնությանը։ Բայցևայնպես, այդ մարդն ընտրվեց և այսօր նստում է իմ կողքին։ Ելույթում իմ բերած փաստարկները, պետք է ասել, բավական ուժեղ տպավորություն գործեցին։ Իմ ասածի օբյեկտիվությունն ակնհայտ է դառնում ԵԱՀԿ ԽՎ գործընկերներիս համար, քանի որ իմ ներկայացրած փաստարկներն ապացուցված են։ Նրանք, ինչը միանգամայն բնական է, հետո կփորձեն գտնել ասածիս հաստատումները և, բարեբախտաբար, հերքումներ չեն կարողանա գտնել։ Ադրբեջանցի իմ ընդդիմախոսը, մարդասպանին գովերգելու մեջ ձախողված այդ փրոմոութերը չկարողացավ հակափաստարկներ ներկայացնել։ Այնինչ ես տառացիորեն օրերս ԵԱՀԿ ԽՎ անդամ պետությունների 56 պատվիրակությունների ղեկավարներին ուղարկել եմ ֆոտո- և տեսանյութեր, որոնք հաստատում են Ղուլիևի աննախանձելի դերը Ռամիլ Սաֆարովի «հերոսացման» գործում։ Դա պետք է սթափեցնի ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին, չէ՞ որ Ազայ Ղուլիևը նրանց քթից բռնած ման է ածել, մոլորեցրել նրանց, անարգել ճշմարտությունը և արդարությունը։ Եթե հարգարժան եվրախորհրդարանականները նրա արարքներն անպատասխան թողնեն, ապա պետք է սպասել, որ վաղը-մյուս օրը նա առաջինը կդադարի հարգել նրանց։ Այստեղ, ի թիվս այլ բաների, նաև տարրական մարդկային ինքնասիրության հարց կա։

Բայց, վերադառնալով բուն էությանը, ասեմ, որ եթե ԵԱՀԿ-ն, առավել ևս՝ Խորհրդարանական վեհաժողովն այդ հարցերին սկզբունքային և օբյեկտիվ գնահատականներ տային, մարդասպանների հերոսացումն Ադրբեջանում չէր շարունակվի։ Մեկ ամիս առաջ ադրբեջանական դիվերսիոն խումբը գիշերվա քողի տակ ներխուժեց ադրբեջանա-ղարաբաղյան դիմակայության բուֆերային գոտի, տարածք, որը վերահսկվում է Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի կողմից, մարտում սպանվեց հայ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։ Մի հարցում «ագրեսորին հանդարտեցնելու» քաղաքականությունը հանգեցրեց այն բանին, որ ագրեսորը դարձավ ավելի ինքնավստահ, ավելի լկտի իր հատկանիշները դրսևորելիս։ Մասնավորապես, մենք վկան դարձանք այն բանի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխարհով մեկ հայտարարեց, թե ադրբեջանական ժողովրդի թիվ 1 թշնամին համաշխարհային հայությունն է, այսինքն՝ հայկական սփյուռքը։ Բայց Ալիևի այս հայտարարությունը նույնպես չդարձավ սկզբունքային քննարկման առարկա ոչ ԵԱՀԿ ԽՎ-ում, ոչ Եվրոպայի խորհրդի ԽՎ-ում, էլ չեմ ասում բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների մասին։ Ադրբեջանի նախագահի անթաքույց ռասիստական այս կոչը կրկին չդատապարտվեց ԵԱՀԿ ԽՎ-ի կողմից։

Ավելին, ռասիզմի բացահայտ դրսևորում է բարձր դասարանցիների համար ադրբեջանական պատմության դասագրքերի բովանդակությունը։ 1988-1992թթ. ադրբեջանա-ղարաբաղյան դիմակայության ժամանակ տեղի ունեցած ռազմական իրադարձությունները ադրբեջանցի դպրոցականներին մատուցվում են բացարձակ ռասիստական մեկնաբանությամբ, հայերը ներկայացվում են որպես ոխերիմ թշնամիներ։ Հասունության վկայականի հետ ադրբեջանցի դպրոցականների գիտակցության մեջ արդեն ամուր մտցված է այն, որ հայը թշնամի է, ուստի հային սպանելը հանցագործություն չէ, և որ դրա մասին չպետք է մոռանալ։

Ի դեպ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի օրակարգում դրված էր ռասիզմի, այլատյացության և մարդատյացության այլ դրսևորումների դեմ պայքարի հարցը։ Այն, ցավոք, չհասցրինք քննարկել։ ԵԱՀԿ ԽՎ-ում իմ առաջին ելույթում ես նշեցի նաև այն հարցերը, որոնք վերաբերում էին Ադրբեջանում հայի կերպարի դիվականացմանը։ Այս հարցի հետ կապված՝ իրադրությունը Թուրքիայում նույնպես բարդ է։ Բավական հատկանշական է այն օրինակը, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իր հիմնական քաղաքական մրցակցին՝ Ֆեթուլա Գյուլենին վարկաբեկելու նպատակով, որպես վերջինին «մեղադրելու» գլխավոր փաստարկ նշել է այն, որ նա հայկական արմատներ ունի։ Փաստորեն, մենք հասկանում ենք, որ ցայսօր Թուրքիայում հայ լինելը գրեթե հավասարազոր է թուրքի ազգային արժանապատվությունը նսեմացնող լրջագույն վիրավորանքի։ Եվ սա՝ ի հեճուկս այն բանի, որ Թուրքիան Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի անդամ է։

- Բերված օրինակները մասամբ հնարավոր են դառնում այն պատճառով, որ ԵԱՀԿ-ն չի արձագանքում իր իսկ հռչակած նորմերի և սկզբունքների ակնհայտ խախտումներին։ Ինչի՞ վրա է հիմնված նման դիրքորոշումը։ ԵԱՀԿ-ն ի վիճակի չէ՞ հարցեր լուծել, թե՞ ինչ-ինչ պատճառներով չի ցանկանում անել դա։

- Միանշանակ խոսել մի ինչ-որ պատճառի մասին, մի կողմից՝ դժվար է, մյուս կողմից էլ՝ օբյեկտիվ չէ։ Այստեղ պատճառների համախումբ կա։ Չգիտես ինչու ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունների անդամների մեծամասնության պատկերացումներում արմատացել է այն կարծիքը, թե աշխարհի ճակատագիրը վճռվում է համաշխարհային քաղաքականության ուժի առանձին կենտրոնների կողմից։ Որպես այդպիսին պայմանականորեն կարելի է նշել ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Ռուսաստանը, ինչպես նաև Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան և այլ երկրներ Արևելքում։ Նրանց թվում է, թե այդ «մեծ քեռիներն» են իրենց փոխարեն որոշելու, թե ինչն ինչպես պետք է լինի։ Չկա մտածողության լայն ընդգրկում, չկա լուրջ խնդիրներն այն հարցերի շրջանակում ընդգրկելու ներքին պահանջմունք, որոնք պետք է դիտարկի հենց ԵԱՀԿ ԽՎ-ն։ Բանաձևերի և հռչակագրերի մեծ մասը, ցավոք, ընդունվում է կամ Եվրամիության առաջատար երկրների, կամ ամերիկա-կանադական, կամ ՌԴ պատվիրակություններին նայելով։ Այնպես է ստացվում, որ անգամ անարդարության աղաղակող փաստերը, որոնք հաճախ ի հայտ են գալիս միջազգային հարցերի կարգավորման ժամանակ, լռության են մատնվում։ Իսկ երբ նրանց ներկայացնում ես մերկ, անհերքելի փաստեր՝ ապացույցներով, նկատում ես այդ նույն չարաբաստիկ «ուրիշին նայելը»։

Օրինակ կարող է ծառայել Ուկրաինայի հետ կապված իրավիճակի քննարկումը, որը տեղի ունեցավ փետրվարի 14-ին ԵԱՀԿ ԽՎ երեք կոմիտեների երեկոյան նիստի ժամանակ։ Ռուսաստանի պատվիրակությունը խիստ կշռադատված գնահատական տվեց ուկրաինական իրադարձություններին։ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատվիրակները, որոնք ներկայացնում էին իրենց երկրի ողջ քաղաքական ներկապնակը, հանդես էին գալիս երկրում ստեղծված իրադրության, Մայդանում 2013թ. դեկտեմբերից ցայսօր տեղի ունեցող իրադարձությունների փոխբացառող գնահատականներով։ Ցավոք, եվրոպացի շատ գործընկերներ հանդես էին գալիս իրավիճակի միակողմանի մեկնաբանմամբ՝ պնդելով, որ Ուկրաինայում տեղի է ունենում ուժայինների կողմից ընդդիմադիրների զանգվածային ծեծ։ Միևնույն ժամանակ, լռության էին մատնվում այն փաստերը, որոնք չէին տեղավորվում «խեղճ ընդդիմության» մասին վարկածում, որին օրուգիշեր ծեծում է «արյունալի ռեժիմը»։ Ինձ, եթե անկեղծ ասեմ, ոգևորեց ԵԱՀԿ ԽՎ-ում ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակության անդամներից մեկի հնչեցրած գնահատականը. նա, մասնավորապես, ասաց, որ իրավիճակի կարգավորումն Ուկրաինայում հնարավոր է միայն Ռուսաստանի ու Եվրամիության և, բնականաբար, Ուկրաինայի իշխանությունների ներգրավմամբ։ Ձեր խոնարհ ծառան նույնպես ելույթ ունեցավ այս հարցի վերաբերյալ։ Եվ թեև մեր ելույթները խստորեն սահմանափակված են կանոնակարգով՝ երկու րոպե, իմ խոսքի բովանդակությունը հակիրճ հանգում էր հետևյալին. Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ուշադիր վերլուծությունն ակամա հիշեցնում է ամերիկացի քաղաքագետ, միջազգային հարաբերությունների և ռազմական ստրատեգիայի մասնագետ Էդվարդ Լյութվակի՝ «Պետական հեղաշրջում. գործնական ձեռնարկ» գրքում արած տեսական եզրահանգումների գործնական մարմնավորումը։ Բացի այդ, պարզ է, որ այստեղ գործն առանց «ավերման տեխնոլոգիայի» գլուխ չի եկել, տեխնոլոգիա, որը ներկայացված է Ջոզեֆ Օվերթոնի քաղաքական տեսությունում, և որը հայտնի է որպես «Օվերթոնի պատուհան»։ Իր աշխատությունում նա նկարագրել է, թե ինչպես կարող են հասարակությանը միանգամայն խորթ գաղափարները (օրինակ, Ուկրաինայի պարագայում՝ ռասիզմը, այլատյացությունը և հակասեմիտիզմը) բարձրացվել հանրային արհամարհանքի կեղտահորից և ի վերջո արմատավորվել հանրային գիտակցության մեջ։ Երբ ծանոթ ես այդ նշանավոր քաղաքագետների առաջարկած տեխնոլոգիաներին, իսկ հետո դրանք համադրում ես ուկրաինական իրադարձությունների հետ, պարզապես անհնար է չտեսնել նրանց տեսությունների գործնական իրագործումը, չնկատել զարմանալի նմանությունը։ Ըստ էության, մենք բոլորս ուկրաինական պետականության քայքայման սցենարի գործնական իրագործման ականատեսներն ենք։ Ես չեմ պատրաստվում ասել, թե հատկապես ինչ ուժեր են կանգնած այս ամենի հետևում։ Բայց անվիճելի է նաև, որ Մայդանի և ողջ Ուկրաինայի իրադարձությունները կարգավորվում են վստահ դիրիժորական փայտիկով, որը դրվել է Ուկրաինայի արմատական ընդդիմության ձեռքում։ Այս պնդման մեջ կասկածի նշույլ անգամ չկա։

- Բայց ԵԱՀԿ-ն, ինչպես հետևում է Ձեր խոսքից, այդ ամենին բոլորովին էլ միանշանակ չի արձագանքում, եթե կարելի է այսպես ասել։

- Միանգամայն իրավացի եք։ Կիևի «եվրամայդանի» իրադարձությունների միակողմանի մեկնաբանությունը հաստատաբար վկայում է, որ ԵԱՀԿ ԽՎ-ում ներկայացված որոշակի պատվիրակությունների համար այնքան էլ կարևոր չեն Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների օբյեկտիվ պատճառների վերհանումը, դրանց միջև պատճառահետևանքային կապերի առկայությունը։ Իրականում պատվիրակներից շատերն այն կարծիքին են, որ «եթե Ուկրաինայի ղեկավարությունը չստորագրի և չվավերացնի Եվրամիության հետ Ասոցիատիվ համաձայնագիրը, ապա նրան «քաղաքականապես կոչնչացնենք» բոլոր հնարավոր միջազգային հարթակներում»։ Նման մոտեցումից առաջին հերթին կտուժեն Ուկրաինան և ուկրաինացի ժողովուրդը, բայցև ԵԱՀԿ ԽՎ-ն էլ, անշուշտ, կվնասի իրեն։ Դրանով իսկ այն ենթարկվում է ազատամտության ամբիոնից աստիճանաբար համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոններում նախապես պայմանավորված դրույթներ ու շտամպներ պարտադրող ինստիտուտի վերածվելու վտանգին։ Սա ամեն գնով չպետք է թույլ տալ։

- Այսինքն՝ Դուք կարծում եք, որ կա դեպի դրան գնացող գործընթաց, որը վերջնակետին դեռ չի՞ հասել։

- Ցավոք, այո։ Ամեն ինչ սև-սպիտակ գույներով չներկայացնելու համար նշեմ, որ երբեմն հնչում են «ընդհանուրից» տարբերվող կարծիքներ, բայց դրանք արտահայտողները, չգիտես ինչու, այնքան էլ հետևողական և ագրեսիվ-հարձակողական (լավ իմաստով) չեն, քան այն հռետորները, որոնք հանդես են գալիս նրանց հակառակ, իսկական իրականությունը չարտացոլող դիրքերից։ Վերցնենք թեկուզ այսպիսի մի օրինակ, երբ բերվում են մի ամբողջ շարք փաստարկներ, որոնք օբյեկտիվորեն առաջին պլան են մղում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանն անցկացնելու որոշումը չեղյալ համարելու խնդիրը։ Այդ երկիրը խախտում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդի Հելսինկյան եզրափակիչ ակտի տասը հիմնարար սկզբունքներից յոթը։ Երբ թվարկում ես նրա խախտած սկզբունքները, նրանցից յուրաքանչյուրի համար փաստարկներ նշում, ինչպես նաև համաշխարհային լրատվամիջոցներում լայնորեն լուսաբանվող և ԵԱՀԿ ԽՎ բոլոր անդամ երկրների պատվիրակներին հասանելի հանրահայտ օրինակներ բերում, ԵԱՀԿ ԽՎ նիստերի դահլիճում քար լռություն է տիրում։ Սակայն ԵԱՀԿ ԽՎ հերթական նստաշրջանի անցկացման վայրի մասին մինչ այդ ընդունված որոշման վերանայումն արժանի արձագանք չի գտնում ԵԱՀԿ անդամ պետությունների պատվիրակությունների կողմից։

- Ստացվում է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն ինստիտուտ է, որն արժանի չէ վստահության, կամ էլ վստահության շեմն այդ կազմակերպության հանդեպ ժամանակի ընթացքում խիստ ցածր կդառնա։

- Ընդհանրապես այդպես չպետք է լինի։ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ինքը պետք է իր մեջ ուժ գտնի իրականությանը կողքից նայելու, սեփական գործողություններն անաչառ վերլուծելու, դրանք ԵԱՀԿ տարածաշրջանում զարգացման գլոբալ միտումների (մասնավորապես՝ տնտեսության, քաղաքականության, հումանիտար և անվտանգության ոլորտներում) հետ համադրելու համար։ Կազմակերպությունն ինքը պետք է հասկանա, որ հաճախ իր գործողությունները և ընդունած բանաձևերը երկակի չափորոշիչների մեջ են տեղավորվում, չեն արտացոլում թվարկածս ոլորտներից յուրաքանչյուրում կատարվող իրական փոփոխությունների էությունը։ Այսօր, ըստ իս, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ավելի շուտ արդեն տեղի ունեցած իրադարձությունների մի ինչ-որ ամրագրող է։ Այն արձագանքում և գնահատական է տալիս արդեն կատարված փաստերին՝ առանց ապագային ուղղորդվածության։ ԵԱՀԿ ԽՎ բանաձևերում, հռչակագրերում շատ դեպքերում չկան քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական կանխատեսումներ, որոնց պետք է հաջորդեն բանաձևերի ընդունումը, նոր քննարկումներն ու որոշումները, հռչակագրերը, որոնք կմեղմեն ապագայում հնարավոր մարտահրավերներն ու խնդիրները։ Դա կառույց է, որը, կրկնեմ, ավելի ու ավելի հաճախ արձագանքում է փաստորեն անցյալին։ Դա անթույլատրելի է, որովհետև չկանխատեսելով զարգացման հնարավոր սցենարներն այս կամ այն երկրում՝ ժամանակի ընթացքում մենք կդառնանք վկաներն այն բանի, որ հաջորդող իրադարձություններից շատերը, ավաղ, կուղեկցվեն արյունահեղությամբ, հարյուր-հազարավոր խեղված ճակատագրերով։

- ԵԱՀԿ-ն, որի մասին խոսում ենք, հանձին Մինսկի խմբի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդն է։ Միևնույն ժամանակ, Մինսկի խմբի հասցեին բավական շատ քննադատություն է հնչում, մասնավորապես՝ նրան մեղադրում են չափից ավելի պասիվ և չնախաձեռնող լինելու մեջ։ Ի՞նչ եք կարծում, Ձեր նկարագրած բարեփոխման դեպքում առաջընթաց հնարավո՞ր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

- Այսօրվա դրությամբ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն անսպառ աշխատանք ունի հենց այս ուղղությամբ։ Ասեմ ինչու։ Վերջին հինգ տարիներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներն ընդունել են հինգ հայտարարություն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝ Լ'Աքվիլայում, Մուսքոկում, Դովիլում, Լոս Կաբոսում և Լոհ Էրնում։ Հինգ հայտարարություններում էլ կարմիր թելի պես անցնում են մի շարք դրույթներ՝ հակամարտության ռազմական լուծման կամ ուժի կիրառման սպառնալիքի անթույլատրելիություն, սեփական ճակատագիրը որոշելու՝ ժողովուրդների իրավունքների և պետությունների տարածքային ամբողջականության ու ինքնորոշման իրավունքների միաժամանակյա հարգում, միջոցների ընդունում, որոնք հակամարտող կողմերի հասարակություններին կպատրաստեն հարցի խաղաղ կարգավորմանը։ Ադրբեջանի ղեկավարությունը հետևողականորեն արհամարհում է մեծ տերությունների երեք նախագահների հայտարարությունները հակամարտության ուժային լուծման կամ այդ անելու սպառնալիքի անթույլատրելիության վերաբերյալ, ընդ որում՝ դա անում է այդ հռչակագրերի ընդունումից տառացիորեն մեկ-երկու օր հետո։ Գոնե մեկ անգամ ԵԱՀԿ ԽՎ-ն արձագանքե՞լ է ափշերոնյան քաղաքական գործիչների այսքան քամահրական վերաբերմունքին։ Ո՛չ։ Իր անտարբերությամբ ԵԱՀԿ-ն թույլ է տալիս հարևան երկրի նախագահին իրեն իրավունք վերապահել թքողական վերաբերմունք ունենալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետությունների նախագահների հայտարարությունների հանդեպ։ Տարեցտարի նույն պատկերը կրկնվում է։ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների յուրաքանչյուր հայտարարությունից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահն արագ իրեն հարմար ներքին լսարան է գտնում, որի առջև հայտարարում է, թե Ադրբեջանն ուժեղ է՝ ինչպես երբեք, զինված է մինչև ատամները և հարկ եղած դեպքում ուժով կլուծի ղարաբաղյան հարցը։ Ստացվում է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն իր ճանապարհն ունի՝ բանաձևեր, երբեմն՝ կոշտ հայտարարություններ, որոնք լույս աշխարհ գալուն պես դատապարտված են մոռացության գիրկն անցնելու։ Ավելին, հետագայում դրանք ոչ մի հետևանք չեն ունենալու։ Դա, բնականաբար, հեղինակազրկում է կազմակերպությանը լայն հասարակայնության աչքում և որևէ լավ բան նրան չի խոստանում։

- Չե՞ք կարծում արդյոք, որ աննյութեղեն հեղինակության հարցերից զատ՝ նման դիրքորոշումը հղի է բավական առարկայական հետևանքներով ղարաբաղյան հակամարտության կողմերի համար։

- Մի քանի թիվ նշեմ. Բոննի կոնվերսիայի միջազգային ինստիտուտի 2012թ. Ռազմականացման գլոբալ ինդեքսում (GMI) Ադրբեջանը զբաղեցրել է ութերորդ տեղը և ճանաչվել աշխարհի ամենառազմականացված երկրներից մեկը։ Բաքվի ռազմական ծախսերն ամեն տարի կազմում են մոտավորապես ՀՆԱ 5,7%-ը։ Համեմատության համար նշեմ, որ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը չի գերազանցում 4,7%-ը, Ռուսաստանինը տատանվում է ՀՆԱ 3%-ի սահմաններում։ 2004թ. Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են $170 մլն, 2012-ին՝ $3,2 մլրդ, իսկ 2014թ. բյուջեում նշված է $3,8 մլրդ թիվը։ Միայն 2011թ. Ադրբեջանն Իսրայելից գնել է $1,6 մլրդ ընդհանուր գումարի բացառապես հարձակողական բնույթի զենք։ Այս ամենը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ Ինչ-որ կերպ այս ամենին արձագանքո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ ԽՎ-ն։ Ոչ, չի արձագանքում։

-Չէի ասի։ Կարելի է, օրինակ, մոռանալ այնպիսի հասկացության մասին, ինչպիսին է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը՝ հայտնի ԵՍԶՈՒՊ-ը, ուշադրություն չդարձնել դրա խախտումներին։ Մոռանալ և ոչինչ չանելը նույնպես արձագանք է։

- Դուք հաստատում եք իմ խոսքերը։ Իրականում դա շատ վտանգավոր է, որովհետև, ինչպես հայտնի է, պիեսի սկզբում պատից կախված հրացանը վերջում անպայման կրակելու է։ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում փետրվարի 14-ի իմ ելույթում ես հատկապես ընդգծեցի, որ այն բոլոր խնդիրները, որոնց մասին մենք հիմա խոսում ենք, մեր գնահատականները ստեղծված իրավիճակի անթույլատրելիության մասին, այդ ամենը բնավ էլ թող չընդունվեն որպես այն բանի հավաստում, թե հայկական կողմը խուճապի է մատնվել։ Հայաստանի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն անցել է Ղարաբաղյան ազգային-ազատագրական պայքարի բովով, Արցախի հերոս է և պատերազմի մասին էլ լսելով չէ, որ գիտե։ Նա տեսել է մարդկանց, այդ թվում՝ իրեն շատ մոտ մարդկանց մահը։ Բայց նա, ինչպեսև ողջ հայ ժողովուրդը, որը հնագույն քրիստոնեական քաղաքակրթություններից մեկի ներկայացուցիչն է, նույն կերպ սգում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ադրբեջանի յուրաքանչյուր զոհված զինվորի համար։ Մեր բարոյականում մենք առաջնորդվում ենք այն սկզբունքներով, որոնք իմաստնաբար շարադրել է անգլիացի մեծ պոետ Ջոն Դոնը, և որի խոսքերը որպես իր հանրահայտ «Ում մահն են գուժում զանգերը» վեպի վերջաբան վերցրել է Հեմինգուեյը։ Եվ ահա, յուրաքանչյուր մարդու մահը փոքրացնում է և մեզ։ Հայաստանը և հայ ժողովուրդը միասնական են ամբողջ մարդկության հետ, իսկ հայկական սփյուռքը խոսքերիս վառ ապացույցն է։ Մենք երբեք չենք հարցնում, թե ում մահն են գուժում զանգերը, որովհետև դրանք ղողանջում են բոլորիս համար, յուրաքանչյուր մարդու համար։

Արտաշես Գեղամյանի դիտարկումներին՝ Մաքսային միության, գլոբալ օրակարգի ձևավերման անհրաժեշտության, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու ուղիների վերաբերյալ, կարող եք ծանոթանալ սկզբաղբյուր կայքում:

Последние видеоматериалы

Новые книги