ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շուրջ ստեղծված իրավիճակը անհրաժեշտության դեպքում կներկայացվի ԵԱՀԿ ԽՎ փետրվարյան նիստում. Գեղամյան
17.01.2017, Aysor.am
ԵԱՀԿ Խորհրդանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը զերծ է մնում այս պահին խոսել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի դեմ Բաքվի քայլերի մասին:
«Մեր արտաքին գործերի նախարարությունը զբաղվում է այդ հարցով: Մենք պետք է առաջնորդվենք Հիպոկրատի երդմամբ, մեկնաբանություններ չանենք՝ չվնասելու գործընթացին: Պետք է զինվել համբերությամբ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արտաշես Գեղամյանը:
Նրա խոսքով՝ գործընթացին չմիջամտելն այս պահին ամենաճիշտ քաղաքականությունն է:
«Իսկ եթե անհրաժեշտություն լինի այդ հարցը բարձրաձայնել փետրվարի 23-ին Վիեննայում մեկնարկող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ժամանակ, ապա, ինչ խոսք, խորհրդակցելով ՀՀ ԱԳՆ-ի, նախագահի աշխատակազմի հետ, բնականաբար, կհնչեցվի մեզ համար շահեկան տեսակետ», - Ա. Գեղամյանը:
ՀՀ արտգործնախարարությունում Aysor.am-ին հայտնեցին, որ գործընթացը շարունակվում է:
Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգմանը, մասնավորապես, դեմ է հանդես գալիս ականազերծման ոլորտում կառույցի գործունեությանը: