Ա. Գեղամյան. Եթե Էրդողանը գնա արկածախնդրության, շատ վտանգավոր զարգացումներ են սպասվում
23.02.2016, Aysor.am
«Թուրքիայի շուրջ իրավիճակը իսկապես շատ մտահոգիչ է՝ մանավանդ հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի արկածախնդրությունը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը՝ անդրադառնալով ռուս-թուրքական լարված հարաբերություններին ու դրա կոնտեքստում հնարավոր սպառնալիքներին:
Գործչի խոսքով՝ միակ մխիթարանքն այս պահի դրությամբ այն է, որ կիրակի օրը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին երեք անգամ հեռախոսազրույց են ունեցել, որի արդյունքում պետքարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ Սիրիայի շուրջ բանակցային մոտեցումները ճշտվել են, զինադադար պետք է հայտարարվի՝ մինչև ՌԴ և ԱՄՆ նախագահները կհանդիպեն և ավելի մանրակրկիտ կքննարկեն այս հիմնահարցը: Չմոռանանք նաև Վ.Պուտինի և Բ.Օբամայի հեռախոսազրույցն ու դրան հաջորդած որոշումները:
«Սա փոքր-ինչ հույս է ներշնչում, որովհետև այս պարագայում Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը արկածախնդիր քաղաքականություն է վարում, կարծես թե ձեռնպահ կմնա այնպիսի գործողություններ իրականացնել, որոնք հղի են պատերազմական գործողությունների վերածվելու վտանգով: Էրդողանը հասկանում է, որ սիրիական բանակը Ռուսաստանի ռազմօդային ուժի օգնությամբ կարող է իրավիճակը բերել նրան, որ «Իսլամական պետությունը» հայտնվի օղակի մեջ և զրկվի Թուրքիայից զենք, զինամթերք և այլ միջոցներ ստանալու հնարավորությունից: Կզրկվի նաև Սիրիայի և Իրաքի Մոսուլի նավթահորերից գողացված նավթն ու նավթամթերքը Թուրքիա մատակարարելու հնարավորությունից, իսկ այդ բիզնեսի թիկունքում կանգնած է Էրդողանի որդին»,- նշեց Ա.Գեղամյանը:
Նաև հավելեց, որ եթե Էրդողանը, այդուհանդերձ, գնա այդ վերջին արկածախնդրությանը, ապա շատ վտանգավոր զարգացումներ են մեզ սպասվում: