Հեռատես, հզոր, կամային, լեգիտիմ. Արտաշես Գեղամյանի սիրո խոստովանությունը առ Սերժ Սարգսյան

 

24.06.2015, Newsbook.am

NewsBook-ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:

- Պարոն Գեղամյան,  երեկ առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողություններն իրավաչա՞փ էին, թե` ոչ:

- 12 ժամ թե՛ ոստիկանությունը, թե՛ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները շատ զուսպ էին: Իմ կողմից տրված գնահատականները կարող է խիստ սուբյեկտիվ լինել և ասեմ` ինչու. 11 տարի առաջ` ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը, ճիշտ այդ հրապարակում մի խումբ կուսակցությունների լիդերներ և հոծ բազմությունը դարձյալ Բաղրամյան պողոտայում էին հավաքված: Մեր պահանջը հետևյալն էր` այն, ինչի մասին որոշում կայացրեց Հայաստանի սահմանադրական դատարանը` հանրաքվե կազմակերպել, և մենք կողմնակից էինք, որ ի կատար ածվեր Սահմանադրական դատարանի որոշումը: Մեր բողոքի ձայնը հանուն այդ որոշման կատարմանն էր: Ինչպես հիշում եք, շատ դաժանորեն այդ բողոքի մասնակիցների նկատմամբ օգտագործվեցին մահակներ, ջրային շիթեր: Մահակավորների տարափ էր այնտեղ: Նախագահականից ոչ մեկը չարձագանքեց մեր այդ բնական պահանջին և նախագահական չհրավիրեցին կուսակցությունների լիդերներին, ովքեր պատասխանատու էին այդ բողոքի ակցիայի համար: Մինչդեռ մեր խնդրանքն էր, որ հասկանայինք, եթե Սահմանադրական դատարանի երաշխավորությունը հիմք չէ, դա փոխում է մեր վերաբերմունքը կատարվածի հանդեպ, եթե դա հիմք է, խնդրում եմ ասեք, թե երբ եք մտադիր մենք էլ ձեզ հետ միասինք ձեռնամուխ լինենք այդ վստահության հանրաքվեի կազմակերպմանը և անցկացմանը: Բացարձակապես անտեսվեց մեր պահանջը և մահակավորների ջարդ տեղի ունեցավ:


Հիմա տեսեք. երիտասարդները, որոնց ես ողջունում եմ, գնացել էին իրենց խնդրանքով և պահանջով, նախագահը իր բնավորությանը ներհատուկ, նա մարդասեր է, ասաց, որ պատրաստ է լսել:

Ըստ իս` այն վիթխարի վերելքը, որը մեր ժողովուրդը ապրեց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի նշման միջոցառումների շրաջանակում, այն, ինչի ականատեսը եղանք, երբ տասնյակ հազարավոր մարդիկ հավաքված էին Հանրապետության Հրապարակում և լսում էին Սերժ Թանկյանի համերգը, այն էլ այդ անձրևի ժամանակ և հիմա էլ երիտասարդության համախմբավածությունը լրիվ ուրիշ հունով կարող էր զարգանալ, ինչին ընդառաջ քայլ արեց նախագահը` հրավիրելով նստավայր: Դա քայլ էր, դեպի երիտասարդությունը, ցավոք սրտի, մաքսիմալիզմը գերիշխեց և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:

Եթե ես համեմատելու լինեմ 2015 թվականի ոստիկանների գործողությունները 2003-ի գործողությունների հետ, ապա մենք բացարձակապես նոր ոստիկանի կերպար ունենք: Մենք ունենք շատ համբերատար, լսող, կիրթ ոստիկան: Կրկնում եմ` իմ խոսքը սուբյեկտիվ է, քանի որ ես տեսել եմ 2003 թվականը, 2005-2006 թվականին ոստիկանների գործողությունները, իսկ այստեղ համբերատար, հարգալից, դրության մեջ մտնող ոստիկանն էր:

- Այսինքն, եթե համեմատական անցկացնելու լինեենք ձեր նշած ժամանակահատվածի և այսօրվա գործողությունների մեջ, ապա պրոգրես կա՞:

- Անկասկած: Ավելի բարեկիրթ ու քաղաքակիրթ են դառել, թե՛ բողոքավորները, թե՛ ոստիկանությունը: Ինչ խոսք, որոշակի դեպքերում սատարելով երիտասարդներին, պետք է դրվատանքի խոսքեր ասենք նաև ոստիկաններին, որովհետև երբեմն- երբմեն լսում էիր ամենաանհարգալից վերաբերմունքը առ ոստիկան: Դա չէր գերիշխում, բայց դա էլ կար: Եթե դա չլիներ, ապա կարելի էր ասել, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը մի նոր զարգացման քայլ է կատարել: Ափսոս նրանք հանրապետության նախագահի մեսիջը չհասկացան: Լրիվ ուրիշ կերպ կզարգանար, ես սա կարող եմ համոզված ասել, քանի որ գիտեմ` ինչքան դիմացինի կարծիքը հաշվի առնող, հարգող և տոլեռանտ մարդ է: Հավանաբար, կրքերն էին երիտասարդության մեջ, կամ էլ չարը, որը չուզեցավ, որ գնային, որովհետև եթե գնային, հնարավոր չէր, որ բավարարված չգնային:

- Երիտասարդները Սերժ Սարգսյանին լեգիտիմ նախագահ չեն համարում: Եթե լեգիտիմ նախագահ չեն համարում, որքանո՞վ է ճիշտ գնալ և բանակցել:

- Ամբողջ երիտասարդության անունից պետք չէ նման հայտարարություններ անել: Այն էլ այս ժամանակահատվածում, երբ ծայրաստիճան իրավիճակ է տարածաշրջանում, երբ պետություններից յուրաքանչյուրն իր շահն է որոնում այս տարածաշրջանում: Մենք պետք է նման արտահայտություններով չփորձենք փոքր-ինչ ստվեր գցել կամ խարխլել իշխանությունը: Լեգիտիմ իշխանություն է, լեգիտիմ նախագահ է, շատ էլ հզոր նախագահ է: Այնքան հզոր է, հետն էլ հեռատես նախագահ է և այդ հզորությունն ու հեռատեսությունը պայմանավորված են նրանով, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին կամային, հեռատեսության մեծագույն դրսևորումներ էր պահանջում երկրի լիդերից, որ ասի` այո, մենք գնում ենք ԵՏՄ-ին անդամակցելու, հետն էլ հայտարարում ենք, որ շարունակելու ենք մեր սերտ համագործակցությունը Եվրամիության հետ, ավելին` մենք պատրաստ ենք Ասոցացման համաձայնագիրը այսօր իսկ ստորագրել:

Ավելի լեգիտիմ ո՛չ Լևոն-Տեր Պետրոսյանն է եղել, ո՛չ էլ Ռոբերտ Քոչարյանը, ոչ մեկին դեռ չի հաջողվել այս բարդ, փոթորկահույզ աշխարհում նավարկել այնպես, որ չթշնամացնեն մեր ռազմաքաղաքական դաշնակցին, և ոչ միայն չթշնամացնել, այլև էլ ավելի խորացնել հարաբարությունները Եվրամիության հետ և դրա առհավատչյան էր, որ մենք կարողացանք հյուրընկալել Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահին` Մինսկի խմբի համանախագահ երկրներից երկուսի ղեկավարներին:

- Ո՞ր իրավական հիմքով ոստիկանությունը փակեց ճանապարհը և խաղաղ երթի մասնակիցներին արգելեց մոտենալ նախագահականին:

- Մի շարք կայքերում տեղադրված են այն պարզաբանումները, որոնցում խնդրո առարկայով հանդես եկավ Վալերի Օսիպյանը, նա համբերատար, մանրամասն ասել է, որ այդ հիմքերը կասկածից վեր են, որովհետև շատ համոզիչ գրված են պետական նշանակություն ունեցող առանձին կառույցների.. կլինի դա կառավարություն, թե նախագահական նման խոչընդոտող միջոցառումներ անցկացնելը թույլ չի տրվում, մանրամասներն իրավագետները կասեն: Խնդիրը ուրիշ է և նրանումն է, որ ոչ թե պետք է տեղի ունեցածը բորբոքենք և շիկացնենք, այլ այն վիթխարի ուժը, որի կրողն է մեր երիտասարդությունը, այդ ուժը տեսնելն է: Մենք այդ ուժը տեսանք համերգի ժամանակ, մենք այդ ուժը տեսանք ինչու չէ` երեկ:

- Այդ ուժից իշխանությունները չե՞ն վախենում:

- Այդ ուժից իշխանությունները երբեք չեն վախենում, որովհետև այդ ուժն իրենց մեծագույն հենարանն է, համենայն դեպս, նախագահի խոսքերը մտաբերելիս ես դրան եմ գալիս: Նախագահը նաև այդ ուժով է ուժեղ և շատ ուժեղ է: Նախագահը հեռատես լիդեր է և գիտի` իր ուժը դա է, որովհետև սա այն եզակի դեպքերից է, որ հեռահար նպատակները նույնն են` հա՛մ երիտասարդության, հա՛մ նախագահի համար:

Հարցազրույցը` Նաիրա Հարությունյանի

Последние видеоматериалы

Новые книги