Ի՞ՆՉ Է ՄՈՍԿՎԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ
07.02.2020, Հրապարակ
https://hraparak.am/post/2e664b32673491ac44ab6913848f8e34
Արցախում նախագահական ընտրությունների քարոզչական ֆոն է ձեւավորվում: «Ոսկանապատ» կենտրոնը նախաձեռնել է քննարկում, որի գլխավոր ուղերձն այն է, որ Արցախում իրավիճակ ճոճելու վտանգ կա: Կենտրոնի համակարգող Հրանտ Մելիք-Շահնազարյանը «գունավոր հեղափոխության» հավանական օջախ է տեսնում Քարվաճառը, որտեղ վերջերս հացադուլ էր հայտարարել Ալեքս Քանանյանը: Կա՞ բնապահպանական շարժման լիցքով քաղաքական սցենար իրացնելու վտանգ՝ դժվար է միանշանակ հերքել կամ հաստատել:
Ակնհայտ է մի բան՝ Քանանյանին սատարում են Արցախի արտգործնախարար, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի համակիրներն ու քարոզչական թիմի անդամները: «Ոսկանապատի» քննարկումներին քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը վերստին պնդել է, որ Մնացականյան-Մամեդյարով Ժնեւի հանդիպմանը քննարկվել են կոնկրետ գաղափարներ: Նույն տոնայնությամբ է արտահայտվել Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: Բալասանյանն Արցախի նախագահի թեկնածու է: Նա ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Լաչինի շրջանի հարավում հայերի եւ ադրբեջանցիների համատեղ բնակության հարցը:
Բալասանյանի տեղեկացվածությամբ՝ խոսքը բնակավայրի կառուցման մասին է, որտեղ հայերն ու ադրբեջանցիները պետք է միասին ապրեն: Այս ֆոնին չափազանց նշանային հոդված է հեղինակել Հայաստանի ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
Նա գտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է Արցախում իշխանության բերել իրեն հավատարիմ մարդու, որից հետո ԼՂ կարգավորման մի ծրագիր կիրականացվի, եւ տարածաշրջան կմտնեն ՆԱՏՕ-ի, ավելի ճիշտ՝ թուրք-ամերիկյան խաղաղապահ զորքեր, ինչը կնշանակի «Ռուսաստանի վերջնական դուրսմղում Հարավային Կովկասից»: Թե ի՞նչ հիմքեր ունի Գեղամյանը նման հեռանկար ներկայացնելիս՝ այլ հարց է: Հետաքրքրականը նրա գաղափարն է, որ «Հայաստանը եւ Արցախը պահելու համար պետք է ստեղծել «Պաշտպանության միասնական կոմիտե»:
Հայաստանի եւ Արցախի սահմանադրությամբ նման մարմնի ստեղծում նախատեսված չէ: Արցախի նախագահի ընտրություններին ՀՅԴ ծրագրային հիմնադրույթներից մեկը երկու հայկական պետությունների միջեւ ռազմաքաղաքական դաշինքի անհրաժեշտությունն է:
Ըստ երեւույթին, միայն այդ դեպքում հնարավոր կլինի ձեւավորել զորքերի կառավարման այն մարմինը, որի մասին խոսում է Գեղամյանը: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, որտեղ գլխավոր դերակատար է Ռուսաստանը: Փաստացի Արտաշես Գեղամյանը Մոսկվային առաջարկում է ՀԱՊԿ «հովանոցը» տարածել նաեւ Արցախի վրա: Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը Ժնեւի Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո պաշտոնական Բաքվին առաջարկել է Ռուսաստանին հարցադրում անել՝ ՀԱՊԿ անվտանգության երաշխիքները տարածվում են միայն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների՞ վրա, թե՞ ներառնում են նաեւ հայ-ադրբեջանական հակամարտության գոտին: Ըստ երեւույթին, Արտաշես Գեղամյանի առաջարկը Զուլֆուգարովի հարցադրման պատասխանն է: Մոսկվան կգնա՞ Արցախի փաստացի տարածքի նկատմամբ ՀԱՊԿ անվտանգության երաշխիքների հաստատմանը: