Արտաշես Գեղամյանը՝ Խաչադրման արարողությանը
09.10.2016, Հրապարակ
Ապարանում անցկացվող ամենամյա Խաչադրման արարողությանն այսօր հանդիպեցինք նաև «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին: Թե ինչպես է պատահել, որ վերջինիս տեսնում ենք այսպիսի վայրում, Արտաշես Գեղամյանը բացատրեց նրանով, որ ինքն Ապարանի հետ դեռ շատ հին կապեր ունի. «60 թվականից մինչև 66 թվականը իմ հայրն աշխատել է Ապարանում, դպրոցական արձակուրդները 6 տարի շարունակ ես անց եմ կացրել Ապարանում:
Հնարավոր չէ Ապարանում որև միջոցառում լինի և հանկարծ ինձ չտեղեկացնեն, իսկ եթե քաղաքում եմ, երկրում եմ, պարտադիր գալիս եմ, որովհետև անզուգական լավ ժողովուրդ են, ազնիվ, մաքուր, հյուրասեր, էլ չեմ ասում մարտնչող այս խաչն էլ վկա».- ասաց Արտաշես Գեղամյանն ու շտապեց հեռանալ: Իսկ երբ փորձեցինք քաղաքական ոլորտի հարցել ուղղել Արտաշես Գեղամյանին, վերջինս նայելով խաչին՝ խաչակնքվեց, ապա պնդեց, որ այդիսի թեմաներից այսօր չի խոսելու. «Սա գիտեք ինչ խաչ է (ցույց է տալիս վզից կախած խաչը), սա Երուսաղեմի խաչ է, և ես սա ստացել եմ Երուսաղեմում: Ինձ բախտ վիճակվեց սա օրհնեց, այն ժամանակ Թորգոմ պատրիարքն էր Երուսաղեմի, համ նա օրհնեց, համ ռուսական բատյուշկան, համ հունահռոմեական ամենաբարձրաստիճան կաթողիկոսը, և ասացին՝ թող լինի քեզ պահապան, այս խաչը կրողն իրավունք չունի այս օրով այստեղ չգտնվել»:
Կռահում ենք, որ սարի վրա կանգնած 1716 խաչերով խաչն էր, որ այսօր շատերին «լռեցնում էր» լրագրողների հետ զրուցել, ինչպես օրինակ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանին, կամ Աղվան Հովսեփյանին: Կարելի է ԱԺ-ում էլ մի այդպիսի շարժական խաչ տեղադրել: