Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստը
02.11.2017, Parliament.am
Նոյեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է սկսել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստը, որը վարել են Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Արտաշես Գեղամյանը եւ Նիկոլայ Ռիժկովը:
Ողջույնի խոսքում Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներն ընդգծել են, որ երկու երկրների դաշնակցային հարաբերությունները հիմնված են բարեկամության եւ դարավոր ավանդույթների վրա: Նշելով, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների զարգացման հարցում իր ուրույն տեղն ունի Միջխորհրդարանական հանձնաժողովը՝ նրանք հույս են հայտնել, որ քննարկումները լրացուցիչ ազդակ կհանդիսանան տարբեր հարցերի լուծման գործում:
Նիստի առաջին մասում քննարկվել է «Փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը տնտեսության ոլորտում՝ ի կատարումն Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձի» թեման: Հայաստանի կողմից թեմայի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, իսկ Ռուսաստանի կողմից՝ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության եւ եվրասիական ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Ռաֆայել Աբրամյանը:
Զեկուցողներն անդրադարձել են երկու երկրների տնտեսական համագործակցության ընդլայնման հարցում իրավապայմանագրային դաշտի ընձեռած հնարավորություններին: Ներկայացվել են տնտեսության զարգացման առաջնահերթությունները, ներդրումային քաղաքականությունը, արդյունաբերության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, գիտատեխնիկական եւ մի շարք այլ ոլորտներում իրականացվող քայլերը, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների աճին, տնտեսության աշխուժացման համար ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորություններին:
Նիստի երկրորդ մասում պատգամավորները հանդես են եկել ելույթներով: Անդրադարձ է կատարվել Ռուսաստանում ապրող ՀՀ քաղաքացիների խնդիրներին, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին, կարեւորվել է տարածաշրջանների միջեւ կապերի ամրապնդումը, համագործակցությունը նաեւ հումանիտար, մշակութային, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Հայ եւ ռուս պատվիրակները երկու երկրների միջեւ կայուն հարաբերությունների ընդլայնման հարցում կարեւորել են հանձնաժողովի զգալի դերակատարությունը:
Անդրադարձ է կատարվել երկու երկրների տնտեսական զարգացման հեռանկարներին, համագործակցության հնարավորություններին: Քննարկվել են հանձնաժողովի աշխատանքին վերաբերող այլ հարցեր եւս:
Միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը կանցկացվի Մուրմանսկում: Տրվել են հաջորդ նիստի օրակարգի ձեւավորման վերաբերյալ աշխատանքային գործողությունների պլանի մշակման հանձնարարականներ:
Նիստի ավարտին Արտաշես Գեղամյանը եւ Նիկոլայ Ռիժկովը ստորագրել են արձանագրություն:
Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի ավարտից հետո ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Արտաշես Գեղամյանը եւ Նիկոլայ Ռիժկովը լրագրողներին ներկայացրել են նիստում քննարկված հարցերի շրջանակը: