Արտաշես Գեղամյանը բարձր է գնահատում «Արմենպրես»-ի դերը տեղեկատվական դիվերսիաներին դիմակայելու հարցում
18.12.2016, Արմենպրես
http://www.armenpress.am/arm/news/872306/artashes-gexamyany-bardzr-e-gnahatum-armenpres-i-dery.html
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը բարձր է գնահատում «Արմենպրես» լրատվական գործակալության դերը Հայաստանի լրատվական դաշտում և միջազգային հարթակներում Հայաստանի մասին ճիշտ տեղեկատվություն փոխանցելու հարցում: Շնորհավորելով գործակալությանը ծննդյան 98-րդ տարեդարձի կապակցությամբ՝ պատգամավորն ընդգծեց, որ ակնհայտ է՝ տեղեկատվական պատերազմի ժամանակ յուրաքանչյուր պետություն պաշտպանված է այնքանով, որքանով կարողանում է պետական քաղաքականությունը հասցնել թե միջազգային կառույցներին, թե ընթերցողների ամենալայն զանգվածներին: «Այս տեսակետից «Արմենպրես»-ը իր բարձրության վրա է, այն կատարում է այդ հիմնական ֆունկցիան և, ըստ իս, հանդիսանում է շատ հզոր, շատ խելացի պատնեշ բոլոր տեսակի հակահայկական և հակապետական ինֆորմացիոն դիվերսիաների հանդեպ:
Իսկ այդպիսիք, ցավոք սրտի, կան: Բավական է միայն հիշատակել Ադրբեջանը և Թուրքիան, որոնք հնարավորինս ամեն ինչ անում են, որ խարխլեն մեր ժողովրդի հավատը, վճռականությունը դիմակայելու մարտահրավերներին, որոնք փաթաթվում են մեր պետության վզով թուրք-ադրբեջանական ելուզակների կողմից»,- նշեց Արտաշես Գեղամյանը:
Նրա գնահատմամբ՝ յուրաքանչյուր իրեն հարգող քաղաքական գործիչ, եթե ցանկանում է ճշգրիտ տեղեկություն ունենալ Հայաստանում ընթացող ամենատարբեր ոլորտներում զարգացումների վերաբերյալ, նախևառաջ «Արմենպրես»-ին է հետևում, որովհետև գիտի, որ կարող է խորը վերլուծական ներուժ ունեցող տեղեկատվություն կկարդալ «Արմենպրես»-ում: «Եվ որ ամենակարևորն է՝ «Արմենպրես»-ը մատուցում է գրագետ հայերենով ինչպես նաև անգլերենով և ռուսերենով տեղեկատվություն»,- հավելեց պատգամավորը:
Արտաշես Գեղամյանն ընդգծեց, որ վերջին 3-4 տարիների ընթացքում իրեն բախտ է վիճակվել ավելի մոտիկից համագործակցել «Արմենպրես»-ի հետ: «Ես պետք է ասեմ, որ ԵԱՀԿ խորհրդարանկաան վեհաժողովում իմ ունեցած բոլոր ելույթները, դրանց նախորդող վերլուծական նյութերը որպես կանոն «Արմենպրես»-ը տեղադրել է իր կայքում: Հետագայում դա թարգմանվել է անգլերեն և տարածվել ԵԱՀԿ խերհրդարանական վեհաժողովի անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարների շրջանակում: Եվ դա ունեցել է բացառիկ դրական նշանակություն:
Բավական է ասել, որ վերջին 4 տարիների ընթացքում դուք չեք գտնի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գեթ մեկ բանաձև, որտեղ հակահայկական, հակաղարաբաղյան ինչ-որ դրույթ տեղ գտած լինի: Օգտվելով առիթից՝ ես շնորհակալություն եմ հայտնում թե պարոն Արամ Անանյանին, թե ողջ կոլեկտիվին, որ նման սրտացավություն և համբերատարություն են դրսևորում»,- եզրափակեց Գեղամյանը: