Արտաշես Գեղամյանը մեկնաբանել է ՀՀ նախագահի հետ հանդիպման արդյունքները
01.09.2015, Արմենպրեսս
«Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչները տպավորված են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումների շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից:
Կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ նախագահի հետ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում ստացել են իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները: «Մենք շատ բավարարված ենք նախագահի հետ հանդիպումից: Գիտեք, յուրաքանչյուրս կարող ենք դատողություններ անել մեր կրթվածության մակարդակով, մեր անցած կյանքի փորձով, սակայն երբ լսում ես հիմնավորումներ և պատասխաններ, որոնք կարող են գոհացնել թե' գիտնականին, թե’ քաղաքական գործչին, թե’ կյանքի ամենադաժան բովերով անցած մարդուն, գալիս ես համոզման, որ այն ինչ արդար է, իր ճանապարհը հարթելու է, այն, ինչ պահանջված է երկրի համար, վաղ թե ուշ ընդունվելու է: Մենք շատ տպավորված դուրս եկանք հանդիպումից, և մեր կուսակցությունը շատ անելիքներ ունի: Մենք պետք է հնարավորինս մատչելի լեզվով կարողանանք հասցնել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, առավելությունները և ինչ ակնկալել, եթե մենք կարողանանք նախ հանրաքվեով «այո’» ասել փոփոխություններին և հետո քայլ առ քայլ սկսենք քայլի կոչել»,- ասաց Գեղամյանը:
Գեղամյանն ընդգծեց, որ Ազգային ժողովում քննարկումների ընթացքում անպայման ելույթ է ունենալու և բարձրաձայնելու է իր դիրքորոշման մասին սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: «Ես անպայման ելույթ եմ ունենալու, որովհետև մենք կանգնած ենք պատմական իրադարձության շեմին: Եթե մարդ ազնիվ է իր խղճի առաջ, անկախ իր դիրքորոշումից, նա պետք է բարձրաձայնի դրա մասին, որովհետև կանցնեն տարիներ, սերունդներ կփոխվեն, և մարդիկ պետք է իմանան, թե ով իրեն ինչպես է դրսևորել»,- ընդգծեց պատգամավորը:
Հարցին, թե կա՞ն մտահոգություններ Սահմանադրության նոր նախագծում տեղ գտած որոշ դրույթների հետ կապված, որոնց վերաբերյալ կուսակցությունը պատրաստվում է առաջարկներ ներկայացնել, Գեղամյանն ընդգծեց, որ վիճահարույց հարցերի վերաբերյալ հարցադրումներ ՀՀ նախագահի մոտ իրենք արել են: «Ի բավարարվածություն բոլորիս` նշվեց, որ այդ հարցերը քննարկվել են Վենետիկի հանձնաժողովի հետ և փոխզիջումային տարբերակներ կան, որոնք թղթի են տրվելու:
Այնպես չէ, որ ինչ-որ հարց մնացել է անպատասխան: Չմոռանանք ամենակարևորը՝ Սահմանադրությունը և սահմանադրական իրավունքը լրջագույն գիտություն է: Հայաստանում, ով կատարյալ կերպով տիրապետում էր այդ գիտությանը, նրանք հանձնաժողովի կազմում են: Մենք կարող ենք քաղաքական հնարավոր զարգացումները կանխատեսել սահմանադրական այս կամ այն դրույթի մեկնաբանությամբ, սակայն որպես գիտական փաստաթուղթ, լավ կլինի, որ դա թողնենք գիտնականներին»,- եզրափակեց Գեղամյանը: