Արտաշես Գեղամյանն իր համերաշխությունն է հայտնում Ռուբեն Հայրապետյանին. «Նա շատ բարձր տղա է»

12.07.2012, news.am

 

Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն իր համերաշխությունն է հայտնում պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ում պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի խումբ ռազմական բժիշկներ, իսկ Վահե Ավետյանը օրեր անց մահացել էր:

Այսօր` հուլիսի 11-ին լրագրողների հետ զրուցյում Գեղամյանն անդրադարձավ Հայրապետյանի կողմից մանդատը վայր դնելու հայտարարությանն ու ասաց. «Ռուբեն Հայրապետյանը շատ բարձր տղա է, շատ: Հարձակումներ են գործում, բան են անում, հասել են նրան, որ գնում են օջախի մոտ պիկետ են անում: Աստված կտա, կպարզվի ամեն ինչ, ես իմ համերաշխությունն եմ հայտնում Ռուբեն Հայրապետյանին եւ ցավակցում Վահե Ավետյանի ընտանիքին»:

Ավելին, «Հարսնաքարի» դեպքից ու բողոքի ակցիաներից հետո Գեղամյանը վերստին ընթերցել է երկու հայտնի աշխատություն` Ջին Շարպի «Բռնապետությունից ժողովրդավարություն» եւ Հենրի Դեւիդ Տորոյի «Քաղաքացիական անհնազանդության մասին» աշխատությունները:

«Մանրակրկիտ կերպով գրված են այն մեխանիզմները, որոնցով առաջնորդելու պարագայում կարելի է ցանկացած երկիր սասանել, խժդժություն մտցնել: Արդեն իսկ հստակորեն ուրվագծվում է, որ այդ ողբերգությունը, որի մասին շատ խորը գնահատական տվեց Ռուբեն Հայրապետյանը, առանձին քաղաքական ուժեր ստորաբար փորձում են ենթարկեցնել իրենց քաղաքական նպատակներին եւ շահարկում են»,- ասաց Գեղամյանն ու հավելեց. «Հայտնի ծանոթ դեմքերին երբ տեսա թե հուղարկավորության ժամանակ, թե բողոքի ժամանակ, ակամայից հիշեցի մեկ ուրիշ ողբերգություն` Պողոս Պողոսյանի սպանությունը: Չգիտես ինչու այդ քաղաքական լիդերներից եւ ոչ ոք չգնաց թաղմանը, հարցազրույցներ չտվեց, գլխին մոխիր չլցրեց, ինչի ականատեսն ենք մենք հիմա»:

Լրագրողների համառ փորձերին` պարզելու, թե ում նկատի ունի շահարկող ասելով` Գեղամյանը այդպես էլ չպատասխանեց, իսկ հարցին, թե վերջին անգամ երբ է տեսել Ռուբեն Հայրապետյանին, ասաց. «Մայիսի 4-ին, բայց շնորհակալ եմ` լավ միտք տվեցիք, կգնամ եւ զորակցությունս կհայտնեմ»:

Նշենք, որ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը հայտնել էր, թե գործով կալանավորվածների մեջ կան նաեւ Հայրապետյանի թիկնապահներ: Բողոքի ցույցերի մասնակիցները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել նաեւ Հայրապետյանին:

Последние видеоматериалы

Новые книги