Արտաշես Գեղամյանն առաջարկել է Ռուսաստանի հետ կապված հարցերը քննարկել Ուլան Բատորում
06.07.2015, Panorama.am
Երեկ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի բացումը`նվիրված Հելսինկյան ակտի 40-ամյա հոբելյանին:
Ռուսաստանի պատվիրակությունը, սակայն, բոյկոտել է վեհաժողովի նստաշրջանը, քանի որ ֆիննական իշխանությունները թույլ չեն տվել Ռուսաստանի Դաշնության պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին մուտք գործել Ֆինլանդիա և մասնակցել վեհաժողովի աշխատանքներին: Վերջինիս նկատմամբ ԵՄ-ի կողմից պատժամիջոցներ են սահմանված:
Коммерсант-ի փոխանցմամբ՝ սա պատճառ է դարձել, որ ռուսական պատվիրակությունը բոյկոտի ԵԱՀԿ ԽՎ աշխատանքները: Մինչդեռ նիստում նախատեսված է եղել մի շարք հակառուսական փաստաթղթերի քննարկում:
Վեհաժողովի նստաշրջանին ռուսական պատվիրակության չմասնակցեկու խնդրի վերաբերյալ տարբեր երկրների ներկայացուցիչներ տարբեր կարծիքներ են հայտնել:
Մասնավորապես Գերմանիայի պատվիրակության ղեկավար Դորիս Բարնետը նշել է, որ իրենք պատրաստվում են առանց ռուսական պատվիրակության մասնակցության բավականին կոշտ բանաձև ընդունել այդ երկրի դեմ, ինչը ցավալի է: Նա անիմաստ է համարել դա՝ առանց Ռուսաստանի մասնակցության, և հավելել, որ Գերմանիան չի պաշտպանում ֆիննական իշխանությունների կողմից բանեցված արգելքը:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն իր ելույթի ժամանակ ևս անդրադարձել է ռուսական պատվիրակության բացակայության հարցին` նշելով, որ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովին անդամակցող երկրներից միայն 27-ն են ԵՄ-ի անդամ, իսկ մնացած 30-ը չեն մտնում այդ կազմակերպության մեջ, հետևաբար ստացվում է, որ Եվրամիությունը միանձնյա որոշում է կայացնում այն երկրների փոխարեն, որոնք կապ չունեն Եվրոպական միության հետ:
Հայկական պատվիրակության ղեկավարը իր խոսքում հիշատակել է նաև ֆրանսիական պատվիրակության ղեկավար Միշել Վուազեի նամակի մասին, որտեղ, ըստ Գեղամյանի, նշված է եղել Ռուսաստանի պատվիրակության մասնակցության հետ կապված խնդիրների հանգուցալուծման բանալին: Նրա կարծիքով`ԵԱՀԿ ԽՎ-ն այն հարթակն է, որտեղ առկա են պայմաններ բանակցությունների միջոցով ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու համար: Ուստի Ռուսաստանի մասնակցությունը նստաշրջանին անչափ կարևոր է:
Արտաշես Գեղամյանն առաջարկել է բոլոր քննարկվող հարցերը հետաձգել և դրանք քվեարկության դնել Ուլան-Բատորում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանի ժամանակ, որին կմասնակցի նաև ռուսական կողմը: