Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց Արտաշես Գեղամյանի նոր գրքի շնորհանդեսին

10.12.2014, Panorama.am

«Իմ մտորումները աշխարհաքաղաքական խնդիրների և Հայաստանի ապագայի վերաբերյալ ներկայացված են իմ այս գրքում: Հայաստանը չպետք է հայտնվի գերտերությունների բախման կիզակետում և ես փորձել եմ դրա մասին բարձրաձայնել»,-այսօր իր նոր «Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների ճակատագիրը նույնն է. Հաղթել՝ սանձելով պատերազմը» գրքի շնորհանդեսի ժամանակ  ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը:

Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսին ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի դեսպանները, այլ հյուրեր:

Ա.Գեղամյանը նշեց, որ Հայաստանի նախագահի վարած արտաքին քաղաքականությունը թույլ է տվել անդամակցել ԵՏՄ-ին, իսկ ԵՄ-ի մի շարք կարևոր երկրներ հայտարարում են, որ Հայաստանը պետք է շարունակի իր երկխոսությունը ԵՄ-ի հետ:

«Գրքում հատուկ տեղ եմ հատկացրել հայ-իրանական բարեկամական հարաբերություններին: Երբ փորձում են տարածաշրջանային տարբեր պատերազմներին տալ կրոնական երանգ, մենք կարողանում ենք ԵԽԽՎ-ի բարձր ամբիոնից հայտարարել, որ Հայաստանը իր արտաքին քաղաքականությամբ ցույց է տալիս, թե ինչպես պետք է բարիդրացիական հարաբերություններ ունենալ Իրանի և արաբական մի շարք երկրների հետ»,-նշեց Ա.Գեղամյանը:

Նրա խոսքով, Հայաստանը դարձել է յուրահատուկ մի կամուրջ, որը ոչ թե խաղում է գերտերությունների հակասությունների վրա, այլ բերում է այդ հարաբերությունները ընդհանուր հայտարարի:

«Ես այդ ամենը հոդվածների, ելույթների տեսքով ներկայացնել իմ այս նոր գրքում: Այս գիրքը կարող է զենք հանդիսանալ իմ ձեռքում տարբեր միջազգային ամբիոններից ելույթ ունենալու համար»,-նշեց Ա.Գեղամյանը:

Նա հավելեց, որ իր այդ գիրքը կարող է դասագիրք հանդիսանալ երիտասարդ քաղաքագետների և ուսանողների համար:

 

Последние видеоматериалы

Новые книги