12.07.2012, tert.am
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանն իր համերաշխությունն է հայտնում ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին և իր խորին ցավակցությունը` Վահե Ավետյանի ընտանիքին:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելուն՝ Արտաշես Գեղամյանն ասաց. «Ռուբեն Հայրապետյանը շատ բարձր տղա է, շատ բարձր մարդկային հատկանիշներ ունոցող մարդ և հիմա, երբ չորս կողմից ինչ-որ հարձակումներ են գործում , հասել են նրան, որ իրա օջախի առաջ պիկետ անեն, Աստված կտա, ամեն ինչ կպարզվի, կպարզվեն այդ ստորները, որոնք Հայաստանում գրանցում չունեն և որոնք այս ամենը հրահրել են»:
Գեղամյանի կարծիքով շատ ու շատ մարդիկ այս ողբերգությունը քաղաքականացնում են: «Ավաղ, ստորաբար փորձում են ենթարկել իրենց քաղաքական նպատակներին, և դարձրել են ողբերգությունը շահարկումների առարկա»,- ասաց նա:
Իրեն ծանոթ հայտնի դեմքերին Արտաշես Գեղամյանը տեսնելով Վահե Ավետյանի հուղարկավորության և բողոքի ակցիաների ժամանակ, ակամայից հիշել է մեկ ուրիշ ողբերգության` «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության մասին, որից հետո, ըստ Գեղամյանի, այդ քաղաքական լիդերներից և ոչ մեկը չի գնացել թաղմանը, և ոչ ոք հարցազրույցներ չի տվել:
«Չնայած, ես հասկանում եմ, երբ քաղաքական մտքի տեսանկյունից որևէ նոր բան ասելու չունեն, հարկադրված են նման ստոր քայլերի դիմել»,- ասաց Արտաշես Գեղամյանը` հավելելով, որ կանխատեսելով, որ լրագրողներն իրեն «Հարսնաքարի» մասին հարց են ուղղելու `իր հետ ասուլիսի էր բերել երկու հայտնի աշխատություն:
Ի դեպ, նա իր ցավակցությունը հայտնելով Վահե Ավետյանի ընտանիքին՝ Գեղամյանը սխալմամբ ասաց` «Կարեն Ավետյանի ընտանիքին»: