Ես ավելի լավ եմ տիրապետում անգլերենին, քան առանձին մարդիկ՝ մայրենիին. Արտաշես Գեղամյան

21.06.2012, tert.am

Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանն ավելի լավ է տիրապետում անգլերենին, քան առանձին մարդիկ՝ մայրենիին, Գեղամյանն այս մասին ասաց Tert.am-ի հետ զրույցում ՝ արձագանքելով մամուլում տեղ գտած այն լուրին, թե ինքը չի տիրապետում անգլերենին:

Արտաշես Գեղամյանը հավելեց, որ իր՝ անգլերենի իմացության մասին վկայում է կուսակցության կայքէջում տեղադրված տեսաարխիվը, ուր պահպանված է համապատասխան տեսանյութը։

«Կարող եք լսել Ստրասբուրգում և Վիեննայում իմ ունեցած ելույթները, 21-ից 9-ը անգլերենով են: Իհարկե, միգուցե Լոնդոնի կամ Գլենդելի ակցենտով չեմ խոսում: Ուղղակի, իմ բնածին համեստությունը ստիպեց, որ ձևաթղթում լրացնեմ, որ բացատրվում եմ բառարանով»:

Նշենք, որ մամուլում գրվել էր, թե Արտաշես Գեղամյանն իր ելույթներն ունեցել է ՝ կարդալով ռուսերեն տառադարձությամբ անգլերեն տեքստը։

Բայց քանի որ «Литературная газета»-ի սիրահար Արտաշես Գեղամյանն այս ամսագրի «рога и копыта» խորագրում հանդիպել է մի այսպիսի մտքի՝ «скромность украшает человека, а излишняя скромность уродует», ՀՀԿ խմբակցության պատգամավորը վերստին կրկնեց վերը ասվածը, թե ինքն ավելի լավ է տիրապետում անգլերենին, քան առանձին մարդիկ՝ մայրենիին:

 

ԱԺ պատգամավորն արդեն նախապատրաստվել է հուլիսի 4-9–ը կայանալիք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին և հայաստանյան պատվիրակության ղեկավար ընտրվելուց անմիջապես հետո ԵԱՀԿ ԽՎ-ի քարտուղարությանը առաջարկ է ներկայացրել, որպեսզի միջազգային այս կառույցի Քաղաքական կոմիտեի բանաձևի նախագծի վիճահարույց դրույթը փոխարինվի այլով:

«Նախագծի 11 և 12 կետերում կա վիճահարույց դրույթ, որում առանց պետությունների անունները նշելու, գրված է միայն տարածքային ամբողջականության սկզբունքի մասին»,- ասաց Արտաշես Գեղամյանը:

Վերջինիս առաջարկն է, որպեսզի բանաձևում, համաձայն Հելսինկյան եզրափակիչ ակտում շարադրված սկզբունքների, նշվի նաև ազգերի ինքնորոշման սկզբունքը, ինչպես նաև միջազգային իրավունքի այլ նորմեր:

Tert.am-ի հետ զրույցի վերջում Արտաշես Գեղամյանը հավելեց. « Thank You: Նույնիսկ չգիտեմ՝ bye ասե՞մ, թե goodbye»:

Последние видеоматериалы

Новые книги